Քրեական տարրերի քաղաքական կենսագրությու՞ն, թե՞ քաղաքական պատվեր (ովքե՞ր են խաթարում Հայաստանում ներքաղաքական կյանքը)

- Արդեն իսկ զենքեր են հայտնաբերվում…

Միջազգային զլմ-ները քիչ, բայց անդրադարձան նախագահի նախկին թեկնածու, «էպոսագետ» Վարդան Սեդրակյանի կալանավորմանը: «Reuters»-ը գրել է. «Անհաջողակ նախագահի թեկնածուն կալանավորվել է՝ մեկ այլ թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով»: Հիմնականում արտերկրի լուրերը մեկնաբանվել են, թե «ՀՀ անվտանգության ծառայությունը նշել է, որ ձերբակալել է նախկին թեկնածու Սեդրակյանին, ով մեղադրվում է հակառակորդի սպանությունը պատվիրելու մեջ: Դատապարտվելու դեպքում նրան սպառնում է ավելի քան 15 տարվա ազատազրկում»: Այս մասին գրել են նաեւ «Washington Post»-ը, «USA Today»-ը, «Bloomberg»-ը:

Իսկ նախկին թեկնածուն ցուցմունք է տվել Հայրիկյանի մահափորձի գործով: Սկզբում նա նախ ցուցմունք չէր տալիս, որովհետեւ մեղադրանքի հիմքերը նրան հասկանալի չէին, հետո, երբ հասկանալի եղան, նա, ըստ իր փաստաբանի, ցուցմունք տվեց: «Օբյեկտիվ ասեմ, չզարմանաք, մեր մասնակցությամբ իրականացվող միջոցառումները ուղղված են իրական հանցագործությունը պարզելուն: Մենք գործ ունենք ոչ սովորական հանցագործության հետ»,- ասել է «էպոսագետի» պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Վ. Սեդրակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը, նա մեղադրվում է քր.օր-ի 34-305 հոդվածի հատկանիշներով: Եթե ապացուցվի նրա մեղքը, էպոսագետին սպառնում է 10-15 տարի կամ ցմահ ազատազրկում: Չնայած այս վտանգին, «էպոսագետին» կալանավայրում սկզբնական շրջանում մտահոգել է այլ բան. «իր խցակցին դրսից սնունդ չեն բերում»: Պաշտպանին սակայն մտահոգել է կալանքից ազատելու հարցը, եւ նա դիմել է Վերաքննիչ դատարան՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու նպատակով: Վերաքննիչ բողոքը մերժվել է:

Հետո փորձ է արվել ապացուցելու, իբր «էպոսագետը» դեռ թեկնածու է եւ պետք է ազատ արձակվի, քանի դեռ նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը ՍԴ-ում բողոքարկում են ընտրության արդյունքները: Սակայն այստեղ էլ պարզվել է, որ քրեական հետապնդման մարմինների հիմնավորմամբ, Ընտրական օրենսգրքի 87 հոդվածով այս քրգործի համատեքստում ՀՀ նախագահի թեկնածու են հանդիսացել միայն բողոքարկող 2 թեկանածուները:

Այս ընթացքում էլ սպանության մեջ մեղադրվող կողմերից մեկի մայրը շարունակել է փաստեր ներակայացնել Վ. Սեդրակյանի դեմ, ով միտումանվոր վարկաբեկել է իր որդուն՝ «նրան նարկոման անվանելով», ինչպես նաեւ՝ որդու կատարած աշխատանքի դիմաց գումար չվճարելու մեղադրանքով:

Իսկ Պ. Հայրիկյանը հայտնել է, թե իր դեմ մահափորձի բացահայտմամբ զբաղվող իրավապահները կարծես թե ընկել են Վ. Սեդրակյանին պատվեր տվողների հետքի վրա: Ինչը չեն հերքել կամ հաստատել իրավապահները, որից հետո տեսակետներ հնչեցին, թե «բացահայտումը խոստանում է լինել բավական աղմկոտ»:

Բայց թե ո՞ր ուժերը կամ ո՞վ կարող է կանգնած լինել իշխանական հերթական հեղաշրջման հետեւում, դժվար է կռահել, մահափորձի բացահայտմանն ուղղված ԱԱԾ-ի գործողությունները ինչքան էլ տանեն դեպի «էպոսագետը», միեւնույնն է՝ պետք է շահագրգիր երրորդ կողմ լինի, քանի որ Հայրիկյան-Սեդրակյան կապ կամ որեւէ առնչություն երբեւէ չի եղել:

Չնայած Վ. Սեդրակյանի մասին ի սկզբանե տեղեկություններ տարածվեցին, թե ռուսաստանյան կամ իրանական հատուկ ծառայությունների գործակալ է, սակայն մահափորձի բացահայտման շրջանում խոսակցություններ եղան որոշակի այլ իրողություններից, որոնք ավելի ուշագրավ էին. «էպոսագետ» թեկնածուի շտաբի պետը մի երիտասարդ էր՝ Էդուարդ Աբրահամյան անուն-ազգանունով, «ում ընտանիքը հայտնի է ժամանակին Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած որոշակի կապերով»: Այստեղից էլ ենթադրություններ հնչեցին՝ Վ. Սեդրակյանի եւ Ռ. Քոչարյանի անվտանգության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ ինչ-որ կապի մասին: Շատերն անգամ այսպես էին փնտրում «էպոսագետի» անակնկալ հարստանալու ակունքները:

Բայց թե ովքեր են կանգնած այս ամենի հետեւում, իրականում գործ ունե՞նք պետական դավադրության հետ, թե՞ ոչ, թերեւս կբացահայտի միայն ԱԱԾ-ն:

Հետաքրքիր է, որ մինչ կալանավորվելը, ավարտվող քարոզարշավը «էպոսագետ» թեկնածուն գնահատել էր «հրաշալի», չնայած, նրա իսկ խոսքով, «քարոզարշավի վերջում ունեցավ անուն, որը կապված է սպանությունների հետ»: Բայց սա «հենց այն էր, ինչ ես երազում էի»,- ասել է Վ. Սեդրակյանը, ով համոզված ասում էր. «Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձն իմ գլխին է կոտրվելու… Դժվար թե մեկ ուրիշի, որովհետեւ այս իրավիճակում կոտրելու համար ամենահարմար թեկնածուն ես եմ»:

Հետաքրքիր է նաեւ, որ այս իրավիճակում անգամ նա լրագրողներին պնդում էր. «Ես հաղթելու եմ էս ընտրությունները, անկախ այն բանից, թե ինչ կանեն: Ես ձեզ մի բան ասեմ, կուզեի, որ դա գրեիք, նախագահական ընտրությունները փետրվարի 18-ին չեն ավարտվում, դրանք նոր են սկսվում»… Ավելին, «էպոսագետն» իր Ֆ/բ էջում գրել էր. «ՀՀԿ-ն միակն է Հայաստանում, որը հիմնադրման օրից ունեցել է 4 առաջնորդ: Մյուս բոլոր կուսակցությունները այսօր էլ ղեկավարում են հիմնադիրները: ՀՀԿ-ի նախորդ 3 առաջնորդները սպանված են: Համբերենք եւ տեսնենք, թե որքան է դիմանալու այս մեկը»: Անգամ Ֆ/բ-ի օգտատերերն էին ապշել, ոմանք գրեցին. «Հիմա ինձ հետաքրքիր ա. 1. Սպառնալի՞ք է…. Դե՜ էլեկտրիկ, կաֆելշիկ, մետլախ խփող… 2. Էտ մարդը դեղ-մեղ ա անո՞ւմ… օ…Օ»…

Սա կամ անհավասարակշիռ մարդու կեցվածք է կամ խիստ վստահ մեկի, ով համոզված է իր «անձեռնմխելիության» հարցում:

Ինչեւէ, մինչ այս մի աղմուկ էլ բարձրացավ համացանցում, թե «էպոսագետը վտանգավոր շոու է կազմակերպում՝ իր եւ Վազգեն Սարգսյանի ընկերության մասին: Նախապես նեկայանալով որպես Վազգենի եղբայր Արամի կուրսընկեր»: Սակայն այդ ընկերությունը սկսվել եւ ավարտվել է համացանցում բացահայտված այս դրվագով. «Էպոսագետը մի վիպակ է գրած եղել ջահել հասակում եւ ջանացել է տպագրել այն «Գարուն» ամսագրում, ու անձամբ դիմել է Արամին, որ օգնի տպագրել այն: Վազգեն Սարգսյան – էպոսագետ խիստ միջնորդավորված «շփում» է եղել, քանի որ, երբ նա մի նամակ ձեռքին, գնացել է Արամի տուն, որ խնդրի նամակը փոխանցել Վազգենին, Արամը տանը չի եղել, իսկ նամակը վերցրել է Արամի կինը, ով նույպես էպոսագետի կուրսեցին էր»: Այսքան բան:

Այսպիսով քաղաքական կենսագրություն ստեղծելու էպոսագետի հերթական փորձը եւս ձախողվել է, եւ Ռ. Քոչարյանին կամ Վ. Սարգսյանին ընկերանալու անհաջող փորձերից հետո նա շահարկել է նաեւ Վազգեն Մանուկյանի անունը՝ իբր նրա նախընտրական շտաբում է ժամանակին աշխատել: Սա նույնպես հերքվել է:

Հետո մի զարմանալի շրջադարձ կատարեց «էպոսագետը»՝ նշելով, թե «Հայրիկյանի մահափորձը կազմակերպվել է մասոնական կազմակերպության միջոցով, որի մեջ են Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր հայրը՝ ամերիկահայ Ռիչարդ Հովհաննիսյանը»: «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը սա մեկնաբանել է կարճ՝ ասելով. «Անլուրջ է, էս մեկն անցանք»:

Անգամ կանխատեսումներ եղան, թե ընտրությունները վարկաբեկելու նպատակով նոր սադրանքները բացառված չեն եւ պիտի աչալուրջ լինել:

Այդ ընթացքում Պ. Հայրիկյանի առողջական վիճակը կրկին վատացավ եւ նա հայտնեց, թե հնարավոր է բուժման նպատակով մեկնի Հայաստանից: Ուստի, նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայտնել է, որ պետական լիազոր մարմնից պահանջվում է ողջամիտ ժամկետում բացահայտել իրական պատվիրատուին:

Դեռ «էպոսագետի» քրեական գործը նախաքննվում է, սակայն կարծես իրականանում են այն պնդումները, թե ամեն բան արվելու է, որպեսզի ընտրությունները հաստատ վարկաբեկվեն: Եվ ահա, օրերս, արտակարգ միջադեպ է գրանցվել ԱԺ տարածքում: Դանակով զինված մի երիտասարդ՝ 25-ամյա Վրեժ Գալստյանը, մուտք է գործել ԱԺ բակ: Հարցին՝ ով ես, պատասխանել է. «Հիսուս Քրիստոսը»: Նա չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների հրահանգներին, եւ առաջ է շարժվել՝ այդ պահին ԱԺ անվտանգության աշխատակիցները մեկ անգամ կրակել են օդ, բայց նա շարունակել է առաջ շարժվել, ինչից հետո կրակել են երիտասարդի ոտքին, ում տեղափոխել են հիվանդանոց: Մինչ այդ, նրան բուժօգնություն է ցուցաբերել ԱԺ բժիշկը: Հոսպիտալացնելուց անմիջապես հետո իրավախախտին վիրահատել են՝ հեռացրել են փամփուշտը, որից հետո նրան այցելել է հոգեբույժը:

ԱԺ տարածք դանակը ձեռքին ապօրինի մուտք գործած անձը Մասիս քաղաքի բնակիչ է՝ 1988թ. ծնված: Նախնական տեղեկություններով՝ նա նախկինում 2 անգամ դատապարտվել է:

Սա ահազանգ է, որ քաղաքականություն մուտք է գործում մի երեւույթ, ինչը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել, եթե մեղավորները արագ ու հրապարակավ չպատժվեն:

Այս դեպքերի համար կարելի է 2 տարբերակ քննարկել՝ 1. Սա իսկապես հիմնավորում է այն պնդումը, թե ընտրական նոր սադրանքները բացառված չեն, ավելին՝ այդ խառնաշփոթի համար գործածվում են քրեական տարրեր: 2. Անպատժելիությունը քրեական անցյալով մարդկանց դրսեւորվելու եւ «հերոսանալու» հնարավորություն է տալիս, անգամ եթե կալանավորվեն էլ, դա կալանավայրում «քաղաքական» կարգավիճակ ստանալու եւ դրսում համակիրներ ունենալու երաշխիք կտա:

ԱԺ տարածք ապօրինի մուտք գործած անձը կալանավորվել է, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ խախտելով պետական պահպանության կանոնակարգով սահմանված անցագրային ռեժիմը՝ ապօրինի մուտք է գործել հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող ԱԺ ցանկապատ տարածք, չի ենթարկվել ապօրինի տեղաշարժը դադարեցնելու ՊՊԾ ծառայողների օրինական պահանջներին:

Այս աղմուկը դեռ չէր դադարել, երբ նոր լուր սպրդեց, թե ոտնձգություն է կատարվել Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքի նկատմամբ, ում շտաբը արագ հայտարարեց, թե մեծապես ցավում են, որ ստիպված են արտահայտել իրենց խորը հիասթափությունը ՀՀ ոստիկանությունից, որը «կատարելով անիրավ, քաղաքական հրահանգներ՝ միաժամանակ անհրաժեշտ պահին չխափանեց Հովհաննիսյանի նկատմամբ ոտնձգությունը եւ Ազատության հրապարակում չապահովեց քաղաքացիների անվտանգությունը»: Կոչ է արվել անհապաղ բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը, ինչպես նաեւ հանրությանը տեղեկացնել հարուցվելիք քրգործի մանրամասները: Արդյո՞ք պատվեր է, թե՝ ոչ, «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը պատասխանել է. «Բոլոր հարցերին կպատասխանի քննությունը: Բայց ակնհայտ է, որ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»:

Ոստիկանությունն արձագանքել է Հովհաննիսյանի շտաբի հայտարարությանը: Կենտրոնականի բաժին է բերվել 1961թ. ծնված Ղազար Ղ.-ն, ով նույն օրը, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում բարձրաձայն հայհոյանքներ տալով «Ժառանգություն» կուսակցության նախագահին՝ հավաքված քաղաքացիներին հրելով վազել է նրա ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Սա եւս մտահոգիչ է, իսկ որպես հաջորդող դեպք՝ խիստ վտանգավոր: Իսկ եթե այստեղ բացի ներքին

մասնակիցներից ու պատվիրատուներից կան նաեւ արտաքին խառնակիչներ, ապա հարցն ավելի մտահոգող է (ընդհանրապես խառնակչությունները հաջորդական դարձնելու համար միշտ կարող են գործի դնել այսպես ասած անկապ մարդկանց՝ թվացյալ անկապ գործողություններով): Սա արագ եւ սպառիչ պատասխանների կարիք ունի, որ պիտի տան իրավապահ մարմինները, հատկապես՝ ԱԱԾ-ն:

Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի՝ «պատժելիության քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի, սակայն ՀՀ-ում այդպես չէ, անորոշություն կա»: Նա ասել է. «Սանկցիա նշանակելիս ոչ թե հանցագործություն կատարած անձի ազգանունը պետք է հաշվի առնվի, այլ կատարած հանցանքը: Արդարադատությունն, ընդհանուր առմամբ, պետք է իրականացվի արդար ձեւով, թափանցիկ, կանխատեսելի: Այսինքն, պետք է մեծ հավանականությամբ հնարավորություն լինի կանխորոշել, եթե անձը կատարել է այս հանցանքը, ունի այսինչ բնութագիրը, ինչ կարող է սպասվել կատարած արարքի համար: Սակայն պատժի նշանակումն այդքան էլ կանխատեսլի չէ մեր դատարանների կողմից»: Նշվել է, որ օրենքով նախատեսված սանկցիաները լայն են՝ 2-5, 4-8 տարի ու թողնված է դատարանի հայեցողությանը, թեեւ դատարաններին տրված է չափանիշներ, որոնք դատավորները պիտի հաշի առնեն, բայց այսօր «չունենք միասնական պրակտիկա այդ չափանիշների կիրառման առումով»: Նաեւ հավելել է, «կա 2 ճանապարհ. կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնց կողմնակից չէ, կամ դատական պրակտիկան ավելի ունիֆիկացնել. այսինքն՝ նախ պետք է ավելի լավ ամփոփվի, թե պրակտիկայում կոնկրետ հանցագործություններով ինչ պատիժներ են նշանակվում՝ հաշվի առնելով, թե մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները ինչ չափով են ազդում դատավճիռների վրա»: Նրա կարծիքով, պետք է մշակվի միասնական ուղեցույց կամ գոնե խորհրդատվական բնույթ կրող ուղեցույց, եթե ոչ թղթի վրա, այլ գոնե գլխի մեջ, որպեսզի հասկանանք, թե մեր պաշտպաններին ինչ պատիժ կարող է սպասվել:

Պատժողական քաղաքականությունում կա մի մեծ ստվեր, իսկ որտեղ կա ստվեր, կա նաեւ կոռուպցիա. համոզված են փաստաբանները:

Իսկ իրավական այս վտանգներից առավել պատժողական քաղաքականություն ունի մեկ այլ ստվեր՝ միջազգային շահեր, ինչը եւ՛ կոռուպցիա է եւ՛ ազգադավ առուծախ:

Ինչը էլ հաճախ քողարկվում է բարեգործության կամ մարդասիրության անվան տակ:

Արամ Ավետյան

* * *

Արդեն իսկ զենքեր են հայտնաբերվում

Ըստ երեւույթին՝ իշխանություններն արդեն նախա-նախընտրական միջոցառումներ են ձեռնարկում որպեսզի Երեւանի ավագանու ընտրություններից հետո գոնե չշարունակվեն անիմաստ ահաբեկումները, առավել եւս չկրկնվեն մահափորձի դեպքերը: Եվ ահա հրապարակվեց, որ մարտի 26-ին «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից ոստիկանության աշխատակիցները, խուզարկելով «Hyundai» մակնիշի 08 ՍՍ 800 համարանիշի եւ «Bently« մակնիշի 08 LL 800 համարանիշի ավտոմեքենաները, հայտնաբերել են զենք եւ ձերբակալել վարորդներին: «Bently»-ն հաշվառված է Արթուր Աբրահամի Մանուկյանի, «Hyundai sonata»-ն՝ Հակոբ Աբրահամի Մանուկյանի անվամբ: Նրանք Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանի որդիներն են: Ավելին, «Bently»-ն սպասարկում է հենց Աբրահամ Մանուկյանին: «Կա փաստը, որ զենք եղել է: Ինչպես կարող եմ այդ փաստը հերքել: Բայց կրկնում եմ՝ այս ամենն իմ ընտանիքի հետ ոչ մի կապ չունի: Թե ինչու են իմ ընտանիքի եւ իմ անունը հոլովում, ես չգիտեմ: Մի բան կարող եմ ավելացնել, եթե իմ տղան լիներ, եւ իր մոտ լինեին զենքերը, ուրեմն ինքն օրենքի տառով պետք է պատասխան տար՝ անկախ նրանից՝ ով ուզում է լիներ»,- զլմ-ներին տեղեկացրել է ԲՀԿ շտաբի պետ Մանուկյանը:

Կարծում ենք՝ ընդհանրապես այսօրինակ միջոցառումները պետք է պարբերական լինեն, եւ ոչ միայն նախընտրական ժամանակահատվածներում: Ի վերջո մեզանում կան մարդիկ, որոնք «առյուծ են կտրում», որովհետեւ վստահ են, որ կարող են զենք գործածել ու չպատժվել: Անօրինական զենքի միա՛յն առկայությունն արդեն լուրջ վտանգ է: Հարկավոր է ի վերջո չափել «դուխով» տղերքի իրական «դուխը»…

«Լուսանցք» թիվ 11 (274), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։