Տիր Աստված ունեցող հայը չէր կարող անտառաճանաչ լինել (Հայոց տառեր՝ Բոլիվիայի հնագույն գտածոներում)… Գառնու պատմական կամրջի ոդիսականը…

- Տիր Աստված ունեցող հայը չէր կարող անտառաճանաչ լինել – Ասորա-հունական աղոթքներն ու գրքերը այլեւս ցանկալի չէին հայերի համար, ինչը վտանգում էր Հայաստան ներխուժած հուդա-քրիստոնեական կրոնի ապագան…

- Գառնու պատմական կամրջի ոդիսականը

Տիր Աստված ունեցող հայը չէր կարող անտառաճանաչ լինել -

Հայ արիները մշտապես խոսել են հնագույն մշակութային արժեքների նախնական ծագման եւ դրանց՝ Մարդկության Արարման Օրրան Հայք-Հայաստանից տարածվելու մասին:

Հարավային Ամերիկայում, Բոլիվիայում, հնագույն գտածոների հետ նաեւ շուրջ 5500 տարվա վաղեմության մի կավե անոթ կա պահված, որի վրա հայերեն տառերի առկայությունը խոսում է դրա ծագման մասին:

Համացանցում մի հարցազրույց է հրապարակվել, փաստագրական տեսանյութ, այդ տառերն առաջինը նկատած Մայր Աթոռի հայորդաց տների տեսուչ-տնօրեն հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ:

«Նյութը, որը շատ հետաքրքիր է, իմ լավ բարեկամ Ալեքսան Գրիգորյանի հետ համացանցում գտած բոլիվիական փաստագրական մի տեսանյութ է, որի բուն նպատակը հնագիտական, հնէաբանական եւ այլ փաստերով, մարդու՝ կապիկից առաջացման դարվինյան տեսակետը մերժելն է եւ հերքելը: Այդ տեսանյութում ներկայացված են աշխարհի այս կամ այն ծայրում հայտնաբերված տարաբնույթ գտածոներ փաստեր, տեղեկություններ: Ուշագրավ էր Բոլիվիայի Պոկոթիա շրջանում գտնված Բոլիվիայի պետական թանգարանում պահվող մի անոթ, որը, չգիտես ինչու, ներկայացվում էր այսպես, «…հնարավոր է, որ շումերա-աքադական ­է» (ի՞նչ կա զարմանալու, Կոմիտա՜ս վարդապետ, հայ ազգային (հեթանոսական) ամեն բան էլ քրիստոնեական եկեղեցին կա՜մ աղճատված ներկայացնում է որպես հուդա-քրիստոնեական կա՜մ հունական, ասորական եւ այլն… անգամ դավադիր փորձ արվեց Հայ Աստվածներին հունաասորացնել,- Քուրմ Արմոգ): Անոթի ներսը, որ կարծես կավե գոգավորություն լինի, պատված է սեպագիր արձանագրություններով: Սակայն, երբ անոթի հետնամասն էր ցուցադրվում, այնտեղ, ի զարմանս ինձ, շատ պարզ ու հստակ երեւացին մի շարք հայերեն տառեր է, Հ,Ձ,Չ,Ղ, Դ,3,Ո,Ռ,Ց եւ մի քանի խաչ (հավասարաթեւ-արիական, ոչ՝ քրիստոնեական,- Քուրմ Արմոգ): Բառեր եւ բառակապակցություններ չկան, բայց առկա են հայոց գրերը»,- նշել է Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Սա եւս մի անառարկելի հավաստումն է այն իրողության, որ հայոց մշակույթը, հավատն ու արժեհամակարգը նախնական են, ինչպես հայն ու նրա բնօրրանը:

Սա նաեւ հավաստումն է այն անհերքելի ճշմարտության, որ հայ գրերը, հայ խոսքն ու արվեստը նախնական ժամանակներից են գալիս: Երբ հայ արիները հիմնավորում եւ պնդում են, որ Իմաստության ու դպրության (գիր-գրականության) Տիր Աստված ունեցող հայը չէր կարող անտառաճանաչ լինել եւ միայն Մեսրոպ Մաշտոցի ժամանակներում այբուբեն ու գիր ստեղծել, թերքարժեքության բարդույթով տառապող «հայը» եւ կրոնախեղ ծառայամիտը փորձում են անառարկելին հեքիաթի վերածել:

