– Երեւանում՝ առավելապես միջընդդիմական պայքար…

– Նաեւ՝ կողմերի ու դեմերի պայքար է…

 

Երեւանում՝ առավելապես միջընդդիմական պայքար

Դեռ չեն ավարտվել Հայաստանի նախագահի ընտրության հետեւանքները, արդեն ընթացքի մեջ են Երեւանի քաղաքապետի ընտրության գործընթացները:

Մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար այս պահին ԿԸՀ-ում գրանցվել է 1 կազմակերպություն՝ «Ընտրական համակարգեր կենտրոն» կազմակերպությունը, որն ընտրությունների օրն ունենալու է 60 դիտորդ: ԿԸՀ-ն դիտորդների հավատարմագրումը կիրականացնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ՝ փետրվարի 21-ից ապրիլի 25-ը: Իսկ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի քվերակության օրվանից ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 35 օր առաջ, այսինքն՝ մարտի 21-31-ը: Ինչ վերաբերում է ընտրական տեղամասերին, ապա դրանց կազմավորումն արդեն ավարտվել է մարտի 21-ին: Ի դեպ, ընտրության օրը՝ մայիսի 5-ը նշանակվել է ՀՀ կառավարության՝ փետրվարի 14-ի որոշմամբ:

Նախընտրական քարոզչությունը կսկսվի գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը՝ ապրիլի 7-ից մայիսի 3-ը: Թեկնածուները, կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչեւ ապրիլի 25-ը:

Ընտրություններին մասնակցելու նախնական հայտարարություններն ավելի շատ էին, բայց գրանցվեցին 7 քաղաքական ուժ՝ 7 քաղաքապետի թեկնածու: Համաձայն ԿԸՀ-ի սահմանած ժամանակացույցի՝ Երեւանի ավագանու ընտրություններին ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացնել ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Առաքելություն» կուսակցությունը եւ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը: Ընտրական ցուցակները կգրանցվեն մինչեւ մարտի 31-ը:

Երեւանի ավագանու ընտրողների ցուցակը www.police.am-ում տեղադրվել է ներբեռնելու հնարավորությամբ: Անձնական, այլ անձանց տվյալները ստուգելու նպատակով մարտի 26-ից կարելի է այցելել www.police.am եւ www.elections.am կամ տեղամասային կենտրոններ (www.elections.am-ում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման հնարավորությամբ): Ընտրողների ցուցակում հայտնաբերված անճշտությունները վերացնելու համար մինչեւ 2013թ. ապրիլի 30-ը կարելի է դիմում ներկայացնել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ անձի հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Սա դիմումը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին: Երեւանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2013թ. մարտի 26-ից ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ»՝ 010.53-32-73 հեռախոսահամարով:

«Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների կարեւորությունը մենք չենք կարող նվազեցնել կամ ավելացնել: Արդյո՞ք քաղաքապետի պաշտոնը միայն այն պաշտոնն է, որը զբաղվում է միայն քաղաքի կառավարմամբ. իհարկե՝ ոչ: Երեւանը ինչ-որ իմաստով փոքր Հայաստանն է, թեեւ շրջանների ու մայրաքաղաքի խնդիրները երբեմն բացարձակապես տարբերվում են: Կուսակցությունների կողմից կենտրոնացված ռեսուրսները շատ անգամ կենտրոնացված են հենց Երեւանում եւ իրենց համար կարեւոր է ստուգել այս ռեսուրսների պատրաստականությունը՝ հասնել տվյալ կուսակցության նպատակներին»,- անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին՝ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Խոսելով այդ ընտրությունների նշանակության մասին՝ նա նշել է. «Եթե դիրքորոշումը լինելու է այն, որ մայրաքաղաքի ընտրությունները կեղծվելու են եւ դրանց մասին խոսվելու է ապրիորի՝ առանց գործընթացին ու հետագա քայլերին մասնակցության, ապա դրանք մնալու են պարզապես խոսքեր»:

Մրցակցությունը լինելու է ինչպես իշխանություն-ընդդիմություն ձեւաչափով, այնպես էլ ընդդիմադիր ուժերի միջեւ: Շատ հավանական է, որ ընդդիմադիր դաշտի դասավորության մեջ փոփոխություն լինի: Այն 37%-ը, որը նախագահական ընտրությունների ժամանակ ստացել էր «Ժառանգության» ներկայացուցիչը, ամբողջությամբ տվյալ կուակցության ձայները չեն եւ դա կերեւա երեւանյան ընտրություններին:

ի դեպ, հիշյալ քաղաքագետը նշել է, որ որոշ քաղաքական ուժեր կորցրել են նախորդ ամիսներին հասարակության հետ շփվելու պահը եւ այժմ պետք է ստիպված սկսեն ավելի ցածր վարկանշային գոտուց:

 

Կարեն Բալյան

 

Նաեւ՝ կողմերի ու դեմերի պայքար է

Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, ով հայտնի է իր ամերիկահաճ հայագիտական դրսեւորումներով, անգամ հակագիտական ու հակահայկական պատմագիտական դրսեւորումներով, Ազատության հրապարակում հայտնել էր, որ դեմ է եղել, որ որդին նախագահական ընտրություններին թեկնածություն առաջադրի, քանի որ վստահ է եղել, որ դա քաղաքական ինքնասպանություն է: «Վստահ էի, որ իրեն ճնշելու են, չեն թողնելու ոչինչ անի: Հիմա շատ ուրախ եմ, որ սխալվում էի»,- ասել է նա, մի մարդ, ով ամբողջ կյանքում ապավինել է ամերիկյան կողմին, իսկ որդին էլ այսօր այդ ուղու քաղաքական կողմնակիցն է:

Թե ի՞նչ է ուզել հասկացնել Րաֆֆիի հայր Ռիչարդը՝ ասելով, թե «վստահ էի, որ իրեն ճնշելու են», հասկանալի է: Ամեն դեպքում քարեր պետք է նետել… Եթե անգամ սխալվել ես: Հետո, երբ «եղանակ փոխվի», կարելի է ասել՝ ուրեմն չէի սխալվել:

«Շնորհակալ եմ ձեզ (հրապարակում հավաքվածներին նկատի ունի,- խմբ.), դուք ցնցեցիք ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ ամբողջ Սփյուռքը»,- ավելացրել է պարոն Ռիչարդը՝ համեստորեն չնշելով թե՝ ցնցել եք նաեւ ամբեղջ աշխարհը՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահներին էլ հետը:

Ինչեւէ, հաղթող եւ պարտվող կողմերի նամակագրությունը մի նոր էջ բացեց այս պատմության մեջ, որը ոմանց սրտով է, ոմանց՝ ոչ: «Սերժ Սարգսյանի առաջարկը նպատակ ուներ կանգնեցնել Րաֆֆի Հովհաննիսյանին իր ընթացքից»,- կարծում է «Սարդարապատ» նախաձեռնության ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանը եւ ոչ միայն նա: «Այս ռեժիմի հետ որեւէ հարաբերության մեջ մտնելը ի վնաս այս շարժմանը կլինի»,- ասում են դեմ խոսողները՝ հույս տածելով, թե «Րաֆֆին հավատարիմ կմնա իր պահանջներին եւ բովանդակալից երկխոսություն չի լինի, իսկ լինելու դեպքում էլ՝ միայն իշխանափոխությունը քննարկելու համար» (ուշադրություն դարձրեք, «բովանդակալից երկխոսություն» չեն ուզում,- խմբ.):

Իշխանության մեջ էլ դժգոհում են, որ այսքան հանդուրժողական լինելն էլ մի բան չէ, երբ իրապես դրա անհրաժեշտությունը չկա: Ի վերջո «Սերժ Սարգսյանը հավաքել է իր ձայները, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի ձայները,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը,- ամբողջ եղելությունը համ ամբողջ ցավ է, համ էլ՝ ծաղր, արդեն իսկ ընտրված նախագահը իր ձայներն է վաստակել, որը կազմում է 800 հազար ձայն, իսկ մյուս կողմը հավաքել է այն ձայները, որոնք իրենը չեն եղել»: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ չկա ընդդիմադիր դաշտ՝ որպես կառույց. «Ընդդիմադիր դաշտը միշտ ցաքուցրիվ է լինում, իսկ այս ամենով ժամանակ ենք կորցնում: Այնպես չի, որ իշխանությունը շատ լավն է, ընդդիմադիրը՝ վատը, կամ հակառակը: Բայց ընդդիմությունը եւս պատասխանատվություն ունի: Ընդունված է համարել, թե ամեն ինչում իշխանությունն է մեղավոր, որը սխալ է»:

Միակ գործիքը երկխոսությունն է.- ահազանգում են երկու կողմերից այս ամենին հոգնատանջ հետեւողները:

Ի վերջո պետք է պատրաստվել Երեւանի ավագանու, քաղաքապետի ընտրություններին, ինչը պակաս կարեւոր չէ:

Չեզոք կողմում նույնպես տարաձայնություններ կան: Անգամ ՀԱԿ-ի անդամներն են տարբեր բաներ ասում: Մի պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանը, Հովհաննիսյանի երդման արարողության եւ ստվերային կառավարության ստեղծման կողմնակից է, իսկ մյուս պատգամավորը, ով նաեւ ՍԴՀԿ-ի ատենապետն է՝ Լյուդմիլա Սարգսյանը, այլ կարծիք ունի, թե Ազատության հրապարակում պատրաստվող «երդմնակալության արարողությունը» թատրոն է լինելու պարզապես: Նրա տեսակետով, անհասկանալի մարտավարության հետեւանքով հրապարակ եկած ժողովրդի սպասելիքները չեն արդարանալու. «Կարծում եմ, որ մեծագույն սխալ է, որ հետընտրական պրոցեսները արդեն իսկ վերածվում են նախընտրականի»:

Հետաքրքիր է, որ խորհրդարանում «Ժառանգություն»-ից բաժանված «Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը համարում է, որ Րաֆֆիի կողմից բարձրացված պահանջները անգամ չկատարելու դեպքում «կսրվի դժգոհության ալիքը», իսկ կատարման դեպքում «որոշակի բալանս կմտնի իշխանական մոնոլիտի մեջ եւ աստիճանաբար կկարողանանք դրական փոփոխություններ արձանագրել»:

Իսկ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք սկզբնական շրջանում կանգնել էին «Ժառանգության» կողքին, հասկացան, որ այդպիսով իրենց ընտրազանգվածն են կորցնում Երեւանի ավագանու ընտրություններից առաջ, արագ անցան սեփական նպատակների իրականացմանը: ՀԱԿ-ը այդպես էր վարվել ի սկզբանե: ՕԵԿ-ը, որ այս դեպքում պետք է հանդես գա իր թիմով, քանզի չի կարող ՀՀԿ-ի թեկնածուներին պաշտպանել, իր անդամներից մի քանիսի միջոցով կիսամեղմ լսեցրեց, թե, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը ինքն է որոշում իր մարտավարությունը, բայց ճիշտը երկխոսելն է: Անգամ մտավախություն կա, որ ՕԵԿ-ը չի կարող հաղթահարել անգամ նվազագույն շեմը: Արտախորհրդարանական ուժերը եւս արտահայտվել են՝ հիմնականում այսօրինակ ընդդիմադիր գործելաոճը անիմստ համարելով:

Բայց ամեն բան կորոշվի օրերս, եթե ՀՀ նախագահը որոշի չշարունակել նամակագրությունը եւ հստակ առաջարկներ անի կամ մերժի եղածները:

Ընդդիմադիր կողմն էլ պետք է շահագրգիռ լինի արագ երկխոսելու, քանի որ մարդկանց մոտ (հատկապես համացանցում) այն կարծիքն է, որ «Րաֆֆին չեղյալ հայտարարեց իշխանափոխության բոլոր ծրագրը», իսկ «Սերժը մի պատասխան հարվածով հայտնեց, որ Րաֆֆիի առաջարկը դիտարկում է որպես «հում եւ անգրագետ»՝ հղում անելով Սահմանադրությանը եւ «պետական իշխանության ձեւավորման պատշաճ պատկերացումներին»:

 

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 11 (274), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.