ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՍՈՒՄ

ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՍՈՒՄ

Սայթաքումները շատ են, սայթաքողները` անհամար,
Սայթաքողները ճամփա են ելնում գայթելով,
որովհետև չեն քայլում, որովհետև կույր են
ու չեն զանազանում քայլերը սայթաքումներից:
Ու չի երևում նրանց` ուղին իրենց ընթացքի,
դրա համար լացը շատ է,
ընկնողների թվի շատության պատճառով`
ողբն ավելի:
Ես ձեզ խնդրում եմ` ձեր իսկ համար,
մի’ մտեք Ձմեռվա իշխանությունը հանպատրաստից.
դուք ձե’ր գարունն եք ուզում ապրեցնել Ձմեռվա մեջ:
Ձեր անմտությունն է տանում գարունը դեպի Ձմեռ,
որովհետև հաշվի չեք նստում Ձմեռվա ցրտաշնչության հետ:
Նրա ամեն մի շունչը ցրտաշունչ`
գարուն կսառեցնի իր մեջ` ճերմակ եղյամ կապելով:
Ու ծաղկաբույլերը ձեր նորաբողբոջ կսառչեն,
կդառնան սառցե ծաղկունք ու կփչանան սառույցի մեջ ճշմարտախոս:
Եվ դուք էլ կդառնաք սառցե արձաններ`
ձե’ր ծնած գարնան հնարանքներով:
Գարուն մի’ բերեք ժամանակից շուտ` որպես ծնունդը ձեր իմացության,
թե չէ կվիժեք այն Ձմեռվա իմաստության ճանապարհներում:      
Առաջ մի ընկեք Սկզբից, որ չմոլորվեք,
որ ձեր ծնելիք գարունը չսպանի Ձմեռը ծնող,
որովհետև Ինքն է ծնելու ձեր գարունը,
դու’ք չեք ծնել Ձմեռը, որ հիմա էլ գարուն ծնեք:
Մինչև ձեր գարունը չծնվի նրանից,
Ով որ ծնել է սկզբում Ձմեռը, հետո` Գարունը,
դուք կդառնաք անմիտներ, որ ուզում են
երկրագունդը մոտեցնել արևին ավելի`
որպեսզի իրենց գարունը թագավորի:
Չի’ թագավորի ձեր գարունը,
որովհետև չեք կարող փոխել երկրագնդի շավիղը:
Ուրեմն անմտություն մի գործեք Նրա երկրի վրա,
որի Ձմեռն է հիմա:
Ես ձեզ ասում եմ`
թողեք, որ լինի ամեն ինչը իր ժամանակին
և մի շտապեցրեք ձեր գարնան պատկերացումները`
կյանքի վերածելու վազքով:
Դուք Ժամանակը չգիտեք,
 որովհետև ժամանակին չեք հասկանում:
Անժամանակ եք սկսում ու անժամանակ վախճանվում`
անժամանակ վախճանելով նրանց ու ամենը,
ովքեր կույր համբերությամբ համբերում են
ձեր աճապարանքները մոլեռանդության:
Փոքրամարմին մեծամիտնե~ր,
Ժամանակին չհամբերողնե~ր,
Սուտը ճշմարտության տեղ քարոզողներ,
անարդար դատավորներ:
Բայց միևնույն է`
դատվողներ` արդարության դատարաններում,
որը Ձմեռվա ատյանն է,
այլ ոչ թե ձեր հորինած գարնան:
Միևնույն է`Ձմեռը 
Ձմռանն է լինելու և Գարունը` գարնանը:
Եթե կհամբերեք դրան գիտակցորեն`
որ ծնվի ձեր մեջ էլ այն ի’ր ժամանակին,
կներվեք Մեծ Ժամանակից`
ընդգրկվելով իր մեջ` որպես իր Ձմեռը,
ըրպեսզի հետո հոսեք դեպի իր Գարունը`
ծաղկունքը դառնալու իր արարած,
որը մահ չի ճաշակում,
այլ կյանքն է շարունակում Մեծ Ժամանակի:
Ու սոսկ անմտություններն են մեռնում նրա մեջ,
ոչ թե` անմիտները:
Արթնացեք ձեր մահվան քնից.
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՍՈՒՄ.

Սեյրան Զաքարյան


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։