Մեսրոպ Մաշտոցի հայանվեր ու հայրենանվեր գործը ոչ ոք չի ուրանում, բայց նա պարզապես վերհառնել է (ինչպես նրա աշակերտ Կորյունն է վկայում) կորսվածը (եւ հազար փա՜ռք իրեն), բայց հիմքեր կան մտածելու, որ եկեղեցու պատասխանատուների կողմից մասամբ թաքցրածը ստիպված էին Մաշտոցին տրամադրել՝ Հայաստանյայց (Հայաստան այցելած առաքելական եկեղեցին (այսինքն՝ Հայ եկեղեցի ասվածը հայաստանյան պատկանելություն չունի)) եկեղեցու փրկության համար, քանի որ, ինչպես ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն է նշել, եկեղեցու կրոնական սպասավորների ասորա-հունական աղոթքներն ու գրքերը այլեւս ցանկալի չէին հայերի համար, ինչը վտանգում էր նրանց՝ Հայաստան ներխուժած հուդա-քրիստոնեական կրոնի ապագան…

Հայ արիադավան-հեթանոսները միշտ են նշել, որ հայոց պատմական արժեքները, հավատի տոնացույցներն ու ծեսերը, գիր-գրականությունն ու այլ արժեքներ հուդա-քրիստոնյաները ոչնչացրել են կամ թաքցրել, հայոց հավատի տաճարներն էլ ավերել են ու տեղում եկեղեցիներ կառուցել: Ցավոք, թաքցրած արժեքներն էլ արդեն վերջին դարերում ոչնչացրել են օտար բռնազավթիչները, եւ այսօր հայն իր արժեհամակարգը փնտրում է ամենուր: Այն առկա է ինչպես Հարավային կամ Հյուսիսային Ամերիկաներում (ինկերի, մայաների, ացտեկների կամ այլոց մոտ) կամ Եվրոպայում (բասկերի, բավարացիների, բրետոնների եւ այլոց մոտ), այնպես էլ Ասիայում, Աֆրիկայում, թե Ավստրալիայում:

Հնեաբանական պեղումները Հայաստանում դեռ շա՛տ պարզաբանումներ ի դերեւ կհանեն, ինչը հետզհետե այդպես էլ լինելու է՝ Տիեզերական Գարնան ազդեցությանը եւ Հայոց Հավատի վերականգնմանը զուգահեռ……

Քուրմ Արմոգ

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչ

Գառնու կամրջի ոդիսականը -

Բազմաթիվ ահազանգերի մեջ եւս մեկը հնչեց, երբ բնապահպանները հայտնեցին, թե «Հայաստանի պատմամշակութային հուշարձանների թիվը մեկով նվազեց՝ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած «վերականգնման» հետեւանքով, որպես հուշարձան՝ վերացավ Գառնու 11-13 դդ. միջնադարյան կամուրջը: Դա եղավ համապատասխան մարմինների անփութության, ոչ թափանցիկ գործելաոճի, կատարվող աշխատանքների անբավարար վերահսկողության, հանրային հաշվետվողականության փաստացի բացակայության, գուցե նաեւ որոշ կոռուպցիոն հանգամանքների առկայության պայմաններում»: Մշակույթի նախարարությունը, ըստ բնապահպանների, «մոռացել» է, որ դարերի ընթացքում կուտակված պատմամշակութային ժառանգությունն ունի միայն մեկ տեր՝ հայ ժողովուրդը:

Ազատ գետի վրա Գառնիի միջնադարյան կամրջի վերականգնողական 3-րդ փուլի աշխատանքներն ընթացքի մեջ են եւ այն կավարտվի սահմանված ժամկետում.- ասել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ հանդիպմանը: Հայ-ամերիկյան մշակութային համագործակցությունը շարունակվում է եւ մշակույթի նախարարությունը հուշարձանի վերականգնման ու ամրակայման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով դեռ 2011թ. ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամին էր ներկայացրել համապատասխան ծրագիր, որն արժանացել էր հավանության եւ կնքվել համագործակցության հուշագիր:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 14 (277), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։