«Դաբրոներ» ստացողների եւ իշխել ցանկացողների երկիր Հայաստա՜նս
…Բա եթե հանկարծ հաղթի «Բարեւ»-ի թեկնածուն, ապա ու՞մ հետ է «բարեւագիր» ձեւակերպվելու, ո՞ր պետության ղեկավարին է «բարեւաքաղաքապետը» ենթարկվելու, «չընտրված» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՞, թե՞ ՌԴ-ի, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի նախագահներից մեկի…
Արդեն խոսվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մասին, որին «Ժառանգության» կարկառուն դեմքերի փոխարեն մասնակցել են նաեւ Րաֆֆիի որդին ու կինը: Երեւի սա էր պատճառը, որ պաշտոնապես հայտնեցին, թե այցը մասնավոր է եղել: Այսինքն՝ «ընտանեկան» հեղափոխական ալիքը այս դեպքում միտում ունի վերածվելու «ընտանեկան» քաղաքական ալիքի: Ինչեւէ, այս իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ Րաֆֆին մշտապես ընկալվել է որպես ամերիկյան ուղղվածության գործիչ ու, ահա, մեկնել էր Մոսկվա:
Ո՞ւմ հետ է հանդիպել եւ ո՞վ է կազմակերպել այցը, մութ է: Այստեղից այլ հարց է ծագում, իսկ այցի ընթացքում հանդիպումներ եղե՞լ են առհասարակ, թե՞ սա քաղաքական մի խորամանկ խաղ ու քայլ էր՝ հեռահար նպատակներով: Այսինքն՝ Արեւմուտքը պիտի հասկանա, որ կկորցնի Րաֆֆիին, ով կարող է «որդեգրել» ռուսական ուղղությունը, Հայաստանում էլ կմտածեն, թե վերջապես Վլադիմիր Վլադիմիրովիչը լսեց հայ ընդդիմության ձայնը Ազատության հրապարակից եւ հասկացավ ու ընդունեց Րաֆֆիի նախագահական հաղթանակը:
Մոսկովյան որոշ աղբյուրներ հայտնել են, որ Ր. Հովհաննիսյանը պաշտոնական կամ քաղաքական որեւէ հանդիպում չի ունեցել: Անգամ հստակ նշվել է, որ ՌԴ նախագահի աշխատակազմից որեւէ մեկը չի ընդունել նրան: Եվ որպեսզի ընդդիմության ներկայացուցչի այցը անիմաստ չավարտվի, միջամտել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւ գուցե ինչ-որ մարդկանց հետ հանդիպում է կազմակերպել:
Ամենակարեւորը՝ Հովհաննիսյանն իր այցով փորձել է ցույց տալ ՌԴ իշխանությանը, որ իր հետ եւս կարող են աշխատել: Սա դուր չի եկել այն ընդդիմադիրներին, ովքեր հակառուսական տրամադրվածություն ունեն: Նրանք արագ արձագանքեցին ֆ/բ-ի իրենց էջերում, որ Րաֆֆիի այցը Մոսկվա «նմանվել է այն «դաբրոներ» ստացողների եւ ստրկամիտների այցերին, որոնց մասին քամահրանքով խոսել են հենց ընդդիմադիրները»:
«Չհանդիպեցի ՌԴ նախագահի հետ: Սա մասնավոր այց էր, եւ վստահ եմ, որ առիթ կլինի նորից գնալ ՌԴ, ԱՄն եւ Եվրոպա ու հայ ժողովրդի պայքարը տանել բոլոր մայրաքաղաքները»,- Մոսկվայից վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարել է «Ժառանգության» ղեկավարը՝ հավելելով, թե Մոսկվա գնալը համապատասխանում էր հետընտրական զարգացումներին, բայց կապված չէր:
Այն հարցին, թե հաղթանակ բերե՞լ է իր հետ Մոսկվայից, հնչել է պատասխան. «Ես ասել եմ, որ ցանկացած տեղ՝ Ռուսաստան, Եվրոպա, Օբամայի մոտ, պատրաստ եմ գնալ՝ ժողովրդի հաղթանակը տանելու եւ հետ բերելու համար: Սա երկարատեւ գործընթաց է, եւ որեւէ մեկը թող պատրանք չունենար, որ մի երթով կլուծվեր: Ով ուզում է տանել մեր պայքարը դեպի արյուն, ես չեմ թույլատրել ու չեմ թույլատրելու՝ ոչ իշխանության եւ ոչ էլ իշխանությունների համար ծառայող որեւէ սադրիչի կամ պատեհապաշտի, ժողովրդի պայքարն ու հաղթանակը օգտագործել թույլ չեմ տալու: Դրա համար վերջին հանդիպման ժամանակ ասացի՝ պատրաստ եմ տանել պայքարը տրամաբանական ավարտ առաջին հերթին Հայաստանում, բայց եւ տանել հաղթանակը այլ երկրներ»:
Այսինքն՝ Րաֆֆիի մոսկովյան այցը Արեւմուտքի «գարնանային կամ արաբական հեղափոխությունների» օրինակով «հայկական բարեւահեղափոխությունների» արտահանու՞մն է ազդարարել: Երեւի շուտով Մոսկվայում, Վաշինգտոնում ու Բրյուսելում, ինչպես Երեւանում, կբացվեն «Բարեւահեղափոխական» գրասենյակներ:
Րաֆֆիի «շատ գոհ եմ» խոսքից հետո ֆ/բ-ականները հարց են ուղղել. «Ի՞նչ է նշանակում, օրինակ, Պուտինին այցելելով ՙհետ բերել հայ ժողովրդի հաղթանակը: Պուտինը, որն, ի դեպ, այդ պահին Ուլան-Ուդեում էր, պետք է գրավոր հավաստիացներ, որ սխալվե՞լ է, եւ ՀՀ իրական նախագահը Հովհաննիսյա՞նն է»: Ժամանակը չէ՞ հրաժարվել մշուշոտ, պոետիկ ձեւակերպումներից, փոխաբերական, խորհրդանշական իմաստներից եւ խոսել ավելի պարզ, հասկանալի լեզվով,- խորհուրդ են տալիս համացանցում՝ նշյալ հարցից անմիջապես հետո:
Այնպես որ, «ժառանգության» անդամների այն հավաստիացումները, թե Ր. Հովհաննիսյանը այն մարդը չէ, որ հենց այնպես հասնի Մոսկվա, կգա եւ անպայման կտա հարցերի պատասխանները, այդպես էլ բարի ցանկություն մնացին: Բարին էլ երեւի «Բարեւի» հետ կապ ունի…
Այս ամենին ավելի քմծիծաղով արձագանքեցին ընդդիմադիր ուժերը, քան՝ իշխանավորները:
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը հասկացրեցին, որ որեւէ միասնություն չի լինի «Ժառանգության» հետ Երեւանի ավագանու ընտրություններում, ավելին՝ ՀԱԿ-ը մյուս երկու ուժերին առաջարկել է ստեղծել ընտրությունները վերահսկելու միասնական խումբ:
«Նախագահի ընտրությունների էջը փակված է»,- ասել է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով հետընտրական քայլերի այս փորձերը անիմաստ է համարել, իրենց չմիանալու հիմնավորումն էլ բացատրել է «Ժառանգության» ղեկավարի անհաստատ եւ անհեռանկար քայլերով պայմանավորված: Նշել է, որ ազդեցիկ հանրահավաքներ էլ չեն կայանա:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այս ձեւակերպումից բարկացել է եւ ՀԱԿ պատգամավորին, ով նաեւ ՍԴՀԿ ատենապետն է, «պարզագույն սուտասան է» որակել: Հետաքրքիր է նաեւ, որ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը նույնիսկ չի իմացել, որ իր ղեկավարը Մոսկվա է մեկնում: Եվ սա եզակի դեպք չէ: Ինչեւէ, այս խոսակցություններից հետո լուր սպրդեց, թե Մոսկվայում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային եւ արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավարի՝ Վլադիմիր Չեռնովի հետ, բայց Արմեն Մարտիրոսյանը դրան էլ է արձագանքել. «Դեռ մենք փոքր մարդ ենք, չենք իմանում, ով ում հետ է հանդիպել, իրենք ավելի տեղեկացված են»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո այլեւս ոչ մի ուժ չի փորձում անդրադառնալ հետընտրական թեմաներին, բացի «Ժառանգությունից», եւ Րաֆֆին ամոթանք է տվել «իրենց քաղաքական «վոժդ» համարողներին», նշել է, որ իրենք չեն ճանաչում եւ չեն ընդունում «այդ կեղծ երդումը եւ կեղծ օրհնությունը, եւ կեղծ ընտրությունը որ կատարվել է»:
Հիմա, թե ինչպես են ապրելու եւ շփվելու կեղծ իշխանությունների ու նաեւ «իրենց քաղաքական «վոժդ» համարող» ընդդիմադիրների հետ, չենք պատկերացնում: Այս դեպքում ի՞նչ իմաստ ուներ նման իշխանություն-ընդդիմություն ունենալու պարագայում մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրությանը: Բա եթե հանկարծ հաղթի «Բարեւ»-ի թեկնածուն, ապա ու՞մ հետ է «բարեւագիր» ձեւակերպվելու, ո՞ր պետության ղեկավարին է «բարեւաքաղաքապետը» ենթարկվելու, «չընտրված» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՞, թե՞ ՌԴ-ի, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի նախագահներից մեկի…
Իսկ ո՞ր երկրների ընդդիմադիր ուժերին է նկատելու եւ նրանց հետ համագործակցելու «Ժառանգությունը», երբ ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը զայրացել է, որ ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում ՀԱԿ-ի ակտիվիստներին չեն նկատել, ինչը ողորմելի քայլ է: Ի պատասխան՝ Րաֆֆին ամոթանք է տվել ՀԱԿ ներկայացուցչին ողորմելի բառի համար, բայց նշել է, որ գուցեեւ չեն նկատել:
Այս չնկատելու քաղաքականությունը արդեն ընդդիմադիր գրանցում է ստացել եւ, ինչպես նշեցինք, մյուս խորհրդարանական ընդդիմադիրները չեն նկատում ժառանգականներին: Անգամ լուրեր սպրդեցին, թե ՀՅԴ-ն հնարավոր է շրջանառության մեջ դնի Րաֆֆիի անցյալից որոշ մանրամասներ եւ թերթերից մեկը գրեց, որ «վերջերս, ինչպես վկայում են ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրները, Դաշնակցության ղեկավարները հաճախ վերհիշում են այն շրջանը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորում էր ՀՅԴ երիտասարդական կառույցը Կալիֆորնիայում: Դա 1980-ականներին էր, եւ ՀՅԴ ղեկավարները զարմանքով հիշատակում են այն հանգամանքը, որ այդ տարիներին Կալիֆորնիան եղել է աշխարհի միակ տեղը, ուր լիովին տապալվել են ԱՍԱԼԱ-ի ծրագրերը: Բացառված չէ, որ առաջիկայում «Բարեւ, Երեւան» դաշինքից ձայներ խլելու համար ՀՅԴ-ի «պասով» հրապարակային շրջանառության մեջ դրվեն ինչպես այդ դրվագի, այնպես էլ Րաֆֆիի անցյալի այլ՝ իրեն պատիվ չբերող մանրամասները»:
Ինչ մնում է Րաֆֆիի երդմանը չմասնակցելու ընդդիմադիրների բացատրությանը, ապա դրանք նույն բնույթի են եւ պարզ: ՀՅԴ ղեկավարներից Արմեն Ռուստամյանը նշել է. «Ապրիլի 9-ին երդման մեկ արարողություն է տեղի ունեցել, որին չենք մասնակցել, դա Սերժ Սարգսյանի երդմնակալությունն էր: Րաֆֆի Հովհաննիսյանն այդ օրը քաղաքացիների հետ որպես քաղաքացի էր երդվում»,- հետո հավելել է, որ այդ օրը ժողովուրդը բաժանվել էր 3 մասի եւ ոչինչ չէր հասկացվում: Նրա խոսքերով՝ ժողովուրդը ապրիլի 9-ին Օպերայի բակում չէր եկել լսելու բարոյախրատական ելույթ. «Մարդիկ ուզում են իրական փոփոխություններ եւ վերաբերմունք քաղաքական բնույթի: Մարդիկ երդվեցին, որ այսօրվանից օրինապաշտ քաղաքացին են եւ վերջ»:
Այս առումով կոշտ խոսակցություն է եղել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ու «Սարդարապատ» շարժման նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանի միջեւ: Րաֆֆին դժգոհել է, որ իր կողքը մարդ կանգնած չի եղել ապրիլի 9-ի երեկոյան, իսկ Ժիրայրը հակադարձել է. «Դու հայտարարել էիր, որ չպետք է գնայիր Բաղրամյան, ինչո՞ւ գնացիր»: «ժողովուրդն էր պահանջում»,- ասել է Րաֆֆին: Զրույցին խառնվել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ ասել, որ սրանից հետո պետք է նախօրոք ասել, թե ինչ է արվելու, որպեսզի յուրաքանչյուրն իր համար որոշի՝ կողմնակի՞ց է դրան, թե՞ ոչ: Ժիրայրն ու Նիկոլը Րաֆֆիին ասել են, որ եթե ինքը գնում է ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ, ուրեմն իրենք ճամփա չունեն միասին անցնելու: Այսօրինակ զրույցները շուտով կդադարեն, քանի որ Երեւանի ավանագու ընտրությունների ավարտից հետո ամեն ուժ հստակ կորոշի իր անելիքը, տեղն ու դերը քաղաքական դաշտում:
Երեւի միակ քաղաքական ուժը, որ դեռ վատ չի վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանին, ՀՀԿ-ն է: «Ընդդիմության որպես տեսակ Րաֆֆին մեկ քայլ առաջ է,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանը,- հայրենասեր է, ուզում է Հայաստանի համար ինչ-որ բան անել»: Պատգամավոր Սամվել Նիկոյանի տպավորությամբ էլ Րաֆֆին խաղաղ, ազնիվ, պարկեշտ ընդդիմադիր է, պարզապես այդ մարդուց ժողովուրդը կտրուկ գործողություններ է պահանջում. «Եթե ուշադրություն դարձնեք նրա քարոզչությանը, նրա խոսքին, ապա նրա բավականին խաղաղության գիծը միշտ զգացվում է»: Մեկ այլ ՀՀԿ-ական՝ Կարինե Աճեմյանը նույնպես համաձայն է խաղաղասիրական ձեւակերպմանը. «Րաֆֆին ժողովրդին կրակի բերան տանող չէ, մնում է, որ աշխատի իշխանության հետ»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համարում է, որ Րաֆֆին հասավ նրան, որ Հայաստանում ընդդիմություն ունենալու համար պետք է սկսել զրոյից. «Կարծում եմ, ինքը գնաց ինքնաոչնչացման ճանապարհով»:
Այնուամենայնիվ, քաղաքական դաշտի գերակշիռ մասը կարծում է, որ ընդդիմադիր շարժման նոր հանգրվանը լինելու է առանց Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդության: Նա չկարողացավ հանրային դժգոհության աստիճանին համապատասխան ռազմավարություն մշակել, ինչը ուղղակիորեն բերեց նրա վարկանիշի անկման: Ոմանք անգամ այսպիսի ճակատագիր են գուշակում. «Ժառանգությունը» շուտով կդառնա ընդդիմության մի կցորդ, ինչպիսի կցորդ է ՕԵԿ-ը՝ ՀՀԿ-ի համար:
Բայց «Ժառանգությունը» այդպես չի մտածում եւ կուսակցության ղեկավարը հայտարարել է. «Նոր Հայաստանի քաղաքացիներ, ինձ հետ հավասար երդում տված հայ մարդիկ, քաղաքացիներ, ոչ մեկը իրավունք չունի մեզ ծաղրելու: Երբեք դավաճան բառը չեմ օգտագործում, բայց ով դեմ կանգնեց ժողովրդին, ժողովուրդը չի ներելու»: Նրա ֆեյսբուքյան էջը նաեւ հայտարարություն է տարածել, որի միջոցով կոչ է անում բոլորին համախմբվել. «Վախը հաղթահարած ժողովուրդ իմ հպարտ, իմացեք հստակ եւ ընդմիշտ, որ այս աշխարհում, հայրենի սրբավայր հողում՝ դուք եք աղբյուրը, ակունքը եւ երաշխավորը իշխանության, հիմքը պետության եւ դատավորը վերջին: Այնպես որ, գալդ բարի Հայաստան, գալդ բարի ժողովուրդ անվախ, ժողովուրդ վսեմ եւ ժողովուրդ ազատ՚:
Սա այլեւս նման է մի հանրահայտ ձեւակերպման, որ մեկի մասին խոսելիս հաճախ նշում են որպես նրա ՙկարապի երգ»:
Նոր Հայաստան մեզ՝ հայերիս, իհարկե անհրաժեշտ է, բայց բոլորովին նոր ու ազգային Սահմանադրությամբ, հայաբնույթ ու հայաշունչ Օրենքներով, ազգային եւ անկաշառ իշխանական ու ընդդիմադիր քաղաքական ոլորտներով, հայեցի մտածողությամբ բնակչությամբ, որը ժողովրդից ազգի վերածվելու ճանապարհը կբռնի:
Վերջում՝ միշտ պետք է կասկածել այն գործչին, ով մշտապես խոսում է ժողովրդի անունից:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 14 (277), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



