Հայաստանում՝ միանախագահական համակարգ

…երբ նախագահ Սարգսյանը երդվեց, «նախագահ» Հովհաննիսյանը դարձավ քաղաքական դիակ…

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ԱԺ հատուկ նիստը, որտեղ տեղի ունեցավ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության ու պաշտոնի ստանձնման արարողությունը: ԱԺ նախագահն ու փոխնախագահները հատուկ նիստը բացեցին՝ դիմելով ՀՀ նախագահին, Վեհափառ Հայրապետին ու հյուրերին: Սահմանված արարողակարգի համաձայն՝ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հորդորեց ներս բերել ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը: ՀՀ Սահմանադրության մայր օրինակը դահլիճ բերեց ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը (ի դեպ, նախկինում՝ ԲՀԿ-ական): Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վերընտիր նախագահ Սերժ Սարգսյանը աջ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի եւ ՀՀ Սահմանադրության վրա երդվեց. «Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ իփառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի ժողովրդի»:

Խոսքի ավարտից հետո հնչել է ՀՀ պետական օրհներգը:

Նախագահ Սարգսյանի հանդիսավոր երդման եւ պաշտոնի ստանձման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետը եւ նախարարներ, պատգամավորներ, մարզպետեր, պետական կառավարման տարբեր ոլորտների եւ ՏԻՄ ներկայացուցիչներ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտական, մշակութային եւ մարզական ոլորտների ներկայացուցիչներ, ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքների ղեկավարներ, զինվորականներ, հայրենակցական եւ ազատամարտի մասնակից կազմակերպությունների նախագահներ եւ այլք: Մասնակցում էին հավատարմագրված այլ երկրների դեսպաններ (ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններ) ու դիվանագիտական ներկայացուցիչներ, ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ, ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, եվրոպական ու եվրասիական կառույցների պատասխանատուներ, ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի պաշտոնյաներ, պատվիրակություններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Կանադայից, Չեխիայից, Սլովակիայից, Ռումինիայից, Բելգիայից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիսյից, Պորտուգալիայից, Նիդեռլանդներից, Խորվաթիայից, Ալբանիայից, Լատվիսյից, Էստոնիայից, Վիետնամից, Շրի լանկայից, Լիբանանից, Իրանից, Կատարից, Սիրիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ղազախստանից, Թուրքմենստանից, Ղրղզստանից, Կորեայից, Կիպրոսից, Ալժիրից, Արգենտինայից, Ուրուգվայից, Չիլիից, Մեքսիկայից, Ճապոնիայից, Ինդոնեզիայից եւ այլ երկրներից:

Երդման արարողությունից հետո ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը այցելել է Եռաբլուր, ապա մասնակցել նախագահական նստավայրում նախագահի պաշտոնի ստանձնման կապակցությամբ կազմակերպված զորահանդեսին:

Այդ օրը, Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, երկրի վերընտիր նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը: Կառավարության հրաժարականի դիմումը նախագահին ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մինչ կառավարության հրաժարականի դիմումը ներկայացնելը, շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ երկրի ղեկավարի պաշտոնը 2-րդ անգամ ստանձնելու կապակցությամբ եւ ընդգծել, որ իր եւ իր գլխավորած կառավարության, ինչպեսեւ ցանկացած քաղաքական-պետական գործչի համար, մեծ պատասխանատվություն ու երջանկություն է բարձր պաշտոններում ծառայել սեփական ժողովրդին, աշխատել ՀՀ նախագահի հետ: Նշել է, որ համատեղ աշխատանքի անցած տարիներին թիմը նվիրումով է աշխատել եւ փորձել է կատարել նախագահի կողմից իր առջեւ դրված բոլոր հանձնարարականները: «Իհարկե, մենք ունեցել ենք դժվար օրեր, ունեցել ենք ոչ միայն հաջողություններ, այլ նաեւ բացթողումներ ու սխալներ»,-ասել է վարչապետը եւ հույս հայտնել, որ փորձառու նախագահի հետ «մեր պետությունը զարգանալու է, եւ մենք ունենալու ենք նոր վերելքներ ու նոր հաղթանակներ»:

Նախագահն էլ շնորհակալություն է հայտնել հրաժարական ներկայացրած կառավարության անդամներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ նշել, որ «նրանք ակնհայտորեն աշխատել են բարդ պայմաններում, լուծել շատ դեպքերում անհնարին թվացող խնդիրներ, դիմագրավել մարտահրավերները, ինչը պատիվ է բերում, վստահ եմ, որ Հայաստանի նոր կառավարությունը շարունակելով ձեր լավագույն ավանդույթները, անպայման կատարելու է իր առջեւ դրված խնդիրները, իսկ այդ խնդիրները բազմազան են»:

Շատ ընդդիմադիրներ, ովքեր այլեւս հասկանում են, որ անիմաստ է հետեւել ու ինչ-որ բան ակնկալել Րաֆֆի Հովհաննիսյանի «նախագահական քայլերից», այժմ էլ դժգոհել են, թե «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն չպետք է օրհներ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, ու որ վերընտրված նախագահը չպետք է մտնի պատմության մեջ»: Սրան ի պատասխան Նաթան արքեպիսկոպոսը հայտնել է. «Սա պատմության հարց չէ, ի վերջո, կան փաստեր ու կարծիքներ: Ես էլ շատ բաների մասին կարող եմ իմ կարծիքն ունենալ, բայց ոչ ոք չի կարող այդ կարծիքը հաստատել: Որեւէ մեկը, նախ եւ առաջ, կաթողիկոսին իրավունք չունի եւ չի կարող պարտադրել անել այն, ինչը ինքը պետք է անի: Այսօր որեւէ նախագահ ընտրված լինելով՝ կաթողիկոսի առաքելությունն է ու կաթողիկոսի պարտավորությունն է նրան օրհնել»:

Ընդդիմադիրների մի մասն էլ հայտնել է, որ երբ նախագահ Սարգսյանը երդվեց, «նախագահ» Հովհաննիսյանը դարձավ քաղաքական դիակ: Նշվում է նաեւ, որ «հացադուլը թարգելը» եւ հանրահավաքային պայքարը դադարեցնելը պետք է այս ավարտն էլ արձանագրեին: Ինչ կատարվեց Ազատության հրապարակում, ապա Բաղրամյան պողոտայում, ցույց տվեց Րաֆֆիի նպատակների անլրջությունը: Մարդկանց միայնակ՝ դեմ առ դեմ թողնելով ոստիկանության հատուկ ստորաբաժանումների հետ, նա ոստիկանապետի հետ զվարթորեն շրջել է Ծիծեռնակաբերդում, ինչը ամենամեղմ բնորոշմամբ՝ տարօրինակ է ընդդիմության առաջնորդի դերն ստանձնած մարդու համար:

Այսպես երկիրը երկնախագահական համակարգից կրկին վերադարձավ մեկնախագահական համակարգին: Մնում է համակարգը համակարգ դառնա, երկրիը՝ երկիր, մենք էլ բոլորս հայեր՝ հայության շահերին ու նպատակներին ծառայելու պատրաստ:

 

Վահագն Նանյան

 

Հ.Գ – Ընդդիմադիր ուժերից երդմնակալության արարողությանը չմասնակցեցին ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» պատգամավորները, իսկ ահա մեծ թվով ԲՀԿ-ականներ, այնուամենայնիվ, մասնակցեցին: Մեր կանխատեսումն իրականացավ. Գագիկ Ծառուկյանն այս անգամ էլ Հայաստանում չէր…

«Լուսանցք» թիվ 13 (276), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։