Բանակը նախ զինվորն է… – Ի վերջո, ազգային բանակի բարոյա-հոգեբանական առողջ կերպարն է շարունակական հաղթանակների երաշխիքը:

- Բանակը նախ զինվորն է… – Ի վերջո, ազգային բանակի բարոյա-հոգեբանական առողջ կերպարն է շարունակական հաղթանակների երաշխիքը:

- Հայաստանն ու Ադրբեջանը հակադարձ համեմատական են…

Բանակը նախ զինվորն է

Հրապարակվել է «Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտ» բրիտանական կազմակերպության 2013թ. զեկույցը, որում նաեւ գնահատականներ կան տրված Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ներուժին: Մեր զինված ուժերի առնչությամբ փորձագետները նշել են հետեւյալ բացասական հանգամանքը՝ «բանակում կոռուպցիոն երեւույթների եւ ֆինանսների կառավարման ցածր արդյունավետության առկայությունը»: Սրա վերաբերյալ «Panorama. am»-ը զրուցել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ, ով հայտնել է. «Վերցվել են պաշտոնապես ներկայացված ինչ-որ թվեր՝ այսինքն՝ որքան են մեր բյուջեում ներկայացված ռազմական ծախսերը, որքան է Ադրբեջանի բյուջեից հատկացված ռազմական ծախսերին, այնուհետեւ այդ թվերի համադրություն է արվել: Բացի այդ, ըստ երեւույթին, միջազգային կազմակերպությունների կողմից կատարված որոշակի հաշվետվություններ են նաեւ վերցվել ու դրանց հիման վրա իրենց կարծիքն են ներկայացրել»:

Սակայն մտահոգիչ է այն տեսակետը, որ ՀՀ բանակում «կոռուպցիոն ռիսկեր կան», իսկ «ֆինանսական կառավարումն արդյունավետության խնդիրներ ունի»: Այս առումով էլ փորձագետն ասել է. «Գիտեք, այսօր ես չեմ կարող պատասխանատվություն վերցնել եւ ասել՝ հայկական զինված ուժերում կոռուպցիան ընդհանրապես բացակայում է, բայց համոզված եղեք, որ դա եթե կա էլ, հասցված է նվազագույնի: Եթե այսօր ՀՀ-ում կա որեւէ կառույց, որտեղ կոռուպցիոն ռիսկը ամենացածրն է, դա զինված ուժերն են: Ես անձամբ համոզված եմ դրանում»: Անհասկանալի է մնացել, թե ինչի հիման վրա են ֆինանսների կառավարման վերաբերյալ այդպիսի եզրակացություններ արվել, քանի որ, ըստ փորձագետի, «ՊՆ-ում ֆինանսների անարդյունավետ կառավարման խնդիր չկա: Դա կարելի է շատ պարզ ասել Ադրբեջանի մասին, որտեղ իրոք, ֆինանսների անարդյունավետ կառավարումը բերում է նրան, որ եւ՛ մենք, եւ՛ Ադրբեջանը ձեռք ենք բերում նույնատիպ սպառազինություն եւ տեխնիկա, բայց մենք կարողանում ենք այդ ամեն ինչը անել շատ սահմանափակ՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի սահմաններում, իսկ նրանք դա անում են 1 միլիարդ, 700 միլիոն դոլարի սահմաններում»:

Հասկանալով հայ ռազմական փորձագետի մոտեցումները՝ չենք կարող չմտահոգվել մեր բանակի վիճակով, քանզի վերջին ժամանակներս այստեղ կատարվող որոշ իրադարձություններ կարող են շարունակական լինելու դեպքում սասանել Կովկասյան տարածաշրջանի ամենապատրաստված եւ ուժեղ բանակի համբավը: Հասկանալի է. բրիտանացի փորձագետները ոչ թե անձամբ են ժամանել եւ իրենց տեսածի հիման վրա փորձագիտական եզրակացություններ կատարել, այլ հիմնվել են ուրիշների գրած որոշակի ոչ արժանահավատ փաստաթղթերին, ուստի կարիք չկա հալած յուղի պես ընդունել նրանց ասածները: Բայց հայոց բանակում կան խնդիրներ (եւ ոչ միայն ֆինանսական կառավարման արդյունավետության մասով), այնպես որ պետք է մտածել ինչպես բանակի ընդհանրական շահերի, այնպես էլ յուրաքանչյուր զինվորի մասին:

Խոսվում է, թե բանակը պետք է ունենա տղա ռազմական հոգեբաններ: Այժմ ռազմական հոգեբաններ է պատրաստում միայն Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, իսկ ուսանողների գերակշռող մասը աղջիկներ են, չնայած դրան, ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի, նրանց մեջ մղումը բանակում աշխատելու շատ մեծ է, բայց նրանք, հայտնվելով զորամասում, կարող են կոտրվել. «Ես դեմ եմ խտրականությանը, բայց նկատի ուենալով մեր ազգային առանաձնահատկությունները, ցանկալի է, որ ռազմական հոգեբանները տղաներ լինեն»:

Սպաների աշխատանքն էլ անտեսել պետք չէ, քանի որ նրանք շատ ավելի լավ գիտեն, թե զինվորներից ովքեր ինչ խնդիրներ ունեն: Սակայն հոգեբանական խնդիրներ ունենում են նաեւ սպաները, եւ մեզանում ստեղծվել է կարծիք, թե սպան զինվորներին ճնշելու հակվածություն ունի: «Իհարկե, կան տարբեր մարդիկ եւ դիքորոշումներ, սակայն, նրանք անձնական կյանք չունեն, գիշեր-ցերեկ զորամասերում են, հերոսական աշխատանք են կատարում, եւ դա պետք է նկատել ու, ի վերջո, նրանք նույնպես հոգեբանական հենարանի կարիք ունեն»,- համոզված է հոգեբանը:

Որոշ զորամասերում կան սպա հոգեբաններ, ովքեր Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտներ են, սակայն նրանք էլ ունեն վերապատրաստման կարիք:

Ի վերջո, ազգային բանակի բարոյա-հոգեբանական առողջ կերպարն է շարունակական հաղթանակների երաշխիքը:

Հայկ Թորգոմյան

* * *

Հայաստանն ու Ադրբեջանը հակադարձ համեմատական են

Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակում է հնչել այն տեսակետը, թե իբր Հայաստանն է պատճառը, որ «ղարաբաղյան հարցում պահպանվում է ստատուս քվոն, եւ որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող մրցակից լինել, հետեւաբար Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնա»:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադառնալով այս խնդրին՝ նշել է. «Առաջընթացի բացակայության եւ ստատուս քվոյի պահպանման միակ պատասխանատուն Ադրբեջանն է: Դրա մասին հայտնի է միջազգային հանրությանը, տեղյակ են եռանախագահները»: Եթե Ադրբեջանը իրոք շահագրգիռ է ստատուս քվոյի փոփոխմամբ, ապա վաղուց պետք է իր համաձայնությունը տված լիներ, այլ ոչ թե մերժեր վերջին տարիներին եռանախագահների առաջարկները:

Մեր նախարարը հավելել է. «Իհարկե, Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների, մամուլի, խոսքի եւ այլ հիմնարար ազատությունների առումներով»: Իսկ մեր պետությունների ու հասարակությունների տրամաբանությունը եւ ուղղվածությունը առավել եւս հակադարձ համեմատական են:

Ըստ հայ պաշտոնյայի, Ադրբեջանը խորացնում է ավտորիտարիզմի հիմքերը, Հայաստանը՝ ժողովրդավարության: Դա հստակ է միջազգային համապատասխան կառույցների գնահատականներում եւ վարկանիշային աղյուսակներում:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հսկայական տարբերություն կա:

«Լուսանցք» թիվ 10 (273), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։