Հակասական Պապը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Կկրկնի՞ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կարդինալ Բերգոլիոյի խոսքերը

Հռոմի Պապը, ինչպես «Լուսանցք»-ի նախորդ թողարկումում նշել ենք, հակասական կերպար ունի, բայց հստակ է մտածելակերպում ու համոզմունքներում: Հետաքրքիր է, որ նա քահանա է դարձել դժբախտ սիրո հետեւանքով:

Բրիտանական «Guardian» պարբերականը գրել է, որ հաջողվել է զրուցել է Պապի նախկին սիրեցյալի, Արգենտինայում բնակվող ոմն Ամալիայի հետ, ով պատմել է, թե պատանեկան տարիներին հանդիպել է ապագա Պապ Խորխե Մարիո Բերգոլյոյի հետ, սակայն իր ծողները դեմ են եղել սիրավեպին: «Եթե չեմ կարողանալու ամուսնանալ քեզ հետ, ապա եկեղեցական կդառնամ»,- Ամալիայի հավաստմամբ՝ ասել է Բերգոլյոն:

Պապի կրտսեր քույրը խոստովանել է, թե տեղյալ չի եղել եղբոր սիրո մասին, բայց նշել է, թե նա երբեք չի ձգտել դառնալ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը. «Երբեք չի ցանկացել Պապ լինել: Մի անգամ զրուցում էինք, թե ինչ կլինի, եթե նա ընտրվի Հռոմի Պապ, նա պատասխանեց. «Ոչ, խնդրում եմ…»,- պատմել է Մարիա Ելենան ու հավելել, թե այժմ իր եղբայրը դարձել է «անսահման միայնակ»: Միաժամանակ, Պապի քույրը հպարտություն է ապրում, որ Ֆրանցիսկոսի քույրն է, քանի որ դա «աստծո օրհնություն է իրեն բերել», եւ ինքը հպարտանում է ավագ եղբորով:

Ինչեւէ, դժբախտ սիրո հետեւանքով մինչեւ Հռոմի Պապի աթոռին հասած Ֆրանցիսկոսի ընտրությունը կարող է դրական անդրադառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացին: «Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքը այս խնդիրն արդեն արծարծել է. «Ի՞նչն է կապում Հայաստանին եւ նորընտիր Հռոմի Պապին: Այժմ, երբ Հռոմի կաթոլիկ եկեղեցին ընտրեց նորընտիր Հռոմի Պապին, Վատիկանում բոլորը փնտրում են այդ նորություններում շրջադարձային կետ: Հայաստանը, կարծես թե, գտել է այդ կետը»: Այնուհետեւ բացելով փակագծերը՝ հոդվածագիրը նշել է. «Հայաստանի առաքելական եկեղեցին ինքնամփոփ, բացառիկ ակումբ է, շատ ավելի փոքր է, քան կաթոլիկ եկեղեցին, սակայն, Վատիկանի կողմից ցուցադրվող աջակցությունը կօգնի ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերին: Հայկական սփյուռքը նշել է, որ նորընտիր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն եղել է Արգենտինայում հայ համայնքի բարեկամ»: Հոդվածում նշվել է, որ «Ազատություն» ռ/կ-ի եվրոպական ծառայությունը եւս նկատել է, որ «Բերգոլիոն, ով իր գահակալության համար ընտրել է Ֆրանցիսկոս անունը, հաճախ ներկա է գտնվել 20-րդ դարում Օսմանյան Թուրքիայի կողմից էթնիկ հայերի կոտորածի վերաբերյալ պատարագներին: Որպես եպիսկոպոս, նա կոչ է արել Թուրքիային խոսոտվանել հայերի դեմ իրականացված դաժանությունները, որը Թուրքիան պնդում էր, որ դա համաշխարհային պատերազմի վնասն է»:

Նշյալ կայքն ավելի առաջ գնալով նշել է, որ «Հայաստանը ամբողջ աշխարհով մեկ ձգտում է հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս չճանաչվի, 1915 ջարդը որպես ցեղասպանություն ճանաչվի: Վատիկանը լոբբինգի համար անձեռնմխելի չէ եւ շատ էթնիկ հայեր, հատկապես նրանք, ովքեր բնակվում են Արգենտինայում, հուսով են, որ Բերգոլիոն հաստատակամ կլինի՝ հայերի կոտորածների վերաբերյալ իր դիրքորոշոման հարցում»:

Եվ հիմա, ապրիլի 24-ին ընդառաջ մենք եւս կսպասենք՝ կկրկնի՞ արդյոք Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կարդինալ Բերգոլիոյի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին:

Հիշեցնենք, որ կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյի՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապ դառնալուց շատ չանցած, հայկական եւ թուրքական լրատվամիջոցները շտապեցին իրենց լսարաններին տեղեկացնել, որ արգենտինացի արքեպիսկոպոսը մի շարք առիթներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը հայտնել է, որ երբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը 2004թ. ապրիլի 23-ին այցելեց Բուենոս Այրես, կարդինալ Բերգոլիոն միացավ նրան էկումենիկ պատարագում եւ խոսեց Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողության ժամանակ: Կարդինալն ասել էր. «Մենք միասնական ենք ցեղասպանության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության վշտի մեջ. ցեղասպանություն, որը հզոր կայսրությունները ձգտում են լռության մատնել եւ քողարկել բոլոր հնարավոր միջոցներով»:

Անցյալ շաբաթ Գարեգին Բ կաթողիկոսը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին հղած շնորհավորական ուղերձում «քաղցրությամբ հիշեցրեց» Արգենտինայում իրենց ունեցած հանդիպումների եւ միասնական աղոթքների մասին, եւ Կաթոլիկ քահանայապետին գովաբանեց որպես «քաջ, իմաստուն ու արդարամիտ հովվի»: Կաթողիկոսն անդրադարձավ կարդինալ Բերգոլիոյի՝ «հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած անկեղծ սիրուն»՝ հավելելով. «Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր Եկեղեցիների պատմական հարաբերությունները հատկանշված են եղբայրական ջերմությամբ: Մեծապես կարեւորում ենք այն առաջընթացը, որ արձանագրել են մեր Եկեղեցիները մեր եւ մեր նախորդների շրջանում՝ փոխադարձ այցերով, կրթական եւ բարեսիրական բազում ծրագրերով»:

2006թ. ապրիլի 22-ին Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումների ժամանակ կարդինալ Բերգոլիոն կոչ արեց Թուրքիային անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես հայ ժողովրդի եւ ամբողջ մարդկության դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ծանրագույն ոճրագործություն»:

Վերջերս՝ 2011թ., այն բանից հետո, երբ Արգենտինայի դաշնային դատարանը, ի պատասխան վերապրող Գրիգոր Հայրապետյանի հայցի, Թուրքիային մեղավոր ճանաչեց հայերի դեմ գործած Ցեղասպանություն համար, կարդինալ Բերգոլիոն հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով «ցեղասպանության նողկալի ոճիրը, որը թուրքական պետությունն իրականացրել է հայ ժողովրդի դեմ 1915-1923թթ.»:

Ըստ «Կալիֆորնիա Կուրիեր»-ի, հայերին ու թուրքերին հետաքրքրում է՝ կկրկնի՞ արդյոք Ֆրանցիսկոս Պապն իր նոր պաշտոնում այն խոսքերը, որոնք նա արտասանել է որպես կարդինալ Բերգոլիո: Հայերը շատ էին ուրախացել, «որ իրենց արգենտինահայ համայնքի մտերիմ բարեկամն ընտրվել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդ: Մինչդեռ թուրքական մամուլը մտահոգություն էր արտահայտել, որ նորընտիր Պապը կարող է (հայկական) լոբբիստական խմբերի ազդեցության տակ ընկնել»:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապն ունի 2 տարբեր առաքելություններ՝ որպես Կաթոլիկ եկեղեցու եւ Վատիկանի ինքնիշխան քաղաք-պետության առաջնորդ: Այլ կերպ՝ նա թե՛ հոգեւոր առաջնորդ է, թե՛ պետության ղեկավար:

Հետեւաբար, խնդրի բնույթից կախված, միշտ չէ, որ նա կարող է արտահայտել կարդինալ Բերգոլիոյի տեսակետները: Ժամանակ առ ժամանակ, քաղաքական դրդապատճառներից ելնելով, նա կարող է այնպիսի դիրք գրավել, որը կշեղվի նրա անձնական տեսակետներից եւ կհամընկնի Վատիկանի ավելի աշխարհիկ շահերի hետ:

Հռոմի Պապը, որպես Վատիկանի պետության ղեկավար, հնարավոր է ստիպված լինի գործել որպես ցանկացած այլ քաղաքական գործիչ, ինչպես նախագահ Օբաման, որն ընտրություններից առաջ ասաց մի բան, իսկ հետո՝ փոխեց այն: Սակայն, որպես կաթոլիկ եկեղեցու հոգեւոր առաջնորդ եւ բարձր բարոյական արժեքներ կրող անձնավորություն, Հռոմի Պապը չի կարող պարզապես անտեսել իր խորապես արմատավորված համոզմունքները կամ հակասել դրանց:

«Գիտակցելով, որ Հռոմի բոլոր Պապերն իրար նման չեն, հետաքրքիր է վերանայել վերջին Պապերի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հովհաննես Պողոս 2-րդ Պապը երկու առիթով օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրը՝ 2000թ. նոյեմբերի 9-ին եւ 2001թ. սեպտեմբերի 27-ին:

Սակայն, ի տարբերություն իր նախորդի, Բենեդիկտոս 16-րդը հրաժարվել է օգտագործել այդ եզրը՝ նախընտրելով Հայոց ցեղասպանությունը որակել իբրեւ «նահատակություն» եւ «անասելի տառապանք»,-նշված է «Կալիֆորնիա Կուրիեր»-ում:

Ֆրանցիսկոս Պապի դեպքում հայերը կարիք չունեն պնդելու, որ նա օգտագործի Հայոց ցեղասպանություն եզրը, քանի որ Վատիկանը 2 անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ուստի, իմաստ չկա պահանջել յուրաքանչյուր նորընտիր Պապից նորից վերահաստատել Հայոց ցեղասպանության իրողությունը: Կարեւորն այն է, որ Ֆրանցիսկոս Պապը չնահանջի Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ավելի վաղ դիրքորոշումից. փոխարինող բառերն ու մեղմ ձեւակերպումները պատշաճ չեն լինի:

Պարբերականը նկատում է նաեւ, թե հաշվի առնելով Վատիկանի դրական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման առումով, ավելի լավ կլինի դուրս գալ այս հարցի շրջանակներից եւ փնտրել այլ ոլորտներ, որտեղ Հռոմի Պապը կարող է նեցուկ լինել, ինչպես՝ անվտանգության երաշխիքներ պահանջել սիրիահայերի եւ այլ քրիստոնյաների համար: Նաեւ պետք է ջանքեր գործադրվեն ամրապնդելու համար Հայաստանյայց առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ առկա բարեկամական կապերը եւ Վատիկանի պետության ու Հայաստանի միջեւ ջերմ հարաբերությունները:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 10 (273), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։