Համադրումից հակասություն մեկ քայլ է

2 նախագահ, 2 քաղաքապետը «ինչքան շատ՝ այնքան լավ»-ի դեպքը չէ

«Ի՞նչ կա որ, եթե չընտրված նախագահը կարող է պնդել, թե ընտրվել է ու հրաժարական պահանջել իշխանություններից, ապա, իրենց կարծիքով, անմեղ «փող լվացողներըե կարող են անմեղություն պահանջել կամ էլ՝ իշխանությունների հրաժարականը (ինչը հարմար ձեւ է դարձել)… ԲՀԿ թիվ 1 համարը ընտրացուցակում Օսկանյանն է, եւ նա էլ, պարտվելու դեպքում (Հովհաննիսյանի օրինակով), կարող է շա՜տ հանգիստ դառնալ հաղթած քաղաքապետ»

…(Իսկ թե ինչու «հանձնվեցե հրապարակը, նշվում է մի քանի պատճառ: Նախ, որ ոստիկանության ներսում սպրդել են օպերատիվ տվյալներ, թե ծրագրված է վտանգավոր սադրանք Ազատության հրապարակում, եւ իբր տվյալների համաձայն, ծրագրավորողները ոչ թե «բարեւականներ»-ն են, այլ «սիվիլիթասականներ»-ին մոտ կանգնած «քաղաքացիական ակտիվիստները»)®

Ազատության հրապարակում բողոքի դուրս եկած մարդկանց զգալի մասը տարակուսած է վերջնականապես: Ի՞նչ է կատարվում Հայաստանում, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը այս անգամ բավարարվեցին առանց կտրուկ քայլերի: Իսկ հավաքվածները արդեն տոնում էին իշխանափոխությունը եւ ապրիլի 9-ին պատրաստվում ընդունել իրենց նախագահի երդումը:

Շատերը, հրապարակում հավաքված, ակնկալում էին իրենց կարծիքով հաղթած քաղաքական ուժի հետ գնալ մինչեւ վերջ, ինչը թույլ կտա մասնակիցը լինել հեղափոխության, որից հետո կարելի կլինի գտնել որեւէ մի աշխատանք: Էլ չենք խոսում արդեն նախարարների ու այլ պաշտոնյաների մասին, ովքեր այսպես կոչված ստվերային կառավարության կազմում էին եւ ոմանք անգամ այդ դերում էին ելույթներ ունենում հանրահավաքներում:

Բայց դրսից օժանդակություն չկա՜ր ու չկա՛ր, ավելին՝ բոլոր ազդեցիկ երկրների նախագահները շնորհավորեցին վերընտիր Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ մի նոր մարտիմեկյան դեպքերը բացառվեցին, քանզի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հովանավորներ ի հայտ չեկան:

Հասկանալի է, որ այս ամենը նաեւ արվում էր քաղաքական բարձրակետում մնալու եւ ներքին ու արտաքին շահագրգիռ կողմերի համար գոնե ընդդիմադիր թիվ 1 կառույցը մնալու նկատառումով: Ինչպեսեւ՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին պատրաստ մնալու համար: Պետք է այնպիսի տպավորություն ստեղծվեր, որ տվյալ քաղաքական ուժը բազմամարդ է եւ ունի սատարողների հոծ շարքեր:

Սակայն, իրականում հակառակ պատկերը ստացվեց, քանզի բողոքավոր մարդիկ հիասթափվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հրապարակը լքելու եւ «պաշտոնաթող նախագահ» լինելու կարգավիճակից, իսկ հանրությունն էլ (նաեւ միջազգային) հասկացավ, որ գործ ունեն սակավաթիվ բողոքավոր զանգվածի հետ, ինչը անգամ հեղափոխական ալիք չի կարողանում նախաձեռնել: Հատկապես, որ ընդդիմադիր դաշտի ոչ մի ուժ իրապես չսատարեց «Ժառանգության»-ը:

Յուրաքանչյուր շարժում սպառման ժամանակահատված ունի, ինչը այս ընդդիմադիր շարժման վրա դաջված էր ի սկզբանե: Ավելին՝ դաջված էր որպես ինքնասպառվող շարժում: Անգամ անապահով եւ մշտապես բողոքավոր մարդկանց համար էլ սա դարձավ հերթական հուսախաբության այն ալիքը, որից հետո նրանք կորցրեցին իրենց հետաքրքրությունը ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության նկատմամբ: Այժմ շատ դժվար է լինելու նոր ու վստահելի ընդդիմադիր առանցք ստեղծելու գործը: Թերեւս Երեւանի քաղաքապետի ընտրությունը կդառնա այդպիսի վերջին փորձը: Հետո այն կմարի իսպառ, մինչեւ երկրում իրավիճակային համապատասխան փոփոխություն լինելու հեռանկար բացվի:

Սա պետք է անհանգստացնի բոլոր ընդդիմադիրներին, նաեւ իշխանություններին, քանզի առանց ընդդիմադիր կենտրոնի դժվար է լինելու մարդկանց մեջ վստահություն սերմանելն ու ազգային միասնության հասնելը: Իսկ վերջինն անչափ կարեւոր է մասնավորապես արտաքին հիմնահարցերում պետության արտաքին քաղաքական գիծը արտաքին աշխարհի համար հստակեցնելու ու պետականորեն այն վստահորեն կիրառելու առումով:

Անկատար քաղաքական մթնոլորտը հուզել է նաեւ ՀՀ կրոնական իշխանության հովիվներին, եւ ինչպես կաթողիկոսն է նշել, անհանգստացնող են նաեւ վհատության, վատախոսելու տրամադրությունները, փոխադարձ վստահության պակասը, միմյանց ունկնդիր լինելու անպատրաստակամությունը եւ անհաշտ պարտադրանքը սեփական ճշմարտության: «Վանենք մեզանից այսպիսի դրսեւորումները: Մեր ճշմարտությունը նորանկախ Հայաստանն է՝ դարերի անմար երազը մեր պապերի ու հայրերի. ազատագրված Արցախը՝ մեր ոգու նորօրյա հերոսացումը, մեր հպարտ հաղթանակը: Մեր ճշմարտությունը նեղության, դժվարությունների դիմակայող մեր ժողովուրդն է, պատերազմի սպառնալիքի ներքո հայրենի սահմանները պաշտպանող Հայոց բանակը, աշխարհասփյուռ մեր համայնքներն են՝ հանապազ մարտնչող ազգային եւ հոգեւոր ինքնության համար, այսօր վտանգված, հյուծվող սիրիահայ համայնքն է՝ կարոտ սատարումի ու աջակցության: Այս իրողություններն են մեր առջեւ: Մեր Հայրենիքի հզորացման, մեր ծաղկուն կյանքի կառուցման, ազգային վերածննդի ու զարթոնքի մեր տեսիլքների ու իղձերի իրագործման համար մեկ ճանապարհ ունենք»,- ասել է Գարեգին Բ կաթողիկոսը:

Ինչեւէ, Ազատության հրապարակը այլեւս «հանձնված» է իշխանություններին եւ րաֆֆիհովհաննիսյանական «Բարեւ»-ը նորից գնացել է մարզեր՝ թիմ հավաքելու:

Իսկ թե ինչու «հանձնվեց» հրապարակը, նշվում է մի քանի պատճառ: Նախ, որ ոստիկանության ներսում սպրդել են օպերատիվ տվյալներ, թե ծրագրված է վտանգավոր սադրանք Ազատության հրապարակում, եւ իբր տվյալների համաձայն, ծրագրավորողները ոչ թե «բարեւականներ»-ն են, այլ «սիվիլիթասականներ»-ին մոտ կանգնած «քաղաքացիական ակտիվիստները»:

Ի՞նչ կա որ, եթե չընտրված նախագահը կարող է պնդել, թե ընտրվել է ու հրաժարական պահանջել իշխանություններից, ապա, իրենց կարծիքով, անմեղ «փող լվացողները» կարող են անմեղություն պահանջել կամ էլ՝ իշխանությունների հրաժարականը (ինչը հարմար ձեւ է դարձել)… ԲՀԿ թիվ 1 համարը ընտրացուցակում Օսկանյանն է, եւ նա էլ, պարտվելու դեպքում (Հովհաննիսյանի օրինակով), կարող է շա՜տ հանգիստ դառնալ հաղթած քաղաքապետ:

Ուստի՝ հրապարակը պետք է վերցվեր իրավապահների ոչ ուժեղացված հսկողության տակ: Այս ընթացքում ոստիկանության հերթապահ մասերի պետերի մասնակցությամբ անցկացվեց հերթական սեմինար-խորհրդակցություն, որին մասնակցում էին նաեւ ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամները: Քննարկվել են թերությունները եւ դրանց վերացման ուղիները, ինչը ենթադրում է նաեւ պատասխանատվության բարձրացում:

Եվ հետո, Ր. Հովհաննիսյանը վերջացրել էր իր զատկյան ծոմը, ինչն այլեւս որպես քաղաքական հացադուլ նպատակահարմար չէր շարունակելը, քանզի որեւէ լուրջ աջակցություն չէր ստանում ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ զանգվածների կողմից: Հետաքրքիր է, որ այս դեպքում խոսեցին նախագահի այն նախկին թեկնածուները, ովքեր երեւում են գրեթե միայն ընտրությունից ընտրություն: Նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը կարծիք էր հայտնել, թե «Ազատության հրապարակն ինչքան շուտ ազատվի Հովհաննիսյանից, այնքան վատ իշխանության համար… Հայաստանում, հետընտրական գործընթացների հետ կապված, երբեք այսքան զավեշտալի իրավիճակ չի եղել, չի եղել այնպես, որ այդքան ձայն հավաքած ընդդիմության թեկնածուն նման պահվածք որդեգրի»: Նա զավեշտալի համարեց նաեւ նամակագրությունը նախագահ Սարգսյանի եւ ընդդիմադիր Հովհաննիսյանի միջեւ, նրա համոզմամբ՝ ներքաղաքական զարգացումներում ամեն ինչ արվում է հօգուտ իշխանությունների, զբաղեցվում է ընդդիմադիր դաշտը:

Ընտրական գործընթացներում հայտնվող մեկ այլ նախկին թեկնածու Արման Մելիքյանն էլ դեռ ՍԴ-ում բողոքելու հարցում էր համոզված, որ իրավիճակը չի փոխվելու եւ հայտարարեց, թե չի միանա Ր. Հովհաննիսյանին ու Ա.Ղուկասյանին: Իսկ այսօր նա տեսնում է իրավիճակի հանգուցալուծման 3 տարբերակ՝ «արաբական գարուն» կամ «սիրիական սցենար», իշխանության կողմից դժգոհ զանգվածի ուժային բռնաճնշում եւ գործարք Սարգսյանի ու Հովհաննիսյանի թիմի միջեւ: Ըստ նրա՝ «այս սցենարներից եւ ոչ մեկը ՀՀ քաղաքացուն լավ ապագա չեն խոստանում, իրական դրական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է հետեւողական ու սկզբունքային մասնագիտական աշխատանք»:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ նշել է, որ ընդդիմությունը հրապարակը կորցրեց ու հիմա փորձելու է նոր բան նախաձեռնել:

«Ես այնպես հասկացա, որ այն, ինչ արեցին Հովհաննիսյանն ու իր թիմը, չօգնեց, բերեց պրոբլեմի, եթե ոչ ձախողման: Այսինքն՝ այն հրապարակը, որը կար, կորցրեցին ու հիմա ուզում են ինչ-որ բան վերականգնել: Կարծում եմ՝ հիմա շատ ավելի դժվար կլինի, քան սկզբից էր»,- ասել է նա՝ անդրադառնալով ընդդիմադիրների մարզեր կատարելիք այցերին: Առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններն են, բայց Հովհաննիսյանի այս նոր քայլարշավի նպատակը մարզերում ու Երեւանում իր վարկանիշը բարձրացնելն է:

Քաղտեխնոլոգը նկատել է. «Ինքն ամեն տեղ է ուզում, այդպիսի խնդիր չկա մարզերում, թե Երեւանում: Մինչեւ ապրիլի 9-ը կայցելի մարզեր, իսկ 9-ից հետո կսկսի Երեւանում ակտիվ գործել»:

Իսկ սա դեռ հավաստիք չի կարող լինել, որ ընդդիմադիր դաշտի միասնականացման եւ համագործակցության նոր ծրագիր կառաջադրվի, եւ անգամ առաջադրվելու դեպքում կիրացվի: Այսօր յուրաքանչյու ընդդիմադիր կազմակերպություն ավելի հակված է առանձին եզրով համագործակցել իշխանությունների հետ, քան մեկ այլ ընդդիմադիր ուժի:

ՀՀ քաղաքական դաշտը լուրջ ճգնաժամ է ապրում, ինչը չի կարող լավ անդրադառնալ ներքաղաքական խնդիրների կարգավորմանն ու արտաքին խնդիրների հանգուցալուծմանը:

Ցավոք, նույնն է նաեւ սփյուռքյան հատվածում:

Այս դեպքում երկու նախագահ եւ երկու քաղաքապետ ունենալը այն դեպքը չէ, որ ասենք՝ ինչքան շատ, էնքան լավ:

Ուստի՝ նոր կառավարությունը պիտի գերնպատակների շարքում դիտարկի նաեւ հայության բոլոր հատվածների քաղաքական ոլորտի ու այնտեղ առկա ներքին շահերի համադրման խնդիրը:

Այլապես դրա փոխարեն կստանանք հայության հատվածական շահեր՝ հակասական դրսեւորումներով:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 12 (275), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։