Չի՛ բացառվում, որ ադրբեջանական «չոբանների ցուցակում» կարող են հայտնվել նաեւ թուրքական «գորշ գայլեր»…

 Ա հ ա զ ա ն գ. – կանխե՛նք նոր ադրբեջանական քոչը դեպի Հայաստան

- Ի՞նչ վտանգներ է պարունակում Սյունիքի արոտավայրերը իրանական կողմին վարձակալության տալը:

- Ու՞մ չէ ձեռնտու առանց ադրբեջանցիների Հայաստանը:

- Իսկ ու՞մ է ձեռնտու Հայաստանն ահաբեկիչներով լցնելը:

- Արդյո՞ք Հայաստանի տնտեսությունը ապաքաղաքական է:

- Մեր ազգային անվտանգությունը տեղյա՞կ է՝ երկրի սահմանը իրականում պարսիկնե՞ր են հատում, թե՞ նաեւ թուրք-ադրբեջանցիներ:

- Իսկ գուցե սահմանը հատում են Հայաստանից հեռացած հայախո՞ս ադրբեջանցիներ:

- Ո՞վ է երաշխավորը, որ հայ-ադրբեջանական նոր բախում չի լինի՝ Երեւա՞նը, թե՞ Թեհրանը:

 

Սյունիքի արոտավայրերը չպե՛տք է տրվեն իրանաբնակ ադրբեջանցիներին

«Չոբանների ցուցակում» կարող են հայտնվել անգամ թուրքական «գորշ գայլեր»

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը մարտի 25-ին համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնում Սյունիքի արոտավայրերի մի զգալի տարածքի՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը վարձակալության տալու առումով: Հայտնի է, որ հայ արիները երկար տարիներ է համաարիական գաղափարաբանության շուրջ (նաեւ տարածաշրջանային այլ խնդիրների առումով) համագործակցում են հարեւան Իրանի քաղաքական շրջանակների հետ: Եվ ահա նման հայտարարությունը առավել հետաքրքրական է դառնում, քանի որ առաջին անգամն է, որ հայ արիականները դեմ են խոսում հայ-իրանական մի ձեռնարկի: Փորձեցինք հասկանալ խնդիրը ու պարզաբանումներ խնդրեցինք հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանից:

«Ներկայացրած փաստարկներն առավել հասկանալի են դարձնում մեր մտահոգությունները, որոնք իրականում ուղղված են հայ եւ պարսիկ ազգերի շահերի պաշտպանությանը՝ ընդդեմ թյուրքական ծավալապաշտության՝ թուրք-ադրբեջանական հեռահար նպատակների»,-ասաց զրուցակիցս՝ միաժամանակ հավելելով, որ արոտավայրերի հանձնումը իրանաբնակ ադրբեջանցիներին կունենա վտանգավոր հետեւանքներ. «Խնդիրը բազմաշերտ վտանգներ է պարունակում, ինչի անտեսումը մոտ ապագայում կարող է լրջագույն հարցերի առաջ կանգնեցնել մեր պետությանը:

Իսկ այդ հարցերը, ըստ նրա, ներառում են.

1. Բնապահպանական հետեւանքներ՝ բնական վիճակի վատթարացմամբ, ինչն արդեն ներկայացրել են հայ բնապահպանները: Մասնավորապես, մոտ ապագայում բնական պահպանված այդ արոտավայրերը կոչնչանան օտարի կողմից տարիներ շարունակ գործածվելուց հետո, իսկ բնությունը նախնական տեսքի բերելու կամ մասնակի վերկանգնողական գործընթացները այլեւս անպիտան տարածքները կարգի բերելու համար, հսկայական ծախսեր են պահանջելու մեզանից, ինչը չի կարող փախհատուցվել նախատեսված (դեռ գաղտնի պահվող) տրամադրվող վճարներով: Անգամ իրանահայ մասնագետներ են նշում, որ Սյունիքի արոտավայրերը կարժանանան իրանականի ճակատագրին, որովհետեւ Իրանը վարած սխալ քաղաքականության հետեւանքով կորցնում է իր արոտավայրերը:

2. Առնչվում է երկրի պարենային անվտանգության ապահովման ռազմավարության իրականացմանը, ինչի մասին խոսել է նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Խոսք կա զգալի չափով հողատարածքների վարձակալության շուրջ, այնտեղ մանր եղջերավոր կենդանիների արածեցման մասին, ինչը հղի է կանխատեսելի հեռանկարային ու երկարաժամկետ բացասական հետեւանքներով: Անասնաբուծության զարգացման վերջին տարիների ընթացքում մարզում անասնագլխաքանակի աճի տեմպերը նկատելի են, ինչն էլ հենց պետության պարենային անվտանգության մի հատվածին է առնչվելու հետագայում: Եվ մեր պետությու՛նը պետք է նպաստի Սյունիքում անասնապահության զարգացմանը եւ արոտավայրերի նպատակային օգտագործմանը: Սյունիքի չօգտագործվող արոտավայրերը, որպես այլընտրանքային արոտավայրեր, կարող են օգտագործել նաեւ մոտակա Վայոց ձորի կամ ՀՀ այլ մարզերի երկրագործության տարածաշրջանի անասնագլխաքանակի արածեցման համար:

3. Հեռահար ռազմա-քաղաքական նպատակներ, ինչն ամենավտանգավորն է բոլոր մնացյալ հարցերից:

«Հասկանալի է, որ իրանական կողմ ասածը մեր հարեւան երկրի ա՛յն տարածքն է, որը բնակեցված է թյուրք-ադրբեջանցիներով,-շեշտեց Արմեն Ավետիսյանը,- ըստ ՀՀ Սյունիքի մարզի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի միջեւ համագործակցության մասին հուշագրի նախագծի՝ սկզբնական շրջանում իրանական կողմը 5 տարի ժամկետով կվարձակալի Սյունիքի մարզի հողերը: Այդ համաձայնագիրը նախատեսում է 100 հազար գլուխ անասուն տեղափոխել Սյունիքի արոտավայրեր: Սկզբնական շրջանում Սյունիքի արոտավայրերից 50 հազար հեկտար կվարձակալվի եւ շուրջ 50 հազար գլուխ անասուն կտեղափոխվի»:

Իսկ սա, ինչպես ընդգծեց հայ արիների ղեկավարը, նշանակում է, որ մի զգալի քանակությամբ ադրբեջանցիներ են տեղափոխվելու Հայաստանի տարածք, որպեսզի զբաղվեն անասնապահությամբ: Ըստ որոշ հաշվարկների, Սյունիքի 11%-ը կտրվի թրքախոս այս պարսկահպատակ քոչվոր ցեղախմբին եւ 5 տարի հետո, վարձակալության երկարացումը կյանքի նպատակ դարձնելով, նրանք չեն հեռանա այդ տարածքից, անգամ տնավորված կլինեն. «Մենք մեր վճռական բողոքն ենք հայտնում ՀՀ իշխանություններին՝ հիշեցնելով, որ իրեն նժդեհյան ցեղակրոն գաղափարակիր համարող Հանրապետական կուսակցությունը չի՛ կարող Սյունիքի մարզպետի ձեռքերով Սյունիքի հավիտենական սպարապետ Նժդեհի պաշտպանած երկրամասը կամա թե ակամա հանձնել թյուրք-ադրբեջանցիների տնօրինությանը»:

Ի դեպ, զրուցակիցս տեղեկացրեց, որ իրենց զարմանքն են հայտնում նաեւ պարսկական կողմի այս գործունեության նկատմամբ, քանի որ համաթուրանական վտանգը տեսած (եւ այժմ էլ դրան դեմ դիմաց կանգնած) հայերն ու պարսիկները պետք է հասկանան այն պարզ ճշմարտությունը, որ թուրքը մնում է թուրք, բնակվում է Իրանում, Հայաստանում, արաբական երկրներում, թե այլ տեղում:

«Եվ համաարիական համաշխարհային քաղաքականության մեջ Պարսկաստանին կարեւոր դեր հատկացրած հայ արիների համար անթույլատրելի է Հայաստանի ու Իրանի իշխանությունների այս վտանգավոր քաղաքականությունը»,- հայտնեց ՀԱՄ առաջնորդը:

Մենք դեռ սովետական տարիներից գիտենք, որ ադրբեջանցիները ֆինանսավորվում էին ալիեւյան կլանի կողմից եւ բազմանում ու բնակվում էին Խորհրդային Հայաստանի բոլոր բերրի հողերով տարածքներում եւ սահմանամերձ շրջաններում: Հիմա ադրբեջանազերծված Հայաստանի ողնաշարը հանդիսացող Սյունիքում մի նոր թրքացման փորձ է արվում: Եվ դա անում են հայ եւ պարսիկ արիածին ազգերը՝ առանց գիտակցելու վտանգավոր հետեւանքները:

Այսօր, անգամ որպես իրանցիներ Հայաստան եկող ադրբեջանցիները բացահայտ են սադրիչ գործողություններ անում, ցուցադրական անբարո կյանք վարում, ինչը հետզհետե հակաիրանական տրամադրություններ է առաջացնում Հայաստանում, քանի որ նրանք որպես իրանցիներ են ներկայանում: Սա պետք է լրջորեն մտահոգի պաշտոնական Երեւանին ու Թեհրանին հավասարապես:

Խոսելով վերոնշյալ խնդրահարույց ռազմա-քաղաքական հարցի շուրջ՝ Արմեն Ավետիսյանը հավելեց, որ Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Սիավուշ Նովրուզովը հայտնել է, որ նպատակ ունի դառնալ Իրանի Ատրպատականի խորհրդարանի նախագահ: «Փաստորեն, պաշտոնական Բաքուն այլեւս բացահայտ է խոսում այսպես կոչված միացյալ Ադրբեջանի մասին, եւ Իրանում եւս պետք է գիտակցած լինեն ադրբեջանցիներին բնակվելու տարածք տալու վտանգները»:
Նարե Մշեցյան

Հ.Գ. – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում նկատել տվեց, որ չի կարելի բացառել, թե իրանական ադրբեջանցիների հետ՝ որպես հովիվներ, կարող են Հայաստան թափանցել նաեւ թուրք-ադրբեջանական ահաբեկիչներ՝ հասկանալի վտանգներով հանդերձ:

Իսկ Հայաստանից հեռացած շատ ադրբեջանցիներ դեռ լավ տիրապետում են հայերենին, ու նրանք եւս կարող են հայտնվել իրանական ադրբեջանցիների «չոբանների ցուցակում», եւ հետո, առանց լեզվական խնդիր ունենալու, շրջել Հայաստանում՝ որպես հայաստանահայ կամ պարսկահայ:

Այլ մտահոգություններ նույնպես արծարծվեցին մեր զրույցում:

* * *

ԻԻՀ Արեւելյան Ատրպատական (Արեւելյան Ազարբայջան) նահանգի նահանգապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Այուբ Նաջաֆիի հայտնած տվյալներով՝ մարտի 15-24-ը Իրանի եւ Ադրբեջանի սահմանը հատած 34 հազար 723 մարդուց միայն 1300-ն են եղել իրանցի:

Իսկ Նովրուզին Հայաստան է ժամանել 7 հազար 151 իրանցի, որից թե ինչքա՞նն են եղել պարսիկ կամ ադրբեջանցի… հայտնի չէ:

«Լուսանցք» թիվ 11 (274), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։