- Կձեւավորվի՞ վերջապես բանավեճի մշակույթ…

- Վտանգածին անորոշությունը – ԱԱԾ-ն լռում է, ոստիկանությունը քննում է, ԲՀԿ ղեկավարն ու ՀՅԴ աստվածը պատրաստվում են պատժել…

Կձեւավորվի՞ վերջապես բանավեճի մշակույթ…

Հեռուստաշոուի տարրերով հագեցած նախընտրական բանավեճերը հաճախ վճռորոշ են լինում ամերիկյան ընտրություններում: Իսկ որքանո՞վ են «հեռուստադեբատներն ազդում հայաստանցի ընտրողի քաղաքական նախասիրությունների վրա, դժվար է գնահատել, քանզի նախագահի թեկնածուների միջեւ հաջողված բանավեճի միակ օրինակը հեռավոր 2003-ին է եղել, երբ միմյանց հետ դեմ առ դեմ բանավիճեցին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանը»,- ասել է Հանրային խորհրդի եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, թե վերջին ընտրարշավներից ոչ մեկում մրցակիցների հետ հրապարակային բանավեճ չի եղել: Մենք այդ մշակույթը դեռեւս չունենք. այս կարծիքին են շատերը: Ըստ քաղաքական գործչի, բանավեճի մշակույթի կայացման համար հարկավոր է, որ երկրում ընդդիմությունն ու իշխանությունը պարբերաբար փոխարինեն մեկմեկու: Մեզ մոտ դեռեւս նախադեպ չկա: «Եթե մեկը միշտ ընդդիմություն է լինում, մյուսը՝ իշխանություն, էդ բանավեճից մեծ օգուտ չկա, որովհետեւ ընդդիմադիրը առանց որեւէ պատասխանատվության ցանկացած հայտարարություն կարող է անել, եւ բանավեճի մեջ էլ իշխանության պրոֆեսիոնալիզմը միշտ ավելի բարձր կլինի»,- նշել է Վազգեն Մանուկյանը:

Նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը մասնակցել է վերջին 2 նախագահական ընտրություններին, սակայն միայն 2008-ին են նրա հետ բանավիճել. «Լավագույն դեպքում, իր մրցակիցների ներկայացուցիչները: Սերժ Սարգսյանի կողմից 2008-ին Գալուստ Սահակյանն էր եկել կարծեմ»: Իսկ թե ինչու՞ մեզանում չի կայանում բանավեճի մշակույթը, նա իր բացատրությունն ունի. «Պասկալն ասում էր՝ պետք է հենվել այն բանի վրա, ինչը դիմադրում է: Ցավոք սրտի, մեզ մոտ հենվում են փափուկ բաների վրա: Մեզ մոտ ընդդիմության այցեքարտը դառնում է իշխանությանը հայհոյելը, իշխանությունն էլ վերեւից ասում է՝ ականջդ կքաշեմ»:

 

Կարեն Բալյան

 

Վտանգածին անորոշությունը

ԱԱԾ-ն լռում է, ոստիկանությունը քննում է, ԲՀԿ ղեկավարն ու ՀՅԴ աստվածը պատրաստվում են պատժել

 

Սերժ Սարգսյանի երդմնակալության ժամանակ, երբ նախագահի ժամանելուն րոպեներ էին մնացել, ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը հանկարծակի դուրս է եկել դահլիճից ու սկսել է հեռախոսով խոսել: «Լսում եմ, պարո՛ն նախագահ, տեղյակ չեմ, եթե պետք է, այս պահին ճշտեմ, Ձեզ զեկուցեմ»,- հուզված ձայնով ասել է նա: Այնուհետեւ, ըստ ականատեսների, շփոթված, դողացող ձեռքերով իր հեռախոսը փոխանցել է կողքին կանգնած օգնականին ու ինչ-որ հեռախոսահամար ասել, որպեսզի օգնականն այդ համարով զանգահարի: Թե ի՞նչ էր պատահել, չի հաջողվել պարզել:

ԱԱԾ պետն այնքան է խառնվել, որ լրագրողներին հորդորել է իրեն չխանգարել: Մեծ արագությամբ վերցրել է հեռախոսն ու արագ քայլերով հեռացել՝ դուրս գալով լրագրողների տեսադաշտից:

Եթե դեռ պարզ չէ, թե նախագահն ինչ է հարցրել ԱԱԾ ղեկավարին, ապա ԱԱԾ-ն ինքը չի ցանկանում հիմնավորել «էպոսագետ» նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու որոշումը: Այս գործի շուրջ ԱԱԾ-ն խորհրդավոր լռություն է պահպանում:

Պարույր Հայրիկյանի մահափորձի մեղադրանքով կատարված ձերբակալությունը մնում է հասարակության ուշադրության կենտրոնում, եւ ԱԱԾ-ի կողմից այս գործի հետ կապված լռությունը կասկածներ է սերմանում, թե «էպոսագետը» հայտնվել է քավության նոխազի կարգավիճակում: Անվտանգության աշխատակիցները պնդում են, որ դատավարության գործընթացը սկսելուն պես հանրությունը այդ ամենին կիրազեկվի, եւ նման կասկածելի կարծիքներն էլ կփարատվեն: Իսկ կալանքի երկարացման համար հրապարակավ հիմնավորում տալը ԱԱԾ-ում ճիշտ չեն համարում:

Օրերս Վարդան Օսկանյանը նորից հրավիրվել է ԱԱԾ: «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիրը հիմնադրամին առչնվող քննչական վարույթում քննվող քրգործի շրջանակում հրավիրվել է հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաները վառելիքով լիցքավորելու, լվանալու, ինչպես նաեւ աշխատավարձի վճարման հետ կապված դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու որոշման հետ ծանոթանալու եւ արձանագրություն կազմելու համար: Վերոհիշյալ խնդրի հետ կապված սույն թվականի հունվարի 29-ին հարցաքննվել են հիմնադրամի 2 վարորդները, իսկ փետրվարի սկզբին ԱԱԾ-ն ստուգել է, թե արդյոք հիմնադրամին չպատկանող ավտոմեքենաներում տեղադրված են գազաբալոնային համակարգեր, ինչպես նաեւ այդ ավտոմեքենաների վազքը:

Ինչպես «էպոսագետ» Սեդրակյանի դեպքում, այնպես էլ ԱԺ տարածք ներխուժած եւ կալանավորված 25-ամյա Վրեժ Գալստյանի առողջության մասին տեղեկատվությունը եւս գաղտնի է մնում: Հիշեցնենք, որ նա մարտի 22-ին դանակով ներխուժել էր ԱԺ տարածք, ինչի համար էլ ԱԺ պահպանության ծառայության աշխատակիցը հրազենով վնասազերծել էր նրան: ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը միայն հայտնել է, որ այդ երիտասարդը Նուբարաշենի հոգեբուժարանում է, եւ մանրամասները քննիչներից կարող են ճշտել, իրենք ոչ մի տեղեկություն չեն տալիս: Անհասկանալի է մնում՝ կալանավորվածի հոգեկան հիվանդության վարկածը հաստատվե՞լ է, թե՞ որոշ ժամանակ անց նա կճանաչվի անմեղսունակ՝ մնալով անպատիժ:

Դեռ պարզաբանման կարիք ունի նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի հետ պատահած վթարը: Կատարվածը քաղաքական պատվե՞ր է, թե՞ պատահար. Հայտնի է, որ վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավորը եղել է սթափ վիճակում եւ այժմ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվում է կայուն ծանր վիճակում: Զոհրաբյանի մամուլի ծառայության պատասխանատու Նաիրա Հարությունյանի տարածած հայտարարության մեջ նաեւ նշվում է հետեւյալը. «Իսկ մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը, որը կարող է կապ ունենալ վթարի հետ, ոչ հերքում, ոչ հաստատում ենք»:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարվում է քննություն: Նշենք, որ Զոհրաբյանը 4-րդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր, սակայն վերջերս հայտնի դարձավ, որ նա դադարեցրել է իր անդամակցությունը ՀՀԿ-ին եւ անդամագրվել է ԲՀԿ-ին:

Քաղաքական վիճակը սրելուն միտված արձագանքներ եւս կան: ՀՀԿ-ն արձագանքել է Գագիկ Ծառուկյանին, ով հայտարարել էր. «Եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա ինքը դա դիտարկելու է իր դեմ ուղղված վիրավորանք եւ վիրավորողը իր հետ է գործ ունենալու»: Թե ի՞նչ գործ է լինելու, գուցե հետո իմանանք, իսկ ՀՀԿ-ում դա իրենց ուղղված չեն վերագրում, քանի որ «ՀՀԿ-ն որեւէ մեկին չի նեղացրել ու չի պատրաստվում նեղացնել»,- ասել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ երիտասարդական թեւերի միջեւ հեռակա բանավեճին, նաեւ որոշ դեպքերում ծեծկռտուքին, ապա ԱԺ փոխխոսնակը երկու կողմին էլ ըմբռնումով է մոտենում, քանզի նրանք ուղղակի փորձում են իրենց ղեկավարների շահերը պաշտպանել: Վստահեցրել է, որ իր կուսակից երիտասարդ գործիչները երբեք նախահարձակ չեն լինում. «Դրա կարիքը չունեն ՀՀԿ-ականները, քանի որ մենք ներկայանում ենք մեր արած աշխատանքով: Նախահարձակ լինելով՝ վիրավորանքներ կամ վիրավորական տոն օգտագործում են որպես կանոն այն մարդիկ, որոնք կռվաններ չունեն»:

Հանրային հետաքրքրության շրջանակում է նաեւ Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հուղարկավորության դամբանական խոսքում կոչ արեց մարտական ընկերներին ցուցաբերել զսպվածություն եւ վստահություն հայտնեց, որ ոճրագործները կպատժվեն: «Եթե չպատժվեն, կպատժվեն Աստծո կողմից, եթե Աստված չպատժի, կպատժի Դաշնակցության Աստվածը»,- ասել է նա:

 

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 13 (276), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։