«Սասունցի Դավիթ» էպոսի դիցական խորհրդանիշերը – Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)

Սկիզբը՝ թիվ 9-11-ում

«Էսի Քուռկիկ Ջալալու օտաց կրակն էսպես կ՛էլնի»

«Քուռկիկ Ջալալին ըզ Դավիթ առավ

Մեջ էրկինք-գետինք թռավ ու գնաց»

 

Քուռկիկ Ջալալի խորհրդանիշը էպոսում ամենամշուշոտներից է, իսկ նրա խորհուրդը՝ ամենածպտվածներից: Անկասկած է, որ էպոսում Քուռկիկ Ջալալին հայ դիցհերոսների (ընդհանրապես Սասնա տան) համար հույժ հարազատ, թանկագին ու խորհրդավոր մի բան է, այն աստիճան, որ նրանք իրենց կյանքը, թշնամու դեմ դուրս գալն ու հաղթելը չեն պատկերացնում առանց նրա:

Ոգեգիտության եւ երազաբանության մեջ Ձին ոգեղենության, ուժի, աստվածատու շնորհների, կյանքի անկասելի ընթացքի, «մուրազի» (Քուռկիկ Ջալալուն էպոսում տրված բնութագրումներից է) խորհրդանիշ է: Էպոսաստեղծ մեր ազգը այդ խորհրդանիշին է դիմել՝ արտահայտելու իր կյանքի՝ անչափ կենսալից աստվածատու խորհուրդներից մեկը: Եթե նկատի ունենանք, որ հինավուրց էպոսի արտաքին սյուժետային կողմը միջնադարի դժնդակ ժամանակներում է ձեւավորվել, ապա պետք է ասել, որ Քուռկիկ Ջալալին միջնադարյան Հայի երազի խորհուրդներից մեկն է, ու բնավ պատահական չէր միջնադարյան Հայի ոգու տեսլականում Ձիու տեսիլքի հայտնվելը:

Պատահական չէր նաեւ լեզվական ձեւի՝ Քուռկիկ Ջալալի, ընտրությունը: Ձին Քուռկիկ՝ հավերժ երիտասարդ, չծերացող, ժամանակ-տարածությունում հավերժ նորոգվող է, Ջալալին՝ հրեղեն, անմահ ոգի է եւ ո՛չ մարմնավոր գոյություն:

Էպոսում Քուռկիկ Ջալալու մասին առաջին հիշատակումն արվում է Սանասար եւ Բաղդասար ճյուղում: Եղբայրները գիտակցելով, որ իրենք բնույթով «հրեղեն» են (ոչ հողածին) եւ, հետեւաբար, որ իրենց նման հրեղեն էակ պիտի լինի, գնում են ծովի ափ՝ իրենց նման այդ էակին գտնել-բերելու: Ընդգծենք՝ էպոսը հույժ կարեւորում է հերոսների այդ՝ բնութային ինքնագիտակցության հանգամանքը՝ դա համարելով նրանց հետագա դիցազնացման նախապայմանը: Մեր հերոսների՝ բնույթային ինքնագիտակցության գալու այդ քայլին հետեւում է նախ Սանասարի՝ «ծով» մտնելու համարձակությունն ունենալու քայլը, ապա՝ «Աստծու հրամանքը», ու՝ ծովի բացվելը (ասել է թե՝ «Աստված» տեսնում է մեր հերոսների ինքնահայտնության գալը եւ նրանց զորավիգ է լինում): Ծովի բացվելուց հետո՝ «Սանասարի աչից առջեւ էղավ չոր գետին», մինչդեռ «Բաղդասարի աչից ծով կ՛էրեւար»: Էպոսում «ծովը» եւս խորհրդանշական իմաստ ունի. արտահայտում է հերոսների ամենօրյա կյանքը՝ ալեբախություններով ու պատահական դրսեւորումներով: Բաղդասարը մնում է կյանքի գերին, խրվում-խեղդվում է կյանքի ծովում, այն դեպքում, երբ Սանասարը հաղթահարում է այն, եւ նրա աչքի առաջ «ծովու տակ»՝ «չոր գետնի վերա» (խորհրդանշում է հաստատուն կյանքը, ի տարբերություն «ծովային»՝ հեղհեղուկ կյանքի) բացվում է «մեկ պարտեզ», պարտեզում՝ «քոշք» (բնակավայր) ու սարայ (պալատ), «հավուզ», հավուզից բխող «ջուր»: Զարմանահրաշ պարտեզում էլ Սանասարը տեսնում է իր երազած Քուռկիկ Ջալալին՝ «էնտեղ կապուկ, թամք սադաֆին վերան պատրաստ,/ Կեծական Թուր վերան կախած»: Այդուհետ մեր հերոսը պարտեզում «եկեղեցի»՝ տաճար տեսնելուց ու այդտեղ մտնելուց հետո ահ ու սարսափի մեջ է ընկնում, վայր ընկնում, քնում, երազ տեսնում:

