- Ժամանակը հային միշտ է բացահայտում…

…Սա շատ նման է հհշ-ական «ով մեզ հետ չէ՝ նա հայ չէ» տխրահռչակ կարգախոսին, որի արծարծումը ի վերջո ապացուցեց, որ ով նրանց հետ չէր՝ հենց նրանք էլ հայերն էին:

- Քաղաքական հոտառությունը՝ փրկօղակ…

…Քաղաքական գործիչները, առավել եւս կառույցները, պետք է մարդկանց առաջնորդեն գաղափարներով ու իրատեսական կարգախոսներով, այլապես պայքարի բովում չեն էլ նկատի, որ կանգնել են ԲՏՌ-ական որեւէ զանգվածի առջեւ միայն:

Ժամանակը հային միշտ է բացահայտում

Ազատության հրապարակում պարզ հարց տրվեց. «Ո՞ւր են այն ամպագոռգոռ կուսակցությունները, որ ասում են ժողովրդի կողքին են լինելու: «Ազգային Ժողովում են: Մինչեւ դուք նրանց չբերեք այստեղ, նրանք այնտեղ են լինելու,- ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը եւ հավելեց,- ի դեպ, ճիշտ կլինի, որ ժողովուրդն այդ ուժերից պահանջի հրաժարվել ԱԺ մանդատներից»: Ըստ այս նախկին թեկնածուի, ժողովուրդը պետք է «ուլտիմատում դնի քաղաքական ուժերի առաջ»: Սակայն այս խնդրին արձագանքելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե «Ժառանգության» խնդիրը չէ բերել բոլոր քաղաքական ուժերին այստեղ:

Ազատության հրապարակում «Քաղաքացիական բաց խորհրդի» շրջանակում այս երկու նախկին թեկնածուները նշեցին. «Ապրիլի 9-ը հրապարակում է որոշվում… Մնացածը որտեղ էլ լինեն, լինելու են ժողովրդի դեմ, լինելու են ոչ ժողովրդի կողքը: Եթե նույնսիկ չգնան Սերժ Սարգսյանի կազմակերպած այդ միջոցառմանը, եւ տանը մնան, ապա դա նույնն է, նշանակում է, որ իրենք այնուամենայնիվ հնազանդ են, ընդունում են անօրինական իշխանության վերահսկողությունն իրենց վրա»:

Սա շատ նման է հհշ-ական «ով մեզ հետ չէ՝ նա հայ չէ» տխրահռչակ կարգախոսին, որի արծարծումը ի վերջո ապացուցեց, որ ով նրանց հետ չէր՝ հենց նրանք էլ հայերն էին…

Հիմա այս երկու նոր ու նախկին հացադուլավոր նախագահացուները նույն բանն են հայտարարում ասելով՝ «Մնացածը որտեղ էլ լինեն, լինելու են ժողովրդի դեմ, լինելու են ոչ ժողովրդի կողքը»: Դե եթե նրանք ՀՀՇ-ի օրինակով սկսել են պառակտել ժողովրդին «հայի» ու «չհայի» ու եթե նրանց թվում է, թե մի քանի հարյուր հոգին են այն ժողովուրդը, որի նախագահը պետք է իրենցից մեկը լիներ, ապա այդքանով էլ կարող են ցնծությամբ ապրիլի 9-ին երդվել «Քաղաքացիական բաց խորհրդի» շրջանակում…

Նորից պետք է թվաբանություն անենք՝ հիշեցնելով, որ ամբողջ ընդդիմադիր դաշտի ավելի քան կես միլիոն ձայներից անգամ 50 հազարը չի գալիս-գնում հրապարակ, չի կանգնում նրանց կողքին գոնե 5 հազարը: Ինչու՞: Հարցրե՞լ են իրենք իրենց՝ այս երկու նախագահացուները: Հաստատ հարցրել են ու պատասխանն էլ գիտեն:

Դե ուրեմն պետք չէ այնպես անել, որ հհշ-ական տխրահռչակ կարգախոսների բումերանգային հարվածների պես իրենք էլ իրենց ոչ պակաս տխրահռչակ կարգախոսներից ստանան…

