Նորից քարոզարշավ եւ նորից խոստումներ…

Անմոռանալի հուշեր… Լրիվ լուրջ… Նախագահը խնամիներին նորից է զգուշացնում… Լարվածության նոր ալիք… Հայրիկյանի վրա վախի՞ց են կրակել…

Նորից քարոզարշավ եւ նորից խոստումներ

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար ԿԸՀ-ն վիճականություն էր կազմակերպել ամբողջ օրերի համար: Առաջին օրը՝ ապրիլի 7-ին անվճար հեռուստաեթերից առաջինը կօգտվի ՀՀԿ-ն: Հանրային հեռուսատաընկերության եթերում ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները կարող են գովազդվել 30 րոպե անվճար եւ 50 րոպե վճարովի, Հանրային ռադիոյի եթերում՝ 50 րոպե անվճար եւ 80 րոպե վճարովի:

Մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման համար ձեւավորվել է 464 ընտրատեղամաս: ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի 206 հանձնաժողովի նախագահով եւ այդքան էլ քարտուղարով, ԲՀԿ-ն կունենա 144 նախագահ, նույնքան քարտուղար, ՀԱԿ-ը՝ 36 նախագահ, նույնքան քարտուղար, իսկ «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը՝ 26-ական հանձնաժողովի նախագահ եւ նույնքան քարտուղար:

Արտահերթ նիստում ԿԸՀ-ն Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ բաշխել է նաեւ 5 քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու իրավունքը:

Բաշխումն իրականացվել է՝ հաշվի առնելով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված հայտերը, ինչպես նաեւ վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից տրամադրված վահանակների ցանկերը:

Վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից տրամադրված 216 վահանակներից 9-ի վերաբերյալ հայտեր չէին ներկայացվել: Այն 48 վահանակները ու վահանակների կողմերը, որոնց վերաբերյալ ներկայացվել է միայն մեկ հայտ, պաստառներ փակցնելու իրավունքը վերապահվել է միակ հայտը ներկայացրած կուսակցություններին, իսկ մնացած 159 վահանակները (227 մրցակցային կողմ), որոնց վերաբերյալ ներկայացվել էին մեկից ավելի հայտեր, առանձնացվել են որպես մրցակցային վահանակներ եւ խմբավորվել: Յուրաքանչյուր խմբում ներառվել են այն վահանակները, որոնց միեւնույն կողմի վրա հայտ էին ներկայացրել միեւնույն 2, 3, 4, 5, 6 կամ 7 կուսակցություններ:

ԿԸՀ-ն մրցակցային համարվող վահանակների մրցակցային կողմերը «MS VISUAL STUDIO» ծրագրի միջոցով բաշխել է հայտ ներկայացրած կուսակցությունների միջեւ՝ հաշվի առնելով մրցակցային համարվող վահանակների մրցակցող բոլոր կողմերի ընդհանուր թիվը եւ այդ կողմերի համար ներկայացված հայտերի ընդհանուր թիվը՝ ապահովելով յուրաքանչյուր կուսակցության հայտի մրցակցող մասի համամասնորեն հավասար բավարարման սկզբունքը:

Գոհար Վանեսյան

Անմոռանալի հուշեր

ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է. «Այո, պայքարը 2-րդ տեղի համար է գնում, բայց փորձը ցույց տվեց, որ այդ տեղը Րաֆֆի Հովհաննիսյանինը չէ» (ըստ երեւույթին նկատի ունի, թե նախագահի ընտրությունում իրենք են հաղթել): ՀՀԿ խմբակցության անդամ Մնացական Մնացականյանը այլ կերպ է արձագանքել. «Կարծում եմ՝ պարոն Հակոբյանը նկատի չի ունեցել 2013թ. նախագահական ընտրությունները, քանի որ այդ ընտրությունների արդյունքները հստակ են: Եվ քանի որ 2007թ. թիվ 15 ընտրատարածքում Ր. Հովհաննիսյանը առաջադրված 6 թեկնածուների մեջ զբաղեցրել է 4-րդ տեղը, ապա պետք է նշեմ, որ այս պարագայում նա միանգամայն ճիշտ է. Րաֆֆին 2-րդը չէր, այլ՝ 4-րդը»:

