ԵՐԴՄԱՆ ՀԱՆԳԱՆԱԿ

ԵՐԴՄԱՆ ՀԱՆԳԱՆԱԿ

Ես պիտի փայփայեմ և զորացնեմ այն եղբորս,
որ իր միտքը միացնում է իմ մտքին:

Հավատի տունը իմ մեջ պիտի կառուցեմ
ու կամքիս թիրախը պիտի հստակորեն սևեռեմ
և ոսկե շղթայումի օղակները մեկ առ մեկ
նվեր պիտի տամ ամեն հայի:

Օղակ առ օղակ ամրակապվելով՝
իմ ճամփան պիտի հարթեմ
և պիտի կործանեմ թշնամուս,
Աստծուն հայտնի բոլոր զենքերով:

Առավոտյան և երեկոյան աղոթքիս շաղախով
կամուրջներ պիտի կառուցեմ
և աշխարհը իմ ափի մեջ պիտի լինի:

Վրեժի պատգամը բոլոր հավատացյալների
օջախի մեջ անմարելի արթուն պիտի պահեմ:


Աշխարհի որ ծայրում էլ լինեմ,
Իմ ոգին և միտքը հայրենիքի համար պիտի պտուղ տա:

Իմ տասնորդը և ավելին պիտի գանձատուն հասցնեմ
և պիտի գերազանցեմ սեփական անձս՝ պարտքի համար:

Արդարատեր Պապերիս գործերով պիտի
 ծառայեմ հավիտենությանը
և նրանց հավատարմությամբ պիտի
ամրապնդեմ ողնաշարս:

Իմ թափած արյան հրդեհները պիտի լուսավորեն
մեղսագործների դեմքերը դատաստանի առաջ:

Իմ զենքերից առավել բարբարոսի
զենքին պիտի տիրապետեմ:

Իմ խոսքը արդյունք պիտի լինի
և միայն իմ գործերը պիտի հիշեցնեն իմ գոյությունը:

Սեփական քայլերս պիտի դատեմ
և անմիտ բարությունս, անստույգ վստահությունս
պիտի պատժեմ:


Իմ մահից հետո էլ պիտի միշտ շարքում լինեմ
և իմ զորավարը մայրերի զուսպ ուրախությունը պիտի լինի:

Իմ ամեն օրվա մեջ ջերմացնող արևը
սրբությունները արթուն պահելը պիտի լինի:

Աստվածատուր օրենքներով պիտի հաստատվեմ
իմ Երկրում:


Սուրեն Գրիգորյան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։