- Հայաստանի պատմամշակութային վայրերը՝ Մետաքսի ճանապարհի սեւծովյան մաս…

- «Հայ»-վրացու եւ «հրեա»-վրացու միջեւ՝ տարբերություն չիք…

- Վրացաթրքություն – Մեր ԱԳՆ-ն երբեք չի արձագանքում նման դեպքերում, այնինչ հարմար պահ էր ասելու…

Հայաստանի պատմամշակութային վայրերը՝ Մետաքսի ճանապարհի սեւծովյան մաս

ԱՄՆ-ի ՄԶԳ ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը եւ «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը» (AMAP) հայտարարել են Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցք (BSSRC) ծրագրի մեկնարկը: Սա երկամյա նախաձեռնություն է, որը կոչված է խթանելու զբոսաշրջության զարգացումը, անդրսահմանային համագործակցությունը եւ տնտեսական զարգացումը մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի 4 երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Հայաստանի 173 համայնքներում:

AMAP-ի նախագահ Ռիչարդ Նայը բացատրել է, թե ինչպես է զբոսաշրջային ուղին նշվելու, պատմամշակութային եւ բնության որ վայրերն են ընդգրկվելու դրանում եւ ինչպես է առաջիկա 2 տարիներին ծրագիրն իրականացվելու Հայաստանում: Հայաստանյան ուղին 43 վայրեր է ներառելու Երեւանում, ինչպես նաեւ Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում:

Ելույթ են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Լաուրենտիու Հրիսթեան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի հայաստանյան մասնաճյուղի («ICOMOS-Հայաստան») նախագահ, «Էրեբունի» թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Հայաստանում ծրագիրը ֆինանսավորում են Եվրամիության Սեւծովյան համագործակցության ծրագիրը, ԱՄՆ-ի ՄԶԳ-ն «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով եւ AMAP-ը՝ որպես ծրագրի գլխավոր իրականացնող:

Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը եւ համայնքների զարգացմանը՝ զբոսաշրջային ցանցերի ստեղծման եւ տեղական (գյուղական) ծառայությունների ու ավանդական արտադրանքների, ազգային արվեստի ու արհեստի արժեքների խթանման միջոցով:

Հուսանք՝ երբ գործը հասնի իսկական «Մետաքսի ճանապարհին», բազմակի ստանդարտներով ժողովրդավար երկրները Հայաստանին, որպես առանցքային երկրի, չեն անտեսի:

Գոհար Վանեսյան

«Հայ»-վրացու եւ «հրեա»-վրացու միջեւ՝ տարբերություն չիք

Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի վավերացման հարցում սուղ անհրաժեշտություն չկա. այսպես է արտահայտվել Վրաստանի ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Զալկալիանին: Նրա խոսքով, խարտիան պարտավորություն է, որը Վրաստանը ստանձնել է 1999թ. ԵԽ-ի առջեւ, եւ նա ոչ միայն չի վավերացրել, այլեւ չի ստորագրել դա:

Ըստ վրացի պաշտոնյայի, առջեւում մեծ աշխատանք է սպասվում, եւ այս հարցն անհրաժեշտ է մանրակրկիտ քննարկել, երկխոսություն ծավալել, որում ընդգրկվելու են հանրության լայն շրջանակներ, հասարակական կազմակերպություններ, Պատրիարքարանը, խորհրդարանը:

Թբիլիսին համոզված է, որ միայն համապատասխան քննարկումներից եւ դիրքորոշումների համաձայնեցումից հետո Վրաստանը պետք է ընդունի որոշում: Թե՛ Եվրամիության, թե՛ Եվրոպայի խորհրդի կողմից չկա որեւէ պահանջ Խարտիան շտապ վավերացնելու:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին վավերացման պահանջով Վրաստանի խորհրդարանին էր դիմել Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինը՝ Սակրեբուլոն, սակայն այս նախաձեռնության դեմ անմիջապես հանդես էին եկել «Վրացական երազանք»-ի‘ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն ու նախկին իշխող մեծամասնության՝ «Ազգային միասնական շարժման» ներկայացուցիչները:

Ավելի վաղ Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը եւս անընդունելի էր համարել տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի քննարկումը՝ մտավախություն ունենալով, որ դա կուժեղացնի անջատողական շարժումները երկրում: Սա հավաստիացումն է այն փաստի, որ վրացական որեւէ իշխանություն չի պաշտպանելու ոչ մի ազգային փոքրամասնության ոչ մի իրավունք, հատկապես՝ հայ համայնքի:

Եվ Վրաստանի նախագահը մասոն «հայ»-վրացի Սաակաշվիլին կլինի, թե մասոն «հրեա»-վրացի Իվանիշվիլին… ի՞նչ տարբերություն. ասել եւ ասում ենք այսօր:

Նարե Մշեցյան

Հ.Գ. – Վերջերս հայ քաղբանտարկյալների ազատման հարցում «հայ» Սաակաշվիլին ըմբոստացավ «հրեա» Իվանիշվիլուն: Բայց դեռ հասկանալ է պետք նաեւ այսօրինակ խաղի տրամաբանությունը:

Վրացաթրքություն

Թուրքիայի ԱԳՆ Ահմեթ Դավութօղլուն Վրաստանում իր վրացի եւ ադրբեջանցի գործընկերների հետ խոսել է մեսխեթցի թուրքերի մասին: Նշել է, որ վրացական իշխանությունների հետ աշխատանքներ են տարվում Ախալցխայի թուրքերին (մեսխեթցիներ) Վրաստան բերելու համար: «Այդ մարդիկ խորհրդային վարչակարգի կողմից վտարվել են իրենց հայրենիքից, իսկ հողերն ինչքան Վրաստանինն են, նույնքան էլ՝ իրենցը»,- ասել է թուրքը: Ցավոք, մեր ԱԳՆ-ն երբեք չի արձագանքում նման դեպքերում, այնինչ հարմար պահ էր ասելու, որ դա ո՛չ վրացիների, ո՛չ էլ առավել եւս խառնածին թուրքերի հայրենիքը չէ, այլ հայկական Ջավախքն է՝ հայերի հայրենիքի մի բռնազավթված հատվածը:

Թուրքը նաեւ նշել է, որ մեսխեթցիներին վերադարձնելու գործում Անկարան պատրաստ է աջակցել. «Սա քաղաքական հարց չէ, հումանիտար հարց է: Թուրքիան պատրաստ է անել ամեն բան այս մարդկանց իրենց հայրենիք վերադարձնելու համար»: Ավելի վաղ Վրաստանի ու Թուրքիայի վարչապետներն են քննարկել մեսխեթցի թուրքերի «իրենց բնակության վայրեր» վերադարձի հարցը: Վարչապետ Էրդողանը հայտարարել էր, թե ուրախ է, որ վարչապետ Իվանիշվիլին այդ հարցում ունի դրական մոտեցում: Մանավանդ, որ 1999թ. դառնալով ԵԽ-ի 41-րդ անդամը՝ Վրաստանը պարտավորվել էր ապահովել թուրք-մեսխեթցիների վերադարձը:

1917թ. պատրաստվելով արշավել Անդրկովկաս՝ Թուրքիան Ախալցխայի թուրքերին դրդել էր խռովության: Օգնություն ստացած մեսխեթցի թուրքերը հարձակվել են Ախալցխա քաղաքի վրա, որի բնակչության 82%-ը հայեր էին:

2-րդ աշխարհամարտի ժամանակ Ստալինի հրահանգով նրանց արտաքսեցին Ախալցխայի հողերից՝ որպես ապակայունացնող ու անհուսալի տարր:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 12 (275), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։