Ժողովրդավա՜ր ենք, ժո-ղո-վր-դա-վա՛ր

…Այնպես որ, դադարեցրեք հրապարակային թատրոնը եւ ամեն մեկդ աշխատեք Ձե՛ր գործը լավ անել…

Հետընտրական գործընթացներում եւս մեկ նորամուծություն մուտք գործեց, ինչը դրսեւորվեց որպես մտքերի փոխանակություն՝ նամակագրության միջոցով: Այս դեպքում ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը նամակագրական կապ հաստատեցին, այլեւ՝ մյուս շահագրգիռ քաղաքական գործիչները եւս:

Այս տարօրինակ ոճը նախաձեռնեց նախագահի ընտրություններում 2-րդ տեղը գրաված թեկնածուն, որ դադարեցնելով նախագահին բանավոր հրապարակ հրավիրելու անիմաստ հանրահավաքախաղը, որոշեց գործել գրավոր:

Պայմանագիրը հրապարակելով՝ այս թեկնածուն այն ուղարկեց Հանրապետության նախագահին.

1./ա. Կամ նախագահական արտահերթ նոր ընտրության անցկացում կամ՝

բ. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ այս տարվա ընթացքում, մինչ այդ փոփոխություն կատարել ընտրական օրենսգրքում, վերացնել մեծամասնական ընտրակարգը, թույլատրել հրապարակել ընտրած քաղաքացիների ցուցակները:

2. Առնվազն 5 մարզպետների ազատում աշխատանքից եւ այդ պաշտոններին ժողովրդի՝ հանձին իմ նշանակած մարդկանց:

3. Հիմնական ընտրակեղծածար քաղաքապետերի եւ գյուղապետերի ազատում աշխատանքից:

4. Բոլոր ընտրակեղծարարներին, առանց բացառության ենթարկել քրեական պատասխանատվության:

5. Կառավարության եւ այս ծառայություների ղեկավարների նշանակում ժողովրդի՝ հանձին Հովհաննիսյանի ներկայացրած անդամներին՝ գլխավոր դատախազություն, հարկային եւ մաքսային պետական ծառայություն, ազգային անվտանգության ծառայություն, արտաքին գործերի նախարարություն, կրթության եւ գիտության նախարարություն, արդարադատության խորհուրդ, հակակոռուպցիոն հանձնաժողով:

Պարտված թեկնածուն շարունակելով հանդես գալ հաղթողի հոգեբանությամբ՝ անգամ նշել է, թե «պայմանագիրը անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման, իսկ դրանում ամրագրված դրույթներն անբեկանելի են, մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտորւթյունների ավարտը»:

Վստահաբար հայտնեմ, որ ՀՀ նախագահ լինելով ես չէի պատասխանի նման նամակի՝ թելադրող բովանդակությամբ առաջարկներին: Ավելին՝ անգամ թույլ չէի տա, որ միջազգային ու տեղական դիտորդների դրական գնահատականներից հետո, ԿԸՀ-ում ու ՍԴ-ում որեւէ լուրջ փաստարկ չներկայացրած ու բացահայտ պարտված թեկնածուն այսօրինակ քայլերով խաղարկեր ու շահարկեր ընտրության արդյունքները: Նույնիսկ անօրինական հանրահավաքներ եւ գործողություններ թույլ չէի տա, եւ աշխարհին ու սեփական ժողովրդին կապացուցեի իմ քայլերի օրինականությունն ու ճշմարտացիությունը: Դրա համար բոլոր հիմքերը կան: Ի վերջո, ընտրական գործընթացները կուսակցական կամ ընտանեկան բիզնես չեն, կամ էլ՝ դասարանական ժողով, որ ծնողների ու երեխաների հետ հացադուլ ներկայացվի:

Հաղթողը անհողդողդ պայքարում է՝ ընդդիմադիր մեծ ճակատով ու ընտրազանգվածով, եթե վստահ է իր հաղթանակին ու ճշմարտությանը, կամ էլ՝ քաջորեն ընդունում է պարտությունը եւ հաղթող կողմի դիրքը եւ ձեռքբերած հաջողությունը փորձում է ի նպաստ դնել երկրի ու ժողովրդի զարգացմանը. 1. Իշխանության մեջ ներգրավվելով եւ առաջատար 2-րդ ուժը դառնալով: 2. Ընդդիմադիր կեցվածքը պահելով, բայց փոխպայմանավորված իշխանության մեջ որոշ լծակներ վերցնելով:

Սա իրական հնարավարություն կտա ապացուցել մարդկանց, որ այն ոլորտները, որի պատասխանատուները կլինեն ընդդիմադիր գործիչները, տեսանելիորեն կտարբերվեն մյուս օղակներից, որոնք ղեկավարում էին (եւ են) իշխանական գործիչները:

