Վտանգավոր միջազգային ջրբաժանները… Եվրաինտեգրու՞մ, թե՞ Եվրասիական միություն – Երեւանն ամեն գնով կշարունակի փոխլրացումային քաղաքականությունը…

- Վտանգավոր միջազգային ջրբաժանները

…ինչը եւս կարող է դառնալ արտաքին մարտահրավեր Մոսկվայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ հարաբերություններում…

- Եվրաինտեգրու՞մ, թե՞ Եվրասիական միություն

…թելադրում են Երեւանին՝ ամեն գնով շարունակել արտաքին փոխլրացումային քաղաքականությունը…

Վտանգավոր միջազգային ջրբաժանները

Ոչ միայն Կովկասյան տարածաշրջանը, այլեւ Արաբական ու Կորեական թերակղզիները հղի են վտանգավոր ծավալումներով, եւ հայկական երկու պետությունները պարտավոր են ամրապնդել ոչ միայն իրենց ռազմա-տնտեսական հզորությունը, այլեւ ռազմա-քաղաքական համագործակցությունը եւ դրա հիմնավորումը միջազգային ասպարեզում:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին, քննարկվել են ինչպես հայ-ադրբեջանական սահմանային գոտում հակառակորդի խախտումներին առնչվող, այնպես էլ տարածաշրջանային հարցեր: Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ ՊՆ Մովսես Հակոբյանը, ում հետ քննարկվել է բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք խնդիրներ:

Հայաստանի եւ Արցախի միջեւ պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման կարեւոր նախապայմաններից է, ինչը չեն կարող հերքել նաեւ միջազգային դիտորդները, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ովքեր պարբերաբար դիտարկումներ են անում սահմանային գոտիներում:

Իսկ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները, 2013թ. աշխատանքային պլանի համաձայն, այցելել են մեր ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Այցին մասնակցել են ՀՀ-ում Իրանի, Չինաստանի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Ուկրաինայի, Հունաստանի, Ղազախստանի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Ռումինիայի եւ Ֆրանսիայի ռազմական կցորդները: Այցի սկզբում ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետը ռազմական կցորդներին է ներկայացրել համառոտ տեղեկություններ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների վերաբերյալ: Ռազմական կցորդներն այցելել են Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ եւ Եղվարդի ռազմական գործարան: Հյուրերը հնարավորություն են ստացել շրջելու ձեռնարկությունների տարածքում՝ առավել մանրամասն ծանոթանալով դրանց գործունեությանն ու արտադրանքի տեսականուն:

Հայկական զինուժի պատրաստվածության եւ կամային հատկանիշների մասին միշտ են խոսել, անգամ ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի պատասխանատուները դա չեն հերքել: Սա վստահություն է ներշնչում, որ հայկական ռազմուժը առավել արագ կյուրացնի ժամանակակից բոլոր պահանջներն ու նկատառումները: Այս ամենը լավ են գիտակցում նաեւ թուրքական ու ադրբեջանական հակառակորդները եւ ամեն քայլի դիմում են հայկական կողմին սադրանքների մղելու համար: Վերջերս նաեւ փորձ եղավ Հայաստանին ներգրավվել զենք  մատակարարող երկրների ցանկում: Մեր ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով՝ հրապարակումներ եղան, որ «Լիբիայի դեմ պատժամիջոցների հարցով աշխատանքային խումբը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրած զեկույցում նշում է, թե Հայաստանը զենք է մատակարարել Լիբիա՝ չնայած գործող պատժամիջոցներին: Բայց Լիբիային նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձեւի համաձայն, ստեղծված փորձագետների խմբի փետրվարի 15-ի զեկույցում չկա նման ձեւակերպում, թե իբր մեր երկրից զենք է մատակարարվել Լիբիա եւ, առհասարակ, որեւիցե մեղադրանք Հայաստանի նկատմամբ բացակայում ­է»: Զեկույցում նշված են Լիբիա ռազմական նշանակության ապրանքների տեղափոխման հետ առնչություն ունեցող, տարբեր՝ այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում գրանցված մի շարք մասնավոր ընկերություններ: Այդ շարքում հիշատակվում են նաեւ հայաստանյան գրանցում ունեցող 2 ընկերություն: Երեւանը, ի պատասխան փորձագետների խմբի հարցման, ամբողջական ու սպառիչ տեղեկատվություն է տրամադրել վերոհիշյալ ընկերությունների եւ դրանց գործունեության մասին:

ՌԴ ռազմավարական գործընկեր Հայաստանը նաեւ ԱՄՆ պետյուջեից է օժանդակություն ստանում: Բայց Օբամայի վարչակազմը 2014թ. բյուջեում կրճատել է Հայաստանին եւ ամբողջ տարածաշրջանին հատկացվող օգնությունը: Սակայն պահպանվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական օգնության հավասարությունը: Առավելապես կրճատվել է Եվրասիային ու Կենտրոնական Ասիայի երկրներին հատկացվող օգնությունը:

Հաշվի առնելով Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակվող շրջափակումը եւ տարածաշրջանի անվտանգության սպառնալիքները Ադրբեջանի՝ Հայաստանի ու Արցախի դեմ արվող պաշտոնական եւ շարունակական ռազմատենչ հայտարարությունները, ԱՄՆ-ի Հայկական համագումարը կոչ է արել Կոնգրեսին հաշվի առնել այս հարցերը եւ Հայաստանին հատկացնել առնվազն 50 մլն. դոլարի օգնություն: ԱՄՆ աջակցությունը հիմնական հոդվածներով պահպանվել է, բայց նախորդ տարվա համեմատ Պետքարտուղարության եւ USAID-ի ընդհանուր բյուջեն կրճատվել է 6%-ով: ԱՄՆ վարչակազմի առաջարկի համաձայն Հայաստանին առաջարվող օգնության ծավալը կազմել է 30,843 մլն. դոլար՝ նախորդ տարվա 36.608 մլն. դոլար առաջարկի դիմաց:

