…Այս դեպքում ի՞նչ կտա նոր ՀՀՇ-ի ստեղծումը հին կեղտում թաթախված Վանո Սիրադեղյանին, Արարատ Զուրաբյանին, Դավիթ Շահնազարյանին, Բաբկեն Արարքցյանին եւ այլոց: Եթե անգամ ՀՀ 1-ին նախագահը անհրաժեշտության դեպքում միշտ հիշեցրել է, որ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահները եւս եղել են ՀՀՇ ղեկավար անդամներ:
– Կեղծիքը՝ բազմաբեւեռ երեւույթ
…Եվ ի վերջո կբացահայտեն թե՛ ժողովրդի վրա կրակելու հրաման տվողներին, թե՛ այն կատարողներին», մենք կավելացնենք՝ թե՛ նաեւ բռնությունները հրահրողներին:
Անցյալն ասե՛ղ չի, դեզի մեջ չի՛ կորի. – Կստեղծվի՞ նոր ՀՀՇ
Մինչ ՀԱԿ-ի կուսակցական կարգավիճակը, այն արդեն լքել էր քաղաքական դաշինք կազմած ուժերի ավելի քան 80%-ը, եւ Կոնգրեսն արդեն իսկ կուսակցության էր վերածվել, եւ այն խայտառակությունից փրկելու միակ ելքը իրապես առանձին միավոր դառնալն էր, ինչն էլ գիտակցաբար կատարեցին ՀՀՇ կուսակցության հին ու նոր պատասխանատուները:
Մինչ ՀՀՇ-ի վերակազմավորումը ՀԱԿ-ի, նախկին ՀՀՇ ղեկավար եւ նախկին «Ազատ դեմոկրատներ»-ի հիմնադիր-անդամներից Արարատ Զուրաբյանը մի անգամ հայտարարել է, որ «կբացի» նոր ՀՀՇ: Սա ցայսօր լուրջ չի ընդունվել, սակայն, երբ արդեն չկա արդարադատության նախարարությունում այդ անվամբ կազմակերպություն, չի բացառվում, որ կարող է լինել շուտով:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին ՀՀՇ 17-րդ համագումարում ընտրվել է 31 հոգուց կազմված նոր վարչություն, եւ առաջին հնգյակը այսպիսի տեսք ուներ՝ Սիրադեղյան Վանո, Մանուկյան Արամ, Աբրահամյան Սամվել, Հայոցյան Վահագն, Աբգարյան Երջանիկ: Եվ անգամ Տեր-Պետրոսյանը հավաստեց, որ Սիրադեղյանի՝ ՀՀՇ ղեկավարումը հանձնելուց հետո, այն վերածվել է «մի գեղա կլուբի»: Իսկ այն, որ Սիրադեղյան Վանոն եւ Զուրաբյան Արարատը, նաեւ Շահնազարյան Դավիթը եւ այլք, ովքեր ՀԱԿ-ականներ չեն, կարող են ու այս դեպքում գուցե բարոյական իրավունք էլ ունեն նոր ՀՀՇ «բացելու», թերեւս հռետորական չի հնչում:
Դեռ ՀԱԿ կուսակցության կազմավորման ընթացքում ներքին զրույցներում չէին բացառում, որ ՀՀՇ-ն նույնպես կարող է պառակտվել, քանի որ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ապացուցեց, որ ժողովրդավարական արժեքներ դավանող իր քաղաքական թիմում որոշումները կայացվում են բացառապես իր կողմից, մնացյալ անդամներն իրականում ընդամենը նրա որոշումները վավերացնելու խնդիր ունեն:
ՀՀՇ որոշ անդամների կարծիքով՝ ՀՀ 1-ին նախագահը պետք է փրկեր ՀՀՇ-ն, նախկին անդամ Շահեն Պետրոսյանը ավելի ճիշտ է համարել, որ «Տեր-Պետրոսյանը պետք է դառնար ՀՀՇ նախագահ: Մարող կոնգրեսական շարժումը փրկելու համար նա պետք է փրկեր հենց ՀՀՇ-ն: Հետո նորից կարելի էր մյուս ազատական ուժերի հետ միավորված ընդդիմություն ստեղծել»:
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին թվում էր, թե նախագահական ընտրություններում կա մի մարդ, որն ունակ է առաջնորդել իրենց դեպի հաղթանակ, եւ դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Բայց ոչ նախագահական ընտրարշավ եղավ, ոչ էլ առաջնորդը քանդվող Կոնգրեսը փրկելու քայլեր արեց: Այստեղ մի դիտարկում անենք. շատ հետաքրքիր է, որ սփյուռքի ՍԴՀԿ ամբողջ կառույցը շնորհավորեց Սերժ Սարգսյանին՝ որպես վերընտիր նախագահի եւ անգամ համագործակցություն նախաձեռնեց, իսկ ՀՀ ՍԴՀԿ-ն բոլորովին հակառակ քաղաքականություն է վարում: Սա, մեղմ ասած, անհասկանալի է, քանզի ՌԱԿ-ՀՌԱԿ-ի եւ ՀՅԴ-ի դեպքում նման անտրամաբանական ծայրահեղություն չկա:
