Ո՞վ պետք է լինի մեր վարչապետը – 10 գործոններ, որոնք անպայման պետք է հաշվի առնվեն

- Նոր կառավարությունը կբերի՞ նոր կոալիցիա․

Նախագահ Սերժ Սարգսյանը երդվեց, վարչապետը ներկայացրեց կառավարության հրաժարականը: Կձեւավորվի նոր կառավարություն: Թե ինչպես կաշխատի հերթական գործադիր իշխանությունը, մեծապես պայմանավորված կլինի վարչապետի անձով: Ուզենք, թե ոչ, մենք անհատականությունների ազգ ենք, եւ այս կամ այն համակարգի աշխատանքի որակը կախված է համակարգի ղեկավարից:

Ըստ այդմ, որպեսզի մեր երկրի տնտեսությունն իրապես առաջընթաց ապրի, այնպիսին, որ զգան նաեւ շարքային քաղաքացիները, հարկ է, որ վարչապետի ընտրությունը ճիշտ լինի: Ընդ որում, գործնական կարողություններից զատ պիտի կարեւորվեն նաեւ նրա անձնային հատկանիշները ու՝ ոչ միայն:

Ըստ այդմ, ո՞վ պետք է լինի մեր վարչապետը: Կարող ենք նշել մի քանի գործոններ, որոնք, մեր համոզմամբ, ամենակարեւորն են:

1. ՀՀ վարչապետը պետք է լինի մարդ, ով սիրում է մեր երկիրը ոչ հենց այնպես, այլ՝ ճանաչելով, գիտի նրա ամեն շրջանը, գյուղը, մարդուն, նրա ապրումներն ու ցանկությունները: Գիտի այնքան, որ կհասկանա՝ որտեղ ում եւ ինչ խորհուրդ տալ՝ առանց անուղղակիորեն վիրավորելու գյուղացուն, քաղաքաբնակին, կհասկանա՝ ինչպես օգնել պայքարող տեսակին ու հանձնվողին, վաղվա օրվան հավատացողին ու «հատակում» գտնվողին: Ու կսիրի բոլորին, կսիրի անխտիր, որովհետեւ բոլորին կհամարի իրենը, բայց եւ ամբոխահաճ չլինելու ուժ կունենա:

2. ՀՀ վարչապետը պետք է լինի մարդ, ով ազգային տնտեսության մեկնարկի հիմքը կդնի ու կբացատրի, որ «ազգային տնտեսություն» ասվածը բնավ չի ենթադրում, թե ազատական տնտեսահարաբերություններ չեն լինելու, մասնավոր տնտեսություն չի լինելու, ներդրողներ ու մրցակցություն չեն լինելու: Ով շատ խիստ կլինի բոլոր նրանց հետ, ովքեր ազատական տնտեսահարաբերությունը վայրենիության վերածելով ու գերշահույթներ ստանալով՝ դանդաղեցնում են երկրի առաջընթացը:

3. ՀՀ վարչապետը պետք է լինի մարդ, ում լեզվամտածողությունը հայերեն է:

4. ՀՀ վարչապետը պետք է լինի մարդ, ում երբեւէ կուսակցականի պիտակ չի կպել (նույնիսկ եթե կուսակցական է կամ եղել է), մարդ, ով կգործի ի օգուտ երկրի, այլ ոչ թե կուսակցության շահի համար:

5. ՀՀ վարչապետը պետք է լինի մարդ, ով որեւէ երկրի ազդեցության գործակալ չէ:

6. ՀՀ վարչապետը պետք է լինի մարդ, ով չի համարվի միջազգային այս կամ այն կառույցի սիրեցյալը:

7. ՀՀ վարչապետը պետք է լինի մարդ, ով կբարելավի մեր կրթակարգը, այլ ոչ թե կխրախուսի արտերկրում սովորելը:

8. ՀՀ վարչապետը պետք է լինի մարդ, ով սրա կամ նրա «տանիքի» շնորհիվ ապրողի համարում չի ունենա, որ հետո տանիքի քանդվելուց ինքն էլ չքանդվի՝ քանդելով:

9. ՀՀ վարչապետը պետք է լինի մարդ, ով գործնական կարողություններով ոչ թե կառավարիչ է, այլ՝ համակարգաստեղծ կառավարիչ՝ ոլորտի օրենսդրական, գործառնական, հսկողական քայլերը նախաձեռնողի, կիրառողի ու վերահսկողի ունակություններ ու փորձ ունեցող:

10. ՀՀ վարչապետը պետք է լինի մարդ, ով կկարողանա մշակել ու նախաձեռնել պետականաշեն ծրագրեր եւ հիմնավորելով ընդդիմանալ արտաքին այն ճնշումներին, որոնք թույլ չեն տա մեզ իրագործելու այդ ծրագրերը:

 

«Լուսանցք» շաբաթաթերթ

 

Հ.Գ.- Մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, խմբագրությունը պատրաստ է ընդունել զանգեր՝ յուրօրինակ փոքրիկ սոցհարցման նկատառումով՝ հասկանալու համար, թե մեր երկրի քաղաքացիները ում կուզեն տեսնել գործադիր իշխանության ղեկավարի աթոռին: Հետո մենք կամփոփենք այդ զանգերը եւ համապատասխան տեղեկատվություն կտրամադրենք մեր ընթերցողներին:

 

Նոր կառավարությունը կբերի՞ նոր կոալիցիա

Ժամանակավոր կառավարությունը սովորական ռիթմով երեկ գումարեց իր հերթական նիստը: Նախարարների փոփոխության խնդրով որեւէ մեկը որեւէ բան չի խոսել, բոլորն էլ սպասողական վիճակում են: Չնայած խոսք կա, որ նախագահը երդմնակալությունից հետո 10-օրյա ժամկետում կնշանակի նոր վարչապետ, ով էլ կներկայացնի կառավարության նոր կազմը:

Տեսակետ էլ կա, որ կառավարության վերջնական կազմը հայտնի կլինի Երեւանի ավագանու ընտրություններից հետո:

Խորհրդարանում եւս ներքին քննարկումներ են լինում, եւ ՀՀԿ-ականներից ոմանք ասում են, որ հնարավոր է նույնիսկ նոր կառավարությունը բոլորովին նոր ծրագիր բերի, իրենք պայմանավորված չհաստատեն այն՝ ժամանակ շահելու նպատակով: Իսկ այդ ընթացքում մայրաքաղաքի ավագանու ընտրությունները կավարտվեն եւ քաղաքական ուժերի վիճակն ու հարաբերակցությունը վերջնականապես հստակ կդառնա:

Այստեղից էլ կբխի նոր կառավարության կազմը:

 

«Լուսանցք» թիվ 13 (276), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։