Նույն գետը չի կարելի երկու անգամ մտնել – Իսկ «հին ու բարի ժամանակները» օրենքով պատժվե՞լ են
…թե չի բացառվում, որ նախկին ՀՀՇ-ական եւ ՀԱԿ-ական, նաեւ նախկին «Ազատդեմոկրատական» Արարատ Զուրաբյանը խոսի նոր ՀՀՇ-ի (կամ՝ հնի) ստեղծման հնարավորության մասին: Եվ ահա, չի բացառվում, որ «ՄԻ-96»-ի նախագահ Ռուբեն Թորոսյանն էլ կփորձի նոր ՀԱԿ-ի (կամ՝ հնի) ստեղծումն իրականացնել…
…Բայց իրականում մտահոգություն եւ վախ է եղել, որ գաղտնի քվեարկության դեպքում ցուցակը չի հաստատվի…
Անսպառ զարմացնելու կարողությամբ են օժտված ընդդիմադիր դաշտի նավթալինիզացված որոշ ընդդիմադիրներ: ՀԱԿ կարկառուն որոշ դեմքեր անխնա կրկնում են, թե իշխանության համար անցանկալի ու վտանգավոր է այն, ինչը առողջ է, վարկաբեկված չէ, չի փչացվել, չի գնվել: Բայց ասենք, որ այսօր ՀԱԿ-ական լինելը թույլ չի տալիս նախկին ՀՀՇ-ականներին «իրենց տարիներին» ապականածը շղարշելու հերթական փորձերն անել: Ի՞նչ մնաց այդ տարիներին առողջ, չվարկաբեկված ու չգնված… որ այսօր դեռ դրանց մասին խոսվում է:
Միայն սահմանափակ քանակությամբ մարդիկ մնացին առողջ, չվարկաբեկված, չփչացած ու չծախված, ովքեր այսօր էլ այդ կարգավիճակում են: Մնացյալը, ինչպեսեւ երկրի կայքն ու գույքը ՀՀՇ-ական տարիներից գնվել, հետո էլ փոխանցվելով գնվում են իշխանությունից իշխանություն: Նոր բան չկա, ինչպես ասում են՝ այդ նորը այն հնի կրկնությունն է պարզապես: Դերերը նույնն են՝ դերակատարների որոշակի փոփոխությամբ:
Լեւոն Տեր-Պետրոսյանին չպատժեց Ռոբերտ Քոչարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին չպատժեց Սերժ Սարգսյանը: Ի՞նչ կանի 4-րդը: Չգիտենք: Բայց եթե գա 4-րդը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նրան հանգիստ մեղադրեն ամեն առողջ բան փչացնելու եւ վարկաբեկելու, առնել-ծախելու մեջ, ապա ավելի լավ է ուշանա այդպիսի 4-րդը… մինչեւ իրականը կարողանա գալ:
* * *
Հայ Ազգային Կոնգրես դաշինքն այլեւս կուսակցություն է եւ նրան, ում համագումարում դիմավորեցին հոտնկայս, դարձավ ՀԱԿԿ ղեկավար: Նույն ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նույն ինքը՝ նախկին ՀՀՇ եւ ՀԱԿ նախկին ղեկավարը եւ նախկին՝ ՀՀ 1-ին նախագահը: Այս բոլոր նախկինները իբր հօդս են ցնդում նրա ներկա ՀԱԿԿ-ի ներկա դիրքից:
Համագումարին մասնակցելու համար իհարկե հրավիրվել էին ԱԺ-ի ոչ իշխանական խմբակցությունները: «Ժառանգություն»-ը, որ ներկա չէր, ՀՅԴ-ն (Արմեն Ռուստամյանը) եւ ԲՀԿ-ն (Ստեփան Մարգարյանը): Ներկա էին նաեւ ՀԺԿ, ՍԴՀԿ պատվիրակությունները, ինչպեսեւ՝ արտասահմանյան կառույցների ներկայացուցիչներ: Ներկա էին նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սմբատ Այվազյանը:
Ներկա չէին ՀԱԿ-ից հեռացած կուսակցությունների ղեկավարները, Պետրոս Մակեյանը («Ժողովրդավարական հայրենիք»), Սոս Գիմիշյանը («Քրիստոնեա-դեմոկրատներ»), Հրանտ Բագրատյանը («Ազատություն») եւ այլք: Ներկա չէին նաեւ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀՇ-ից ու ՀԱԿ-ից հեռացածները: Ելույթներից հետո ցուցադրվեց փաստագրական ֆիլմ, եւ երբ կադրերում երեւաց ՀՀՇ անդամ Վանո Սիրադեղյանը, բոլորը ծափահարեցին:
