Թշնամու սխալները՝ գործելու լավ առիթ

- Հայ-թուրքական հարաբերությունների վերսկսումը անհանգստացնում է Բաքվին…

- Բաքուն չի աջակցել Սիրիայի ընդդիմությանը, չնայած բազմիցս մեղադրել է Ասադի վարչակազմին…

- Բաքու-Թբիլիսի-Անկարա տարածաշրջանային աշխարհաքաղաքական առանցքի վերջին լուրջ բախումները…

- Անհրաժեշտ է, որ Հայաստանը նախաձեռնի տարածաշրջանային նոր ռազմավարական դաշինքներ…

 

Տարածաշրջանային դաշնակիցներ Թուրքիայի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունները մերթ ընդ մերթ լարվում են, եւ դրա պատճառը հիմնականում հայերն են: Այդ հարաբերությունները գերլարման էին հասել, երբ ստորագրվում էր հայ-թուրքական կոչված արձանագրությունները: Բայց Անկարան ի վերջո տեղի տվեց կրտսեր եղբոր կամակորության առջեւ, եւ հայ-թուրքական երկկողմ հարաբերությունները դարձավ եռակողմ՝ հայ-թուրք-ադրբեջանական: Հայերի եւ թուրքերի խնդիրները, այսպես կոչված հայ-թուրքական սահմանը (իրականում՝ սահմանի երկու կողմում էլ Հայաստանն է) բացելու հարցը հանկարծ շաղկապվեցին Արցախի խնդրի կարգավորման հետ:

Տարածաշրջանային որոշ տնտեսական ծրագրեր, որտեղ հնարավոր է լինում Հայաստանի ներգրավումը, եւս լարվածություն են ստեղծում թուրք-ադրբեջանական հարաբերություններում, ինչը միտում ունի կրկնվելու, քանզի Հայաստանը փորձելու է միշտ ներգրավված լինել տարածաշրջանի ռազմա-քաղաքական եւ տնտեսական ծրագրերում:

Իսկ այժմ էլ այն նորությունը, որ Թուրքիան մոտ ապագայում ծրագրում է դեպի Հայաստան թռիչքներ իրականացնել, լրջորեն բարկացրել է Բաքվին: Ապրիլի 3-ից Երեւան-Վան երթուղով թռիչքներ էին իրականացվելու, սակայն Անկարայի եւ Բաքվի միջեւ հերթական հակասությունը առժամանակ ձգձգում է այն:

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու առթիվ հապշտապ շնորհավորանքը նույնպես Բաքվի համար ոչ հաճելի անակնկալ էր եւ զայրացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:

Բաքվի այսքան ծայրահեղ զգայուն կենսակերպը ապագայում եւս ազդելու է թուրք-հայկական հարաբերությունների հետագա կարգավորման վրա, ինչը դուր չի գալիս գերտերություններին, որոնք արդեն որոշ քաղաքական ճնշումներ են բանեցնում Բաքվի վրա: Հատկապես՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունների շեմին:

Հայ-թուրքական հարաբերությունների վերսկսումը անհանգստացնում է Բաքվին նաեւ այն տեսակետից, որ դատելով Թուրքիայում նոր օրենսդրական նախաձեռնությունից, ինչպես նաեւ օդային ծառայության վերականգնումից, չի բացառվում նաեւ դեպի Հայաստան երկաթգծի վերականգնումը: Եվ՝ ոչ միայն երկաթգծի:

Իսկ «արաբական գարնան» հեղափոխության սկսվելուց ի վեր Բաքուն քաղաքական անորոշության մեջ է հայտնվել: Նախկին սովետական բռնակալական վարչակազմերից շատերը ապահով չեն զգում իրենց եւ ձեռնարկել են բացառիկ միջոցներ սեփական պաշտպանվածության համար: Ըստ որոշ արեւմտյան վերլուծաբանների, Ադրբեջանի եւ Սիրիայի վարչակազմերի համադրությունն ավելի քան ապշեցուցիչ է. «Ե՛վ Ալիեւը, ե՛ւ Ասադը գահը ժառանգել են իրենց հայրերից ու համակարգը դարձրել են դինաստիական բռնակալություն»:

Բաքուն չի աջակցել Սիրիայի ընդդիմությանը, չնայած բազմիցս մեղադրել է Ասադի վարչակազմի՝ քաղաքացիներին որպես ճնշումների թիրախ դարձնելու միտումը: Բայց Ադրբեջանը խախտեց «լռությունը», երբ Հայաստանի իշխանությունները թույլ տվեցին Սիրիայի հայ փախստականներին հաստատվել Արցախի շրջաններում: «Բաքուն ակնհայտորեն շահագրգռված չէ Դամասկոսի վարչակազմը փոխելու հարցում, ինչը նախ եւ առաջ կապացուցի, որ պայքարող մարդիկ ճիշտ են եւ կարող են համառությամբ տապալել բռնակալ վարչակազմը, որը շատ նման է Բաքվի ռեժիմին».- նկատում են վերլուծաբանները:

Իսկ Սիրիայի ընդդիմության հաղթանակը կքաջալերի Ադրբեջանի ընդդիմադիր ուժերին, ինչը նրանց կմղի պայքարելու:

Բաքուն դժգոհ է նաեւ հայ-սիրիական լավ հարաբերություններից, ինչը չի էլ թաքցնում: Տարածաշրջանում առկա է նաեւ սունիների եւ շիաների լայն պառակտում, որը լուրջ սպառնալիք է Ադրբեջանի կայունությանը:

Հաշվի առնելով այս ամենը, նաեւ Բաքու-Թբիլիսի-Անկարա տարածաշրջանային աշխարհաքաղաքական առանցքի վերջին լուրջ բախումները, կարելի է ակնկալել, որ համատեղ նպատակների լուրջ ձախողումները կհագնեցնեն նաեւ տարածաշրջանային նոր ռազմավարական դաշինքների ստեղծմանը: Չբացառելով սա, անհրաժեշտ է նախաձեռնել այլ դաշինքներ: Հատկապես, որ Արեւմուտքը դեռ որոշակի զուգահեռներ է անցկացնում Ադրբեջանի եւ Սիրիայի միջեւ, նաեւ նման տարրեր փնտրելով Ալիեւի եւ Ասադի վարչախմբերում:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 12 (275), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։