Արտակ Հայոցյան

* * *

ՀՀ Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ա. Իշխանյանն այն կարծիքին է, որ շատ քաղաքական ուժեր նախաձով են վերաբերվում Ր. Հովհաննիսյանի պայքարին: «Իրենց համար ավելի լավ է մնա այս վիճակը, եթե իրենք չենք գալիս իշխանության: Ցավով եմ սա արձանագրում: Մի բան էլ ասեմ, որ Հայաստանի ընդդիմադիր հռչակված, նաեւ իշխանական բոլոր ուժերն էլ այս 20 տարվա ընթացքում կա՛մ իրենք են կեղծիքներ արել կա՛մ մասնակցել են կեղծիքներին: Իրենք իրար հասկանում են, իսկ այս շարժումն իր ենց համար անհասկանալի է»,- ասել է նա:

Քաղաքական հոտառությունը՝ փրկօղակ

Հանրային կշիռը ձեռք են բերվում գրամներով, կորցնում՝ կիլոգրամներով

Մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններում կրկին լարված պայքար կընթանա, քանզի այս անգամ պայքարը կլինի ոչ միայն իշխանական ուժերի դեմ, այլեւ՝ ընդդիմադիր ուժերը մեկը մյուսի դեմ եւս դուրս կգան՝ քաղաքապետի պաշտոնին տիրանալու համար: Թերեւս նման ցանկություն են հայտնել ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, «Ազատություն», «Առաքելություն» եւ «Ժառանգություն» կուսակցությունները, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն:

Այն տեսակետը, թե «Ժառանգություն»-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը կհամախմբվեն ու միասնական ցուցակով կմասնակցեն Երեւանի ավագանու ընտրություններին, նորից հօդս ցնդեց: Անգամ ՀՀ նախագահի հետընտրական գործընթացներում ընդդիմադիր Հովհաննիսյանի պայքարին, հացադուլին ոչ մի ընդդիմադիր ուժ չմիացավ՝ հասկանալով, որ դա կարող է ընտրազանգվածի կորստի պատճառ դառնալ, եւ որ վտանգավոր կլինի նախընտրական ժամանակահատվածում:

«Ժառանգությունը»-ը փորձեց նախագահական հետընտրական շարժումներով մյուս ընդդիմադիրներին հավաքել իր շուրջը, սակայն հատկապես ԲՀԿ-ն հակված է ցույց տալու, որ իր ընտրազանգվածի մեծ մասն է քվեարկել ի օգուտ «Ժառանգության» ղեկավարի եւ պետք է համախմբվել ԲՀԿ-ի շուրջ: Դաշնակցականներն էլ որոշեցին այլեւս չխառնվել մյուսների գործերին եւ հանդես գալ առանձին թիմով: ՀԱԿ-ը նույնպես փորձեց ԲՀԿ-ՀՅԴ կառույցների հետ դաշինք ստեղծել, ինչը ձախողվեց:

Բոլորն են հասկանում, որ Երեւանի քաղաքապետը կարող է դառնալ երկրի նախագահից հետո 2-րդ կարեւոր դեմքը, եթե ընդդիմադիր լինի իր հայացքներով եւ թիկունք ունենա ավագանու կազմում: Այս դեպքում քաղաքապետը ավելի զորեղ կլինի, քան երկրի վարչապետն ու ԱԺ նախագահը, ովքեր ընդդիմադիր քաղաքապետի կողքին պարզապես կդիտարկվեն որպես ՀՀ նախագահի ենթականեր:

Գուցե սա է պատճառը, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերջերս կուսակցական քաղխորդրդի նիստում ասել է. «Հաղթանակը միասնության մեջ է, դուխի մեջ: Մենք քաղաքապետի ընտրությանը մասնակցում ենք եւ մենք գնում ենք հաղթելու համար: Ցուցակը գլխավորելու է Վարդան Օսկանյանը: Ավագանու ընտրությունից հետո լիարժեք հավաքվելու եւ որոշելու ենք, թե ով է լինելու քաղաքապետ»: Երեւան քաղաքը միլիոնուկեսանոց քաղաք է, Երեւանը դա Երեւանն է իր ամբողջ թաղամասերով, միայն կենտրոնը չէ»,- նկատել է ԲՀԿ ղեկավարը՝ հասկացնելով, որ հաղթանակը կբերի բազում աշխատատեղեր եւ հազար ու մի գործեր: Սա գիտակցում են նաեւ մյուս ուժերը, եւ պայքարը հաստատ իր ձգտումներով չի զիջի նախագահի ընտրությանը:

Սա է, որ պարտադիր է դարձնում հովհաննիսյանական հացադուլի շարունակումը, այն վերջին ճիգն է Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելու համար, սակայն այն այլեւս միանշանակ չի ընկալվում հասարկության կողմից: Նախ՝ ընտրողներն արդեն այլ ուժերի ընտրելու հնարավորությունից կօգտվեն, հետո՝ հացադուլը սկսվել է դիտարկվել որպես իրեն սպառած քաղաքական գործչի պայքար, ում թիմի կողմից խղճահարության միջոցով քաղաքական դիվիդենտներ շահելու փորձ է կատարվում: Ցավալի է, բայց «Ժառանգության» ղեկավարը, ով իրապես համեստ եւ հավասարակշռված գործիչ էր մինչ այդ, անկանոն գործողություններով կորցրեց այն մեծ հնարավորությունը, որը ստացավ նախագահական ընտրություններից հետո՝ 2-րդ տեղը գրավելով: Զարմանալի է նրա թիմակիցների վարվելակերպը, նրանք կամ չհասկացան, որ կորցնում են ամեն ինչ, կամ իրենց պարզապես հնարավորություն էր ընձեռնվել «համահայկական դեմքեր» երեւալու համար ու չդիմացան գայթակղությանը: Նրանք դարձան քաղաքական գործիչի ամենաառաջին կործանողները, քանի որ պայքարի բոլոր միջոցները սպառելուց հետո, երբ քայլ անգամ առաջընթաց չի արձանագրվում, այդ գործիչը սպառվում է եւ դիմում է ծայրահեղ քայլերի, այդ թվում՝ հացադուլի:

ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Անդրիաս Ղուկասյանի համար այդ պայքարի միջոցը դեռ քարոզարշավային էր, եւ նա մեծ հաշվով կուսակցական առաջնորդ չէ, ուրեմնեւ՝ կորցնելու քիչ բան ունի, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շատ բան:

Նա չհաղթեց նախագահական ընտրություններում, այդ ընտրություններից հետո կորցրեց ընդդիմադիր առաջնորդ դառնալու հնարավորությունը, իսկ մինչ այս արձանագրել էր «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» խորհրդարանական դաշինքի պառակտումը, ու եթե տապալվի նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում (ինչը ընդդիմադիրների չմիավորվելու պարագայում այլեւս հավանական է), ապա անգամ հացադուլային ինքնազոհողությունը չի կարող փրկել նրան:

Գուցե մայիսի 5-ից հետո Ր. Հովհաննիսյանը հասկանա, որ իր կուսակիցները փոխարեն սառնասիրտ լինելու եւ առաջնորդին ծայրահեղություններից զերծ պահելու, պարզապես կրակի վրա յուղ լցնողներ եղան, ինչն էլ հանգցրեց «Ժառանգության» աստեղային ժամի կրակը: Իսկ արկադիվարդանյաններ կամ երիտակտիվիստներ միշտ եղել են, հայտնվել ու անհետացել են ու էլի կլինեն այնտեղ, որտեղ աղմկում են եւ իշխանություն պահանջում: Ու եթե մի օր անգամ Ր. Հովհաննիսյանը հասնի նախագահի պաշտոնին, կաղմկեն նրա դեմ:

Կա մի զանգված (իհարկե ազնիվ մարդկանց մասին չէ խոսքը, որ տվյալ պահին համոզմունքով են ոտքի կանգնում), որ դեմ էր եւ՛ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ՛ Ռոբերտ Քոչարյանին, դեմ է նաեւ Սերժ Սարգսյանին ու դեմ է լինելու 4-րդ նախագահին: Հիշենք հռչակավոր ԲՏՌ կանանց բրիգադները, որ տարիներ շարունակ հրապարակներից տուն չէին գնում (նյութապես էլ օգտվում էին): Հիմա եվրակրթված ու բարետես ԲՏՌ-ների ժամանակներն են… բայց սա էլ կանցնի:

Քաղաքական գործիչները, առավել եւս կառույցները, պետք է մարդկանց առաջնորդեն գաղափարներով ու իրատեսական կարգախոսներով, այլապես պայքարի բովում չեն էլ նկատի, որ կանգնել են ԲՏՌ-ական որեւէ զանգվածի առջեւ միայն:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 10 (273), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։