Ազատությունը չի՛ սեփականացվում, իսկ Նժդեհը չի՛ կրկնօրինակվում

…Նժդեհի կոշիկների փոշին անգամ ծանր կլինի այսօրվա քաղաքական դաշտի լցոնված ու խցանված դեմքերի առնվազն 99%-ի համար»,- համոզված են ՀԱՄ «Ոգու պահապաններ»-ը…

… քանիցս ՀԱՄ-ը քննադատել է ՀՀԿ-ի գործունեության որոշ դրվագներ, հազարավոր «նժդեհականների» կենսակերպը, ինչը չի համապատասխանում նրանց որդեգրած «Ցեղակրոն» ուսմունքին եւ նժդեհյան կենսադրույթներին…

…Սակայն երբեք ընդդիմադիր դաշտի որեւէ գործիչ իրեն նման տարօրինակ ձեւով չէր պահել, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը…

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը դադարեցրեց մինչեւ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Փաստորեն, նա հրապարակավ Ազատության հրապարակը «հանձնեց» «չընտրված» իշխանություններին:

Եվ արդեն նախկին «միտինգավորներից» շատերի մոտ այնպիսի կարծիք է ձեւավորվել, թե այս ընդդիմադիր գործիչը ի սկզբանե խուսանավել է մինչեւ վերջ գնալու մարտավարությունից, ինչը իրենք չէին կռահում: Մեզ հետ զրույցի բռնվածները արդեն ա՛յլ հարթության մեջ հիշեցին, իրենց ձեւակերպմամբ, ընդդիմադիր պայքարը տանող Հովհաննիսյանի այն խոսքերը, թե ինքը չի առաջնորդելու դեպի հեղափոխություն, այլ՝ դա ժողովուրդը պիտի անի, իսկ ինքը կհետեւի ժողովրդին: Մարդիկ նշում էին, որ երբ այս գործելաոճը քննադատող հոդվածներ էին հրապարակվում (նաեւ՝ «Լուսանցք»-ում), դա նրանց զայրացնում էր, բայց հիմա հասկացել են, որ չպետք է հետեւին մի մարդու, ով հրաժարվում է իր հետեւից տանել եւ առաջնորդել իշխանափոխության պայքարը՝ մինչեւ հաղթանակ:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը համենայնդեպս չի կարծում, թե թողնելով հացադուլն ու լքելով Ազատության հրապարակը՝ Հովհաննիսյանը հիասթափեցրել է իր համակիրներին եւ ընտրազանգված կորցրել. «Սա մի պայքար է ազգային ինքնագիտակցության վերածննդի, մարդկանց մտածելակերպի փոփոխության պայքար եւ համապատասխան աշխատանքի ու համբերության դեպքում կհաջողվի հասնել փոփոխությունների»:

Մեկ այլ քաղաքագետ՝ Գեղամ Նազարյանն այլ կարծիքի է. «Հովհաննիսյանը Ազատության հրապարկը չի հանձնել, քանի որ երբեք էլ իրենը չի եղել: Նա այն չի վերցրել, այնտեղ պարզապես հացադուլ, սովադուլ, վախադուլ եւ այլ «դուլ»-երի մեջ էր նա եւ որոշեց վերջացնել ոչ թե ապրիլի 9-ին, այլ ավելի շուտ»: Պատճառն այն է, որ նա արդեն իսկ հասկացավ, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում ոչ հրաժարվել նախագահի պաշտոնից, եւ ոչ էլ երդման արարողությունից,- հավելել է քաղաքագետը, ով ի տարբերություն Շիրինյանի, համարում է, որ հանրահավաքից հանրահավաք մարդիկ ավելի ու ավելի էին հիասթափվում իրեն ընդդիմության առաջնորդ հռչակած Հովհաննիսյանից:

Այլ վերլուծաբաններ եւս ենթադրում են, որ եթե այսպես շարունակվի, ապա շատ արագ «Ժառանգության» ղեկավարը կկորցնի իր վարկանիշը եւ կհայտնվի քաղաքական դաշտի այն հատվածում, որտեղ գտնվում են անհաջողակները, եւ ովքեր ոչինչ չեն կարող փոխել առկա իրավիճակում:

Այս համապատկերում, բոլորովին այլ առիթով իրենց զարմանքն ու տարակուսանքը հայտնեցին մեզ նաեւ հայ արիների «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպության անդամները: Նրանց համար անհասկանալի է մնում, թե ի՞նչ նժարների վրա կանգնելով են քաղաքական կամ այլ ոլորտների գործիչներն իրենց համեմատում Նժդեհի հետ:

Հայ արիները նշեցին, որ արդեն քանիցս ՀԱՄ-ը քննադատել է ՀՀԿ-ի գործունեության որոշ դրվագներ, հազարավոր «նժդեհականների» կենսակերպը, ինչը չի համապատասխանում նրանց որդեգրած «Ցեղակրոն» ուսմունքին եւ նժդեհյան կենսադրույթներին: Սակայն երբեք ընդդիմադիր դաշտի որեւէ գործիչ իրեն նման ձեւով չէր պահել, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» ղեկավարը Սյունիքի մարզում իր չստացված հանդիպումները եւ այլ անհաջողությունները (երբ հանդիպողներից ոմանց հետ կրքերը բավականին թեժացել են) փորձել է «հերոսանալով» կոծկել եւ Կապանում ելույթի ժամանակ տարօրինակորեն ասել է. «Ես եմ Նժդեհն այստեղ…»:

«Թե սա ինչ հիվանդություն է, երբ ընտրությունների եւ քաղաքական տարբեր շահարկումների բովում արծարծվում է մեծն հայորդու անունը, դեռ պարզել է պետք, բայց չի՛ կարելի այնպիսի անիմաստ ու անպատասխանատու բաներ ասել, որ միայն քմծիծաղ կառաջացնի:

Նժդեհի կոշիկների փոշին անգամ ծանր կլինի այսօրվա քաղաքական դաշտի լցոնված ու խցանված դեմքերի առնվազն 99%-ի համար»,- համոզված են ՀԱՄ «Ոգու պահապաններ»-ը:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 12 (275), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։