- Րաֆֆին չպե՛տք է ապավիներ Ռիչարդին. առաջին ծնողն Ազգն է, ընտանիք-տունն էլ՝ Հայաստանը…

- Նախկին ՀՀՇ-ական քաղաքապետը՝ բնապահպա՞ն…

Քարեր նետելու կամ ցեխ շպրտելու «արվեստը»

Րաֆֆին չպե՛տք է ապավիներ Ռիչարդին. առաջին ծնողն Ազգն է, ընտանիք-տունն էլ՝ Հայաստանը

«Slaq.am»-ը մի նյութ էր տեղադրել՝ վերնագրելով. «Րաֆֆու հայրը՝ «զեղծարար պրոֆեսո՞ր».- սկանդալային տեսանյութ», եւ հայտնել էր, որ օրերս Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարել է, որ ինքը նույնպես դիտել է մի տեսանյութ, «որտեղ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ հայագետ, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, ներկայացված է որպես պատմության կեղծարար»:

Սա Սյունիքի մարզպետի ու «Ժառանգության» ղեկավարի «փոխհրաձգության» առիթ դարձավ, անգամ Գորիսում եւ Կապանում Րաֆֆին հանդիպման էր կանչում Սյունիքի մարզպետին, ինչը, հասկանալի է, չէր կայանա նման պայմաններում: «Ժողովուրդ»-ը նույնպես անդրադարձել է այս խնդրին եւ նշել, որ «ձեռք է բերել այդ սկանդալային տեսանյութը, որտեղ իսկապես Ռիչարդ Հովհաննիսյանի գործունեությունը բացասական է բնութագրվում. 1997թ. ամերիկյան հայագիտական կեղծ դպրոցի ներկայացուցիչները Ռիչարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ կազմեցին ու հրատարակեցին «Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» հակագիտական եւ հակահայկական երկհատոր դասագիրքը: Այս նույն պրոֆեսորի որդին՝ ԱՄՆ հետախուզության կողմից հովանավորվող (տեսանյութում Րաֆֆի Հովհաննիսյանի լուսանկարն է) Ֆլետչերի համալսարանն ավարտած նույն Րաֆֆին, Ստրասբուրգում՝ ԵԽ նիստում, թուրք եւ ադրբեջանցի ներկայացուցիչների հետ միասին պահանջեց, որ ՀՀ-ին զրկեն ձայնի իրավունքից»:

Տարբեր լրատվամիջոցներ եւս ներկայացրել են տեսանյութի բովանդակությունը. «1997թ. ամերիկյան կեղծ հայագիտական դպրոցի ներկայացուցիչները Ռիչարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ երկու հատորով հրատարակեցին մի կոլեկտիվ աշխատություն: Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրությամբ լույս տեսած այս երկհատորյակը հիմնականում նախատեսված է Միացյալ Նահանգների համալսարաններում հայագիտության ամբիոններում դասավանդելու համար: Այս հակագիտական, սխալներով, խեղաթյուրումներով լի դասագիրքը դաստիարակում է ամերիկահայ աճող սերնդին, ուսանողությանը: Եվ այս քայքայիչ գործունեության ամբողջ պատասխանատվությունը պետք է բաժանեն թե՛ այս երկհատորյակի նշված հեղինակները, թե՛ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի այն ներկայացուցիչները, որոնք, ժամանակին բոլշեւիկյան Կրեմլի խամաճիկները լինելով, այսօր էլ դրամական գրանտների սպասումով եւ կրավորական դիրքորոշում որդեգրելով՝ ծառայում են նոր տերերին: Եվ օտարերկրյա այս հայագետներին շնորհվում են շքանշաններ ու ՀՀ պատվավոր քաղաքացու կոչումներ»: Տեսանյութի վերջում կոչ է արվում միանալ իրենց պայքարին, որպեսզի այդ կեղծարարությունը չշարունակվի:

Ի միջի այլոց, այս մասին դեռ տարիներ առաջ ահազանգել էին հայ ազգայնականները, մասնավորապես՝ հայ արիները կազմել էին մի ցուցակ, որը տպագրվեց «Հայ-Արիներ» պարբերականում, որտեղ ներկայացված էին այն դավաճան պատմաբանները, ովքեր հայ լինելով զբաղվում էին ծախու գրչակությամբ՝ օտարի շահերին ծառայելով:

Ի թիվս այլոց, Ռիչարդ Հովհաննիսյանը եւս ընդգրկված էր այդ ցուցակում՝ հենց վերոնշյալ երկհատոր դասագրքի համար: Այդ ցուցակի հրապարակումը անգամ որոշ դեսպանատների ջղերին ազդեց…

«Լուսանցք»-ը նախորդ թողարկմանն անդրադարձել էր Ռիչարդ Հովհաննիսյանի ելույթին Ազատության հրապարակում, որտեղ նա փորձել էր «քարեր նետել» ՀՀ իշխանությունների ուղղությամբ՝ ասելով, թե իր որդուն համոզում էր չմասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը, քանի որ նրան ճնշելու էին: Բայց «թարսի պես» որդուն չճնշեցին, անգամ այլոց ձայների հաշվին 2-րդ տեղը գրավեց ընտրություններում, եւ նա ստիպված էր իր խոսքերը հետողորմյա անել. «Բայց ես սխալվեցի»: Իսկ քարերն արդեն նետել էր…

Մեկ հուշում՝ այս ձեւը որոշ գաղտնի ուժեր միշտ էլ կիրառում են՝ ասելով. «Ցեխը պետք է շպրտել, դիմացինը ինչքան փորձի մաքրվել եւ ապացուցել, որ արդար է, այնքան կցեխոտվի»:

Արամ Ավետյան

Հ.Գ. – Ամերիկահայ երիտասարդների մի խումբ նամակ է գրել «Լուսանցք»-ին՝ մտահոգությամբ, որ նույն ուժը տարբեր դիմակներով փորձում է կործանել Հայաստանը: Այդ խմբից Հայկ Նազարյանը նաեւ ֆ/բ էջ ունի եւ իրենց մշակած նկարներից, որպես տեսանելի ահազանգ, ուղարկել է մեզ:

Նախկին քաղաքապետը՝ բնապահպա՞ն

ՀԱԿ-ը ներքին բանակցություններ է անցկացնում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի հետ: Նպատակը մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին միասնական շտաբով ներկայանալն է, որը հնարավորություն կտա համախմբված պայքարել ընտրակեղծիքների դեմ:

«Այսօր հնարավորություն կա Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» ուժերի միասնական աշխատելու դեպքում արդյունքի հասնել եւ գործող իշխանությունների թույլ չտալ վերարտադրվել մայրաքաղաքում: Ես համոզված եմ, որ մենք իրար հետ կաշխատենք»,- ասել է ՀԱԿ ավագանու անդամների ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:

Սակայն, եթե հիշենք, որ այսպիսի նախաձեռնություն եղավ նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ ինչ ավարտ ունեցավ, ապա դժվար է հավատալ, որ իրար «միս ուտող», մեկը մյուսին նախանձող ընդդիմադիրները կարող են համախմբվել:

ՀԱԿ թեկնածուի կարծիքով՝ հաղթանակ կլինի միայն այն դեպքում, երբ այս 4 ուժերն այնքան ձայներ հավաքեն, որ կարողանան միավորվել եւ իրենք ընտրեն քաղաքապետին: Իսկ շտապել պետք է, քանի որ ըստ նրա, ընտրությունները դեռ չսկսված՝ արդեն իսկ սկսվել է ընտրությունների արդյունքների կեղծման գործընթացը. «Լրիվ նույն մոտեցումն է՝ թաղային հեղինակություններ, մարդկանց խմբեր, անձնագրեր, ստորագրություններ հավաքել: Որեւէ ակնկալիք չկա, որ իշխանությունը միանգամից կփոխի իր դեմքը եւ իդեալականին մոտ ընտրություններ կանցկացնի»:

ՀԱԿ անդամները չեն դադարում զարմացնել եւ այժմ էլ նախկին քաղաքապետի եւ ներկայիս քաղաքապետի թեկնածուի բերանով հայտարարում են, թե վերջին մի քանի տարիներին Երեւանի իշխանությունների գլխավոր բացթողումը համարում են այն, որ նրանք ծառայել են ոչ թե երեւանցուն, այլ բիզնեսին: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր քաղաքային իշխանությունները կանաչի նկատմամբ հակակրանք ունեն»,- ասել է նախկին ՀՀՇ-ական քաղաքապետ Խաչատրյանը, եւ որպես «մարտնչող» բնապահպան հավելել, որ եթե դառնա Երեւանի քաղաքապետ, առաջին խնդիրը, որը ձեռնամուխ կլինի լուծելու, քաղաքի կանաչ տարածքներն են: Ցանկացած ծրագիր, որ պետք է իրականացվի Երեւանում, առաջին հերթին պետք է արժանանա բնապահպանների գնահատականին, հետո նոր միայն իրականություն դառնա:

Հավատացողներ միշտ էլ գտնվում են եւ՝ բոլոր ժամանակներում:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 12 (275), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։