Այնուհանդերձ ԱՄՆ վարչակազմի կողմից առաջարված 30,843 մլն. թիվը ենթակա է փոփոխության, քանի որ այն դեռ պետք է անցնի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի մի շարք օղակներով:

Փաստացի, Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնությունը նախորդ տարվա առաջարկի համեմատ նվազել է 2,5 մլն. դոլարով, կամ 9%-ով: Ինչ վերաբերվում է առողջապահության, ինչպես նաեւ չտարածման եւ ահաբեկչության դեմ պայքարի, ականազերծման եւ հարակից ոլորտների ծրագրերին, ապա ընթացիկ տարում դրանցով օգնություն չի նախատեսվել Հարավային Կովկասի երկրների համար: Մյուս ծրագրերում ֆինանսավորումը մնացել է անփոփոխ:

Որպես կանոն վարչակազմն իր նախագծում Լեռնային Ղարաբաղին օգնություն չի նախատեսում, չնայած տարիներ շարունակ այն առաջարկվում է Կոնգրեսի կողմից:

Իսկ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանձնառությունը՝ շարունակելու բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ. «Նախարարների սպասվող հանդիպումը նպատակաուղղված է լինելու բանակցությունների վերսկսմանը: Համանախագահները բազում հանդիպումներ են կազմակերպել՝ փորձելով կողմերի հետ քննարկումներով գտնել փոխշահավետ լուծում: Սակայն, եթե չլիներ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների պատրաստակամությունը՝ շարունակելու բանակցությունները, համանախագահների ջանքերը իզուր կանցնեի­ն»: Սակայն, հստակ չէ՝ որտեղ եւ ինչ ժամկետներում տեղի կունենա հանդիպումը:

Ըստ որոշ վերլուծաբանների, եթե Մոսկվան Հայաստանին պարտադրի միանալ Մաքսային Միությանը, ապա դա ջրբաժան կլինի «ղարաբաղյան հարցի կարգավորման գործու­մ»:

Պուտինյան Եվրասիական Միությունը, դեռ չձեւավորված, լուրջ խնդիրներ է հարուցում Հայաստանի՝ Եվրոպայի Միության հետ համագործակցության առումով, ինչը եւս կարող է դառնալ արտաքին մարտահրավեր Մոսկվայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ հարաբերություններում:

Հայկ Թորգոմյան

 *  *  *

 Եվրաինտեգրու՞մ, թե՞ Եվրասիական միություն

«Հայաստան. աշխարհաքաղաքական եւ ինտեգրացիոն հեռանկարնե­ր» համաժողովի ժամանակ քաղաքագետ Կարեն Բեքարյանն ասել է. «Հայաստանում ձեւավորվել է ունիկալ մի իրավիճակ, որը կարելի է տեսնել ուղղակի քարտեզին նայելով եւ նկատի ունենալով Հայաստանի հարաբերությունները հարեւան պետությունների հետ, նաեւ վերջիններիս հարաբերությունները գերտերությունների հետ»: Նրա խոսքով, օրինակ, եվրոպացիների սրտով չէ, որ Հայաստանը ձգտում է դեպի եվրասիական միություն: Իսկ ռուսներին էլ դուրս չի գալիս, որ Հայաստանը եվրաինտեգրման է ձգտում:

Ինչ-որ բան ընտրելը Հայաստանի համար վտանգավոր ճանապարհ է: Պետք է հաշվի առնել նաեւ, որ մենք չունենք ծովային հաղորդակցություն: Եվ այն հարցը՝ շարունակելու ենք եվրաինտեգրումը, թե, ի վերջո, ստիպված ենք ընտրել եվրասիական միությունը, հնչելու է ավելի ուժգին:

Բայց նաեւ պետք է հասկանալ, թե ի՞նչ են այս ուղղությունները տալու Հայաստանին: Եվրասիական Միությունը, ըստ փորձագետների, դեռեւս թեորիա է, անհրաժեշտ է մանրամասնորեն հասկանալ, թե ինչ է դրված այս գործընթացի հիմքում եւ ինչ է այն տալու Հայաստանին: Բայց այն անտեսել չի կարելի, ինչպես Եվրոպական Միությունը: Ամեն դեպքում ցանկացած գործընթացի տրամաբանության մեջ պետք է տեղավորվի այն հանգամանքը, որ Հայաստանն ունի փակ սահմաններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, իսկ Վրաստանի եւ Իրանի հետ ճանապարհները խիստ վստահելի չեն: Առաջին դեպքում վրացական կողմի՝ թյուրքական եղբայրության հետ խաղերի, երկրորդ դեպքում՝ Իրանի նկատմամբ միջազգային հնարավոր ճնշումների պատճառով: Եվ հենց այս իրավիճակներն էլ թելադրում են Երեւանին՝ ամեն գնով շարունակել արտաքին փոխլրացումային քաղաքականությունը, ինչը թերեւս կերաշխավորի Հայաստանի հարաբերությունները բոլոր գերկողմերի հետ:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 14 (277), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։