– Ցանկալի վարչապետեր – «Լուսանցք»-ի փոքրիկ սոցհարցումը…
– Նոր շարժու՞մ, թե՞ նոր կոալիցիա, թե՞ նոր կառավարություն…
Ցանկալի վարչապետեր
«Լուսանցք»-ի այս տարվա թիվ 13-ում (ապրիլի 12-18) խոսել էինք այն տասը գործոնների մասին, որոնք անպայման պետք է հաշվի առնվեն երկրի վարչապետ նշանակելիս: Գրել էինք նաեւ, թե մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, խմբագրությունը պատրաստ է ընդունել զանգեր՝ յուրօրինակ փոքրիկ սոցհարցման նկատառումով՝ հասկանալու համար, թե մեր երկրի քաղաքացիները ում կուզեն տեսնել գործադիր իշխանության ղեկավարի աթոռին: Խոստացել էինք ամփոփել զանգերը եւ տեղեկատվություն տրամադրել ընթերցողներին:
Զանգերն ամփոփեցինք: Ապրիլի 12-ի առավոտից սկսած մինչեւ 18-ը ներառյալ զանգեր, հաղորդագրություններ ստացանք ու էլփոստով նամակներ: Արդյունքները հենց «Լուսանցք»-ի հաջորդ՝ ապրիլի 19-25-ի համարում չարձանագրեցինք, քանզի հենց ապրիլի 19-ին նշանակվելու էր վարչապետը եւ այդ իսկ պատճառով չցանկացանք, որպեսզի թյուր տեսակետ ստեղծվի, թե մենք մինչ նշանակումը կարծիք ենք թելադրում: Բացի այդ, ավելի հետաքրքիր կլիներ, եթե մենք պատկերը ներկայացնեինք արդեն նշանակումից հետո: Բայց այս ամբողջ գործընթացում կարեւոր էր մի բան. խմբագրություն դիմած քաղաքացիները ոչ միայն անուն էին առաջադրում, այլեւ անկեղծանում էին, թե ինչու հենց տվյալ անձին են համարում վարչապետի աթոռին արժանի:
Մենք կարծիքները չենք հրապարակի, միայն կանդրադառնանք զանգերի թվին եւ դրանցից, այսպես ասած, ցանկալի վարչապետերին բաժին հասած ձայներին՝ մեկնաբանությունը թողնելով ընթերցողներին: Ի դեպ, տեղեկացենք, որ պատկերը մեզ համար էլ էր անակնկալ:
Եվ այսպես՝ 7 օրում (մինչեւ ապրիլի 19-ը) խմբագրությունը ստացավ 137 «դիմում» (զանգ, հաղորդագրություն եւ էլփոստով «նամակ»):
137-ից ընդամենը 5 ձայն էր ներկայիս վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի օգտին:
7 ձայն ստացել էր ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
8 ձայն ստացել էր նախկին վարչապետերից Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը:
11 հոգի վարչապետի պաշտոնին կցանկանային տեսնել գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին ստացված ձայների թիվը 13 էր:
9 մարդ կցանկանար վարչապետի պաշտոնին տեսնել Ստեփան Դեմիրճյանին՝ Կարեն Դեմիրճյանի տղային:
2 հոգի նախընտրել են Րաֆֆի Հովհաննիսյանին եւ 1-ակական մարդ՝ Հրանտ Բագրատյանին ու Վարդան Օսկանյանին:
19 ձայն էր ստացել գործարար Ռալֆ Յիրիկյանը («Վիվասել» ընկերություն) եւ 8 ձայն ստացել էր մեկ այլ գործարար՝ Գագիկ Ծառուկյանը:
26 ձայն եկել էր հօգուտ կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի:
27 ձայն էլ եկել էր, այսպես ասենք, «նոր դեմքի» օգտին:
Սեփ. լրատվություն
Նոր շարժու՞մ, թե՞ նոր կոալիցիա, թե՞ նոր կառավարություն
Նախագահը ստորագրել է Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը՝ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով: Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից:
Մի քիչ իշխանություն եւ մի քիչ ընդդիմություն «ապրելակերպը» որդեգրած ԲՀԿ ներկայացուցիչ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սկսել է թվարկել, թե ինչի համար է վերանշանակվել վարչապետը՝ հատկապես ընդգծելով, որ այսպես իշխանությունները ուղերձ հղեցին հասարակությանը, որ իրենք գոհ են ստեղծված իրավիճակից ու փոփոխության կարիք չեն տեսնում: Իսկ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն իսկական ընդդիմադիրի կեցվածքով ասել է, թե մեր երկրում առկա խնդիրների հիմնական պատճառներից մեկը «քաղաքական մենաշնորհն է, քանի դեռ չենք ձերբազատվել մենաշնորհից, ոչ մի փոփոխություն էլ չի լինելու» եւ չի մոռացել հիշեցնել, որ քվեարկելով ԲՀԿ-ի օգտին՝ կտեսնենք փոփոխությունը…
