Ինքնակործան քաղաքական պատրանքը

… Ցավոք, այդ խաչ քաշելը եւ շարունակվող անտրամաբանական հավաքներն ու պահանջները կարող են իսպառ «խաչ քաշել» հենց Ր. Հովհաննիսյանի քաղաքական ապագայի վրա, ինչը գրեթե կիսով չափ կատարված է այլեւս…

Վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 9-ի երդմնակալությունը տեղի կունենա ԱԺ հատուկ նիստում: Այդ օրը համընկնում է ԱԺ հերթական քառօրյային, եւ հատուկ նիստը նախատեսված է անցկացնել ոչ թե խորհրդարանի դահլիճում, այլ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը հայտնել է, որ հատուկ նիստի գումարման վայրի ու ձեւաչափի վերաբերյալ, ԱԺ կանոնակարգի համաձայն, խորհրդարանը պետք է առանձին որոշում ընդունի: Քառօրյայի մասով էլ ասել է, որ նման նախադեպ եղել է 2008թ., բայց Աժ հատուկ նիստն այն ժամանակ անցկացվեց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում, որտեղ խորհրդարանը գումարել էր ընդամենը մեկ նիստ: Նույնը տեղի կունենա նաեւ այս անգամ: Ապրիլի 9-ը երեքշաբթի է, եւ ԱԺ վերջին նիստում նախատեսված է նաեւ հայտարարությունների ժամը, սակայն չի բացառվում, որ, պայմանավորված երդմնակալության հատուկ նիստով, ԱԺ-ն այդ օրը մարզահամերգային համալիրում մեկ նիստ անցկացնի, եւ հայտարարությունների ժամը տեղի չունենա:

Այսպես, չնայած ընդդիմադիր բողոքավոր զանգվածի առկայությանը, բոլոր հիմքերը կան երդմնակալությունն ացկացնելու, եւ ինչպես քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն է ասել, «նախագահի ընտրությունները փետրվարի 18-ին, ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո վերջացել են: Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարի, Սահմանադրական դատարան դիմի, հանրահավաքներ անի, թե մամուլի ասուլիսներ, նախագահական ընտրությունների արդյունքներին չի կարող ազդել»: Անդրադառնալով երկկողմանի զիջումների հարցին՝ նա նշել է, որ զիջում են նրան, կամ այն ուժին, ով ուժեղ է. «Հովհաննիսյանի հանրահավաքներին հավաքվում են են 3-4 հազար մարդ, իսկ դրսի ուժերը, թե Ռուսաստանից, թե Արեւմուտքից միանշանակ ճանաչել են Ս. Սարգսյանի նախագահ դառնալու հանգամանքը»: Ըստ փորձագետի, իշխանություններն արդեն զիջել են Ր. Հովհաննիսյանին, երբ ընտրություններում տվել են պատվավոր 2-րդ տեղը, դրանից ավել էլ զիջումներ չեն լինի: ԱԺ նախագահն էլ հայտարարեց, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով են ուզում ստեղծել եւ կարող են առաջարկել այդ պաշտոնը, ինչը եւս անպատասխան է թողել ընդդիմադիր գործիչը:

Ընտրական տեխնոլոգիաներին ծանոթ փորձագետը նշել է նաեւ, որ «Ժառանգությունը» հանրահավաքներով փորձում է շատ սահուն նախագահի ընտրությունների ժամանակ ստացած ձայները տանել դեպի Երեւանի ավագանու ընտրություններ՝ ավագանու կազմում բավական ազդեցիկ խմբակցություն ունենալու համար: «Բայց կարծում եմ, որ այդ ամենը չի իրականանա այն պարզ պատճառով, որ եթե նախագահի ընտրությանը ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն չմասնակցեցին, ապա հիմա ԲՀԿ-ն անելու է ամեն ինչ, որպեսզի Երեւանում հաջողության հասնի: Իսկ այն ձայները, որոնք նախագահի ընտրությունների ժամանակ անցել են ընդդիմադիր թեկնածու Հովհաննիսյանին, այս անգամ կանցնեն ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին»:

Ապրիլի 9-ին, այն քաղաքական ուժերը, որոնք այսօր ձեւավորում են ԱԺ, ցանկալի է լինեն Ազատության հրապարակում եւ ոչ թե ուրիշ տեղ.- այսպիսի ցանկություն ունեն նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը: Այսպես նրանք փորձում են Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 9-ի երդումը «դարձնել միայն ՀՀԿ-ի կամ այն մարդկանց համար, ում հետ կարելի է եւ մեծ միջոցառում չանել»: Սա ժողովրդի պահանջը պետք է լինի.- կարծում են նախկին թեկնածուները: Սակայն այն ժողովուրդը, որին այսպես դիմում են, Ազատության հրապարակ չի եկել եւ կարծես չի էլ պատրաստվում…