Ինչեւէ, Ս. Սարգսյանը պատասխանել է Ր. Հովհաննիսյանի նամակին՝ նշելով որ նման առաջարկ ինքը վաղուց է արել. «Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության եւ պետական իշխանության ձեւավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից եւ ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաեւ ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման

պատրաստակամություն, եւ այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք: Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, 1-2 օր կազդուրվեք եւ մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզեւ շատ հում, շարադրանքը»:

Վերը նշեցինք, որ այս նամակագրական գործընթացը կարծես դառնում է առօրյա, եւ ահա, մի նոր նամակ է հղել նախագահի նախկին թեկնածու Հովհաննիսյանը. «Դրական եմ գնահատում, որ Դուք վերջապես ուղղակի գրությամբ պատասխանեցիք իմ համալիր առաջարկին: Թեեւ նամակի ընդհանուր ձեւակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ եւ կանխակալ համոզումներ, այդուհանդերձ առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ հանդիպելու եւ սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի ու ցանկացած ձեւաչափով՝ Ազատության հրապարակում… Եթե ինչ-ինչ պատճառով Ազատության հրապարակը հարմար վայր չդիտեք հանդիպման առումով, ազատ զգացեք կրկին նամակով ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող՝ Ձեր բովանդակային առաջարկությունները, որոնք նախորդ արձագանքում բացակայում էին»:

Հասկանալի է, որ ինչքան էլ համբերատար վերաբերվի եւ պատասխանի գործող նախագահն այս նամակագրությանը, հաստատ չի գնա Ազատության հրապարակում քննարկելու առաջարկներն ու որոշումները: Նախագահի մամլո խոսնակը պատասխանել էր, թե նախագահի հետ հանդիպումների վայրը նախագահական նստավայրն է:

«Լուսանցք»-ն այս նամակագրությունը մանրամասն ներկայացնում է ընդամենը մեկ պատճառով, որպեսզի պարզ դառնա, որ այս թատերականացված «հաղթանակը» ավարտին հասցնելու ճիշտ ժամանակն է: Նաեւ կարծում ենք, որ հենց երկուստե՛ք դադարեցնելու ժամանակն է: Որովհետեւ ազգն ու պետությունը հազար ու մի հարցեր ունեն լուծելու միջազգային ու ներազգային ոլորտներում: Որովհետեւ մենք մեր երկրում այնքան տնտեսական ու սոցիալական խնդիրներ ունենք, որ օր անգամ հապաղել պետք չէ: Ընդ որում, դրանք շատ լուրջ խնդիրներ են ու վստահ էլ չեմ, որ դա խորապես գիտակցում են թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր դաշտերում: Մեր սոցիալական խնդիրները լուծելու ձեւը դարձել է փոքր ու միջին գործատուների շլինքի հաշվին նպաստներն ավելացնելը, իսկ տնտեսական խնդիրները լուծելու ձեւ է դարձել անընդհատ միեւնույն մի քանի ձեռնարկություններ այցելելը, մինչդեռ սա ծիծաղելի է բոլոր նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչ է երկիր ու տնտեսություն արագ վերականգնելը:

Այնպես որ, դադարեցրեք հրապարակային թատրոնը եւ ամեն մեկդ աշխատեք Ձե՛ր գործը լավ անել:

Մի բան էլ, եթե անգամ նախագահ Սարգսյանը այս ընդդիմադիրախաղը նպատակահարմար է գտնում, որպեսզի ադրբեջանական բռնությունների համապատկերին ցույց տա «ամենաժողովրդավար» միջազգային հանրությանը, որ այսքա՜ն ժողովրդավար է Հայաստանը, ապա հավատացնում ենք՝ արդե՛ն բավական է: Նույնիսկ եվրոպական որոշ վերլուծաբաններ զարմացած ներկայացրել են, թե նախկին խորհրդային երկրներից ՀՀ-ում շատ զարմանալի ժողովրդավարություն է իրականացվում՝ պարտված թեկնածուն իրեն հաղթող է հռչակել եւ փորձում է հանրահավաքներով հասնել իր նպատակներին:

Լավ է չէ՞:

Իսկ ահա, ինչ վերաբերում է հացադուլը դադարեցնելու նախագահ Սարգսյանի հորդորին, ապա ընդդիմադիր Հովհաննիսյանն ասել է. «Ես ինքս դա կորոշեմ: Ինչ էլ վերաբերում է այդ առաջարկները գործարք որակելուն, ապա իր խիղճը դա թույլ չի տա, եւ ամեն ինչ բաց է լինելու… Այնտեղ ոչ մի գործարք չկա, գործարքներից խոսողներն իրենք գործարքներին տրված են»:

Այսքան բան:

Մենք էլ եզրափակենք. ի վերջո քաղաքականությունը առողջ տրամաբանություն է եւ ո՛չ՝ առողջարարական տրամադրության բարձրացման ասպարեզ:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 11 (274), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։