– Պատերազմ, որ կվտանգի 5 մլրդ. մարդու կյանք – Կորեական հակամարտություն…
– Թեհրանը բանակցում եւ պատրաստվում է…
– Ահաբեկչությու՞ն, թե՞ պատասխան հարված – ԱՄՆ-ն ինչպես պատժում, այնպես էլ պատժվում է…
Պատերազմ, որ կվտանգի 5 մլրդ. մարդու կյանք
Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը երկրի արեւելյան ափերին տեղակայել է «Մուսուդան» տեսակի միջին հեռահարության բալիստիկ հրթիռ: Փորձագետների գնահատմամբ, հրթիռի տեղակայումը վկայում է կամ դրա մոտալուտ արձակման մասին կամ ընդամենը ուժի ցուցադրության նշան է: Մոտ 3 հզ. կմ հեռահարություն ունեցող հրթիռն ի զորու է ծածկել Հարավային Կորեայի ամբողջ տարածքն ու Ճապոնիայից որոշ հատվածներ: Բացառված չէ, որ դրանք կարող են հասնել Խաղաղ օվկիանոսում գտնվող ամերիկյան Գուամ կղզի:
Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, թե առաջիկայում Գուամ կզում տեղակայվելու է «THAAD» հակահրթիռային պաշտպանության շարժական համակարգ, իսկ կղզու ափերին հերթապահություն են իրականացնելու զենիթահրթիռային համակարգերով հագեցած 2 ավիակիր, որոնք արդեն ժամանել են տարածաշրջան: Ամերիկյան կողմի ձեռնարկած անվտանգության միջոցառումները հետեւել են ԿԺԴՀ-ի ղեկավարության սպառնալիքներին՝ երկրի հրթիռային ներուժը ամերիկյան ռազմաբազաների վրա ուղղելու մասին: Հարավային Կորեայում կարծում են, թե բալիստիկ հրթիռի արձակումը Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր է կայանա ապրիլի կեսերին, երբ երկրում նշվում է հանրապետության հիմնադիր ղեկավար Քիմ Իր Սենի ծննդյան տարելիցը:
«Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակն անհավանական է եւ աբսուրդային, հարկավոր է ներդնել բոլոր ջանքերը պատերազմից խուսափելու համար»,- կարծում է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն, ով շատ քիչ է հանդես գալիս միջազգային հարցերի շուրջ: Նրա խոսքով՝ Կարիբյան ճգնաժամից հետո ամենավտանգավոր միջուկային սպառնալիքներից մեկը կորեականն է, այդ աշխարհագրական տարածքում ապրում է աշխարհի 7 մլրդ. բնակչությունից 5 մլրդ.-ն: Եթե այնտեղ պատերազմ սկսվի, ապա թերակղզու 2 մասերի ժողովուրդները կզոհաբերվեն, իսկ ռազմական գործողությունները կազդեն մոլորակի բնակչության ավելի քան 70%-ի վրա: Ըստ Կաստրոյի, Կուբան եւ ԿԺԴՀ-ն միշտ էլ եղել են բարեկամներ ու կմնան ապագայում:
Շատերն են նշում, որ պատերազմից խուսափելու պարտավորությունը նաեւ Սպիտակ տան ղեկավարի ու ԱՄՆ ժողովրդի վրա է, այլապես նախագահ Օբաման կարող է դառնալ ԱՄՆ պատմության ամենազարհուրելի կերպարը: Կորեական թերակղզում 1950թ. արդեն պատերազմ եղել է, որը միլիոնավոր մարդկանց կյանք է խլել: Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Հարրի Թրումենը թույլ չի տվել գեներալ Դուգլաս Մակարթուրին ատոմային զենք կիրառել:
Պենտագոնը նախ կասկածի տակ էր դրել ԿԺԴՀ-ի միջուկային մարտագլխիկներ տիրապետելու մասին տեղեկատվությունը, ապա նշվել է, թե ամենայն հավանականությամբ, հաջողվել է բալիստիկ հրթիռների համար կոմպակտ միջուկային մարտալիցք ստեղծել: Ավելի վաղ ԿԺԴՀ-ի միջուկային հնարավորությունների վերաբերյալ կասկածներ էին հնչեցրել նաեւ Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի իշխանությունները:
Թերակղզում իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ ի պատասխան ՄԱԿ-ի ԱԽ հաստատած պատժամիջոցների խստացմանը, ԿԺԴՀ-ն հայտարարել էր իր բալիստիկ հրթիռներն ամերիկյան եւ հարավկորեական տարածքների վրա ուղղելու, Սեուլի հետ չհարձակման մասին պակտից դուրս գալու եւ արտերկրյա քաղաքացիներին երկիրը լքելու մասին զգուշացումներից հետո: Դրանից հետո տարածաշրջանում նկատվել էին զինտեխնիայի կուտակումներ, ինչը հետուխուզական ծառայություններին ստիպել էր ենթադրել, որ Հյուսիսային Կորերան պատերազմական գործողությունների է պատրաստվում:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պաշտոնական այցով մեկնել է Չինաստան, որտեղ այդ երկրի իշխանությունների հետ քննարկել է ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը եւ համոզել է Պեկինին՝ իր ազդեցությամբ Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը ստիպել մեղմել պատերազմական հռետորաբանությունն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում նա հայտարարել է, թե Հյուսիսային Կորեան մեծ սխալ թույլ կտա, եթե արձակի իր միջին հեռահարության հրթիռներից մեկը:
Կորեական ժողովրդական բանակի բարձրագույն ղեկավարությունը Հարավային Կորեային նաեւ վերջնագիր է ներկայացրել, որում ասվում է՝ եթե հարավ-կորեական իշխանություններն ուզում են երկխոսությունը կայանա, ապա Սեուլը պետք է ԿԺԴՀ-ի արժանապատվությունը խոցած գործողությունների համար ներողություն խնդրի: Այս հայտարարությունն արվել է, երբ Հյուսիսային Կորեայում տոնում էին ամենակարեւոր ազգային տոնը՝ Արեւի օրը կամ Կիմ Իր Սենի ծնունդը: Նրա թոռը՝ Կիմ Չեն Ինը վերջին շաբաթների ընթացքում առաջին անգամ ներկայացել է հասարակությանն ու մասնակցել զինվորական շքերթին, որն այս տարի ավելի համեստ է եղել, քան սովորաբար, քանի որ տեխնիկայի մեծ մասը ռազմական հերթափոխի է եղել:
Արտակ Հայոցյան
Բանակցում եւ պատրաստվում են
Ղազախստանի Ալմաթի քաղաքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ բանակցություններ վարող Իրանի պատվիրակության անդամներն երկկողմ հանդիպումներ են ունեցել միջազգային միջնորդների հետ:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին հանդիպել է ԵՄ արտաքին հարցերով բարձրագուն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ, իսկ նրա տեղակալ Ալի Բաղիրին քննարկումներ է ունեցել Ֆրանսիայի ներկայացուցչի հետ:
Այս բանակցության ընթացքում Իրանի զինված ուժերը Պարսից ծոցում՝ ցամաքից ծով թռչող նոր բալիստիկ հրթիռ են փորձարկել:
Պաշտոնական Թեհրանը խոսելով նոր բալիստիկ հրթիռի հնարավորությունների մասին՝ կարեւորել է փորձարկումները եւ հայտնել, որ այն ունակ է բարձր արագությամբ խոցել հակառակորդի ռազմանավը:
Եվ իզուր չէ, որ հրթիռի փորձարկման ժամանակ հակառակորդների ռազմանավերը հետ էին քաշվել Իրանի սահմանների մոտակայքից:
Կարեն Բալյան
Ահաբեկչությու՞ն, թե՞ պատասխան հարված
Բոստոնում, մարաթոնի մրցումների ժամանակ տեղի է ունեցել 2 ուժգին պայթյուն, որի հետեւանքով զոհվել է 4 (նշվում է նաեւ՝ 12) մարդ, վնասվածքներ են ստացել մոտ 150-ը, որից 10-ը՝ երեխաներ, սակայն ընդհանուր տուժածների թիվն ավելի շատ է:
Դեպքի վայր ժամանած փրկարար ծառայությունների աշխատողները արյունով պատված փողոցներից տուժածներին տեղափոխում էին շարժական հիվանդանոց, որ պատրաստվել էր մարաթոնի ուժաթափ մասնակիցներին օգնելու համար: Պայթյունները եղել են այն բանից հետո, երբ մարաթոնի 27 հզ. մասնակիցներից առաջինները սկսել են հատել եզրափակիչ գիծը: Հնչել է նաեւ 3-րդ պայթյունը՝ Ջոն Քենեդիի անվան գրադարանի մոտ: Նախնական տվյալներով կազմակերպիչը Սաուդյան Արաբիայից է, ով նույնպես վիրավոր է եւ գտնվում է հիվանդանոցում: ԱՄՆ ԿՀՎ-ն միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչություն: Նախագահ Օբաման հրահանգել է երկրում մտցնել անվտանգության ուժեղացված ռեժիմ եւ հայտարարել է, թե իշխանություններն ամեն դեպքում կգտնեն ու կպատժեն պայթյունների կազմակերպիչներին եւ «այդ անձիք կամ խմբերն իրենց վրա կզգան օրենքի ողջ ծանրությունը»:
Նշվում է, որ սա վերջին 11 տարվա կտրվածքով ԱՄՆ-ում կատարված ամենազանգվածային ահաբեկչական գործողությունն է: Բացի Սաուդյան Արաբիայից, կան էլի «շահագրգիռ» կողմեր՝ Իրանից, Սիրիայից, Լիբիայից, Իրաքից, ԿԺԴՀ-ից, Աֆղանստանից, Սերբիայից… Գուցե ռուս-չեչենական ահաբեկչությունների մեկ այլ տարբերա՞կ է:
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 14 (277), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