Իսկ ՀԱԿ-ի մաս կազմած «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը իրեն չտեսնելով ՀՀ 1-ին նախագահի պատկերացրած կուսակցության կազմում, առաջարկել էր. ՀՀՇ-ն թող գնա իր ճանապարհով, իսկ ՀԱԿ-ը կմնա որպես ՀԱԿ՝ կուսակցությունների միասնական դաշինք: Նա (ոչ միայն ինքը) շատ էր ուզում, որ պահպանվի Կոնգրեսը մյուս կուսակցություններով՝ առանց ՀՀՇ-ի: Նրան «դուր է եկել որ, ասենք՝ ՀԺԿ-ի, Գառնիկ Մարգարյանի կուսակցության, ԺՈւԿ-ի, ՀԱԱԿ-ի, Վաղարշակ Հարությունյանի կուսակցության, Կանաչների եւ այլոց հետ, որոնք չեն համաձայնի ՀՀՇ-ի տեսակետներին, միասին կգործեն»:
Ինչեւէ, ՀՀՇ-ի ինքնակործանումը, որպես պատմական առաքելությունը կատարած ուժի, նաեւ նախկին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի սրտով չէր, եւ չի բացառվում, որ թաքնված Վանո Սիրադեղյանի հեռահար աշխուժացման դեպքում նա եւս միանա նոր ՀՀՇ-ի ստեղծման գաղափարին:
Իսկ գուցե ՀՀ 1-ին նախագահը իր գործունեության հետ ցանկացավ փակել նաեւ ՀՀՇ-ի գործունեությունը (ինչը կատարվեց «Ղարաբաղ» կոմիտեի դեպքում, երբ «Լեւ-ոն նա-խա-գահ» գոչյունների ներքո իշխանությունն անցավ ՀՀՇ-ին): Մարտիմեկյան ցավալի դեպքերից հետո «Լեւոն նախագահը» լռեց, հետո վերադառնալով մեծ քաղաքականություն, տասնյակ բոցաշունչ ելույթներից հետո հանկարծ տարիքը հիշելով՝ որոշեց նորից հեռանալ: Անգամ ճիշտ չհամարեց առաջադրվել նախագահի թեկնածու եւ «փակել» առավել երիտասարդների ճանապարհը:
Գուցե ՀՀՇ-ն պիտի հեռանար, որպեսզի նախկին գործիչները ՀԱԿ անվամբ կազմակերպության ներքո այլեւս խույս տան ՀՀՇ կառավարման օրոք իրականացված ալան-թալանից ու բազում պատասխանատվություններից: Ինչի վառ օրինակը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունն է, որի ղեկավար հանդես գալով նա լրիվ մոռացել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ վարչապետ էր աշխատում… եւ անձնապես էլ վատ չէր աշխատում… Բայց նրան թվում է, թե ինքը մաքրվել է ՀՀՇ-ի հավաքած կեղտից, քանի որ սեփական կուսակցությունն է բացել: Այդպես էլ երեւի ուզում են «մաքրվել» բոլոր նախկին ՀՀՇ-ական պաշտոնյաները:
Այս դեպքում ի՞նչ կտա նոր ՀՀՇ-ի ստեղծումը հին կեղտում թաթախված Վանո Սիրադեղյանին, Արարատ Զուրաբյանին, Դավիթ Շահնազարյանին, Բաբկեն Արարքցյանին եւ այլոց: Եթե անգամ ՀՀ 1-ին նախագահը անհրաժեշտության դեպքում միշտ հիշեցրել է, որ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահները եւս եղել են ՀՀՇ ղեկավար անդամներ:
Արման Դավթյան
Կեղծիքը՝ բազմաբեւեռ երեւույթ
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու ողջամիտ քայլ է համարում այն, որ երբ «ակնհայտ է, թե կեղծված ընտրությունների բացասական հետեւանքները կարելի է չեզոքացնել միմիայն նոր, արդար ընտրությունների անցկացմամբ», ապա հարկավոր է պարզապես կյանքի կոչել Սահմանադրության 2-րդ՝ անփոփոխ հոդվածը, համաձայն որի՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով: «Այլ լուծում չկա եւ չի կարող լինել,- ասել է նա,- եւ այդ դեպքում խնդիր չի լինի ամեն կեղծված ընտրությունից հետո քննարկել սահմանադրական փոփոխությունների հարցը»:
Բայց այժմ այդպիսի հիմնավորում, թե ընտրություններն անցել են կեղծիքներով, չկա, քանի որ հանձնաժողովների իշխանական կամ ընդդիմադիր անդամները, լիազոր ներկայացուցիչներն ու ներկա լրագրողները, տեղական ու միջազգային դիտորդները այդպիսի ձեւակերպման հիմքեր չեն տվել, ընդհակառակը՝ հավաստել են նախագահական ընտրությունների լավագույն լինելը մինչ այժմ ՀՀ-ում անցկացված ընտրությունների համեմատության մեջ:
Այնպես որ ՀԺԿ նախագահի եւ ՀԱԿ պատգամավորի խոսքը ԱԺ-ում առ այն, որ «արատավոր ավանդույթ է ձեւավորվել մեր երկրում. ամեն անգամ ընտրությունները կեղծելուց հետո իշխանությունները սկսում են խոսել հանդուրժողականության, իշխանություն-ընդդիմություն երկխոսության, ողջամիտ փոխզիջումների անհրաժեշտության մասին», այնքան էլ համահունչ չէ ներկա վիճակին, եւ առավելապես կրկնողություն է նախկինում միշտ հնչող ընդդիմական «տրամաբանության»:
Պատգամավորի խոսքով, լավագույն երկխոսությունը ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է, ինչն էլ, ինչպես նշեցինք, հավաստել են տեղական եւ միջազգային դիտորդները: Եվ այս դեպքում պետք է խոսել այն մասին եւս, որ ընդդիմության «արատավոր ավանդույթ է ձեւավորվել մեր երկրում», որ մի քանի հարյուր կամ հազար մարդ հավաքելով՝ խոսում են հայ ժողովրդի անունից, եւ «ակնհայտ կեղծված ընտրությունների բացասական հետեւանքներ» են միայն նկատում՝ առանց հաշվի առնելու բոլոր կողմերի, ներսի ու դրսի բոլոր մասնակիցների կարծիքները, առավել եւս, որ դրանք ճնշող մեծամասնությամբ հակառակն են պնդում, ինչ կարծում են մի քանի հարյուր կամ հազար բողոքավորները:
Այո, «կեղծված ընտրությունները ետ են շպրտում երկիրը, խորացնում հասարակության բարոյալքումը, նպաստում արտագաղթի աճին», ինչպես ասել է ՀԺԿ նախագահը, բայց ընդդիմության կեղծ գործունեությունը ո՛չ պակաս վնասներ է հասցնում ժողովրդին՝ միաժամանակ անվստահություն սերմանելով երկրում:
Եթե ընդդիմադիր գործիչը նշում է, որ «կեղծված ընտրությունների հետեւանք են նաեւ 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները», ապա պետք է համարձակություն ունենա եւ խոստովանի նաեւ, որ հետընտրական խժդժությունների հրահրողները օտարներն էին՝ մեզ հայտնի երկրներից (որոնց դրոշները բացահայտ ծածանվում էին Ազատության հրապարակում), եւ մեղքի իրենց բաժինն ունեն ընդդիմության այն ժամանակվա ղեկավարները նույնպես, որ «օտար պատվերի տակ էին մտել»…
Ինչպես Ստեփան Դեմիրճյանը, այնպես էլ մենք բոլորս ենք ուզում հավատալ, որ «մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ-ում ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովը ավելի անաչառ ու արդյունավետ կաշխատի, քան նախորդը:
Եվ ի վերջո կբացահայտեն թե՛ ժողովրդի վրա կրակելու հրաման տվողներին, թե՛ այն կատարողներին», մենք կավելացնենք՝ թե՛ նաեւ բռնությունները հրահրողներին:
Շատ ճիշտ է ասված, որ մարտի 1-ի բռնարարքներն իրականացնողները պետք է պատժվեն, եւ դա անհրաժեշտ է ոչ միայն զոհերի հարազատներին, այլեւ՝ մեր երկրին, մեր ժողովրդին:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 10 (273), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



