Ովքեր են հավակնում իշխանությանը Երեւանում –
Կայացել են առաջին նիստերը – Ովքե՞ր են թեկնածուները – Գրանցվում են դիտորդները…
Կայացել են առաջին նիստերը
ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, կայացել են Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների համար կազմավորված բոլոր 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների 1-ին նիստերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված թվով 3.712 անդամներից 1-ին նիստերից բացակայել են 835-ը: Բացակայող անդամներից 16-ը նշանակված են եղել ՀՀԿ, 39-ը՝ ԲՀԿ, 53-ը՝ ՕԵԿ, 129-ը՝ ՀՅԴ, 204-ը՝ «Ժառանգության», 274-ը՝ ՀԱԿ դաշինքի հայտերով, իսկ 120-ը նշանակված են եղել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից:
Ապրիլի 14-ից մեկնարկել են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված ընտրությունների անցկացման վերապատրաստման դասընթացները: Ժամանակացույցին կարելի է ծանոթանալ ԿԸՀ համացանցային կայքից:
Ովքե՞ր են թեկնածուները
Մեկնարկել է մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը եւ կշարունակվի մինչեւ մայիսի 3-ը:
Երեւանի ավագանու ընտրություններին, որի արդյունքում հայտնի կդառնա նաեւ մայրաքաղաքի քաղաքապետի անունը, մասնակցում են 7 քաղաքական ուժեր՝ 6 կուսակցություններ եւ 1 դաշինք: Դրանք են՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Առաքելություն» կուսակցությունները եւ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը, որի հիմնական կորիզը կազմավորվել է «Ժառանգություն» կուսակցության վրա:
«Առաքելություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 29 թեկնածու: Ցուցակի 1-3 հորիզոնականները զբաղեցնում են կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Մեսրոպ Առաքելյանը, Մանուկ Սուքիասյանը եւ Հրաչյա Սարգսյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում կա 194 թեկնածուի անուն: Ցուցակի 1-3 տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը եւ ԱԺ պատգամավոր, անկուսակցական Աբրահամ Մանուկյանը:
«Բարեւ Երեւան» դաշինքի ընտրական ցուցակում կա 64 թեկնածուի անուն: Ցուցակի 1-3 հորիզոնականները զբաղեցնում են այս հերթականությամբ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, նույն կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը եւ «Մելտեքս» ՍՊԸ-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:
Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների թիվը 42-ն է: Ցուցակի 1-3 տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Երեւանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Վահագն Խաչատրյանը, ՀԱԿ-ից Զոյա Թադեւոսյանը եւ Արման Մուսինյանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ընտրական ցուցակում կա 65 թեկնածու: Ցուցակի 1-3 տեղերը զբաղեցնում են ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ Արսեն Համբարձումյանը:
Հանրապետական կուսակցության ցուցակում թեկնածուների թիվը 195-ն է: Այսպես՝ 1-3 տեղերը հետեւյալ հերթականությամբ զբաղեցնում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անկուսակցականներ Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը եւ Երեւանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:
«Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակում կա 105 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերում են ՕԵԿ վարչության անդամ, նախկին Հանրապետական, ինչպես նաեւ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը եւ բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:
Գրանցվում են դիտորդները
Երեւանի ավագանու ընտրություններին արդեն հավատարմագրվել է 10 դիտորդական կազմակերպություն՝478 դիտորդով:
Առայժմ դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել են «Ընտրական համակարգեր կենտրոն»-ը՝ 60 դիտորդ, «Իրավակիրթ հասարակություն»՝ 50 դիտորդ, «Երիտասարդական ակումբների դաշնություն»՝ 38 դիտորդ, «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության Ունիսոն»՝ 7 դիտորդ, «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության եւ խաղաղության երիտասարդական ակումբ»՝ 9 դիտորդ, «Արմավիրի զարգացման կենտրոն»՝ 68 դիտորդ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»՝ 94 դիտորդ, Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիա՝ 32 դիտորդ, «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն»՝ 120 դիտորդ:
Դիտորդական առաքելությունները կարող են հավատարմագրվել մինչեւ ապրիլի 25-ը. դեռ 12 օր ժամանակ կա:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 14 (277), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



