- Կհնչի՞ հրադադարի կոչը – Աբդուլլահ Օջալան. Սպասվում է, որ վերջինս կոչ կանի հրադադար հաստատել հակամարտությունում…

- Գերմանացի ներդրողը՝ ընդդեմ գործարար Ծառուկյանի – Ինչու՞ ենք պարտվում եվրադատարանում…

Կհնչի՞ հրադադարի կոչը

Ազգությամբ քուրդ քաղաքական գործիչներն օրերս այցելել են որպես բանտ ծառայող այն կղզին, որտեղ պահվում է քուրդ ապստամբների առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:

Սպասվում է, որ վերջինս կոչ կանի հրադադար հաստատել այն հակամարտությունում, որի զոհ է գնացել շուրջ 40 հազար մարդ, եւ որն արդեն 3 տասնամյակ շարունակ մեծ վնաս է հասցնում Թուրքիայի տնտեսությանը:

ՔԲԿ ղեկավարը, ում թուրքական հատուկ ուժերին 14 տարի առաջ հաջողվել էր բռնել Քենիայում գտնվելու ժամանակ, անցյալ տարվանից բանակցություններ է անցկացնում Անկարայի հետ:

Նաեւ անցյալում էին հրադադարներ հայտարարվել, սակայն սա առաջին անգամն է, երբ Օջալանն ու Թուրքիայի վարչապետ Էրդողանը բաց խոսել են համապարփակ կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու մասին: Թուրքիայի արդարադատության նախարարը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ակնկալվում է, որ ՔԲԿ զինյալների վերադարձն Իրաքի հյուսիսում տեղակայված հենակետեր կիրականացվի մինչեւ 2013թ. ավարտը:

ՔԲԿ ղեկավարի ծրագրի համաձայն՝ քուրդ զինյալների զինաթափման դիմաց թուրքական իշխանությունները խոստանում են բարելավել երկրի բնակչության 20%-ը կազմող քրդերի քաղաքական իրավունքները:

Որպես փոխադարձ վստահության ամրապնդման առաջին քայլ, Իրաքի հյուսիսում գործող քուրդ ապստամբներն անցյալ շաբաթ ազատ են արձակել Թուրքիայի 8 քաղաքացու՝ Թուրքիայի 6 զինծառայողի, տեղական ինքնակառավարման մարմնի մի աշխատողի եւ ոստիկանության մեկ ծառայողի:

Արման Դավթյան

Գերմանացի ներդրողը՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի

Բայց «ջարմեն» հարկատուներս ենք քաշելու…

Գերմանացի ներդրող, «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը հայկական դատարանից որեւէ նպաստավոր արդյունք չէր սպասում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի դեմ գործում. այս մասին «Հետք»-ին հայտնել է ինքը՝ Ստեֆան Լաքսհուբերը:

«Մենք նկատել էինք, որ դատարանը Ծառուկյանի ազդեցության/ճնշման տակ է, բայց ես վերջապես ինչ-որ հասկանալի բան էի ակնկալում: Դատարանի վճիռը եւ դրա հիմնավորումները ամբողջությամբ անտրամաբանական են յուրաքանչյուր գիտակից մարդու համար: Ներողություն այսպես կոպիտ արտահայտվելու համար. ես սովորաբար շատ հարգալից եմ դատարանների ու դատավորների նկատմամբ, բայց սա ընդամենը ծիծաղելի է»,- դատարանի վճիռը մեկնաբանել է գերմանացի ներդնողը:

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արայիկ Մելքումյանի, վճռել էր պարտավորեցնել Գագիկ Ծառուկյանին պատկանող նշյալ կոմբինատին 14,8 մլն. դրամ փոխհատուցել «ԻստԻնվեստոր» ընկերությանը՝ որպես բաժնետոմսերի համախմբման հետեւանքով ստացված կոտորակային բաժնետոմսի հետգնման արդյունքում բաժնետիրոջը վճարման ենթակա գումար:

Դատարանը հիմնվել էր «Անիկոմ» ՍՊԸ-ի փորձաքննության արդյունքների վրա, որով վերագնահատվել էր կոմբինատի կապիտալը: Իսկ «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ի՝ «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ում ունեցած 1.520 հատ բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասով հայցը մերժել էր՝ անհիմն լինելու հիմքով:

Ստեֆան Լաքսհուբերի նպատակը այս գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասցնելն է, քանզի վերջինս վստահ է, որ Հայաստանում կոպտորեն խախտվել է իր սեփականության իրավունքը, եւ Եվրադատարանում այս գործի հանգուցալուծումը կլինի իր օգտին:

Լավ էլի, բա էսպես ոնց կլինի, էս գերմանացին ի՜նչ մեղադրանքներ է ներկայացնում, որ իբր մեր երկրում դատարանն ու դատավորներն անկախ չեն ու կախվա՞ծ են գործարարներից:

Չի՜ կարող պատահել, մեր դատարանն ամենաարդարն է, պետք է վերցնել ու գերմանացուն մեղադրել զրպարտության մեջ: Որովհետեւ չի կարելի կոպեկ-կոպեկ ու խելքի շնորհիվ հարստացած մարդկանց վարկաբեկել…

Իսկ եթե ավելի լուրջ՝ եթե գերմանացին հաղթի, ապա գումարը մուծելու է ՀՀ-ն՝ հարկատուներիս հաշվին:

ՀՀ-ն այսպես շատ դատեր է տանուլ տվել՝ դատավորների պատճառով: Վիճակը շտկելու ելք է գումարը վերցնել հենց այն դատավորներից, որոնց գործողությունների հետեւանքով ենք մենք պարտվում եվրադատարանում:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 12 (275), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։