Շնորհավորում ենք հայ եւ արիական մյուս ազգերին՝ Բնական Տարեփոխության – Նոր Տարվա առթիվ.

Փա՛ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանորը

Արիական ազգերը, արիադավան-հեթանոս մարդիկ Մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը նշում են Բնական Տարեփոխությունը՝ Նոր Տարին: Գարունը վերազարթոնք է ապրում եւ բնությունն արթնանում է ձմռան խորը քնից, ինչը դիցաբանորեն նախանշում է կյանքի եւ բնության ծաղկունքը՝ վերածնունդը…

Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում է… եւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում` նոր կյանք պարգեւում: Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին` Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ արի մարդիկ նշում են Վահագն Աստծո վերածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում:


2013թ. այդ օրը, լուսաբացին, հայ արիները եւ ազգայնականները Արցախում՝ ազատագրված Քաշաթաղի տարածքում նշել են Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը:

Այնուհետեւ, ուշ երեկոյան Գառնո Արիական-հեթանոսական տաճարում արիական հայերը (նաեւ այլազգի հյուրերը) փառաբանել են Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի հերթական (երկրային) վերածնունդը: Ծեսին եւ տոնակատարությանը մասնակցել են Հայ Արիական Միաբանության, Հայ Ազգայնականների Համախմբման անդամները, հայորդի-արորդիներ ՀՀ մարզերից, Արցախից եւ Ջավախքից, սփյուռքահայեր:

Տոնական ծեսը կատարել են Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի առաջադրած քրմերն ու քրմի թեկնածուները: Գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով փառաբանվել են Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, հատկապես՝ օրվա խորհրդի տերը՝ Վահագն Աստվածը:

Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն է կատարել Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ, իսկ ամանօրյա տոնախմբությունը նշվել է ՀԱՄ կենտրոնական գրասենյակում:

Արեգ Ամսվա Արեգ օրը Վահագն Աստվածը կռիվ է տալիս Չարի Վիշապի հետ Երկրում (որն այսօր դեռ Տիեզերական եւ Երկրային Չարիների տիրույթում է)՝ Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի որոշումները (Տիեզերակարգը-Բնակարգը) հաստատելու համար: Եվ արի հայերը ու բոլոր արիները Վահագն Աստծո վիշապաքաղության, վիշապասանձության շնորհիվ, Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի կամքով տոնում են իրենց Նոր Տարին՝ Ամանորը: Այդ օրը հայ արիները զարդարում են տոնական ծառը՝ տոնածառը (ծառզարդար) եւ (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո փառաբանում են Վահագն Աստծո հրեղեն հաղթանակը՝ որպես երկնի ու երկրի երկունք, որից հետո Վահագնի վերածնունդը նախանշում է Բնության Նոր Կյանքը՝ Նոր Տարին…

Այդ օրը (ինչպես մյուս աստվածածես օրերին), հատուկ վայրերում Տիեզերքի Դարպասները բաց են, իսկ վերուվար գնացող ազդակները լսելի ու ընկալելի, ուստի հայ արիները տիեզերահաս բազում գինեձոներ են հնչեցրել, ձոներգերով ու հիմներգերով փառաբանել Տիեզերքի Արարչին ու Հայ Աստվածներին, մաղթանքներ հղել հայությանն ու Հայքին: Քաշաթաղում, ի փառս Հայ Աստվածների եւ նվիրյալ Հոգիների, հնչել են նաեւ ձոն-կոչեր՝ Միացյալ Հայաստանի վերականգնման եւ Հայկական լեռնաշխարհում հայության համախմբման համար:

* * *

Փետրվարի 13-ին՝ ավանդական Հայոց Տրնդեզին, հայ արիները Տիեզերքի Արարչին՝ Տիրոջը՝ Ամենայն Ստեղծին ընդառաջ գնալու տոնին, Ծիսական Կրակներ վառեցին եւ փառաբանեցին Տիեզերքն Արարողին՝ Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի սպասումով…

Իսկ Մարտի 1-ին՝ Աստվածահայր Արայի հրաշագործության տոնին, փառաբանեցին Հայր Արային, Ով Իր Աստվածային Գործառույթով Երկնի ու Երկրի Հայկական Աշխարհների Հայրն է ու հայ արիներին է պարգեւում Բնության Զարթոնքը:

Եվ ահա, Մարտի 21-ին Հայարիական Նոր Տարին է, տոն, որ նշվում է նաեւ որպես Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի օր:

Հրեղեն Վահագնի՝ Վիշապի հանդեպ տարած հաղթանակից հետո հայ արիները նախապատրաստվում են Զատիկի տոնակատարությանը, որ նշվում է նաեւ որպես Աստվածամայր Անահիտի հրաշագործության տոն, երբ զատվում են բնության գույները, ծլում-պտղաբերում է սկսվում, եւ կյանքը մտնում է բնականոն հունի մեջ…

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

This post is also available in: English, Russian

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։