Շնորհավորում ենք հայ եւ արիական մյուս ազգերին՝ Բնական տարեփոխության – Նոր տարվա առթիվ

Փա՜ռք զորավոր Վահագնի վերածննդին եւ շնորհավո՜ր Հայոց Ամանոր

(…փառաբանում են Վահագն Աստծո հրեղեն հաղթանակը՝ որպես երկնի ու երկրի երկունք, որից հետո Վահագնի վերածնունդը նախանշում է Բնության Նոր Կյանքը՝ Նոր Տարին…)

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնը տեղեկատվություն է սփռել, որում ասված է. «Արիական ազգերը, արիադավան-հեթանոս մարդիկ Մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը նշում են Բնական Տարեփոխությունը՝ Նոր Տարին:

Գարունը վերազարթոնք է ապրում եւ բնությունն արթնանում է ձմռան խորը քնից, ինչը դիցաբանորեն բնորոշում է հավերժական կյանքի եւ բնության ծաղկունքը՝ վերածնունդը:

Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեգակի (ԱՐ-ական եւ ԷԳ-ական ԱԿ-ունքի) ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում է… եւ միայն Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում՝ նոր կյանք պարգեւում: Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին՝ Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում:

Հենց այդ օրն էլ հայ արի մարդիկ նշում են Վահագն հզոր Աստծո վերածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ ու զորություն են խնդրում:

2013թ. այդ օրը, լուսաբացին, հայ արիները եւ ազգայնականները Արցախում՝ ազատագրված Քաշաթաղի տարածքում կնշեն Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը:

Այնուհետեւ, ուշ երեկոյան արիական հայերը (նաեւ այլազգի հյուրերը) կայցելեն Գառնո Արիական-հեթանոսական տաճար եւ կփառաբանեն մեր ռազմի ու զորության Աստված Վահագնի հերթական (երկրային) վերածնունդը: Քաշաթաղի ծեսին եւ տոնակատարությանը կմասնակցեն Հայ Արիական Միաբանության, Հայ Ազգայնականների Համախմբման անդամները, հայորդի-արորդիներ ՀՀ մարզերից, Արցախից եւ Ջավախքից, նաեւ սփյուռքահայեր:

Տոնական ծեսը կկատարեն Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի առաջադրած քրմերը՝ քուրմ Արմոգն ու քուրմ Արամը եւ քրմի թեկնածուները: Գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով կփառաբանվեն Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, հատկապես՝ օրվա խորհրդի տերը՝ Վահագն Աստվածը:

Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն կկազմակերպի Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ, ամանօրյա տոնախմբությունը կնշվի նաեւ ՀԱՄ կենտրոնական գրասենյակում:

Արեգ Ամսվա Արեգ օրը Վահագն Աստվածը կռիվ է տալիս Չարի Վիշապի հետ Երկրում (որն այսօր դեռ Տիեզերական եւ Երկրային Չարիների տիրույթում է)՝ Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի որոշումները (Տիեզերակարգը-Բնակարգը) հաստատելու համար: Եվ արի հայերն ու բոլոր արիները Վահագն Աստծո վիշապաքաղության, վիշապասանձության շնորհիվ, Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի կամքով տոնում են իրենց Նոր Տարին՝ Ամանորը:

Այդ օրը հայ արիները զարդարում են տոնական ծառը՝ տոնածառը (համընդհանուր է ծառզարդարը, եւ արիադավան-հեթանոս մարդիկ իրենց երազանքներն ու մաղթանքներն են ծիսական ծառի օգնությամբ հասնելի դարձնում Հայ Աստվածներին) եւ (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո փառաբանում են Վահագն Աստծո հրեղեն հաղթանակը՝ որպես երկնի ու երկրի երկունք, որից հետո Վահագնի վերածնունդը նախանշում է Բնության Նոր Կյանքը՝ Նոր Տարին…»:

Այդ օրը (եւ մյուս աստվածածես օրերին), հատուկ վայրերում Տիեզերքի Դարպասները բաց են, իսկ վերուվար գնացող ազդակները լսելի ու ընկալելի, ուստի հայ արիները տիեզերահաս գինեձոներ են հնչեցնում, ձոներգերով ու հիմներգերով փառաբանում են Տիեզերքի Արարչին ու Հայ Աստվածներին, մաղթանքներ հղում հայությանն ու Հայքին: Քաշաթաղում, ի փառս Հայ Աստվածների եւ նվիրյալ Հոգիների, կհնչեն նաեւ ձոն-կոչեր՝ Միացյալ Հայաստանի վերականգնման եւ Հայկական լեռնաշխարհում հայության համախմբման համար:

* * *

Փետրվարի 13-ին՝ ավանդական Հայոց Տրնդեզին, հայ արիները Տիեզերքի Արարչին՝ Տիրոջը՝ Ամենայն Ստեղծին ընդառաջ գնալու տոնին, Ծիսական Կրակներ վառեցին եւ փառաբանեցին Տիեզերքն Արարողին՝ Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի սպասումով…

Իսկ Մարտի 1-ին՝ Հայոց Աստվածահայր Արայի հրաշագործության տոնին, փառաբանեցին Հայր Արային, Ով Իր Աստվածային Գործառույթով Երկնի ու Երկրի Հայկական Աշխարհների Հայրն է ու հայ արիներին է պարգեւում Բնության Զարթոնքը:

Եվ ահա, Մարտի 21-ին Հայարիական Նոր Տարին է, տոն, որ նշվում է նաեւ որպես Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի օր:

Հրեղեն Վահագնի՝ Վիշապի հանդեպ տարած հաղթանակից հետո հայ արիները նախապատրաստվում են Զատիկի տոնակատարությանը, որ նշվում է նաեւ որպես Հայոց Աստվածամայր Անահիտի հրաշագործության տոն, երբ զատվում են բնության գույները, ծլում-պտղաբերում է սկսվում, եւ կյանքը մտնում է բնականոն հուն:

«Լուսանցք» թիվ 9 (272), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։