Քրիստոնեացումը նոր ջարդերի է մղելու… – Ծպտյալ հայեր.- քանակը հաստատ 100 հազար չէ… որոշ տվյալներով՝ շուրջ 8-10 միլիոն, ովքեր թաքնված են…

Քրիստոնեացումը նոր ջարդերի է մղելու…

Ծպտյալ հայեր – … Քանզի նրանց քանակը հաստատ 100 հազար չէ, անգամ վերը ասված 1 միլիոնի մոտ թիվը չէ, այլ, որոշ տվյալներով՝ շուրջ 8-10 միլիոն, ովքեր թաքնված են եւ՛ թուրքի, եւ՛ քրդի, եւ՜ հույնի, եւ՛ ասորու, եւ՛ այլ ազգի անվան ներքո…

Հայ հոգեւորականը թուրքական լրտե՞ս

Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը հաճախ է աչքի ընկնում իր մտքի գոհարներով: Իսկ դատելով նրա՝ Bugun TV թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցից, հակված ենք կարծելու, որ նա թուրքական եթե ոչ արդեն հաստատ լրտես, ապա ազդեցության գործակալ է եւ որ ամենացավալին է՝ գիտակցաբար:

Իրականում աթեշյանը թուրքական պետությանը հասկացնել է տվել, թե որտեղ են ապրում ծպտյալ հայերը՝ կոնկրետ օրինակներ նշելով, պաշտոնական ինչ օղակներ են զբաղեցնում եւ անգամ՝ երբ են խոսում իրենց հայ լինելու մասին: Այս ամենին զուգահեռ հասկացրել է, թե իր վրա թուրքերը կարող են հույս դնել, որովհետեւ ինքն անգամ սեփական քրոջից է հրաժարվել: աթեշյանը հաստատ տարիներ առաջ գենախեղում է ունեցել, որովհետեւ նրա բոլոր բացահայտումները առավելապես թուրքանպաստ են: Ու առաջին հերթին վտանգված են բոլոր այն հայերը, ովքեր նրա ձեռամբ քրիստոնյա են դարձել:

Քրիստոնեացումը նոր ջարդերի է մղելու

Bugun TV թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը խոսել է նաեւ մի արգելված թեմայի շուրջ, որ կոչում են ծպտյալ հայեր: «Չեմ խոսում 1-ին համաշխարհային պատերազմի տարիների մասին: Եթե խոսեմ մեր տատերի եւ պապերի թվի մասին, կասեմ, որ նրանց թիվը 1 միլիոնի մոտ է: Այսօրվա սերունդում կան 100 հազարին մոտ մարդ, որոնց հայրն ու մայրը հայ են, իսկ իրենք մուսուլման: Նրանք հայերեն գիտեն եւ գաղտնի խաչ են կրում»,- ասել է նա:

Լրագրողի հարցադրմանը, թե 100 հազարը շատ մեծ թիվ է ու իմանալը հեշտ չէ, եւ նրանց հետ կապը արդյո՞ք եկեղեցու միջոցով է, հոգեւորականը պատասխանել է. «Միայն անձնական կապերով, այլ ոչ թե եկեղեցու միջոցով»:

– Ինչո՞ւ եկեղեցու միջոցով չեն ցանկանում, որ չբացահայտվե՞ն:

– Երբ գալիս են եկեղեցի, նրանց ինքնությունը պարզ է դառնում, եւ բոլոր հարեւանները հասկանում են դա: Սակայն որոշները խիզախություն են ունենում եւ եկեղեցի են այցելում: Նախորդ տարի Սուրբ Զատիկից մեկ շաբաթ անց Դիարբեքիրում պատարագ մատուցեցի, մոտ 400 հոգի եկել էր:

– Նրանք ձեր նշած ծպտյալ հայե՞րն են:

– Նրանցից 200-ը մուսուլմաններ էին, 200-ը՝ հայի արմատներ ունեցողներ:

– Լավ, իսկ ծպտյալ հայերը ե՞րբ են իրենց երեխաներին հայտնում, որ իրենք հայ են:

– Վերջին շունչը փչելուց առաջ: Տատիկները եւ պապիկները մահից առաջ ասում են, որ հայ են:

– Ասում են, որ Թունջելիում (Դերսիմ,- խմբ) մեծ թվով ծպտյալ հայեր կան, դա ճի՞շտ է:

– Ճիշտ է: Թունջելիի բնակչության 90 տոկոսը գուցե հայ է: Մի 30 տարեկան տղա եկավ եւ ասաց, որ հայ է եւ ուզում է վերադառնալ արմատներին: Ես նրան ասացի՝ ապացուցի, սակայն չկարողացավ: Նա շատ գնաց-եկավ, սկսեց անհանգստացնել եւ մի օր նրա հայրը զանգեց ու ասաց. «Ես քաղաքապետարանում եմ աշխատում, երբ թոշակի անցնեմ, գալու եմ Ստամբուլ՝ վերադառնալու իմ արմատներին: Այստեղի ժողովրդի 90 տոկոսը հայ է: Խնդրում եմ՝ ընդունեք իմ որդուն»: Ես ընդունեցի նրան, կնքեցի եւ հիմա նա մեր եկեղեցու անդամ է:

Թուրքական Haber-7 լրատվական կայքը եւս անդրադարձել է այս թեմային, հայ հոգեւորականի խոսքի այն հատվածն ընդգծելով, որ ծպտյալ հայերը եկեղեցի չեն գալիս, որ ինքնությունը չբացահայտվի: Քրիստոնեություն չեն ընդունում, քանի որ վախենում են, թե կհեռացվեն աշխատանքից, հատկապես նրանք, ովքեր պետական համակարգում են աշխատում:

Վերջում խոսելով նաեւ հայ-թուրքական հարբերությունների մասին՝ Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդն ասել է, որ Թուրքիայի հայերը Հայաստանը դիտում են որպես հայրենիք, իսկ Թուրքիային՝ մայրենիք. «Մենք Թուրքիայի հայերս՝ մոր ու հոր միջեւ ծագած վեճի զոհն ենք: Նրանք կռվում են, մենք՝ լացում: Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ են նրանք հաշտվելու»:

Այս փոքրիկ նյութում մի քանի հիմնարար վտանգ է առկա.

1. Ծպտյալ հայերի բացահայտումը (ինչ քանակությամբ էլ բացահայտվեն) կխարխլի այն կամա թե ակամա ստեղծված գործուն համակարգը, որը հային հայ է պահում ներկայիս Թուրքիայում, այն էլ խիստ գաղտնի պայմաններում:

2. Պոլսո հայոց եկեղեցին քրիստոնեացման իր քաղաքականությամբ մի նոր «խաչակրաց արշավանք» կսկսի, ինչը ծպտյալ հայերին բացահայտելու եւ նրանց կյանքը վտանգելու հեռանկար է ստեղծում: Ովքեր կհավատան, թե եկեղեցին կպաշտպանի իրենց թուրքական յաթաղանից, Անկարայի հակահայ քաղաքականության թիրախը կդառնան: 1915թ. ցավալի դասերը եւս չպետք է մոռանալ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին…

3. Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդի՝ Հայրենիք եւ Մայրենիք (Հայաստան եւ Թուրքիա) ձեւակերպումները միտված են նսեմացնելու հայոց պահանջատիրական ձայնը, ինչը առավելապես թուրքական խաղ է, քան՝ հուդա-քրիստոնեական:

Եթե Արամ Աթեշյանը իսկապես ինքզինքը հայի ու թուրքի (Հայաստան-Թուրքիայի) զավակ է համարում, ապա այս վտանգավոր ձեւակերպումները վտանգում են նաեւ թուրքահայերին, ովքեր արդեն իսկ քրիստոնյա են եւ ակնկալում են արամաթեշյանների նման հայերի աջակցությունն ստանալ:

Հայաստանի իշխանությունները, հայաստանյան եւ սփյուռքյան քաղաքական հատվածը պետք է տարբեր ձեւեր գտնեն ծպտյալ հայերին զգուշացնելու՝ դեռեւս չբացահայտվելու համար:

Քանզի նրանց քանակը հաստատ 100 հազար չէ, անգամ վերը ասված 1 միլիոնի մոտ թիվը չէ, այլ, որոշ տվյալներով՝ շուրջ 8-10 միլիոն, ովքեր թաքնված են եւ՛ թուրքի, եւ՛ քրդի, եւ՛ հույնի, եւ՛ ասորու, եւ՛ այլ ազգի անվան ներքո:

 Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 16 (279), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։