Մասիսը մեր

Մասիսը մեր

 Մասիսը մեր սրտի խորունկ թրթիռն է,
 Մեր սուրբ երազն է, մեր սրտի գիրն է,
 Բազում դարերի հողմերով անցած,
 Աստծուց մեզ տրված՝ մեր ձեռագիրն է:
 
 Մասիսը մեր սուրբ, մեծ նախահայրն է,
 Սրբերից էլ սուրբ՝ մեր սրբամայրն է,
 Մեր հոգու լույսն է, մեր արևը ջինջ,
 Մեր պապ ու տատն է, մայրը՝ հմայիչ:

 Մասիսը մեր սրտի՝ լիառատ հոսքն է,
 Մեր հոգու ճիչն է, մեր շուրթի խոսքն է,
 Մեր գովքն է՝ բազում դարերով անցած,
 Սերնդե սերունդ իմաստավորված…

 Մասիսը մեր խոր՝ հոգսն ու մրմունջն է,
 Պայքարի կոչն է ու մեր մռունչն է,
 Մայր հողը աստծո տաճարին կապող,
 Դեպ անհուն ձգվող՝ հույսի կամուրջն է:

 Մասիսը մեր ուխտի՝ դարավոր երթն է,
 Հավերժին նայող՝ մեր լուսո բերդն է,
 Հայոց Այրուձին պատրաստ պահելու,
 Հարցեր լուծելու՝ բոլորիս հերթն է…


  Էֆրիկ


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։