Իսկ ի պատասխան «Ժառանգության» ղեկավարի այն հայտարարությունների, թե միայն իր դիակի վրայով կերդվի Սերժ Սարգսյանը, եւ կաթողիկոսն էլ չպետք է խմի նախագահի կենացը, Մայր աթոռը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հետեւելով հետընտրական զարգացումներին եւ դրանց ընթացքում մեկնաբանություններին՝ հարկ ենք համարում նշել հետեւյալը: Բարձր ենք գնահատում մեր ժողովրդի ողջամտությունը, որ դարձավ երաշխիքը ընտրությունների խաղաղ եւ քաղաքակիրթ կազմակերպման ու իրականացման: Նկատի առնելով ՀՀ ԿԸՀ-ի, դիտորդական առաքելությունների զեկույցներն ու գնահատականները, ինչպես նաեւ այլ տեղեկատվական նյութերը՝ Մայր Աթոռը հստակ արտահայտել է իր կեցվածքն ընտրության արդյունքների վերաբերյալ եւ անընդունելի է նկատում, երբ փորձ է արվում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Սբ. Եկեղեցին, Հայոց Հայրապետին եւ անգամ ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը: Մեծի պահոց այս շրջանում մեր ժողովրդի զավակներին հրավիրում ենք աղոթքի եւ կոչ ուղղում առաջնորդվել եղբայրսիրության ու համերաշխության ոգով՝ զերծ մնալով անհանդուրժողականության ու ատելության դրսեւորումներից: Հորդորում ենք նաեւ Տիար Րաֆֆի Հովհաննիսյանին՝ դադարեցնել հացադուլը եւ ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ: Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է»:

Ր. Հովհաննիսյանը նաեւ Ռուսաստանի, Միացյալ նահանգների եւ Ֆրանսիայի նախագահներին՝ Ս. Սարգսյանին ուղղված շնորհավորանքները ետ վերցնելու «ուլտիմատում» էր ներկայացրել, սակայն նախագահները այդպես էլ որեւէ խոսք չասացին: Իսկ ահա Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը խիստ զարմացած է գործընկեր կուսակցության՝ «Ժառանգության» առաջնորդի քննադատություններից, թե ինքը խախտել է ժողովրդավարության ու օրինականության եվրոպական սկզբունքները, երբ շնորհավորել է գործող նախագահին՝ վերընտրության կապակցությամբ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասել է, որ Բրյուսելում հանդիպել եւ կրկին շնորհավորել է ՀՀ նախագահին. «Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ես մեկնեցի Երեւան եւ հանդիպեցի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա շատ քաղաքավարի էր, եւ ամեն բան կարգին էր: Դիտորդների գնահատականները շատ հստակ էին՝ այս ընտրություններում իրական առաջընթաց կար: Իհարկե, ոչ բոլոր բարեփոխումներն էին իրագործվել, բայց առաջընթացը հսկայական էր, եւ կարծում եմ ճիշտ չի լինի ասել, թե այս ընտրությունները կեղծված էին: Կարծում եմ՝ Հայաստանի նախագահը իսկապես եւ ճիշտ ձեւով ընտրվել է»: Եվրոպական կուսակցապետին խիստ զարմացրել են այն բնութագրումները, թե նախագահ Սարգսյանը «նախագահական ընտրությունների արդյունքները զանգվածաբար կեղծել է», «փորձել է գողանալ հաղթանակը՝ քվեատուփերի լցոնման, քվեաթերթիկների գողության եւ բազմակի քվեարկությունների միջոցով», եւ այլն:

Ի պատասխան այն սպառնալաիքի, թե «Ժառանգություն»-ը կվերանայի անդամակցությունը ԵԺԿ-ին, Վ. Մարտենսը անհիմն է որակել եվրոպական այս ընտանիքի անդամ «Ժառանգության» կողմից իրեն ուղղված մեղադրանքները. «Միգուցե Սերժ Սարգսյանի մրցակիցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է քվեների ոչ թե իր ակնկալած 20%-ը, այլ շատ ավելին՝ 37%, եւ գուցե հիմա նա պատրանքներ ունի, թե կարող էր ստանալ մեծամասնությունը, սակայն սրանք իրական փաստեր չեն: Իրականությունն այն է, որ ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը»:

Այս պատրանքների մասին խոսել են նաեւ հայ քաղաքական ուժերը եւ շատ անհատներ ու, մի խոսքով, բոլորի մտքերը մեկտեղ ամփոփելու համար մեջբերենք Երեւանի ավագանու անդամ (ՀՀԿ խմբակցություն) Լեւոն Իգիթյանի խոսքերը, ով ավագանու նոր ընտրություններին ընդառաջ ասել է. «Երկրի ճակատագիրը թամաշայի չի կարելի վերածել»:

Ինչ մնում է նախագահ Սարգսյանի կարծիքին, ապա նա երկար ժամանակ լռելուց հետո նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը խնդիրը հեռացնում է քաղաքական դաշտից, եւ դա է գլխավոր պատճառը, թե ինչու նա չի գնում եւ չի պատրաստվում գնալ Ազատության հրապարակ: «Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ օրեր շարունակ սոված մարդու հետ»: Միակ պատճառը, ինչի համար նա կարող էր գնալ Ազատության հրապարակ, դա կարող է լինել միայն հացադուլը դադարեցնելու կոչ անելը, բայց նման բան նա կարող է անել՝ ֆիզիկապես «Ժառանգության» առաջնորդի կողքին չլինելով. նախագահը այդ պահին նկարահանող տեսախցիկների առաջ հացադուլը դադարեցնելու կոչ է արել. «Ես դա հիմա եմ անում: Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ… բայց գիտեք, մի կարեւոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է նա հացադուլ հայտարարել»:

Անդրադառալով խնդիրները հացադուլով լուծելու մեթոդին՝ նախագահը նշել է. «Ենթադրենք՝ նախագահական նստավայրի մոտ մեկը հացադուլ է անում, պահանջելով, որ իր աշխատավարձը լինի 10 կամ 100 հազար դոլար: Ես պարտավո՞ր եմ այդ պահանջը կատարել»: Եվ այսպես՝ հստակ է, որ նախագահը չի այցելի Ազատության հրապարակ: Ավելին՝ ՀՀ նախագահն ասել է, որ իր հետ հանդիպմանը «Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե չի հաղթել ընտրություններում», իսկ այժմ թե՛ «Ժառանգության» առաջնորդը եւ թե՛ այն մարդիկ, ովքեր ներկա չէին հանդիպմանը, այս հարցը ներկայացնում են խեղաթյուրված: Ըստ նախագահի, լրագրողների դուրս գալուց հետո նա հարցրել է՝ արդյո՞ք Հովհաննիսյանը կարծում է, որ հաղթել է ընտրություններում, եւ ստացել է բացասական պատասխան: Բայց, նախագահի թեկնածուն ավելացրել է, որ իր թիմակիցները վստահ են, որ չի հաղթել նաեւ գործող նախագահը ու բորբոքվել են, երբ նա «շամպայնի բաժակը ձեռքին տոնել է իր հաղթանակը՝ դեռեւս ընտրությունների պաշտոնական արդյունքները չամփոփած»,- ինչին գործող նախագահը պատասխանել է, որ առանց շամպայնի շնորհակալություն է հայտնել իր թիմին, երբ ԿԸՀ-ն հայտարարել էր բոլոր տեղամասերից ստացած ոչ պաշտոնական արդյունքները: Այս զրույցից հետո 2 գործիչները քննարկել են ստեղծված վիճակից դուրս գալու ելքերը:

Նախագահական նոր ընտրությունների, 2-րդ փուլի եւ խորհրդարանը լուծարելու առաջարկների մերժումը ստանալուց հետո Ր. Հովհաննիսյանը Ս. Սարգսյանին հարցրել է՝ ի՞նչ պետք է անի այս իրավիճակում, եւ նախագահը հանգուցալուծման 3 ճանապարհ է առաջարկել: 1. Ր. Հովհաննիսյանը գնում է Ազատության հրապարակ, շարունակում է պնդել, որ ստացել է քվեների 80%-ը, իրեն հռչակում է նախագահ եւ փորձում է ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ: Բայց այդ դեպքում իրավապահ կառույցները կատարելու են իրենց վերապահված պարտականությունները: 2. Ր. Հովհաննիսյանը, շարունակելով պնդել, որ ընտրություններն արդար չեն անցել, որ ինքը իրականում հավաքել է պաշտոնականից ավելի բարձր տոկոսներ, ուժեղացնում է իր կառույցները, մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին, ստանում է մեծամասնություն, դառնում է Երեւանի քաղաքապետ ու ղեկավարում է հանրապետության 1/3-րդը: 3. Դադարում է ընդդիմություն լինելուց՝ ներգրավվելով իշխանական կառույցների մեջ եւ պայքարում է կոռուպցիայի ու արտագաղթի դեմ, ինչպես խոստացել է ընտրարշավի ժամանակ:

Այս 3-րդ առաջարկի վերաբերյալ ընդդիմադիր գործիչը ճշտել է՝ արդյոք խոսքը կոալիցիայի՞ մասին է, ինչին ի պատասխան նշվել է, որ բոլոր քննարկումները կլինեն կողմերի սկզբունքային դիրքորոշումը հստակեցնելուց հետո: Այսպես գործիչները պայմանավորվել են իրար փոխանցել գրավոր առաջարկներ: Ըստ նախագահի, ինքը հարգել է պայմանավորվածությունը եւ ուղարկել իր առաջարկները՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին, եւ այդ նախագիծը, ըստ նախագահի առաջարկի, պետք է պատրաստի Ր. Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: «Ժառանգության» առաջնորդը հետ է ուղարկել թուղթը՝ վրան խաչ քաշած:

Այնուհետեւ նախագահը նշել է իր 3 «ոչ»-երի պատճառները Հովհաննիսյանին, ով նախ առաջարկել է անցկացնել նախագահական նոր ընտրություններ, ինչին պատասխանել է, որ դրա համար որեւէ հիմք չկա: Այնուհետ ասել է, որ եթե նման ընտրություններ ինչ-որ հրաշքով տեղի ունենան, արդյոք ընդդիմադիր գործիչը վստա՞հ է, որ կզբաղեցնի 4-րդից բարձր տեղ, քանի որ նոր ընտրությունը նշանակում է նոր թեկնածուների առաջադրում: Դրանից հետո հարց է դրվել, որ նախագահի նոր ընտրությանը պետք է մասնակցեն միայն 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած թեկնածուները, ինչի համար նախագահը նույնպես հիմք չի գտել, բայց դարձյալ ենթադրություն է արել. «Ենթադրենք, այդպիսի ընտրություններ տեղի են ունենում եւ հաղթում է Ր. Հովհաննիսյանը, իսկ ինքը՝ Ս. Սարգսյանը պաշտոնապես ստանում է քվեների 45%-ը: Այդ դեպքում ինքը կարո՞ղ է 20 հազարանոց հանրահավաք կազմակերպել Հանրապետության հրապարակում եւ հայտարարել, որ ընտրությունները կեղծված են: Այդ դեպքում նոր ընտրություննե՞ր պիտի կազմակերպվեն: Եվ որքա՞ն պետք է շարունակվի այդ շղթան»: Նոր խորհրդարանական ընտրությունների հարց եւս դրվել է, ինչին գործող նախագահը պատասխանել է, որ Սահմանադրությունը դրա համար նախատեսում է հատուկ պայմաններ, որոնք այս վիճակում բացակայում են: Չի կարելի դիմել ապօրինությունների, չի էլ կարելի ստիպել բոլոր պատգամավորներին՝ վայր դնել իրենց մանդատները, ինչին ընդդիմադիր գործիչը պատասխանել է, որ ոչ մի պատգամավոր չի կարողանա դեմ գնալ գործող նախագահի կամքին…

Այսպես մերժումներ ստանալով՝ ընդդիմադիր կողմն առաջարկել է, որ պետք է այնուամենայնիվ ինչ-որ համապետական միջոցառում, որը կհարթեցնի խնդիրը: Այդպիսի միջոցառում, Ս. Սարգսյանի կարծիքով, կարող է լինել նոր Սահմանադրության հանրաքվեն, որի նախագիծը կկազմի Ր. Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: Գործող նախագահը մեկ անգամ էլ հայտնեց, որ դրա վերաբերյալ գրավոր առաջարկ է ներկայացրել, եւ որպես պատասխան ստացել է իր ուղարկած թուղթը՝ վրան խաչ արած:

Ցավոք, այդ խաչ քաշելը եւ շարունակվող անտրամաբանական հավաքներն ու պահանջները կարող են իսպառ «խաչ քաշել» հենց Ր. Հովհաննիսյանի քաղաքական ապագայի վրա, ինչը գրեթե կիսով չափ կատարված է այլեւս…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 10 (273), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.