Սադրելու եւ սադրվելու փորձի պակաս՝ չիք – Թե՜ իշխանությունը, թե՜ ընդդիմությունը այս գործում փորձոռու են… Տագնապ, որը գաղափարական չէ… Սպասված խայծը…

– Սադրելու եւ սադրվելու փորձի պակաս՝ չիք – Թե՜ իշխանությունը, թե՜ ընդդիմությունը այս գործում փորձոռու են…

– Տագնապ, որը գաղափարական չէ  (ԲՀԿ-ն կոալիցիա վերադառնա՞)…

– Սպասված խայծը (բուրժուա-դեմոկրատակա՞ն, թե՞ օլիգարխիկ հեղափոխոււթյուն… Իսկ հետո՝ բանվորա-գյուղացիակա՞ն)…

Սադրելու եւ սադրվելու փորձի պակաս՝ չիք

Աջափնյակում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն իրականացնելիս ՀԱԿ-ի մի քանի ակտիվիստների ծեծի են ենթարկել: Ծեծի ենթարկվածին շտապօգնության խումբը տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Մյուսները ոստիկանությունում կատարվածի վերաբերյալ հաղորդում են տվել: ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, նշվում է. «Աջափնյակի 17-րդ թաղամասում հանրապետական շարքային բանդիտների խումբը հարձակվել է ՀԱԿ-ի 2 ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում բնակելի շենքում: Ակտիվիստներից մեկը ծեծի հետեւանքով ծանր մամնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Սա 4-րդ դեպքն է, երբ բռնության գործադրմամբ փորձ է արվում խոչընդոտել մեր քարոզարշավն ու նախընտրական միջոցառումները, 3 դեպքում դրա հեղինակները իրենք ներկայացել են ՀՀԿ-ի անունից, այս դեպքում, քաղաքապետարանի մոտ նախընտրական միջոցառումը խոչընդոտողի դերում հանդես է եկել հենց ինքը՝ ոստիկանությունը… Հրահանգը իջեցվել է ամենավերեւից, եւ, անկախ այն բանից, թե ով է իրականացնում այդ պատվերը՝ ոստկանական ուժերը, թե թաղային խուժանը, նա անձնավորում է վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանին»:

Իհարկե, նախընտրական խառնակչություններն անպակաս են մեզանից, նաեւ այս հերթական՝ Երեւանի ավագանու ընտրությունից: Եվ անվիճելի է, որ ամեն ինչ պետք է անել, որ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը անխոչընդոտ իրականացնեն իրենց քարոզարշավը: Բայց լավ իմանալով ինչպես ներկա, այնպես էլ նախկին իշխանավորների (ՀՀԿ եւ ՀԱԿ (ՀՀՇ)) սադրելու եւ «սադրվելու» կարողությունները, ինչպեսեւ հաշվի առնելով ՀԱԿ-ի հայտարարության միանշանակ քաղաքական բնույթը (խնդիրը ոչ թե մեղավորներին գտնելն ու պատժելն է, այլ Սերժ Սարգսյանի վրա ցեխ շպրտելը), կարող ենք ենթադրել, որ դեռ հարց է, թե որ կողմն է սադրել ու «սադրվել»՝ անգամ վնաս կրելով: ՀԱԿ-ը առաջին անգամ չի ապացուցում, որ անգամ զոհերի գնով պատրաստ է հասնել իշխանության… Ահա ինչու է անչափ կարեւոր, որ 2008-ի մարտիմեկյան դեպքերը համակողմանի, հանգամանալից պարզաբանվեն:

Այսպես կոչված քաղաքացիական ակտիվիստ (իրականում՝ ՀԱԿ-ի կցորդ) Վարդգես Գասպարին էլ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տան մոտ է սադրում եւ «սադրվում», անգամ հայտարարել է, թե ոստիկանապետը խոստացել է իր գլուխը պոկել եւ մարմինը մաս-մաս անել: Ու որպեսզի ոստիկանապետը դա իրականացնի (այսինքն՝ ամեն ինչ արվում է դրան հասցնելու), «անձնազոհ» քաղաքացիական ակտիվիստը վզին գրություն կախած. «Ոստիկան ստախոս, ոստիկան՝ սրիկ­ա», հերթապահում է Վլադիմիր Գասպարյանի տան մոտ:

Ինչ մնում է այն բանին, թե պատճառն այն է, որ նրան վրդովվեցրել է Երեւանի նոր ոստիկանապետի նշանակումը, ապա շատ կուզենայինք հավատալ: Շատերս ենք պատասխանի սպասում, թե անգամ ՄԻԵԴ վճռի առկայության պայմաններում, ըստ որի՝ 2004թ. Գրիշա Վիրաբյանին խոշտանգել է Աշոտ Կարապետյանը, ինչպես է Երեւանի ոստիկանապետ նշանակվել: Անգամ պաշտպանում ենք Գասպարիի պոռթկումը եւ ներկայացրած հաղորդումը գլխավոր դատախազություն: Բայց ՀՀ ոստիկանապետին սադրանքների մղելու «ծեսը» հաստատ իրենը չենք համարում:

ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը արձագանքել է ՀԱԿ կուսակցության հայտարարությանը. «Դատապարտում ենք ցանկացած բռնություն եւ անթույլատրելի ենք համարում քարոզարշավը խոչընդոտող ցանկացած ոտնձգություն, միաժամանակ ընտրարշավին մասնակից բոլոր ուժերին կոչ ենք անում շարունակել քաղաքակիրթ քարոզարշավ»: Ցավոք, այստեղ էլ կիսատ հարցեր են մնացել, չի հաստատվել կամ հերքվել այն մեղադրանքը, որն հնչել է ՀԱԿ հայտարարությունում, թե 3 դեպքում ՀՀԿ-ի կողմից է եղել բռնություն, 1 դեպքում էլ՝ ոստիկանության:

Դեռ չեն պարզվել ՀՀ նախագահի ընտրության ընթացքում կատարված թեկնածուներից մեկի նկատմամբ մահափորձի եւ էլի որոշ դեպքերի մեղավորները, իսկ Երեւանի ավագանու նախընտրական սկիզբը խոստանում է ավելացնել դրանք: Ապրիլի 22-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Արայիկ Խաչատրյանը մայրաքաղաքի Տիտոգրադյան եւ Այվազովսկու փողոցների խաչմերուկում գտնվող բենզալցակայանի տարածքում տարօրինակ բան է նկատել, որն ինչպես ասում են, առաջին հայացքից հոլիվուդյան մարտաֆիլմ էր հիշեցրել: Դիմակավորված 5 հոգի իրարանցում էին սարքել: Ինչպես նշվել է. «Ավազակային հարձակում էր: Տեղի ունեցածից րոպեներ անց ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր: Բերման ենթարկվածն Արսեն Ավետիսյանն էր, իսկ մյուս 4-ին հնարավորինս արագ հայտնաբերեցին: Կատարվածից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց»: Եվ այսպես՝ Արմենակ Ջավադյանը, Անդրանիկ Ավետիսյանը, Միշա Սաղաթելյանն ու Թորգոմ Հարությունյանը միացան իրենց վերոնշյալ ընկերոջը: Պարզվել է, թե ինչու էին երիտասարդները դիմել այս ծայրահեղ ու անօրեն քայլին: Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում քրօր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Նախաքննությունը շարունակվում է:

Նոր Նորքում Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ հարձակվել են նկարահանող ընդդիմադիր լրագրող Հակոբ Կարապետյանի վրա, հարվածել են դեմքին, հայհոյել: Լրագրողի տեսախցիկը «որսացել» է հարձակվողներին:

Գյումրիում ընտրություններն ավարտվել են, բայց այնտեղ էլ են կրակոցներ հնչել, եւ հրազենային վնասվածքից մեկ մարդ մահացել է: Չնայած քաղաքապետի ընտրությանը նույնպես կրակոցներ եղան, որոնք առնչվում էին Գյումրու նախկին քաղաքապետի մտերիմ շրջապատի հետ:

Վահագն Նանյան

 Տագնապ, որը գաղափարական չէ

ԲՀԿ-ն թեեւ հերքում է, որ ցանկանում է կոալիցիա վերադառնալ, բայց որոշ տեղեկություններով, կուսակցության ղեկավարը ՀՀԿ վերնախավի հետ բանակցությունների մեջ է՝ նոր կառավարությունում մի քանի պաշտոններ ստանալու նպատակով:

Հայտնի է, որ նոր կառավարությունը ձեւավորվելու է Երեւանի ավագանու ընտրություններից՝ մայիսի 5-ից հետո: Եվ խոսում են, թե երբ ընտրություններն ավարտվեն, ԲՀԿ-ն ցանկանում է ստանալ մշակույթի, սոցիալական ապահովության եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները: Գագիկ Ծառուկյանը ցանկանում է մշակույթի նախարար նշանակել Թամար Պողոսյանին:

Մի կողմից էլ ԲՀԿ-ի շարքերում՝ հատկապես գործարար շրջանակում լուրջ տագնապ կա, որ եթե կուսակցությունը դառնա ընդդիմադիր, իրենք նոր խնդիրներ են ունենալու: ԲՀԿ-ի գործարարները դժգոհում են, թե իրենց ղեկավարները վերեւների հետ հարաբերությունները փչացնում են, հետո հաշտվում, բայց իրենք արդեն տուժած են լինում:

Մի խոսքով ԲՀԿ-ում պատրաստ չեն ՀՀԿ-ի հետ առճակատման գնալ՝ հանուն գաղափարի: Ահա թե ի՜նչն է պակասում քաղաքական դաշտում:

Նարե Մշեցյան

Սպասված խայծը

ՀԱԿ-ը դարձավ ՀԱԿԿ, եւ նորընտիր ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց բուրժուա-դեմոկրատական հեղափոխության անհրաժեշտության եւ դա նախաձեռնելու մասին: Ոմանք զավեշտալի համարեցին սա, հիշեցին հեռավոր 1917-ականները՝ բուրժուա-դեմոկրատականն ու հետո՝ բանվորա-գյուղացիականը: Սակայն ամեն բան այնքան էլ զավեշտալի չէ իրականում, քանի որ ներքին ուժերի հետ հաճախ այդօրինակ մտահաղացումները նախաձեռնում են նաեւ արտաքին ուժերը:

Սպասվում էր, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ կհայտարարի օլիգարխիկ-հեղափոխական շարժման մասին: Շատ գործարարներ Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո, որ պետք է զսպել օլիգարխներին, պատսպարվելու այլ տեղ են փնտրում: ՀՀԿ-ից ԲՀԿ գնալը կախված է գործարար եւ կուսակցապետ Ծառուկյանի կեցվածքից, ինչը գործարարների համար թերեւս հուսադրող չէ: Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմն անցնելուց էլ այլ բարդություններ կան:

Վերլուծաբաններն ասում են, թե իրականում տերպետրոսյանական «բուրժուա-դեմոկրատական­ը» ակնկալում է արագացնել «օլիգարխիկ-հեղափոխական­ը», որպեսզի ուժով ու փողով վերցվի իշխանությունը երկրի նախագահի ձեռքից, իսկ օլիգարխներին կարելի է քաղաքական օրակարգ թելադրել եւ վերցնել իշխանությունը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 15 (278), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

 

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.