Ամենաարագ արձագանքն ինչպես միշտ համացանցում է լինում եւ վարչապետի վերանշանակումը արագ ստացավ «…Յոլա տանելու վարչապետ» բնորոշումը: Կարծիքներ եղան. թե այնպիսի կուսակցություն, ինչպիսին ՀՀԿ-ն է, ուր ներքին վերահսկողական եւ հակակշռման մեխանիզմները բացակայում են, բացակայում է վարչապետի 2-րդ թեկնածուն, որպեսզի առաջադրվի, եւ ներքին քննարկումների ու քվեարկության արդյունքում որոշեն առավել արժանավորին: Եվ ահա մեկ մարդու պես քվեարկել են կողմ: Պարզվում է, գոհ են վարչապետից, եւ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարողացել է լուծել հիմնական մարտահրավերները: 2012-ին նախագահը հստակ խնդիր էր դրել, որ տնտեսական աճը լինի ոչ պակաս, քան 7%, եւ բոլոր խնդիրներով հանդերձ՝ վարչապետին դա հաջողվեց: Այս անգամ եւս նախագահը խնդիր է դրել վարչապետի առջեւ, որ տնտեսական աճը 7%-ից պակաս չլինի»:
Տնտեսական աճը 7% է, որովհետեւ այդպիսի խնդիր է դրել նախագա՞հը: Եվ մարդկանց հետաքրքրում է, եթե Սերժ Սարգսյանը խնդիր դնի, որ տնտեսական աճը պետք է լինի 17%, վարչապետը այդպիսի արդյո՞ւնք ցույց կտա: Իհարկե, շատերն են համոզված, որ «7 թիվը նկարողը կարող է դիմացն էլ 1 ավելացնել», բայց որ ի՞նչ: Հայաստանում քաղաքացին մաշկի վրա չի զգում ո՜չ միանիշ, ո՜չ էլ երկնիշ թվերով տնտեսական աճը:
Մարդկանց մոտ թերեւս այն տեսակետն է իշխում, որ կառավարությունը տապալվել է, եւ միակ մեղավորը առաջիկա 5 տարիներին եւս շարունակելու է մնալ, ինչպես դեռ մնում է 2009թ. սկսած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը:
Իհարկե, ի կատարումն Սահմանադրության պահանջների՝ նախագահը խորհրդակցություններ է անցկացրել ԱԺ պատգամավորական խմբակցությունների հետ՝ վարչապետի նշանակման նպատակով: Բայց ոչ բոլորն են հանդիպել: ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունը մերժել են, իսկ ահա ՀՀԿ-ից բացի, հրավերն ընդունել են ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը խմբակցությունների ղեկավարները:
Ըստ որոշ տեղեկությունների, Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է նաեւ Գագիկ Ծառուկյանը եւ քննարկվել է վարչապետի նշանակման հարցը: Կարծիքներ կան, որ քննարկել է նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո նոր կազմավորվող կոալիցիայի կամ կառավարության կազմում բարգավաճականների հնարավոր մասնակցության հարցը:
ԲՀԿ-ի հետ միասին այս տարիներին վարչապետի փոփոխման համար պայքար էր մղում նաեւ Դաշնակցությունը, սակայն, կարծես մենակ մնալու խնդիր է ծագել: Չնայած ՀՅԴ անդամներից ոմանց խոսքով, ԲՀԿ-ի հետ առաջիկայում վարչապետի փոփոխության պահանջին կլծվեն: Շարժում է նախաձեռնվելու, որի «հզորությունից կախված, իսկ այդ ուժը կգործի հուժկու ճնշումով, պետք է սա այն վերածվի իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվեի եւ այդ ժամանակ բոլորն էլ կմիավորվեն»:
Բայց ԲՀԿ ղեկավարի՝ ՀՀ նախագահի հետ հանդիպելը (մինչ այդ խոսվում էր նաեւ Գագիկ Ծառուկյանի եւ Տիգրան Սարգսյանի հանդիպման մասին), հուշում է, թե դժվար «այդ շարժման ուժը կգործի հուժկու ճնշումով»: Հատկապես, որ ԲՀԿ նախագահը շարունակում է հանդիպել նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչը ԲՀԿ-ականները զուգահեռ համառորեն հերքում են: ՀԱԿ-ը եւս նախատեսել է նոր ընդդիմադիր շարժում սկսել, չնայած «Ժառանգությունը» դեռ հույս ունի պահպանել իր ընդդիմադիր առաջնությունը:
Ամեն դեպքում վարչապետ Տիգրան Սարգսյանը կարողացավ նաեւ համոզիչ երեւալ արեւմտյան եւ ռուսաստանյան քաղաքական ուղղությունների համար, ինչն էլ ներքաղաքական ասպարեզում նրան անմրցակից դարձրեց: Բայց լուրեր են պտտվում, թե նախագահ Սարգսյանը փոփոխության է ենթարկելու նաեւ նոր կառավարության կազմը:
Ի դեպ, բացի վարչապետից, իրենց պաշտոններում վերանշանակվել են միայն պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ Սեյրան Օհանյանն ու Էդվարդ Նալբանդյանը:
ԳոհարՎանեսյան
«Լուսանցք» թիվ 15 (278), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



