- Թելադրող քաղաքական կապանքները – … ինչը հավաստում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի «բարեւահեղափոխությունը» ի սկզբանե անծրագիր էր եւ առանց լուրջ հեռահար նպատակի…

- Լեզվակռի՞վ, թե՞ հերթական լեզվախաղ – … նախկինում իրենք չեն նկատել, որ Օսկանյան Վարդանին այս կամ այն հարցը հուզած լիներ, չեն լսել, որ բարձրաստիճան պաշտոնյա եղած ժամանակ գոնե ծպտուն հանած լիներ Երեւանի հին շենքերը քանդելու եւ բետոն-ապակյա «երկնաքեր» արկղեր տնկելու կապակցությամբ…

 

Թելադրող քաղաքական կապանքները

Շատերին է զարմացնում, թե ի՞նչ խնդիր է ուզում լուծել Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ Երեւանում շուտով կայանալու են ավագանու եւ քաղաքապետի ընտրություններ, իսկ նա նորից շրջում է մարզերում: Այնքան էլ ընկալելի չէ, եթե դիտարկենք տրամաբանության տեսանկյունից: Բայց նրա հետընտրական քայլերը առավելապես անտրամաբանական են, ուստի այս վիճակն ինքն է ստեղծել եւ չի կարողանում այն կանգնեցնել: Իսկ կողքի խորհրդատուների ձայնը կամ անտեսում է կամ էլ նրանք եւս պտտվող թափանիվի սխալ ընթացքը չեն նկատում:
Գոնե այժմ տրամաբանական կլիներ, եթե ընդդիմադիր գործիչը այլ ընդդիմադիրների կամ իշխանությունների հետ երկխոսություն ու բանակցություններ սկսեր: Կամ դրանք միաժամանակ նախաձեռներ: Եթե քարոզարշավի խնդիր կա, ապա դա պետք է Երեւանում լինի, իսկ հիմա հերթական պտույտն է այն վայրերում, որտեղ քարոզարշավ անելու կարիք բնավ չկա:

Մայրաքաղաքում իշխանությունը վերցնելու համար հաստատ պետք է Երեւանում շրջել, իսկ եթե գնում են մարզեր կուսակցության կազմակերպչական հարցերով, ապա՝ հիմա՞, երբ լրջագույն խնդիր կա լուծելու երկրի մայրաքաղաքում:

Այնուամենայնիվ, սա վերոնշյալ թափանիվի ընթացքն է թելադրում թերեւս, ինչը հավաստում է, որ ընդդիմադիր «բարեւահեղափոխությունը» ի սկզբանե անծրագիր էր եւ առանց լուրջ հեռահար նպատակի:

Այս ամենից կփորձեն օգտվել մյուս ընդդիմադիր ուժերը: Խորհրդարանական ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն սա չեն էլ թաքցնում: Բայց ԲՀԿ-ն եւս անելանելի վիճակում է: Եթե ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն որոշակի ազատություններ ունեն գործելու, ապա ԲՀԿ-ն նախկին իշխանական թելերով բազում կապկպված հանգույցներ ունի:

Անգամ Ս. Սարգսյանի երդման արարողությանը չմասնակցելու հարցում մյուս ընդդիմադիրներն ավելի անկաշկանդ են, քան՝ ԲՀԿ-ն: «Գ. Ծառուկյանը՝ որպես պատգամավոր, պարտավոր է ներկա լինել երդմնակալությանը»,- ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Գ. Սահակյանը, չնայած ԲՀԿ նախագահի խոսնակ Ի. Տոնոյանը նշել է, որ այս պահին այդ մասին որեւէ հստակ տեղեկատվություն չկա. «Ծառուկյանը երկրում չէ, եւ անելիքների հետ կապված նրա հետ քննարկման հնարավորություն դեռ չեմ ունեցել» (գուցե բացակայելն է ելքը… ինչպես նախագահի ընտրության օրը):

Մյուս ընդդիմադիրները անգամ այնքան նախանձախնդրորեն չեն մոտենում Երեւանի քաղաքապետի ընտրությանը, ինչքան՝ ԲՀԿ-ն: Անգամ լուրեր կան, թե ՀԱԿ-ում ցանկություն կա հանձնաժողովի տեղերը ԲՀԿ-ին վաճառել, հատկապես նախագահների եւ քարտուղարների քվոտաները:

Բայց մի խնդիր են տեսնում վերլուծաբանները ԲՀԿ-ի հաղթանակի համար՝ դա կուսակցության թիվ 1 թեկնածուն է: Ինչպես «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռ. Մեհրաբյանն է նշել՝ «ավելի մեծ անեծք դժվար է պատկերացնել, քան՝ քաղաքապետ Վարդան Օսկանյան»: Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում ոչ իշխանական ուժերի հնարավոր միավորմանը՝ նա ասել է, որ նախագահական ընտրություններին չմասնակցած ուժերի՝ մայրաքաղաքում իշխանությունը վերցնելու ձգտումն ակնհայտ է: Նկատելի է նաեւ, որ այստեղ գլխավոր դերը տրված է ԲՀԿ-ին, բայց այս մոտեցումը կարող է կասկածի տակ դնել ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի անհրաժեշտ նվազագույն շեմին հասնելու հնարավորությունը: Զիջելով՝ անհրաժեշտ տոկոսները հնարավոր չէ հավաքել: Իսկ ԲՀԿ-ի ընտրացուցակի թիվ 1 թեկնածուն ԱԱԾ-ի կողմից մեղադրվում է իր հիմնադրած «Սիվիլիթաս»-ով «փողեր լվալու» մեջ, ինչը նույնպես թուլացնում է ԲՀԿ դիրքերը՝ որպես մայրաքաղաքը «գրավող» կառույցի:

Իսկ իշխանությունները կարծես առայժմ չեն ցանկանում միավորել ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը, ինչը նշանակում է՝ ԱԱԾ-ն կշարունակի իր քննությունը ԲՀԿ-ի պատգամավորի եւ քաղաքապետի թեկնածուի նկատմամբ:

ՀՀԿ-ում եւս հասկացել են, որ իրենց դեմ են հանում ԲՀԿ-ին, ինչը սպասելի էր: Եվ քաղաքապետ Տ. Մարգարյանին ուղղված բհկ-ական քննադատություններին արդեն արձագանքում են: ՀՀԿ-ականների կարծիքով՝ չէր խանգարի, որ ԲՀԿ պատգամավոր Տ. Ուրիխանյանը մինչեւ Երեւանին հասնելը, ուսումնասիրեր նախեւառաջ Աբովյանի բյուջեն ու թվային տվյալներ բերեր այնտեղից: Երեւանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Աբովյանը երկար տարիներ ղեկավարում են ԲՀԿ-ականները: Ունենալով այստեղ իշխանական, ֆինանսական բոլոր ռեսուրսներն ու լծակները՝ նրանք կարող էին Աբովյանը դարձնել իրենց երազանքների քաղաքը: Սակայն քաղաքը բոլոր ենթակառուցվածքներով, շատ հեռու է Երեւանի հետ համեմատվելուց: Մայրաքաղաքի ու ժողովրդի մասին մտածող բհկ-ականներն անգամ Աբովյանում չկարողացան ինքնադրսեւորվել.- ասում են հանրապետականները:

ՀՀԿ պատասխանատուները նաեւ նշում են, թե Երեւանը մեծ ծրագրերի քաղաք է, իսկ դրանք իրականացնելու ներուժ ԲՀԿ-ում հաստատ չկա:

Ըստ նրանց՝ ԲՀԿ-ն մի կազմակեևրպություն է, որը խոշոր գործարար Գ. Ծառուկյանի շուրջ է ձեւավորվել եւ միայն այդքանը… երբ սկսվեն ապագայի մասին քննարկումները, բհկականները չեն կարող երկար դիմանալ, հատկապես, երբ գործարար Ծառուկյանի ֆինանսական միջոցները անսպառ չեն եւ նա չի առաջարկում ոչ մի տեսակի քաղաքական գաղափարախոսություն: Իսկ Օսկանյանի առաջադրումը իշխող կուսակցությունում համարում են թույլ եւ թուլացնող քայլ: Տեսակետ կա նաեւ, որ ՀԱԿ-ն ավելի մեծ կադրային ցուցակ կարող է ներկայացնել, քան՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն կամ «Ժառանգություն»-ը:

Բայց ՀԱԿ-ի անցյալն ու վարկանիշը, ֆինանսական հնարավորությունները առավել սուղ են:

Վահագն Նանյան

Լեզվակռի՞վ, թե՞ հերթական լեզվախաղ

Արդյո՞ք ԲՀԿ-ն նոր է իմացել Երեւանի հիմնախնդիրների մասին. զարմանում են շատ հանրապետականներ: Նրանց համար առավել անհասկանալի են հատկապես ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան զարմանքները, ինչին ի պատասխան նշվել է, թե «ողջունելի է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, թեկուզ ուշացումով, բայց այնուամենայնիվ նկատեց, որ հասարակությանը մտահոգում է քաղաքի ճարտարապետության դիմագծի հարցը, ափսոս միայն, որ նա, երբ արտգործնախարար էր ու որոշակի ազդեցություն ուներ ընդունվող որոշումների վրա՝ դրա մասին ոչ ոք չէր իմանում»:

Պարզ ասած, շարունակում են ՀՀԿ-ականները, նախկինում իրենք չեն նկատել, որ Օսկանյան Վարդանին այս կամ այն հարցը հուզած լիներ, չեն լսել, որ բարձրաստիճան պաշտոնյա եղած ժամանակ գոնե ծպտուն հանած լիներ Երեւանի հին շենքերը քանդելու եւ բետոն-ապակյա «երկնաքեր» արկղեր տնկելու կապակցությամբ:

Իշխող կուսակցության անդամներից նշել են, թե իրենց հետաքրքրում է նաեւ այն հարցը, որ ԱԺ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը մտերիմ հարաբերություններ ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, եւ վերջինս արդյո՞ք երբեւէ ընկերաբար գոնե հետաքրքրվել է, թե՝ «Սամվել ջան, էն «Փակ շուկան» ինչի՞ ես առանց նախագծի քանդում, ի՞նչ ես անում, չէ՞ որ դա հուշարձան է…»: ՀՀԿ անդամներից հիշեցնում են նաեւ, որ ԲՀԿ-ն 65 տեղանոց ավագանիում 17 մանդատ ունի:

Ավելին՝ 2009թ. մինչ օրս կարծես չի նկատվել, որ ԲՀԿ-ն Երեւանի ավագանիում ընդգծված ընդդիմադիր դիրք գրավեր, «քաղաքային հարցերին անդրադառնալուց առաջ թերեւս պատշաճ կլիներ, որ այդ ուժի ներկայացուցիչը նախ որոշակի հաշվետվություն տար հանրությանը, թե անցած 4 տարիներին ինչո՞վ է մայրաքաղաքի իշխանությունում զբաղվել իրենց կուսակցության խմբակցությունը»:

Հակադրվում են նաեւ ՀՀԿ եւ ԲՀԿ երիտթեւերը, մի շարք դեպքերում գործը հասել է նաեւ ծեծկռտուքի: Երիտասարդ կուսակցականները իրար «ռմբահարում» են ֆ/բ ոլորտում նույնպես՝ ներկայացնելով իրենց կազմակերպությունների ղեկավար անձանց կեցվածքն ու հնարավորությունները: ՀՀԿ մամլո ծառայությունն էլ հայտարարություն է տարածել, թե՝ «պարոնա՛յք, հարիր չէ թաքնվել ջահելների եւ օգնականների թիկունքում»: Խոսքը ԲՀԿ կողմից ուղղորդված եւ պատվիրված հակաքարոզչության մասին է՝ ուղղված ՀՀԿ-ի, մասնավորապես՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանի դեմ: Այդ «Սեւ PR-ը» իրականացնելու պատասխանատու գործը ԲՀԿ-ն վստահել է իր ջահելությանն ու օգնականներին: «Ինչպիսի՜ վստահություն»,- արձագանքում են հանրապետականները:

ՀՀԿ-ականների աչքից չի վրիպել նաեւ այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն վերցրել է ՀԱԿ-ի կարգախոսը: Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կարգխոսները հիշեցնում են 2009թ. ընտրությունների ժամանակ ընդդիմադիր Կոնգեսի կարգախոսը: Եթե այն ժամանակ ՀԱԿ-ն ավագանու ընտրություններին մասնակցում էր «Փոխենք Հայաստանը, սկսենք Երեւանից» կարգախոսով, ապա ԲՀԿ-ն կոչ է անում՝ «Սկսենք Երեւանից», «Փոխելու ենք»:

ԲՀԿ խոսնակ Տիգան Ուրիխանյանը կարգախոսների նմանությունը մեկնաբանել է այսպես. «ԲՀԿ անդամները երկար ժամանակ խոսում են փոփոխությունների անհրաժեշտության մասին, եւ բնական է, որ եթե ոչ մենք, ապա ո՞վ պիտի այս ընտրական շանսն օգտագործի փոփոխություններ իրականացնելու համար»:

Այս առումով հանրապետական երիտասարդներից մեկը, համաձայն լինելով բհկ-ական կարգխոսի հետ, մեզ հետ զրույցում պարզապես հավելեց, թե պետք է միայն քաղաքի անունը փոխել, ու ամեն ինչ տեղը կընկնի. «Սկսել Աբովյանից – փոխելու ենք Գագիկի փեսային», թե չէ ԲՀԿ-ում սովորել են միայն «Սերժի փեսայից» խոսել:

Իսկ ինձ համար, անկեղծ ասած, որպես լրագողի, եթե չասեմ պարզապես տաղտկալի, ապա ծիծաղելի են այս՝ փեսայական ու կուսակցական ջահելական գզվռտոցները:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 12 (275), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։