Պարտեզի նկարագրությունից առաջին տպավորությունն այն է, որ դա խորհրդավոր երկրի կամ դրախտավայրի՝ հերոսի ապրած աշխարհից հեռու՝ անցյալի խորքերում գտնվող աշխարհի նկարագրություն է՝ մեր էպոսին հատուկ խորհրդանշային լեզվով ներկայացված: Սանասարի տեսիլքում հայտնված խորհրդավոր «պարտեզը» նրա նախնիների երկիրն է՝ Հայաստան աշխարհը, որը զգալու վերապրումն է ունենում նա տվյալ պահին: Սանասարը տեսլականորեն վերապրած նախնյաց աշխարհում է տեսնում «էնտեղ կապուկ» «հրեղեն ձին»: Ով «պարտեզում» ապրող միակ կենդանի արարածն է լինում: Էպոսն այդ արարածին որոշակի անուն չի տալիս: Բայց դժվար չէ կռահել, որ նա լինում է «պարտեզում» ծնված, նրան ի բնե «կապուկ» ու այն տնօրինություն անող տերը: Էպոսի թաքնագիտական շերտերում թափանցելը մեզ ասում է այն մասին, որ Քուռկիկ Ջալալին խորհրդանշում է մեր դիցազունների, նրանց մեծ՝ Հայոց ու Փոքր՝ Սասնա տան նախնյաց ոգին, որը ու որի ապավեն ու հովանավոր տիեզերական զորությունները նրանց հետագայում զորավիգ էին կանգնելու կենսական ոգորանքներում:

Գանք Սանասարի՝ «պարտեզում» Քուռկիկ Ջալալուն՝ իր զենք ու զրահով տեսնելուց հետո տեսածներին: Ինչպես արդեն գիտենք, «պարտեզում» նա հոգեւոր տաճար էլ տեսնելով… Չկրկնվենք. շարունակության մասին խոսել ենք նախորդիվ, միայն հավելենք, որ Սանասարն արթնանալով եւ իրական կյանքում ի կատար ածելով Աստվածամոր թելադրանքները (սա հերոսի՝ արդեն «աստծու շնորհք» առնելու՝ աստվածամարդացման փուլն է)՝ տեր է կանգնում «պարտեզի» ամեն բանին:

Բայց մինչ այդ նա պետք է հաղթահարեր մի դժվարին արգելք եւս՝ Քուռկիկ Ջալալուն (նախնյաց հրեղեն ոգուն) ենթարկեցնելու փորձությունը: Քուռկիկ Ջալալին կասկածելով, որ իրեն տեր կանգնելու փորձ անողը հողածին է (հետեւաբար չի կարող իրեն, որպես հրեղեն էակի, տիրություն անել)՝ նրան բնության տարերքների՝ արեգակնային հուրի, օդի, ջրի, հողի փորձություններին է ենթարկում: Ի վերջո համոզվելով, որ Սանասարն էլ է իր պես հրեղեն՝ թույլ է տալիս, որ «հեծնի» (տեր կանգնի իր նախնի ոգեղեն ժառանգությանը): «Էնոնք (Սանասարն ու Քուռկիկ Ջալալին) հրեղեն են, մեկ-մեկու լեզու կը խասկընեն»,- ասված է էպոսում:

Քուռկիկ Ջալալին հեշտությամբ չի հանձնվում դիցհերոսների տնօրինությանը: Նա թույլ է տալիս իրեն «հեծնել» միայն այն պարագայում, երբ համոզվում է, որ «հեծվորը» հարազատ է, արժանի, ոգեղեն: «Ես քոնն եմ, դու էլ իմն ես, նստի՛»,- ասում է Քուռկիկ Ջալալին: Նա Սասնա տան համար սրբազան ժառանգություն է, եւ նրա կողքին ցանկացած նյութեղեն արժեք համարվում է հեչ բան: «Էս ձին,- արժեւորում է Դավիթը,- էս ամբողջ կարողությունը արժի»: Եվ Տունը ըստ ամենայնի պահում-պահպանում, խնամում է իր Ձին (պարտականություն-իրավուքն ունեն Տան հատկապես մեծամեծերը)՝ մինչ կհայտնվի Տան այն դիցազուն անդամը, ով արժանի կլինի տեր կանգնելու նրան: Ընդ որում՝ Ձիու նկատմամբ Տան հոգատարությունը գաղտնի է, որպեսզի Տան «խակ» անդամները եւ օտարները չիմանան նրա գոյության մասին: Ձենով Հովանը Դավթին բացում է գաղտնիքն առ այն, որ «հոր մահից յեդո/ Ձին գեդնի տագն ինք պայե./ Յէրտըգից ջուր ինք տվե,/ Յէրտըգից խոտ ինք տվե», դա բացատրելով թշնամու՝ Մըսրա Մելիքի ահի հանգամանքով. «Մըսրա Մելքի ահուց չե՛մ իշխենա,/ Որ դուռ բանամ, ձին հանեմ դուրս»: Քուռկիկ Ջալալին Սասնա տան համար այնքան է սրբազան, որ Տան մեծամեծերը երբեմն ափսոսում են նրան ժառանգորդին տալ՝ կասկածելով, որ նա բոլորանվեր տեր չի կանգնի ժառանգությանը: Ձենով Հովանը Ձին Դավթին՝ վերջինիս ճնշման ներքո տալուց հետո լալ ու կոծով երգում է. «Ա~խ-վա~խ, ա~խ-վա~խ, հազա՛ր ափսոս,/ Ափսո~ս, հազա՛ր ափսոս Քուռկիկ Ջալալին,/ Ա~խ, հալա Քուռկիկ Ջալալին…»: Դավիթը, լսելով դա, հորեղբորն ասում է, թե ինչու նախ իր համար չի ափսոսում, հետո՝ մյուս բաների համար: Ժառանգություն-ժառանգորդ օրգանական կապը շատ լավ հասկացող հորեղբայրը պատասխանում է, որ այդ բաների համար ափսոսալ՝ նույնն է, թե իր՝ Դավթի համար ափսոսալ. «Դավի՛թ, քո գլխուն մեռնեմ,/ Ախր ես քո ապով կը լամ»,- ասում է նա: Ասվեց, որ Դավիթը հորեղբորը ճնշելով է ստանում Քուռկիկ Ջալալին (ու մյուս բաները): Մեծ Մհերն ու Փոքր Մհերը եւս այդպես են Ձին վերցնում: Ի դեպ, եթե Ձիու տերերը թշնամուց «զարկ» են ստանում, թշնամու խարդավանքի գերին ու զոհը դառնում (Դավիթն ընկնում է Մելիքի փորած փոսը, Սանասարը, Մեծ Մհերը, Դավիթը մահանում են), ապա նա այդ ամենից հեռու է մնում. նա էպոսում բացարձակ զորության մարմնավորում է: Էպոսում քիչ չեն այնպիսի դրվագները, որոնցում երբ թշնամին ցանկանում է Ձիուն գերել՝ նա «թռնում-գնում է», «էթում ու գալում ա խասնում ա իր աշխարը»: Բայց երկու բացառության հանդիպում ենք: Մի դեպքում ձիուն մսրցիք քաշում են իրենց ղսր ձիերի վրա (դա տեղի է ունենում Ձիու տիրոջ՝ Մեծ Մհերի մեղքով): Մյուսում՝ Ձին, իր տիրոջ՝ Փոքր Մհերի հետ, ընկնում է թշնամու թակարդը, սակայն սա էլ էպոսը բացատրում է հողի՝ Ձիու ոտքերի հզորությանը չդիմանալու հանգամանքով:

