Անարժեք բառերի հետեւանքը – …Փախչողներն արդեն փախել են:

Պայքարողն ու մաքառողը ես եմ« Առոք-փառոք վերադառնան, հետո էլ ինձ խե՞լք սովորեցնեն»

 

Բառը պատասխանատվություն է ու իրավունք, բայցեւ՝ պատասխանատվությունից խուսափում է ու իրավունքի չարաշահում՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ում բերանից է դուրս գալիս այդ բառը: Բառակույտը հոգնեցնող է, անարժեք բառերի հետեւանքը՝ դատարկություն՝ լավագույն դեպքում: Բառը հնչելուց առաջ պիտի կշռվի, եւ կշեռքն էլ ոսկերչական ճշգրտությամբ պիտի լինի, մանավանդ եթե արտաբերողը առաջնորդ է, առավելեւս՝ երբ հավակնում է ընդդիմադիր դաշտին տիրելուն:

Հիմա ունենք մի իրավիճակ, երբ ականատեսն ենք այն բանի, թե ինչ է լինում առաջնորդի (ի դեպ, այս բառն էլ է չարաշահվում) հետ, երբ բառը շպրտվում է: Առաջնորդը, ցավոք, կորցնում է իր վարկանիշը:

Ինձ հետաքրքրում էր, թե ապրիլի 9-ին ինչ է երդվելու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիասթափությունս վերջնական էր, երբ նա ոչ թե երդում կերավ (հայերենի զգացողությանը հարազատ), այլ՝ երդման տեքստ կարդաց: Չպիտի կարդար. նա պետական-պաշտոնական արարողակարգ չէր անում, պիտի ինքնաբուխ ու մտածվա երդվեր:

Ինչեւէ, երդման տեքստը կարդաց, ու ի՜նչ ասաց, որ «չի ճանաչելու այսօրվա ղեկավարներին», «չի հնազանդվելու անօրեն հրամաններին»:

Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչպե՞ս է ապրելու, ամեն քայլ, որ անում են ինքն ու իր կինը, առնչվում է այս կամ այն օրենքին, հայտարարելու է դրանք անօրեն ու չի՞ ենթարկվելու: Առավելեւս՝ երբ նրա հետ տեքստը կրկնել են հրապարակում հավաքվածները: Նշանակում է՝ կամ երդմանը հավատարիմ՝ չեն կարողանալու ապրել, քանզի չեն ընդունում գործող օրենքները, կամ էլ երդմնազանց են լինելու, ինչն առավել հավանական է:

Կամ՝ ի՜նչ է նշանակում՝ երդվելու ենք «մեր պապերի երազանքով», որ «Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը»: Թե հայրենիքը Արարատի շուքի ներքո է, ուրեմն՝ խոսքը Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքի մասին է: Ի՜նչ է, մեր պապերի երազանքի հայրենիքը այս մոտավորապես 30 հազ քառ. կմ տարա՞ծքն էր:

Կամ՝ ի՜նչ է նշանակում՝ «որտեղից չեն փախչում մեր քույրերն ու եղբայրները»: Փախչողներն արդեն փախել են: Պայքարողն ու մաքառողը ես եմ, որ ամեն ինչ անում եմ դիմանալու, չվհատվելու եւ ՀՀ-ում մնալու համար, որպեսզի իմ հայրենիքի այս փոքրիկ հատվածը երկիր ու ազգային պետություն դառնա, որը եւ ի նպաստ կլինի մեր պապերի երազած հայրենիքի վերակերտմանը: Հիմա՝ ես ամբողջ օրը շան քթից ջուր խմեմ, պայքարեմ, որ իմ հայրենիքի իմ բաժնեչափը ստեղծեմ, որ փախչողները առոք-փառոք վերադառնան, հետո էլ ինձ խե՞լք սովորեցնեն:

Կամ՝ ի՜նչ է նշանակում՝ պայքարելու ենք աղոթքով: Հստակեցնել է պետք՝ պայքարելու՞ են, թե՞ աղոթելու են: Ընդհանրապես հայերիս ճակատագրում պայքարն ու աղոթքը հականիշներ են: Մենք կամ պայքարել ու հաղթել ենք, կամ՝ աղոթել ու պարտվել: Դատելով մեր հայրենիքի՝ մեզ բաժին հասած հատվածից, վերջինս լիառատ է եղել: Կամ՝ այդ ի՜նչ ճիգով է պայքարի կոչ անում. թշնամու՞ դեմ է դուրս եկել: Իսկ երբ գա թշնամու դեմ դուրս գալու պահը, կպայքարե՞ն այսօր երկրի ներսում պայքարի կոչ անողները, թե՞ կփախչեն երկրից՝ սպասելով մինչեւ այստեղ մնացողները հաղթեն ու փախչող «քույրերին ու եղբայրներին» վերադառնալ խնդրեն:

Այնպես որ, Ձեզ առաջնորդներ համարողներ, մի՛ շահարկեք բառը:

Մի՛ փչացրեք բառը:

Մի՛ արժեզրկեք բառը:

Հետեւանքը սին տարածությունն է, որի մեջ հայտնվողը հենց դուք եք:

Եվ վերջում՝ հայտնվում եք, հայտնվեք, քարը ձեր գլխովը, պարզապես ձեր ամեն քայլից առաջ մի՛ խոսեք ազգի անունից, որ դատարկության մեջ հայտնվելուց հետո ավելի ծիծաղելի չլինեք:

 

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 13 (276), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։