Կարդինալը քննադատում էր ԱՄՀ-ին, իսկ Պա՞պը…

Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի գահակալման արարողությունը ներկա էին 180 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 34 պետությունների, նաեւ՝ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Պապն ընտրվեց մարտի 13-ին:

Հիշեցնենք, որ արգենտինացի 76-ամյա կարդինալ Խորխե Մարիա Բերգոլիոն դարձավ կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդը՝ Ֆրանցիսկոս անունով: Առաջին անգամ է, որ Պապը Եվրոպայից չէ, եւ առաջին Պապն է, որ ընտրել է Ֆրանցիսկոս անունը:

Պապի գահակալության արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Վատիկան էր մեկնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Գահակալման արարողությունը ներկա է եղել նաեւ Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքը, քանի որ Լեհաստան մեկնելու (հայկական ձեռագրերի պահպանության հետ կապված գործերով) պատճառով Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Կաթողիկե եկեղեցիների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը չի կարողացել մասնակցել: Պապի հետ նրա հանդիպումը նախատեսված է ապրիլի 14-ին, եւ այդ ժամանակ անդրադարձ կլինի հայությանն առնչվող հարցերին:

Մասնակցում էին նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոն, ՌԴ պատվիրակությունը՝ Սերգեյ Նարիշկինի գլխավորությամբ: Դիտորդները ուշադրություն են դարձրել այն փաստին, որ Հռոմ էր ժամանել նաեւ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն, չնայած աֆրիկյան այդ երկրի 89-ամյա ղեկավարի մուտքը ԵՄ արգելված է: Արարողությանը մասնակցում էր նաեւ Արգենտինայի նախագահը, ում հետ ներկայիս Հռոմի Պապը լարված հարաբերություններ ունի:

Արարողության ժամանակ Պապին են հանձնվել իր պաշտոնի բոլոր խորհրդանիշները, այդ թվում՝ «Ձկնորսի մատանին», որի վրա պատկերված է Հռոմի 1-ին եպիսկոպոս Սուրբ Պետրոսը՝ բանալիներով: Սովորաբար այն պատրաստվում է ոսկուց, բայց նորընտիր Պապի խնդրանքով այն պատրաստվել է ոսկեջրած արծաթից՝ խնայելու համար:

ՀՀ նախագահը Հռոմի նորընտիր Պապի գահակալության արարողության ժամանակ շնորհավորելով Նորին Սրբությանը Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու եւ կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ եւ իմաստ ունի, ու ուրախությամբ է փաստել, որ «Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռն զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է մեր մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում»:

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ավելի քան 100 հազար մարդկանց առջեւ իր պարտականությունների կատարումից հետո, առաջին պատարագի ժամանակ, Հռոմի Պապը կոչ է արել բոլոր բնագավառներում գործող առաջնորդներին պաշտպանել մարդկանց եւ շրջակա միջավայրը, խուսափել ատելությունից, նախանձից ու հպարտանալուց: Նա հորդորել է պաշտպանել հատկապես ամենաաղքատներին, քանզի ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրական իմաստը մարդկանց ծառայություն մատուցելն է, եւ որ նույնիսկ Պապը պիտի լինի համեստ, հստակ ու հավատարիմ:

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Պապի այս հայտարարություններն ազդանշան են՝ ուղղված կաթոլիկ եկեղեցու անդամներին, որոնց մեղադրում են իշխանություն շորթելու եւ ոչ արժանավայել վարքի մեջ, ինչպես նաեւ նրանց, ովքեր պաշտպանում են սեռական չարաշահումներ իրականացրած հոգեւորականներին: Կաթոլիկ եկեղեցում եւ եկեղեցուց դուրս շատերը սպասում են, թե ինչպիսի գործողություններ կձեռնարկի Ֆրանցիսկոս Պապը՝ կաթոլիկ եկեղեցում վերջերս տեղի ունեցած սկանդալների կապակցությամբ:

Ըստ Սուրբ Աթոռի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի, նորընտիր Պապը Վատիկանում Պավել 6-րդի անվան սրահում, մամլո ասուլիսում բացատրել է, թե ինչու է ընտրել պապական այդ անունը: Պապի ընտրության ժամանակ կարդինալ Խորխե Մարիա Բերգոլիոյի կողքին նստած է եղել նրա ամենամտերիմ ընկերը՝ կարդինալ Խումմեսը եւ երբ ընտրությունն ավարտվել է, նա գրկել է անհրաժեշտ նվազագույն ձայներ հավաքած կարդինալին եւ համբուրելով ասել՝ հիշիր աղքատներին: Հենց այդ ժամանակ էլ նա հիշել է Ֆրանցիսկոս Ասիզացու անունը, ով աղքատների ու խաղաղության սուրբն էր:

Ի դեպ, արտերկրի մամուլն արդեն հիշատակել է, որ Պապը դեռ կարդինալ եղած ժամանակ քննադատել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ կառույցին ուղղակիորեն մեղադրելով տարբեր երկրների աղքատության եզրին հասցնելու մեջ:

Նա մեկ անգամ չէ, որ նկատել է, թե կառույցն այնպիսի ֆինանսական գործունեություն է ծավալում, որ վարկառու երկրներին տարիներ հետո վերածում է իրենից կախյալ միավորների:

Համապատկերում էլ երկրորդենք հարցը՝ կկրկնի՞ արդյոք Ֆրանցիսկոս Պապը կարդինալ Բերգոլիոյի խոսքերը:

Արման Դավթյան

Մարտի 6-ին Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինջը 2013թ. Գերմանիայի Բունդեսթագում կազմակերպված խաղաղության եւ երկխոսությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ իր ելույթում մասնավորապես հայտարարել է, թե ինքը ցանկանում է, որ տարբեր հավատքներին պատկանող մարդիկ Թուրքիայում ապրեն խաղաղ, իսկ նրանք, ովքեր լքել են երկիրը անցյալում տեղ գտած պետական սխալների պատճառով, վերադառնան:

Նա փաստորեն «սխալ» է անվանում դեպքերը, որոնք պատճառ դարձան այն իրողությանը, որ ներկայումս միլիոնավոր հայեր ապրում են իրենց հայրենիքից հեռու՝ սփյուռքում: Հայկական սփյուռքի մեծ մասը Հայոց ցեղասպանության հետեւանք է: Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների աշխարհասփյուռ ժառանգներից յուրաքանչյուրն արդեն մեկ դար ի վեր շարունակում է ապրել 1915-ի ոճիրը:

Բայց միայն տվյալ ուղղությամբ արված քայլերը կարող են ապացույց համարվել առ այն, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստակամ են սրբագրելու թուրքական պետության պատմական մեղքը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 10 (273), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։