- Երեւում է՝ արեւմուտքցիների ուղեղն էլ է մայր մտնում…

- Թուրքական ԱԷԿ՝ ռուսական դեմքով…

Երեւում է՝ արեւմուտքցիների ուղեղն էլ է մայր մտնում – Արեւմուտքը Թուրքիային թույլ է տալիս կառուցել 3 ատոմակայան, մեզ պարտադրում է մեր 1-ը փակել…

Հունգարիայի կողմից Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու փաստը Արեւմուտքը չդատապարտեց (դիվանագիտական շաղակրատանքը մի կողմ ենք թողնում): Արեւմուտքն իր տարածքները լցնում է թուրքերով եւ, փաստ է, որ նրանցից այլեւս շատ դժվար կկարողանա ազատվել: Արեւմուտքն արդեն ոչ թե երկակի, այլ բազմակի ստանդարտներ է կիրառում.- Արեւմուտքը Թուրքիային թույլ է տալիս կառուցել 3 ատոմակայան, մեզ պարտադրում է մեր 1-ը փակել: Չէ՜, Արեւմուտքը լրիվ ցնդել է:

Ուրեմն՝ մեզ մնում է պարզապես ասել՝ ո՛չ, ինչպես դա արեցինք տարիներ առաջ, որովհետեւ այսօր աշխարհն ատոմակայանների միջոցով լուծում է ավելի շատ ռազմաքաղաքական, քան տնտեսական խնդիր: Մինչդեռ մենք իրոք առանց ատոմակայանի չենք կարող ապահովել մեր էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը:

Ինչեւէ, վերջին տարիներին Եվրոպան հայկական ատոմակայանը փակելու պահանջ էր դնում: ՀՀ-ին հաջողվեց տանել այն գիծը, որ մենք ԱԷԿ-ը կփակենք միայն այն ժամանակ, երբ կունենանք այլընտրանքային հզորություններ:

Եվրոպան խոստացավ փակելու դիմաց տալ 100 մլն դոլար: Հայկական կողմը հստակեցրեց, որ այդ 100 մլն-ով նոր միջուկային էներգաբլոկ կառուցել չենք կարող, ու քանի որ այլընտրանքային ասվածը նաեւ համարժեքություն է ենթադրում, այսինքն՝ ԱԷԿ-ի դիմաց՝ միայն ԱԷԿ, Եվրոպան լռեց: Բայց, ինչպես երեւաց օրերս, այդ լռությունը ժամանակավոր էր:

Մարտի 21-ին Երեւանում ներկայացվեց Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման վերաբերյալ Հայաստանի 2012թ. առաջընթացի զեկույցը, եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի շահագործման խնդրին, ասաց, որ ԵՄ-ն օգնում է Հայաստանին ապահովել ատոմակայանի շահագործման անվտանգությունը, սակայն իրենք մտահոգություն ունեն եւ դիմել են ՀՀ իշխանություններին՝ հանել գործարկումից եւ ապագործարկման ծրագիր մշակել, որն առայժմ անպատասխան է մնացել:

Ի դեպ, Տ. Հրիսթեան, ամենանուրբ բնորոշումով, տեղյակ չէ խնդրո առարկային, որովհետեւ ՀՀ-ն ունի եւ՛ ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագիր, ընդ որում՝ բավականին մանրակրկիտ, եւ՛ նոր ԱԷԿ-ը կառուցելու՝ դարձյալ շա՜տ մանրամասն ծրագիր: Հիմա՝ եթե ունի, էլ ի՞նչ պատասխան պիտի տա… չտեղեկացված դեսպանին:

Դեսպանի ելույթից ընդամենը մեկ օր անց՝ մարտի 22-ին, հայկական եւ եվրոպական կողմերը նշեցին, որ իրենց երկկողմանի գործակցությունն արդյունավետ է՝ ընդ որում նաեւ միջուկային անվտանգության ոլորտում (կրկին Երեւանում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցության կոմիտեի շրջանակներում ստեղծված «Տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի եւ միջուկային անվտանգության» հարցերով համագործակցության ենթակոմիտեի երրորդ նիստի ժամանակ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերը չթաքցրեց միջուկային անվտանգության բնագավառներում համագործակցության հետագա ամրապնդման ցանկությունը):

Ոչ պաշտոնական լեզվով ասած՝ Եվրոպան մի քանի ժամում փոխեց իր վերջնագրային լեզուն…

Մի դիտարկում. Եվրոպան հայկական ԱԷԿ-ը շահագործումից հանելու պահանջը «հիմնավորում» է բնապահպանական գործոնով:

Դատելով Արեւմուտքի տրամաբանությունից՝ ինքն իր ԱԷԿ-ներով թունավորվում ու հայերի մասին է մտածում: Չմոռանանք միայն, որ Արեւմուտքի անբաժան մաս Գերմանիայի ներկայացուցիչն է մեր ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի ղեկավար կազմում, ով մեկ անգամ չէ, որ շեշտել է, թե ՀԱԷԿ-ն աշխատում է տեխնիկական նորմերին ու անվտանգության չափանիշներին համապատասխան: Խորհրդի ղեկավար կազմում են նաեւ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Պարզապես նրանք մասնագետներ են, եւ քաղաքականությունը մի կողմ են թողնում: Համենայնդեպս՝ ցայսօր այդպես է եղել:

Մեզ մնում է բնապահպանությամբ այդքա՜ն մտահոգ Եվրոպային հարցնել, հապա ինչու՞ չեք լսում միջազգային բնապահպանական տարբեր կազմակերպություններին, որոնք արդեն երկու տարի շարունակ բողոքում են Թուրքիայում ԱԷԿ-ներ կառուցելու դեմ, քանզի այն հարմար դիրքերում չի տեղակայվելու եւ կարող է ահռելի բնապահպանական վնասների հանգեցնել՝ ընդ որում՝ աշխարհի համար բացասական սարսափելի հետեւանքներով: Դե, իհարկե, ԵՄ-ին ձեռնտու չէ լսելը, որովհետեւ Թուրքիայի քաղաքական դիրքն այսօր բարենպաստ է՝ հենց Եվրոպային ձեռնտու լինելու առումով:

Փոխարենը բնապահպանությամբ մտահոգ եվրոպացիները «մոռացել» են, որ մեր ԱԷԿ-ի հենց անմիջական տարածքում ծիրանի ծառեր են տեսել ու պտուղը փորձել միայն այն բանից հետո, երբ համոզվել են, որ այդ ծիրանները ճառագայթված չեն:

Այնպես որ, հանգիստ ասենք նրանց՝ ոչ, ասենք առանց դիվանագիտական խճողումների: Հավատացեք, հստակ խոսքի հետ միշտ էլ հաշվի են նստում: Ու սա ամենեւին էլ այն դեպքը չէ, երբ մենք… փոքրաթիվ ենք…

Բացի այդ էլ՝ մեր անվտանգության մասին մեզնից շատ ո՛չ ոք չի մտածի: Իսկ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը հավաստում է, որ մենք աշխատում ենք ԱԷՄԳ-ի (ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն է, որ մասնագիտական կառույց է) հետ համատեղ:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից էլ «Լուսանցք»-ին հավաստեցին, որ հայկական կողմը այսօր էլ չի փոխել իր դիրքորոշումը եւ հաստատակամ է՝ գործող միջուկային էներգաբլոկը շահագործումից կհանվի բացառապես այն ժամանակ, երբ կունենանք նոր էներգաբլոկ: Որը մեզ անհրաժեշտ է էներգետիկ անվտանգության ու անկախության համար:

Աստղինե Քարամյան

Թուրքական ԱԷԿ՝ ռուսական դեմքով

Թուրքիայի առաջին «Աքքույու» ատոմային էլեկտրակայանը կկառուցվի 2014թ. սկզբին: Թուրքական «Sabah» պարբերականը հայտնել է, թե այն կարժենա շուրջ 20 մլրդ. դոլար, կաշխատի 4800 մեգավատ հզորությամբ:

«Աքքույու» ընկերության ղեկավար Ալեքսանդր Սուպերֆինը հայտնել է, որ ընթացիկ տարվա մայիսին արդեն պատրաստ կլինի շրջակա միջավայրի վրա ատոմակայանի հնարավոր ազդեցության մասին զեկույցը: «Նախատեսվում է, որ ատոմակայանը կսկսի շահագործվել արդեն 2020թ.»,- ասել է կազմակերպության ղեկավարը: Նրա խոսքով՝ Թուրքիան ատոմակայանի կառուցման համար կներդնի 7,5 մլրդ. դոլար: Այս ատոմակայանի առաջին բլոկը կառուցվելու է ռուսական նախագծով, որի համաձայնագիրը ստորագրվել էր դեռեւս 2010թ.:

Ի դեպ, Մոսկվան էլ մեզ հետ խաղեր տվեց ՀԱԷԿ-ի հարցով՝ ընդդեմ ամերիկյան կողմի, այն է՝ իբր ինքը պատրաստ է ներդնել ֆինանսական միջոցների մի մասը, միայն թե հայկական կողմը հանկարծ ամերիկյան սարքավորումներից չօգտվի: Իսկ այսօր նա կառուցելու է թուրքական ԱԷԿ-ը, ու վերջինս լավ էլ օգտվելու է ամերիկյան ծառայություններից:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 12 (275), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։