Էպոսում կա մի սեղմասաց բնութագրություն, որն ամեն ինչ ասում է Ձիու ինչ լինելու, որակական որպիսության մասին: Դա «մուրազ»-ն է: Այդ բնութագրումը տալիս է էպոսի դիցհերոսուհիներից մեկը՝ Դեղձուն Ծամը: Նա, տեսնելով նորամանուկ Դավիթին հոր՝ Մհերի ձին նստած, ասում է. «Քուռկի՛կ Ջալալին, մեռնե՛մ քե, մուրա~զ»: Հայոց լեզվում «մուրազ» բառն ավելի իմաստային շերտեր ունի, քան իղձն ու փափագն է: Այդ շերտերն են արարչականությունը, բացարձակությունը, կատարելությունը: Դեղձուն Ծամը որպես այդպիսին էր ճանաչում Սասնա տան Ձիուն եւ փափագում էր, որ նա արժանավոր ժառանգորդ ունենա: Խորհրդանշական է, որ երբ տատը Քուռկիկ Ջալալուն անվանում է «մուրազ»՝ արարչատու բացարձակ զորություն՝ Դավիթը, ով դեռեւս գտնվում էր հոգիների (ու ներկա) աշխարհում եւ ցեղային ոգու աշխարհ նոր-նոր էր մուտք գործում, «շատ է զարմանում»: Տատը Ձիուն դիմելով՝ Դավթի առաջ բացում է նրա խորհուրդը: Ասում է՝ «Քուռկի՛կ Ջալալին,/ Իմ Դավիթ հեր չ՛ունի՝ անե՛ս հերություն,/ Իմ Դավիթ մեր չ՛ունի՝ անե՛ս մերություն,/ Իմ Դավիթ աղբեր չ՛ունի՝ անե՛ս աղբերություն,/ Իմ Դավիթ դու տանես իր հոր Կաթնով Աղբուր/ Դավիթ ձիուց իջնի, իջնի ջուր խըմի,/ Իմ Դավիթ դու տանես իր հոր փորձաքար-/ Դավիթ իր թուր զարկի, զարկի սան, փորձի:/ Քուռկիկ, քե ամանա՛թ իմ նորամանուկ Դավիթ»: «Ձին վիզ թեքած» լսում է, պատասխանում՝ «Շա՛տ լավ, մամիկ»: Դեղձուն Ծամն էլ դիմում է Դավթին՝ «Դավիթ, քո օղորմած հեր իր ձիուն/ Ամեն ճար ու ճամփա շանց է տվե,/ Ձին էդ ամեն գիտի»: Դավիթը Ձիուն քշելով ու տեսնելով Ձիու «աղավնիկի նման» թռչելը՝ համոզվում է նրա «մուրազ» լինելու մեջ եւ հաստատում տատի ասածը, ասելով՝ «Էդ է՛լ աստծու բան է»:

Ձին էպոսում ներկայացվում է նաեւ որպես «իմաստուն ձի» (իմաստուն խորհուրդներ է տալիս իր տերերին), մեկ այլում իր հեծվորներին հուշում է՝ ինչ անել, ինչ ճանապարհով գնալ, զորացման ինչ եղանակների դիմել, մեկ այլում էլ՝ հուսահատության գիրկն ընկած հերոսին ոգեպնդում է, ո՛ւժ է տալիս:

Օրինակ, Դավիթը Մելիքի դեմ դուրս գալուց առաջ տեսնելով նրա՝ թիվ-հաշիվ չունեցող ամեհի բանակը՝ թեւաթափ է լինում. «Տեր աստված, ինչպե~ս տ՛երթամ կռիվ»: Քուռկիկ Ջալալին, տեսնելով տիրոջ երկմտելը, ասում է. «Է~յ, անիրավ, ի՞նչ կը վախենաս,/ Քանի մի քո թու՛ր կը կտրի,/ Էնքան էլ իմ շու՛նչ կը կտրի./ Քանի մի քո թու՛ր կը կտրի,/ Էնքան էլ իմ ո՛տ կը տրորի:/ Դավիթ, մի՛ էրկմտի, քըշի:/ Դու իմ քամկից վե չը գաս, չը խաբվես»: Դավիթը, հավատալով իր ու իր ձիու զորությանը (իր ոգու բացարձակությանը), հաղթում է Մելիքի ամեհի բանակին: Սա խոսում է այն մասին, որ Քուռկիկ Ջալալին, տվյալ պարագայում, ավելի զորական կամք, ողջախոհություն, անվեհերություն, ինքնավստահություն, չխաբվելու զգոնություն է դրսեւորում, քան Դավիթը: Կամ՝ մեկ այլ դրվագում որբ Դավիթին Մսր տանելու՝ խորթ ծծմոր խնամքին հանձնելու անհրաժեշտություն է առաջանում: Որոշվում է, որ Քուռկիկ Ջալալին պետք է դա անի: Ձենով Հովանը որոշման մասին Ձիուն է հայտնում. «Քուռկիկ Ջաալին, քեզնե կը խնդրեմ./ Իմ տըղան դու գե՛տ չ՛թալես,/ Իմ տըղան դու քա՛ր չը զարնես./ Տանե՛ս Մըսրա էրկիր,/ …/ Քուռկիկ Ջալալին, կը տամ ամանաթ, / …/ Ոչ քա՛ր կը թալես, ոչ թու՛փ կը թալես-/ Հասցնես սալամաթ մեր Սանսա ճրագ»: Ձին իրեն հանձնած «ամանաթը» ապահով տանում, տեղ է հասցնում: Այս դեպքում էլ է Սասնա տան ոգին ապավեն կանգնում Տանը, Տան ապագա դիցազունին:

Քուռկիկ Ջալալի խորհրդանիշի հասկացումը թերի կլինի առանց էպոսի վերջին՝ Փոքր Մհեր ճյուղի՝ ավարտական դրվագի: Դիցազունը «վեր աշխրքին» ման գալով, բայց «աշխրքի էրեսեն անմաս մնալով»՝ վերադառնում է Տուն: Տունն էլ, սակայն, նրան «անմաս» է թողնում, ինչպես որ հարկն է՝ չի ընդունում (օտարություն էր առաջացել դիցազունի եւ Տան միջեւ): «Հողն» էլ չի «դադրում» (չի դիմանում, հաստատուն չի մնում) նրա Ձիու ոտքերի տակ: (Թե՛ Փոքր Մհերի, եւ թե՛ նրա Ձիու՝ նրա ազգային ոգու առաքելության ժամանակը աշխարհում եւ Սասնա Ջոջ տանն արդեն ավարտվել էր,- ասել կուզի էպոսը): Դիցազունը գնում է հոր ու մոր գերեզմանին՝ իր ողբերգությունը լալու: Հոր ու մոր ոգիները նրան խորհորդ են տալիս էլ ման չգալ աշխարհով մեկ, եւ գնալ-փակվել Ագռավաքարում, հետո էլ, երբ «Աշխարհք ավերի, մեկ էլ շինվի» (երբ գետինն արդեն կդիմանա Քուռկիկ Ջալալու ոտքերի տակ, հեծվորն էլ կվերականգնի իր՝ Սասնա տան մեջ ու աշխարհում առաքելությունը), այն ժամանակ Մհերը վերին հրամանքով դուրս կգա Ագռավաքարից եւ աշխարհն արդեն իրենը կլինի: Փոքր Մհերը համոզվելով հոր ու մոր ոգիների ասածների ճշմարտացիության մեջ, որ աշխարհը «հալեւորցեր» ու «մեղավորցեր» է, մարդիկ էլ փոքրացել են (այսինքն՝ եկել է երկրային կյանքի մի պարբերության վերջը՝ ձմեռը), վարվում է ծնողների ասածների համաձայն:

Խորհրդանշական է ինչպես մեր ամբողջ էպոսը, այնպես էլ վերջում ասվածը. «Ուրբաթ» ուրբաթ, – կ՛ասեն,-/ Ջուր կը գա, կաթի էդ քարեն:/ Կ՛ասեն Մհերի ձիու ջուրն է:/ Ու ամեն ճամփորդ՝ ուրբաթ օրեր/ Կը լսի Քուռկիկ Ջալալու խրխնջոցն էդ քարեն»: – Ասել է, թե՝ ուրբաթից ուրբաթ՝ «հալեւորցած» աշխարհը Քուռկիկ Ջալալու՝ Սասնա տան ոգու «շեռն»՝ արտաթորանքին է միայն տեսնում, ու նրա միայն «խրխնջոցն» է լսում, եւ այդպես՝ մինչեւ մեր անմահ դիցազունի ու նրա Ձիու՝ Ագռավաքարից դուրս գալը:

Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)

«Լուսանցք» թիվ 12 (275), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։