Ընդմիջելով նշենք, որ ՀԱԿ դաշինքի անդամ եղած «ՄԻ-96» կուսակցության վարչությունը հայտարարություն էր տարածել, որում ասված է. «Տեղի է ունենում «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի նույն անվամբ «Հայ ազգային կոնգրես» ինչ-որ կուսակցության հիմնադիր համագումար: Մի կողմից՝ դա ողջունելի է, այդ թվում, որ ՀՀՇ-ն վերջապես, անջատվում է «ՀԱԿ» կուսակցությունների դաշինքից, սակայն, մյուս կողմից՝ այդ միջոցառումն ակնհայտորեն հակասում է «Կուսակցությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, այն է՝ ՀԱԿ անվամբ կուսակցություն ՀՀ-ում չի կարող գործել: Ավելին, այդ կուսակցությունը չի կարող հանդիսանալ, ԱԺ-ում եւ Երեւանի ավագանիում գործող «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի իրավահաջորդը: Ափսոսանքով պետք է նշենք, որ դա չեն հասկանում կամ չեն տարբերում որոշ քաղաքական ուժեր, այդ թվում, այնպիսի հեղինակավոր կուսակցություն, ինչպիսին ՀՅԴ-ն է, որի այդ տեսակետը համագումարին ներկայացրեց վերջինիս ներկայացուցիչը: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավազակաիշխանությունն արդեն իսկ ճանաչել է այդ ապօրինությունը (ԿԸՀ), կարող ենք արձանագրել, որ «ՀԱԿ» անվամբ կուսակցության ստեղծումը հրահրվում է նրա կողմից: Այդ կապակցությամբ, դատապարտում ենք 1-ին նախագահի եւ ավազակաիշխանության կողմից նախաձեռնած սույն ապօրինությունը, որին, հուսով ենք, կանդրադառնան նաեւ ԱԺ «ՀԱԿ» կուսակցությունների դաշինքի խմբակցության անդամները»:
«Լուսանցք»-ը գրել էր, թե չի բացառվում, որ նախկին ՀՀՇ-ական եւ ՀԱԿ-ական, նաեւ նախկին «Ազատդեմոկրատական» Արարատ Զուրաբյանը խոսի նոր ՀՀՇ-ի (կամ՝ հնի) ստեղծման հնարավորության մասին: Եվ ահա, չի բացառվում, որ «ՄԻ-96»-ի նախագահ Ռուբեն Թորոսյանն էլ կփորձի նոր ՀԱԿ-ի (կամ՝ հնի) ստեղծումն իրականացնել:
Սա էլ ընդմիջենք, մինչեւ ժամանակը գա, եւ նշենք, որ ՀԱԿ կուսակցության նախագահի պաշտոնում առաջարկվեց միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, որն ընդունվեց «հին ու բարի ժամանակների» բուռն ու երկարատեւ ծափողջյուններով:
Ինչեւէ, ՀԱԿ-ը նույնպես ընտրեց հանգրվանային քաղաքական պայքարի ճանապարհը: ՀԱԿ-ականները որոշեցին, որ 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկումը քաղաքական գործընթացներով անիմաստ է եւ Երեւանի ընտրություններում ընդդիմության հաղթանակը միանշանակ կարող է որոշիչ հանգրվան լինել 2018թ. նախագահի ընտրություններում հաղթանակի համար: Նշվեց, որ քանի «Ժառանգություն»-ն ու Րաֆֆին չեն փոխել իրենց պայքարի մարտավարությունը, այլեւս չկա շեշտադրում փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքների վերանայման նկատմամբ:
Ներկա մյուս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների պահվածքից հասկանալի էր, որ ներկա քաղաքական դաշտի հիմնախնդիրն այլեւս մայիսի 5-ի ընտրություններն են, իսկ փետրվարի 18-ի էջը փակվել է:
Վահագն Նանյան
Հ.Գ. – Ապրիլի 17-ին Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ազգային հերոս, ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի հիշատակի եւ 81-ամյակի արարողությանը վերջապես հանդիպեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս մոտեցել է ՀՀ 1-ին նախագահին, ողջունել եւ հեռացել:
* * *
ՀՀՇ նախկին անդամների մոտ տարակուսանք է առաջացրել ՀԱԿԿ այն մոտեցումը, որ վարչության անդամների անունները նախօրոք գրվել եւ առանց փակ-գաղտնի քվեարկության հաստատվել են, ինչը երբեք ՀՀՇ օրոք չի եղել, այդ մոտեցումը գնահատել են որպես «տոտալիտար քայլ, անհարիր ժողովրդավարական կուսակցությանը»: Իսկ թե ինչու որոշեցին խախտել իրենց համագումարների ավանդույթը եւ քվեարկել բաց, ինչպես Կոմկուսը, ՀՀՇ նախկին փոխնախագահ, ՀԱԿԿ վարչության անդամ Վահագն Հայոցյանը պատասխանել է. «Մեզ չի հետաքրքրում, թե ով ինչ է մտածում, մեր անելիքը մենք ենք որոշում, եթե ՀՀՇ-ում էդպես է եղել, էսօր էդպես չէ: Մեր համագումարը որոշել է այդպես, արել ենք այդպես»: Բայց իրականում մտահոգություն եւ վախ է եղել, որ գաղտնի քվեարկության դեպքում ցուցակը չի հաստատվի:
«Լուսանցք» թիվ 14 (277), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



