Ազգայինի եսակենտրոն ու ենթակայական թշվառությունը

…իշխանություններն ու ընդդիմությունը միմյանց արժանի են…

Օրվա ընդդիմադիրները շարունակում են դատապարտել «տեղամասերում ընտրախախտումների բացահայտմանն ու կեղծարարներին պատժելուն» միտված իշխանական հայտարարությունները, իբր դրանք «հերթական շոուի մաս են կազմում», չնայած հատուկ քննչական ծառայությունում քննված եւ զննված բողոքների արդյունքները վերջերս ներկայացրեց ԿԸՀ-ն, ինչը բոլորովին Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին չէր խոսում, քանզի նրանից հանվեցին հավելյալ գրանցված որոշակի ձայներ:

Սա իհարկե այն չէր, ինչ սպասում էին ներկա ընդդիմադիրների ճամբարում, եւ զայրացած Րաֆֆին այս անգամ էլ մի նոր բացահայտում արեց հանրահավաքում. «Ինձ ոչ մի նախագահություն պետք չէ, ոչ էլ Սերժ Սարգսյանն է ապրիլի 9-ից հետո լինելու նախագահ… Մեղավորը ես եմ, սուրբը դուք եղե՛ք, Սե՛րժ Սարգսյան, բայց եթե ձեր ձեռքը դրեցիք Սահմանադրության վրա ու երդվեցիք, ինձ հետ գնալու եք դժոխք»:

Այսպես քաղաքական եւ հասարակական ալիքները մտնում են աստվածապաշտական ոլորտ, ինչը վտանգավոր է, քանզի ամեն մի խոսք, յուրաքանչյուր միտք՝ ճիշտ, թե կեղծ ասված, սավառնելով Տիեզերք, վերադառնում է պատասխան բումերանգով, լավ՝ լավին, վատ՝ վատին…

Իսկ Ռիչարդ Հովհաննիսյանի սկանդալային տեսանյութի պատմությունը Րաֆֆիի սրտովը չէր, եւ նա հերքում է անհերքելին, թե իշխանությունները փորձում են հորը վարկաբեկելով՝ իրեն վարկաբեկել: Բայց այն, ինչ ասվել է պատմաբան կոչված Ռիչարդի մասին, վաղուց է ասվել եւ տարիներ առաջ, եւ ոչ թե իշխանությունների, այլ՝ Հայաստանի ու սփյուռքի հայ մտավորականների ու ազգայնականների կողմից: Իսկ իր ստորագրությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը դրել է հակագիտական ու հակահայկական երկհատորյակի տակ՝ որպես խմբագիր, անհերքելի փաստ է:

Ռիչարդը ազգադավ պատմաբան է, անկախ այն բանից՝ Րաֆֆին ընդդիմադիր կլինի, թե՝ երկրի նախագահ…

Իսկ ընդդիմադիրների նշած «իշխանության պատվեր կատարող» «Ժողովուրդ» թերթը հերքելով, թե առաջինն իրենք են խոսել «սկանդալային տեսանյութի» մասին, մի քանի փաստեր է ներկայացրել, ըստ որոնց, Ռիչարդ Հովհաննիսյանի գործունեության բացասական երանգների մասին առաջին հրապարակումն արվել է «Հայկական ժամանակ»-ում (այս թերթի իրական խմբագիր Նիկոլ Փաշինյանն ամբողջ օրը Րաֆֆիի կողքին է, – Ա.Ա.), եւ որ Ռ. Հովհաննիսյանի մասին այդ տեսանյութի պատասխանատվությունը թերթը չի կրում, քանի որ հեղինակը իրենք չեն:

Այսպես՝ հոր հովանավորությունն ստանձնած Րաֆֆին հայտնվեց ազգային մտածողությամբ եւ հայոց պատմագրությունը սրբորեն պաշտպանող մարդկանց թիրախում, եւ սա հաստատ այս ընդդիմադիր շարժման ազգային բնույթի մասին չի խոսում:

Րաֆֆիի որդին՝ Կարինը այլ «նորարարության» դիմեց: Հանրահավաքում ելույթ ունենալիս ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանն իր վրա է վերցրել եւ զգացել ձեր խայտառակ ցավը եւ սերը, այս մարդը, ում շատ հաճախ ծաղրել են իր սիրո համար, ես էլ եմ ծաղրել, այս մարդը, ում հաճախ հեգնել են իր ժպիտի համար, ես էլ եմ հեգնել, բայց նա ժպտացել է: Ու ի վերջո շատերս հասկացանք, ով է այս մարդը, այս ժպտերես զինվորը»: Այնուհետեւ հավելել է. «Այս մարդն այլեւս իմ հայրը չէ, փետրվարի 18-ից արդեն պատկանում է ձեզ, պատկանում է պայքարին, պատկանում է պատմությանը…»: Եվ որպեսզի խոսքերը չընդունեն որպես որդու գովասանք՝ ուղղված հորը, նա ընթերցեց նաեւ Ր. Հովհաննիսյանի պապի նամակը, երբ նա դեռ 10 տարեկան էր: «Վերջին 25 տարիներին այս նամակը միշտ իր գրասեղանին էր: Մայիսի 26, 1970թ.: Սա Գասպար Հովհաննիսյանի վերջին նամակն է իր թոռանը՝ 10 տարեկան Րաֆֆիին: Իզուր չէ, որ քեզ Րաֆֆի անունը դրվեցավ: Կհուսանք, որ մի օր Մասիսի գագաթին հայկական դրոշակը կըպարզվի: Րաֆֆին մեծ վիպագիր էր, իր գրվածքներով Րաֆֆին հայերին մղած էր հեղափոխության թուրքերի դեմ, որ ունենանք պատմական հողերը»…

Չմանրամասնելով, թե քաղաքական գործիչ Րաֆֆին այդ գործերից որոնք է ի կատար ածել, որ թվարկված էին պատմավիպասան Րաֆֆիին ուղղված տողերում, քանզի կատարած գործերը հայտնի են լինում եւ թվարկելու համար պեղելու կարիք չի զգացվում, նշենք միայն, որ տղայի ելույթից հետո հայր Հովհաննիսյանը արցունքները զսպել չկարողացավ:

Եվ Ազատության հրապարակը, որտեղ պիտի սկիզբ դրվեր «Նոր Հայաստանին», այլեւս զբաղված է Հովհաննիսյանների գերդաստանի (ապուպապից սկսած) պատմության կերտմամբ: Սա մեկ բացատրություն ունի՝ օգտվում են առիթից: Այլեւս ակնհայտ է, որ Ր. Հովհաննիսյանը ոչ միայն պատրանքների մեջ է (ինչպես ԵԺԿ նախագահը նշեց Բրյուսելից), այլ հասկանում է, որ անծրագիր ու անհեռանկար պայքարն ավարտին է մոտենում եւ սեփական պատմությունն է հրապարակավ արագընթաց կերտում՝ հուսալով, որ Հայոց պատմության դասագրքերում տեղ կգտնի… Գուցեեւ վստահ լինելով, թե այստեղ էլ պատմաբան հոր՝ Ռ. Հովհաննիսյանի ստորագրությունը կօգնի, որը կհիմնավորվի պապի գրած ու թոռան հրապարակավ ընթերցած նամակով:

Հայ ընտանիքի, հայ ազգի ու հայի երկրի պատմությունը այսկերպ չեն ներկայացնում եւ այսօրինակ ներկայացումները որեւէ կապ չունեն հայի խնդիրների ու դրանց լուծման հետ: Ր. Հովհաննիսյանը ծնողներով ու երեխաներով կգա Ազատության հրապարակ, թե Արմեն Մարտիրոսյանը՝ դուստրերի հետ եւ այլն, դա չի բնորոշում հայի կերպն ու նպատակաուղղվածությունը, ձգտումների ազգային բնույթը:

Այն, ինչ հնչում է հանրահավաքների ամբիոններից, նրանք, ովքեր դա հնչեցնում են, պակաս պատասխանատու չեն երկրի ու ժողովրդի այս վիճակի համար, ինչքան իշխանությունները: Նրանցից շատերը իշխանության մեջ եղել են ու կարող ենք թվարկել, թե ի՜նչ «փառահեղ» նախարարներ ու պաշտոնյաներ են եղել ու ինչքան են լափել ու տռզել… եւ այսօր մարդկանց առաջ ճամարտակելով սրբեր չեն դառնա՝ ինչ ընդդիմադիրի դիմակով էլ հոխորտան:

Այսօր գնդակահարության արժանի լիքը այդպիսի մարդիկ կան եւ՛ իշխանությունների թիմում եւ՛ ընդդիմադիրների, ու կարիք չկա սեփական նկրտումները համազգայինի վերածել, լափածն էլ՝ բարեգործությամբ պարուրել: Միեւնույնն է՝ դրանից ընդդիմության զգալի հատվածը իշխանության մեծամասնությունից չի տարբերվելու, ինչն էլ ակնհայտ է: Եվ սա է ընդդիմադիրների՝ տարիներ շարունակ պարտության պատճառը:

ՀՀ իշխանություններն ու ընդդիմությունը միմյանց արժանի են: Բայց հայ ազգը հաստատ ա՛յլ իշխանության եւ ընդդիմության է արժանի, ինչը դեռ որպես երազանք է դիտարկվում:

 

Արամ Ավետյան

 

Հ.Գ. – Ֆ/բ-ում մի հետաքրքիր նամակ պատահեց այս թեմային առնչվող: Անի Հովհաննիսյանն իր էջում կատարել է հետեւյալ գրառումը. «Ինչ-որ մեկը կարող է նախապապուց նամակ ունենա պահած, որն այդքան թարմ ու պահպանված լինի, ինչպես Րաֆֆու պապու 40 տարվա նամակն էր պահպանվել՝ սիրուն, մաքուր, փայլուն, ճեփ ճերմակ, առանց մի հատիկ ծալքի… Ես՝ լինելով հայերեն լեզվով գրված առաջին երեւակայական ոճի գրքի հեղինակը, նման բան չէի կարող երեւակայել՝ հանել իբր պապու 40 տարվա նամակը, ընտանյոք հանդերձ դուրս գալ բեմ, լսել ինքնագովազդ ու այս ամենի համար պահանջել ամենայուղոտ պատառը… Ինձ արդեն սկսում է թվալ, որ Հայաստանում բոլոր այն մարդիկ, ովքեր երազել են դերասան դառնալ, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, որոշել են ընդդիմադիր դառնալ… Ի դեպ, հաստատ գիտեմ, որ Րաֆֆիական ինչ-որ մեկը կտեսնի այս ստատուսս… փոխանցեք Րաֆֆու որդուն, որ ձեռքը գրպանում դրած խոսելը վկայում է այն մասին, որ տվյալ մարդը ՍՈւՏ է խոսում, սա ես չեմ ասում, այլ աշխարհի մասշտաբով հայտնի ֆիզիգնոմիստները… Խորին հարգանքներով եւ առանց ավելորդ հուզումնառատ բառերի՝ Անի Հովհաննիսյան»:

Համացանցը լիքն է այսօրինակ ցավով: Սա հաստատ ցավ է պատճառում մարդկանց, ովքեր հուսախաբվեցին եւս մեկ անգամ: Հոդվածներ կան նաեւ, որ վերնագրված են. «Րաֆֆու հանրահավաքի թատերականացված եւ «րաֆֆինացված» կողմերը», որոնցում նշվում է. «Րաֆֆիի որդու՝ Կարինի ելույթը մի ոճի մեջ էր, որ երբ նա հայտնեց, թե «Րաֆֆի Հովհաննիսյանն այլեւս իմ հայրը չէ, քանզի փետրվարի 18-ից հետո նա արդեն պատկանում է ձեզ»,- բոլոր այն հավաքվածները, որ հնդկական կինոներ են տեսել եւ Րաֆֆու «Սամվելը» վեպի ազդեցության տակ մեծացել, մի պահ ծառս եղան կրտսեր Հովհաննիսյանի այդ խոսքերից հետո… Նրանց մտքով հազար ու մի բան անցավ: Շատերը կարծում էին, ուր որ է Կարինը գրպանից ոչ թե Րաֆֆու պապիկի նամակն է հանելու, այլ գրող Րաֆֆու հայտնի վեպի հերոս Սամվելի թրի պես մի բան… եւ Սերժ Սարգսյանն իրոք երդվելու է ոչ գրող Րաֆֆու դիակի վրա… սակայն լավ պրծանք: Կարինի գրպանում ծակող–կտրող գործիք չկար: Միայն Գասպարի նամակն էր»:

Անգամ վերլուծվում են Հովհաննիսյանների ընտանիքի անդամների ելույթները, որ եթե «Ռիչարդը եկավ ու ասաց, որ չէր հավատում իշխանությունների կողմից իր որդուն ընտրվելու հնարվորություն տալուն, բայց հիմա ուրախ է, չնայած էլի չի հավատում իշխանություններին եւ պիտի շարունակել պայքարը, ապա Րաֆֆի դեմքի արտահայտություններն ու ձայնի ելեւէջները արդեն հեղափոխականի վճռականությամբ լեցուն դիրքերը զիջել են… նա անգամ ակնհայտորեն զիջում է իր որդու՝ Կարինի խոսքի խրոխտ տոնայնության ու սրտաճմլիկ ձեւակերպումներին»: Իսկ «րաֆֆինացված» հատվածի մասին նշվում է, թե այդտեղ գլխավոր դերերում հանդես եկան իշխանության «ողջախոհ» երիտթեւի մոլի երկրպագուներ նախկին դաշնակցական Ռուբիկ Հակոբյանը եւ ժառանգական Հովսեփ Խուրշուդյանը: «Նրանք այնպիսի անիրական պաշտոններ են նախագահից պահանջում… թե իբր ԱԺ արտահերթ ընտրությունների օրինական ընթացքը երաշխավորեն, այլ ոչ թե ՕԵԿ-ի տեղը զբաղեցնեն»: Մարդկանց նաեւ անհասկանալի է, ինչպե՞ս է Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում Սերժ Սարգսյանին նախագահ կոչել, եթե ոստիկանապետին բացահայտորեն «Զորավար» է կոչում, մի մարդու՝ ում պիտի մեղադրեր ամենաառաջինը, եթե համոզված է, որ ինքն է ընտրվել նախագահ, եւ ոչ թե իրենց նշած, ընտրախախտումներով ընտրված Սերժ Սարգսյանը: Ինչու՞ նա չի պահանջել այդ «Զորավարի»՝ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը, բայց մյուս ուժայիններինը պահանջել է:

Համացանցում շատերն են համոզված, որ ընթանում է բաց եւ հրապարակային առեւտուր, որի վերջը սակայն չի երեւում: Իսկ Րաֆֆիի ապրիլի 9-ի երդումն էլ նրան ի հայտ բերեց ոչ թե նոր Հայաստանում, այլ մի կարգավիճակում, որը նրան կզրկի հետագայում իշխանությունների հետ լուրջ հարաբերություններ հաստատելու, ընդդիմադիրների ոլորտում առաջատարը մնալու եւ միջազգային ասպարեզում վստահելի գործընկեր համարվելու հեռանկարից: Երեւի սա է պատճառը, որ Րաֆֆին մեկնեց Մոսկվա՝ «Պուտինից պատասխան ուզելու»:

Իսկ նրան հայրենիքում արդեն մեղադրում են՝ իր անգործությամբ արտագաղթի հերթական ալիքը խթանողներից մեկը դառնալու համար:

«Լուսանցք» թիվ 13 (276), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։