Ժողովրդին չառաջնորդեց, բայց հետեւից էլ չգնաց

…ապրիլի 9-ին նա ապացուցեց, որ ժողովրդի հետեւից եւս չի գնալու, քանզի հավաքվածներին թողնելով Բաղրամյան պողոտայում, նա գնաց Ծիծեռնակաբերդ…

Մինչ վերընտրված եւ «ընտրված» նախագահների երդմնակալությունները, Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել էր վարչապետին, ոստիկանության պետին, մարդու իրավունքների պաշտպանին՝ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտելու փաստի մասին, որ «հանուն Նոր Հայաստանի երդմնակալության իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտների է հանդիպում… Ինչը պետք է վերացնել՝ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները իրացնելու համար, իսկ օրինախախտներին պետք է պատասխանատվության ենթարկել»:

Այսպես էր մինչեւ ապրիլի 9-ը, երբ ընդդիմության շուրջ 500 հազար ձայներն ստացած նախագահի նախկին թեկնածուն ավելի շատ սահմանադրական իրավունքներ էր «բանեցնում», քան՝ ավելի քան 800 հազար ձայն ստացած ու վերընտրված նախագահը:

Եվ Ր. Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հավաքված մարդկանց փորձեց տանել Բաղրամյան 26: Մինչ այդ, մի խումբ մարդիկ նախագահականի դիմաց ոստիկանների հետ էին ընդհարվել, ինչին իհարկե պատրաստ էին ոստիկանները, քանզի նախօրոք հայտարարել էին, թե թույլ չեն տալու համապետական արարողությունը վտանգել, եւ երիտասարդ ակտիվիստներ ասված խմբին հետ էին մղել դեպի Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկ: Ոստիկանները շատ կտրուկ են եղել, անգամ կարգը խախտողների ձեռքերն են ոլորել, գետնին տապալել համառներին, նույնիսկ լրագրողների են ստիպել հեռանալ: Բայց հետո հայտարարել են, որ իրենց գործողությունները եղել են իրավաչափ՝ ուղղված անօրինական գործողությունների եւ ցուցաբերած դիմադրության կանխմանը եւ կարգուկանոնի ապահովմանը: Դեպի Բաղրամյան քայլող ժողովուրդը ոստիկանների ուղղությամբ նաեւ քարեր, մոմեր եւ այլ առարկաներ շպրտեց, ինչից հետո էլ տեղի ունեցավ հրմշտոց ու քաշքշուկ: Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ բանակցելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը վերցրել է բարձրախոսն ու դիմել ժողովրդին. «Սերժ Սարգսյանն էլ, վեհափառն էլ պետք է ներողություն խնդրեն ժողովրդից: Զորավար, դուք ասում եք, որ ազգին եք պաշտպանում, բայց այս մարդիկ էլ են ժողովուրդ…», հենց այդ պահին ոստիկանները Հովհաննիսյանին ու Գասպարյանին դուրս են բերել հավաքված մարդկանց միջից: Այսպես Րաֆֆին չհասավ Բաղրամյան 26-ի «իր նստավայր» եւ իր սատարողների հետ Դեմիրճյան ու Սարյան փողոցներով վերադարձան Ազատության հրապարակ:

Ընդդիմադիրները որոշեցին այցելել Ծիծեռնակաբերդ եւ այնտեղ իրականացնել իրենց աղոթքն ու երդումը: Ապրիլի 9-ը պիտի դառնա ընդդիմադիրների եւ ազգային միասնության ու փորձության օրը. հայտարարվեց ցուցարարների շրջանում եւ նշվեց, որ Րաֆֆին մտադիր է իր պայքարը շարունակել մինչեւ հաղթանակ: «Մենք հիմա գնում ենք Բաղրամյան 26՝ լռությամբ, առանց վանկարկելու «Րաֆֆի, նախագահ», միայն՝ «Հայաստան»: Գնում ենք մեր նստավայրը: Հետո կգնանք Ծիծեռնակաբերդ»,- ասել է Րաֆֆին, չնայած պայմանավորվածությանը, որ Բաղրամյան պողոտան չեն արգելափակելու: Տրամաբանական է, որ ոստիկանները թույլ չեն տվել մարդկանց՝ առաջ շարժվել Ազատության հրապարակից:

Ոստիկանությունը պարզաբանեց, որ անշեղորեն շարունակելու են կատարել իրենց լիազորությունների սահմաններում խաղաղ հավաքներին աջակցելու պարտականությունը, բայց «նախագահի նախկին թեկնածու Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներում գնալով ուժգնանում է հակաիրավական, այդ թվում՝ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտումը, որի կենսագործման պայմաններում հավաքների խաղաղ բնույթը՝ կախված իրավիճակի զարգացումից, կդառնա մասամբ կամ ամբողջովին բովանդակազուրկ»: Իսկ այս դեպքերում ոստիկանությունը «պետք է ձեռնամուխ լինի օրենքով սահմանված իր այլ պարտականությունների կատարմանը, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն: Ակնհայտ է, եթե հավաքի կազմակերպիչը կամ առանձին մասնակիցներ, «այլընտրանքային եղանակով իբրեւ թե ստանձնելով Հանրապետության Նախագահի լիազորությունները» փորձելու են կոնկրետ գործողություններով ձեռնամուխ լինել Սահմանադրության 55-րդ հոդվածով Հանրապետության Նախագահին վերապահված լիազորություններ ու դրանից բխող այլ գործողություններ իրականացնելուն, ապա նման հանրորեն վտանգավոր արարքներ կատարողներին ոստիկանությունը հեռացնելու է հավաքի վայրից, ու եթե դա անհնարին լինի հավաքի մասնակիցների մեծ մասի կողմից նման գործողություններին միանալու կամ դրանց հավանություն տալու դեպքում, ապա ոստիկանությունը, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, պետք է դադարեցնի հավաքը, քանի որ այլ կերպ չի կարող արգելափակել հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը»: Նշվել է նաեւ, որ ոստիկանությունը գիտակցում է իր բարձր պատասխանատվությունը՝ աջակցելու իրապես խաղաղ հավաքների բնականոն անցկացմանը, սակայն այդ պատասխանատվությունը իրենց վերաբերող մասով պարտավոր են կրել նաեւ հավաքների կազմակերպիչները եւ մասնակիցները՝ կատարելով օրենքով սահմանված իրենց պարտականությունները: Հակառակ պարագայում՝ անկախ ՀՀ ոստիկանության բոլոր ջանքերից եւ հավաքների մասնակիցների զգալի մեծամասնության խաղաղ մտադրություններից, գործնականում անառարկայական կդառնա նման հավաքների անցկացմանն աջակցելու որեւէ լիազորություն:

Այս ամենից հետո էլ ընդդիմադիրները փորձում են շարունակել իրենց ճանապարհը, ինչը ավարտվում է բախումներով: Ինչին ի պատասխան իրենց հայտարարությունն են տարածել ընդդիմադիրները. «Խստորեն դատապարտում ենք ոստիկանների այս ապօրինի գործողությունը, անհամարժեք եւ ծառայամիտ պահվածքը: Պահանջում ենք դադարեցնել Ազատության հրապարակում տեղի ունենալիք Նոր Հայաստանի երդմնակալության արարողության շուրջ արհեստական լարվածության հրահրումը, որի հետեւանքների համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի ոստիկանության եւ նրա քաղաքական պատվիրատու գործող դե-ֆակտո նախագահի վրա»:

Ոստիկանության Էրեբունու բաժին են տարվել Նախախորհրդարանի անդամներ Եղիա Ներսիսյանն ու Վարդգես Պետրոսյանը եւ «Վարչական իրավախախտումների» մասին օրենսգրքի 182 հոդվածի համաձայն նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն: Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանին եւս բերման են ենթարկել ոստիկանություն, ով նստացույց սկսելու կոչեր է հնչեցրել: Բախումների եւ հրմշտոցների ժամանակ վնասվածք է ստացել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով եւս հայտնվել էր ոստիկանների մոտ, բայց ըստ նրանց, չէին ձերբակալել, «պարզապես խնդիրներ են առաջացել, մենք էլ իր իրավունքները պաշտպանելու համար մի քանի րոպե պահել ենք, մի քանի րոպե մնացել է, մի քիչ հետո կգնա տուն»: Բայց «Ժառանգության» փոխնախագահը հրավիրվել է ոստիկանություն՝ ոստիկանի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ բացատրություն տալու նպատակով:

«Ամեն մեկը ազատ է Սահմանադրությամբ խոսելու, արտահայտվելու: Ես առաջարկում եմ ազգային օրհներգը երգենք»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ու երբ երիտասարդներն սկսել են վանկարկել՝ Ազատ-անկախ Հայաստան, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձագանքել է. «Ազատ անկախ Հայաստանի սիրահարներ, ժողովուրդը քնած է, կամաց խոսեք»:

Ոստիկանապետը ոստիկանների հետ միացել են րաֆֆիականների երթին դեպի Ծիծեռնակաբերդ եւ միասին ծաղիկներ են դրել հուշահամալիրում: Րաֆֆին ծնկի իջած մոմ է վառել, այնուհետեւ, դիմելով երթի մասնակիցներին, հայտարարել է. «Ապրիլի 9-ը մեր ազգային միասնության եւ փորձության օրն է: Մենք ուզեցինք մեկ ակնթարթ գալ եւ չսպասել ապրիլի 24-ին, գալ աղոթելու միասին, մեր հայրենիքի համար, մեր մեղքերը քավելու համար… Մեր հայրենիքից ավելի բարձր, մեր երիտասարդներից ավելի ապագա չկա: Որեւէ պայքար, որեւէ արյուն, որեւէ աթոռ չարժի մեր հայրենիքի ապագան, մեր ազգի միասնությունը: Աստված մեզ միասնություն տա՝ վաղը առավոտ ձեւը, բովանդակությունը գտնելու համար, իրար նկատմամբ ճշմարիտ լինելու համար: Ծնկաչոք խնդրում եմ ձեզանից միասին «Հայր Մեր»-ը եւ օրհներգը հնչեցնելու: Այսօր մեր հայրենակիցները պայքարի մեջ են, ես որքան հասկացա՝ մեր հայրենակիցները Բաղրամյան պողոտայի վրա են, իրենք ուզում են մեր նման լավ հայրենիք ունենան»:

Իր ելույթում նա նաեւ հիշատակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, թեեւ անմիջապես ուղղել իր իսկ խոսքը. «Ես խնդրում եմ ոստիկանին, քաղաքացուն, գործող նախագահին… թեկուզ եւ արդեն գործող չէ եւ սա տեղը չէ դրա համար՝ վաղը բոլորս միասին պիտի լուծում գտնենք մեր երկրի համար: Աղոթում եմ մեր պապերի, մեր երեխաների, պարոն Սարգսյանի, վեհափառի, Բաղրամյանի վրա գտնվող մեր հայրենակիցների համար»: Հետո Հովհաննիսյանն ու Գասպարյանը բոլորի ձայնակցմամբ հնչեցրեցրել են «Հայր Մեր»-ը եւ ՀՀ պետական օրհներգը:

Արդյո՞ք լեզվի սայթաքում է, թե՞ իրականության հետ հաշտեցում Րաֆֆու՝ «գործող նախագահին» դիմելը: Ոմանք կարծում են, թե Րաֆֆին բարդ վիճակում է հայտնվել, եթե շարունակի սրել վիճակը, ապա նոր մարտի 1-ի վտանգն է տեսնում, չշարունակի՝ դավաճան կհռչակվի՝ դրանից բխող բոլոր քաղաքական հետեւանքներով: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը այս առումով նշել է, թե մի քիչ տխուր է. «Ընդհանրապես ակնկալում եմ, որ երկրում քաղաքական խնդիրներ լուծվեն եւ երկիրը նոր իրավիճակում հայտնվի: Որ 5 տարի հետո մենք այնպիսի նախագահական ընտրություններ չունենանք, ինչպիսիք եղել ենք վերջին 3-4 նախագահական ընտրությունները», մենք ներկայացրել ենք մեր առաջարկները, բայց որոշում ընդունողն ինքն է, որովհետեւ ժողովուրդն է որոշել, որ նա պետք է լինի ընդդիմության առաջնորդը: Ցավոք սրտի, ընտրված ուղին ու պայքարի ձեւը չեմ հասկանում»:

Հասկանալու խնդիր չկա, Րաֆֆին վաղուց է հայտարարել, որ ինքը չի առաջնորդելու ժողովրդին եւ գնալու է ժողովրդի հետեւից: Իսկ ապրիլի 9-ին նա ապացուցեց հակառակը, որ ժողովրդի հետեւից եւս չի գնալու, քանզի հավաքվածներին թողնելով Բաղրամյան պողոտայում, նա գնաց Ծիծեռնակաբերդ:

 

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 13 (276), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։