Լրիվ լուրջ

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ապրիլի 9-ին հրավիրել է Ազատության հրապարակ. «Թող դա ազգային միասնության տոն լինի… Եթե պատրաստ եք, միասին դուրս գանք այս նախագահական պայքարից, ես եւ Դուք գնանք սահման, պաշտպանենք, Դուք իմ ուսուցիչը դարձեք եւ միասին փրկենք ժողովրդին»…

Նախագահը խնամիներին նորից է զգուշացնում

Ըստ մեր որոշ աղբյուրների, ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Ս. Սարգսյանը շատ կոպիտ է խոսել ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի հետ: Բանն այն է, որ երբ քննարկվել է ապրիլի 9-ին նախագահի երդմնակալության հարցը, ԱԺ նախագահը վստահեցրել է, թե ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանն անպայման ներկա է լինելու այդ օրը: Եվ հենց այդ ժամանակ նախագահի նյարդերը տեղի են տվել, ու նա ընդգծված չոր տոնով ընդհատել է Հ. Աբրահամյանին՝ հստակ շեշտելով, թե դա իրեն քիչ է հուզում:

ԱԺ նախագահը հայտնվել է անհարմար վիճակում, որովհետեւ վերջին ժամանակներս խնամու՝ Ծառուկյանին առնչվող հարցերով չի կարողանում հստակ պատասխաններ տալ երկրի ղեկավարին: Մինչդեռ նախագահի ընտրությունից առաջ էր վստահեցրել, թե խնամու հետ որեւիցե խնդիր չի լինի: Չի բացառվում, որ Գ. Ծառուկյանը ապրիլի 9-ին էլ քաշի Հ. Աբրահամյանին՝ Հայաստանում չլինելով:

Լարվածության նոր ալիք

Կրկին սպանության դեպք արձանագրվեց, որը, ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանի կարծիքով, պետք է արձանագրել քաղաքական սպանություն: Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանությանը դատապարտող հայտարարությամբ հանդես են եկել ինչպես դաշնակցականները, այնպես էլ արցախյան ազատամարտին մասնակցած մի շարք կամավորականներ:

Հասկանալի է, որ ՀՀԿ ներկայացուցիչները կոչ են անում չքաղաքականացնել սպանությունը եւ սպասել դրա բացահայտմանը:

Առայժմ հնչում են վարկածներ: Հնարավոր դրդապատճառների շարքում ամենաքննարկվողը գյուղում առկա մշտապես լարված մթնոլորտն է: Պռոշյանում գործում է 2 խմբավորում՝ դաշնակցականներ եւ հանրապետականներ: Այս խմբերի միջեւ պարբերաբար բախումներ են լինում: Ցավալի է, բայց հերթական ընտրությունից առաջ եւս քաղաքական լարվածություն է ստեղծվում, եւ զայրացուցիչն այն է, որ այդ ընթացքում մարդկային զոհեր են լինում:

Սպանության գործով արդեն կան ձերբակալվածներ:

Հայրիկյանի վրա վախի՞ց են կրակել…

Մինչ Հոլանդիա մեկնելը առերեսում է տեղի ունեցել Պարույր Հայրիկյանի եւ նրա մահափորձի մեջ մեղադրվող անձանց միջեւ: Երբ Հայրիկյանն իրեն հատուկ ոճով ասել է, թե՝ դուք ուզում էիք ինձ սպանել, մեղադրյալները հերքել են, իսկ նրանցից մեկն ասել է. «Ինչ սպանել, ինչ բան, այ մարդ, մենք ուզում էինք քեզ վախեցնել: Էն էլ էնքան ձեռքերդ թափահարեցիր, մենք քո փոխարեն վախեցանք ու կրակեցինք»:

Երկու մեղադրյալներն էլ լիովին ընդունել են իրենց մեղքը եւ ապացույցներով հաստատել դա: Սա առայժմ հավաստում է, որ մահափորձն իրականացնողների հետ կապված կասկածները գոնե առայժմ ոչ մի լուրջ հիմք չունեն:

Կարեն Բալյան եւ Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 12 (275), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։