Ի գիտություն հայ հոգեւորականների – Հա՜յ քրիստոնյա՜, ոչ թե քրիստոնյա հայ
- «Ես քրիստոնէութիւնն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին»…
…(«բացի արիադավան-հեթանոսներից՝ մնացյալը աղանդավորականներ են»)…
Հավատի ու կրոնի տարբերությունների մասին «Լուսանցք»-ը միշտ է գրել: Եվ շատերը գիտեն արդեն, որ հավատ ունենում են միայն բնածին ազգերը, քանզի հավատն ազգային տիեզերաճանաչողական ուսմունք է: Իսկ կրոնը մի հոգեւոր ուսմունք է՝ բնույթով վերազգային (իմա՝ ապազգային): Ավելի պարզ՝ հավատի հետեւորդներ կարող են լինել միայն տվյալ ազգի ներկայացուցիչները, իսկ նույն կրոնը դավանողները լինում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, քանզի կրոնը չունի ազգային պատկանելություն, ուստի օտար-աստվածապաշտ դավանանք է, մինչդեռ հայն ունի Աստվածներ եւ Արարչական պաշտամունք:
News.am-ը ներկայացրել էր Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հարցազրույցը թուրքական Bugun TV հեռուստաընկերությանը: Հատված այդ հարցազրույցից.
– Ծպտյալները եկան՝ պատարագին մասնակցեցին եւ ասացին, որ արդեն բացահայտում են իրենց ինքնությունը:
- Սակայն չեն վերադառնում քրիստոնեության, քանի որ եթե աշխատում են պետական հիմնարկներում, նրանց աշխատանքից կազատեն կամ հարեւանը կսկսի անհանգստացնել: Դրանք դեռեւս տեղի են ունենում: Ընտանիքս այնտեղ է եւ դեռ որպես մուսուլման է ապրում: Դիարբեքիրի Սիլվանի շրջանում իմ ավագ քրոջ որդիներն են ապրում: Որոշները վերադարձել են արմատներին: Նրանք 1950-ին ճնշման տակ իսլամ էին ընդունել: Փեսայիս ասել էին, որ եթե մուսուլման չդառնաս, կսպանենք: Ես 1954-ին եմ ծնվել: Երբ 4 կամ 5 տարեկան էի, քույրս մուսուլման դարձավ:
– Ինչպես հասկացա, ձեր փեսան եւ քույրը որպես մուսուլման են անձնագրեր ստացել եւ նրանց երեխաների անուններն էլ հայկական չեն:
– Այո, երեխաներն էլ որպես մուսուլման են ապրել: Անուններն էլ մուսուլմանական անուններ են: Նրանց թոռներն էլ մուսուլման դարձան: Ես նրանց կորցրեցի: Քույրս թաքուն խաչ էր կրում եւ հայերեն խոսում:
– Բայց իրականում դուք նրանց չեք կորցրել: Նրանք սրտով քրիստոնյա են:
– Ի՞նչ տարբերություն: Նրանք իմ եկեղեցու հետեւորդ չեն եւ նրանց չեմ կնքել եւ չեմ կարող:
Ստացվում է՝ «սիրի՜ր մերձավորիդ» աստվածաշնչյան պատվիրանը քրիստոնյա այս հոգեւորականը չի սերտել: Նա հրաժարվել է իր քրոջից ու նրա ընտանիքից միայն այն պատճառով, որ նրանք կրոնափոխված են:
Ստացվում է՝ քրիստոնյա հայ հոգեւորականի համար կարեւորը, առաջնայինը կրոնն է, ոչ թե հարազատ արյունը:
Կրոնները չենք սիրում հենց ա՜յս պատճառով: Նրանք մարդուն դիմազրկում են, դարձնում ստրուկ, ուրացող: Եվ առաջնային է դառնում ոչ թե ազգությունը, այլ՝ կրոնը: Հայը դառնում է ոչ թե հայ քրիստոնյա, այլ՝ քրիստոնյա հայ: Կրոնները լվանում են մարդկանց ուղեղներն այն աստիճանի, որ այունակիցները հրաժարվում են միմյանցից, որովհետեւ նույն եկեղեցու հետեւորդ չեն:
Մի դիտարկում էլ կատարենք. նախկինում ավելի նկատելի էր քրիստոնեական տարբեր ճյուղերի հետեւորդ հայերի տարանջատումը: Իհարկե, հայ առաքելականներն այսօր էլ չեն ընդունում հայ կաթոլիկ, բողոքական, ավետարանչական կամ այլանուն քրիստոնյաների հայապատկան լինելը, բայց ստիպված թաքցնում են՝ ընդհանուր հուդա-քրիստոնեական էկումենիկ եղբայրությանը չբորբոքելու մտայնությունից: Հայաստանյայց եկեղեցու մասին «Լուսանցք»-ն արդեն ասել է, որ այն Հայաստանյայց է, քանզի Հայաստան աշխարհ է այցելել այլ երկրից, այլածին նպատակներով՝ հրեա առաքյալների դավանանքը դարձրել է հայ առաքելական:
Եվ հիմա, համարելով իբր թե հայը պետք է լինի առաքելական եկեղեցու հետեւորդ, մյուս եկեղեցապատկան քրիստոնյա հայերին մի կերպ է տեղավորում «սիրիր մերձավորիդ» պատվիրանի մեջ:
Այլ բան է, որ էկումենիկ եղբայրությունը դեմ չէ, որ այլակրոն հայերը չտեղավորվեն սիրիր մերձավորիդ տեսության մեջ, քանզի, ըստ իրենց տեսության՝ նրանք հայեր չեն: Այս սին մտածողությամբ հայեր չեն ոչ միայն մահմեդական կամ կրիշնայական ու բուդդայական հայերը, այլեւ՝ հայոց հավատի հետեւորդ արիադավան -հեթանոս հայերը: Այս վերջինն արդեն ո՜չ միայն հոգեւոր ցնորամտություն է:
Մի անգամ՝ հայ արիների եւ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների խոսակցության ժամանակ, եկեղեցականն անմիջական զրույցի բռնված խոստովանել է, որ եթե գա մի պահ ու իրենք այլեւս չտիրապետեն Հայաստանի հոգեւոր ոլորտին, ապա իրենց համար ավելի լավ կլինի, որպեսզի եհովայի վկաները ստանձնեն այդ հոգեւոր իշխանությունը, քան՝ հայ արիականները՝ հեթանոս հայերը:
Սա առաջին հայացքից է զարմանալի թվում: Բայց շատ տրամաբանական ու եհովապաշտական խոստովանություն է: Ի վերջո, եհովայի վկաները նույն Բիբլիա-Աստվածաշնչի հետեւորդներն են, նույն հուդա-քրիստոնեական ուսմունքի քարոզիչները, հավատում են նույն Եհովա աստծուն եւ ընդունում են հրեա առաքյալների ու մարգարեների կրոնական տեսությունները:
Երեւի հենց այս պատճառով էլ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը մի հոդվածում նշել է, որ եթե խոսենք հայ իրականության մեջ առկա աղանդավորական շարժումներից, ապա բացի արիադավան-հեթանոսներից՝ մնացյալը աղանդավորականներ են, այդ թվում՝ հայ առաքելական եկեղեցու հետեւորդները:
Ըստ ՀԱՄ ղեկավարի, նրանք առաջին աղանդավորական կառույցն են Հայաստանում, քանզի ոչինչ չունենալով՝ հենվեցին հայոց հին եւ միակ հավատի տոների ու ծիսական արարողությունների վրա, անգամ տոնական օրերն ու ավանդույթները սեփականեցին, միայն անվանափոխեցին ու իմաստափոխեցին (ուրեմնեւ՝ իմաստազրկեցին) դրանք, իրենց եկեղեցիներն էլ կառուցեցին արիական տաճարների ավերակների վրա… Քրմերից շատերին ու նրանց ուսյալ զավակներին էլ ահաբեկելով եկեղեցականներ դարձրեցին, քանզի Հայաստանում չունեին արմատ եւ հիմնասյուն, իսկ ներխուժածի կերպարը խարանի պես առկա էր: Անգամ մինչեւ 12-րդ դարը Հայոց երկրում դեռ գործում էին «Արեւորդյաց համայքներ»: Իսկ 19-րդ դարում մեր բանաստեղծների մի փաղանգ՝ Դանիել Վարուժանի գլխավորությամբ, հեթանոս հավատը երգեցին, ինչը հետո ամրացավ ու Վահագնազոր երդում դարձավ Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքով: Այսօր էլ հայի համար ընկալելի է Գառնո տաճարի զորավոր տեսքը, հայոց հավատադարձի տեսլականը:
Հայը ազգատեսակ եւ մարդատեսակ է, ով ունի ծագում, ինքնություն, հավատ եւ հայրենիք-բնօրրան: Եվ այդ հայը կարող է ծնել գաղափարներ, մշակութային արժեքներ, կրոններ կամ այլ բան, բայց թվարկյալները չեն կարող ծնել ազգ: Ասենք՝ կրոնը, այն էլ օտարադավան, չի՜ կարող հայ ծնել (անգամ՝ օծել), քանզի հայ տեսակը գենետիկ երեւույթ է եւ տիեզերածին է:
Այս իրականությունը շատ քիչ եկեղեցականների է հասկանալի (ում համար էլ հասկանալի է, ձեռնտու չէ ասելը): Շատերի համար հոգեւորականի կյանքը լոկ աշխատանք է, դրամ աշխատելու «հոգեմարմնական» միջոց…
Մինչդեռ ամեն հայ հոգեւորականի համար պիտի երդման պես բան լինեն Վազգեն Ա կաթողիկոսի խոսքերը. «Ես քրիստոնէութիւնն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին»:
Նարե Մշեցյան եւ Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 16 (279), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում