Արցախը՝ լուծում պահանջող խաչմերուկի կիզակետում – Հայաստանը պետք է լրջորեն մղվի միջազգային աշխուժության եւ առաջնային դերստանձման…

Արցախը՝ լուծում պահանջող խաչմերուկի կիզակետում…

…Ի վերջո պետք է հիշել եւ հասկանալ, որ տարածաշրջանային հեռահար գրեթե բոլոր ծրագրերում ներառված է նաեւ Թուրքիայի մասնատումը, ինչը պիտի Հայաստանին լրջորեն մղի միջազգային աշխուժության եւ առաջնային դերստանձման…

Հայաստանի իշխանությունները շարունակում են պատճառաբանել, թե Արցախի անկախության ճանաչումը Երեւանի կողմից կարող է սրել իրավիճակն ինչպես հայ-ադրբեջանական ուղղությամբ, այնպես էլ՝ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների հետ: Պաշտոնական Ստեփանակերտն էլ չի շտապեցնում Երեւանին, ավելին՝ ՀՀ ԱԺ-ում Արցախի անկախության ճանաչման մերթընդմերթ քննարկվող հարցը դեռեւս չի պաշտպանվում արցախյան իշխանությունների կողմից:

Այս ամենն ինչ-որ տեղ հասկանալի է, քանզի հարցի սրումը՝ հնարավոր նոր պատերազմական գործողություններով, իսկապես ձեռնտու չէ հայկական կողմին: Ոչ թե Ադրբեջանից վախենալու նկատառումով (հայկական զինուժը ավելի կազմ ու պատրաստ է), այլ՝ միջազգային հանրություն կոչվածի վերաբերմունքի փոփոխության պատճառա-հետեւանքային կապով պայմանավորված: Ինչպես ռուսաստանյան, այնպես էլ արեւամտյան ուղղությունները զգուշացրել են, որ չեն հանդուրժի պատերազմի վերսկսումը, իսկ  նախաձեռնողը կհայտնվի մեղավորի եւ պատասխանողի կարգավիճակում: Սա իսկապես մտածելու առիթ տալիս է:

Իզուր չէ, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ադրբեջանցիների կողմից պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը անմիջապես կճանաչի Արցախի անկախությունը: Գուցե հայկական կողմը սպասու՞մ է նման ծավալման, որից հետո միջազգային հանրություն կոչվածը գուցե հանդուրժի մեր զինուժի նոր՝ հայկական հողերի որոշակի ազատագրումը եւս: Բայց սրանք լոկ տեսական մտորումներ են:

Իսկ Բաքվի՝ միլիարդների ներդրումը ժամանակակից զինտեխնիկա ձեռքբերելուն, նաեւ Անկարայի հետ ծավալապաշտական նկրտումներ դրսեւորելուն ուղղված, ոչ թե տեսական, այլ իրատեսական հանգամանք է, ինչը եւս առնչվում է Արցախի անկախության ճանաչման խնդրին, ավելին՝ Հայաստան-Արցախ վերամիավորման հարցին եւս:

Բայց մեկ այլ բան է պատերազմի ժամանակ հայտարարել Արցախի անկախության ճանաչման մասին, մեկ այլ բան՝ երբ հակառակորդը հարձակվում է արդեն ճանաչված պետության վրա: Այս դեպքում իրավիճակը միանգամից թելադրում է վերաճանաչել ՀՀ-ԼՂՀ վերամիավորման ավելի քան 20-ամյա փաստը:

Այսինքն՝ հայկական 1-ին հանրապետությունը ոչ թե պաշտպանում է հայկական 2-րդ հանրապետության անկախությունը, այլ՝ միասնական հայկական պետությունը համայն հայության հետ անցնում է ինքնապաշտպանության՝ հարձակման բացատրելի հեռանկարով: Սա եւս տեսական է, սակայն առավել արդյունավետ ու արմատական՝ հայկական շահերի եւ նպատակների հետագա արծարծման տեսանկյունից:

Այժմ, երբ հատկապես ԱՄՆ-ում շարժումներ են լինում Արցախի անկախության ճանաչմանն ուղղված, պետք է հարմար պահ գտնել վերոնշյալ հարցերի առաջնահերթության համար: ԱՄՆ-ի Մեն նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Դրան հետեւեց Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի որոշումը՝ ճանաչել Արցախի անկախությունը: Ընդունված բանաձեւի մեկ այլ դրույթով՝ Կոնգրեսին ու ԱՄՆ նախագահին կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պարտավորություն ստանձնել ապագա սերունդների՝ Հայոց ցեղասպանության փաստն անաչառ ներկայացնելու հարցում»: Խորհրդի անդամ Անդրեաս Բորգեասը փաստաթղթի ընդունման կապակցությամբ հայտարարել է. «Անչափ երջանիկ եմ սատար կանգնելու մեր հայ բարեկամներին Հայաստանում եւ Արցախում եւ հույս ունեմ, որ Սակրամենտոն եւս պաշտոնապես կճանաչի ԼՂՀ անկախությունը: Ֆրեզնոն այս բանաձեւն ընդունած Կալիֆորնիայի առաջին քաղաքն է, սակայն իմ նպատակն ավելի մեծ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալն է նահանգով մեկ, երկրում եւ հեռանկարում՝ նաեւ Վաշինգտոնում»: Բանաձեւի ընդունումից հետո կայացած մամուլի ասուլիսին մասնակցել են նաեւ ԱՄՆ-ում ԼՂ-ի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ու ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը:

Իսկ ԱՄՆ-ի կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հասցեին հնչեցվող շարունակական սպառնալիքները եւ 1988-1990թթ. Ադրբեջանի հայերի ջարդերը: Քննարկվել է նաեւ արցախյան հակամարտության օրակարգում ադրբեջանահայերի մասնակցությունը դիտարկելու հարցը, ինչը եւս կարեւոր խթան է միջազգային ասպարեզում արցախցիների խնդիրները վերջնական լուծման տանելու գործում: Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը, «Ադրբեջանահայերի ասամբլեա»-ի նախագահ Գրիգորի Այվազյանը եւ Ադրբեջանից փախստականների համագումարի նախագահության խորհրդական Անդրեաս Ղուկասյանը եւս ներկայացրել են այն հարցերը, ինչով պայմանավորված են եղել ԱՄՆ-ի կոնգրեսականների կողմից Ադրբեջանի սպառնալիքները՝ ուղղված Արցախին դատապարտելի, ինչպեսեւ՝ հայերի ջարդերն Ադրբեջանում որպես կոտորած (պայմանավորված ազգային խտրականությամբ) որակելը:

ԱՄՆ-ի Նյու-Յորք նահանգից ընտրված կոնգրեսական Մայքլ Գրիմն էլ շնորհավորանքներ է հղել արցախյան պայքարի 25-ամյակի առթիվ. «20-րդ դարից ի վեր, ԼՂ-ն ու իր ժողովուրդը ստիպված են եղել ներքաշվելու միջազգային տերությունների կողմից հրահրված տարածքային վեճերի ու քաղաքական խաղերի մեջ: Անկախ ամեն ինչից՝ այդ հպարտ ժողովուրդը հաստատակամ պայքարում էր քաղաքական ինքնուրույնություն ունենալու համար, հաստատակամ անցկացնելով հանրաքվե՝ անկախանալու Ադրեջանից՝ դրանով իսկ հաստատելով իրենց յուրահատուկ ազգային բնութագիրը, որի հիմքում ընկած են խորը ազգային, մշակութային ու կրոնական առանձնահատկություններ: Արցախում կայուն զարգանում է բանկային համակարգը, գյուղատնտեսությունը, հեռահաղորդակցության ոլորտը ու կատարվում են գործուն քայլեր՝ լինելու կենսունակ գործընկեր միջազգային հանրության համար: Հաշվի առնելով ԱՄՆ-ի՝ որպես երկրագնդի տարբեր ծայրերում ազատ ժողովրդների ինքնորոշման իրավունքի պաշտպան, երկարատեւ ու միանշանակ դիրքորոշումը՝ հուսով եմ գործընկերներս կմիանան ինձ՝ հիշելու ԼՂ-ի անկախության շարժման 25-ամյակը՝ որպես խաղաղության, կայունության ու զարգացմանն ուղղված քայլ»:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից ընտրված, ներկայացուցիչների պալատի անդամ Դեւին Նյունսը անդրադարձել է Սումգայիթյան ջարդերի հերթական տարելիցին. «Իմ գործընկերների՝ ներկայացուցիչների պալատի անդամ Դեյվիդ Վալադաոյի հետ միասին ցանկանում ենք մեր հարգանքը փոխանցել ԼՂ-ի ժողովրդին: Հայերը վայրագությունների պատճառով տառապել են՝ ավելի քան 1,5 միլիոն հայեր կոտորվել են Հայոց ցեղասպանության ժամանակ, նրանք հալածանքների են ենթարկվել սովետական ժամանակաշրջանում, Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի եւ տարածաշրջանի շրջափակման ժամանակ: Այս փորձություններից հետո հայ ժողովուրդն իր անկախությունը ձեռք բերելու համար շատ թանկ է վճարել: Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, ադրբեջանցի սպա, ով ՆԱՏՕ-ի սեմինարիների ընթացքում քնած ժամանակ կացնով սպանել էր հայազգի սպային, բացահայտ ցույց է տալիս, որ հայերն այսօր էլ անողորմ թշնամանքին դեմ առ դեմ են կանգնած: Այս տարի լրանում է հակահայկական ոճրագործության՝ Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցը, մենք մեր հարգանքն ենք փոխանցում հայերին եւ հատկապես ԼՂ-ի ժողովրդին, ովքեր խիզախորեն պայքարել են իրենց ինքնորոշման իրավունքը պահպանելու համար»:

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակի տեղակալ Պատրիկ Վենթրելը պատասխանելով Հայոց ցեղասպանության եւ Խոջալուի մասին զլմ-ների հարցերին, մասնավորապես այն, թե Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը, պատասխանել է կարճ. «ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ ամեն ինչ շատ պարզ եւ հստակ նշված էր»: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչու 2 ամիս առաջ Վաշինգտոնը որեւէ հայտարարությամբ հանդես չեկավ «հայերի կողմից Խոջալուի կոտորածի մասին» ադրբեջանցիների ուղարկած դիմումի հարցով. «Չեք կարծո՞ւմ, որ դա միակողմանի մոտեցում է՝ հարգել մեկ կողմի զոհերի հիշատակը ու չհարգել մյուս կողմի զոհերի հիշատակը»: Ի պատասխան պետքարտուղարության պաշտոնյան արձագանքել է. «Մենք այդ մասին արդեն խոսել ենք, եւ նույն պատասխանն եմ տվել՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ պատերազմի ժամանակ մարդկանց ողբերգական մահը մեզ հիշեցնում է, որ այդ հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել: Միայն ու միայն ճկուն ու խաղաղ լուծումը կարող է բերել տարածաշրջանում կայունություն, բարգավաճում եւ համերաշխություն: ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ անդամ է եւ մենք հաստատակամ ենք աշխատել՝ խաղաղության հասնելու համար»:

Իսկ Արցախի նախագահը Երեւանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի ԵՄ-ՀՀ բարեկամության խմբի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Եվրոպա-Արցախ փոխհարաբերություններին, ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Բակո Սահակյանը նշել է, որ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումը Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից  է եւ այս համատեքստում արժեւորել է եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի հետ կապերի հաստատումն ու խորացումը: ԼՂՀ-ից հանդիպմանը մասնակցել են ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

ՌԴ գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Վիտալի Նաումկինի խոսքով՝ Հայաստանը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ամենամոտ պետություններից է, եւ «մեծ հաշվով, երկկողմ հարաբերություններում որեւէ խնդիր չկա, սակայն կան մի շարք հարցեր՝ կապված տարածաշրջանում առկա վիճակի հետ»: Հատկապես՝ արցախյան հակամարտության շուրջ կան չլուծված հարցեր: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին հակամարտության կարգավորման աշխատանքներն իրականացվում են մեկ ուղղությամբ՝ ՌԴ-ի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներով: «Եվ այդ երկարաժամկետ խնդիրն անպայման լինում է ցանկացած հանդիպման հիմքում: Դժվար է ասել՝ կարելի է սպասել բեկումների այդ հարաբերություններում, բայց, ամեն դեպքում, դրանք երկկողմ ձեւաչափով չեն որոշվում»,- հավելել է ռուս արեւելագետը: Մոսկվան, համենայնդեպս, դեմ է պատերազմի վերսկսմանը եւ ԱՊՀ պաշտպանական կառույցի (ՀԱՊԿ) միջոցով հայտարարել է, որ ռազմավարական գործընկեր Հայաստանի դեմ ամեն մի ոտնձգություն կարժանանա նաեւ ՀԱՊԿ արձագանքին:

Այսպես համաշխարհային 3 ուղղություններում՝ Եվրոպա, ԱՄՆ եւ ՌԴ, Հայաստանը կարողացել է արձանագրել որոշ հաջողություններ եւ այն պետք է շարունակել Արցախի հարցի վերջնական լուծմանը հասնելու համար: Չնայած ադրբեջանցիները շարունակում են քաղաքական շահարկումները Եվրանեսթ ԽՎ-ում, բայց Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության Եվրանեսթ ԽՎ-ի մշտական հանձնաժողովների նիստերում Բաքվին այլեւս չի հաջողվում ապատեղեկատվությամբ հասնել իր նպատակներին:

Բաքուն նաեւ աղմկում է Լիտվա-Արցախ պատգամավորական բարեկամության խմբի ստեղծման համար, որի հռչակագիրն ընթերցվեց ինչպես Երեւանում, այնպես էլ Ստեփանակերտում: Ի հեճուկս ադրբեջանական հակալիտվական հոխորտանքների, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը աշխատանքային այցով եղավ Հունաստանում՝ հանդիպելով Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի հետ: Խորհրդարանական բարեկամական կապերի խորացմանն ուղղված՝ ԼՂՀ ԱԺ նախագահը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ ղեկավար կազմի եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ, որի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Արցախ-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբին, ինչպես նաեւ Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ստեղծմանը: Մինչ այդ, Արցախ պաշտոնական այց կատարեց Երեւանի քաղաքապետը: Արցախի նախագահը ողջունելով Երեւանի ու Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ հարաբերությունների զարգացման ընթացքն ու ընդլայնման գործնական միտումները՝ կարեւորել է Երեւանի հետ բազմակողմանի համագործակցությունը՝ այն համարելով օգտակար թե՜ Ստեփանակերտի, թե՜, առհասարակ, Արցախի համար: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քննարկել են տնտեսական, առողջապահության, կրթության, մշակույթի, քաղաքաշինության, սպորտի եւ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հնարավորությունները: Իսկ հանդիպումները կլինեն պարբերական: Հաջորդը կկայանա Հայաստանի մայրաքաղաքում:

ԵԽ-ի ԵՄ-ՀՀ պատգամավորական բարեկամության խմբի անդամների, Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների համատեղ պատվիրակությունը

Արցախ է ժամանել ճանաչողական այցով: Բարեկամական խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի պատվիրակության կազմում էին ԵԽ պատգամավորներ Էվարդ Ստադլերը, Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսը, Ֆրանսիայում ԼՂ-ի հետ բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Վալերի Բուայեն եւ Գի Տեսսիեն, բելգիացի հայտնի հայագետ, պրոֆեսոր Բեռնար Կուլին:

Երեւանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Արցախի ժողովրդի ազատությանն ու անկախությանը աջակցելու այս քայլը եւ նշել, որ Եվրոպայում ունենք հին ու նոր բարեկամներ, որոնց թիվը հարաճուն է: Պատգամավորական խմբի անդամները ապրիլի 24-ին, գտնվելով Երեւանում, հայ ժողովրդի հետ միասին գլուխ են խոնարհել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջեւ:

Փարիզում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Յան Քելիի (ԱՄՆ) եւ Ժակ Ֆորի (Ֆրանսիա) հետ: Նա նկատել է, որ եթե որեւէ երկիր սպառնում է ուժ գործադրել, ուրեմն այդ երկրի դիվանագիտությունը ձախողվել է. «Իսկ մենք գիտենք, թե ով է սպառնում ուժ գործադրել: Այսօր մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: Ավելին, միջազգային հանրության դիրքորոշումն է համահունչ մեր դիրքորոշմանը: Սրանք պարապ խոսքեր չեն: Դրա վկայությունն են լ՜Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում եռանախագահող երկրների նախագահների մակարդակով ընդունած հայտարարությունները, ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովի, նաեւ՝ Հելսինկիի, Աթենքի, Ալմա-Աթայի, Վիլնյուսի եւ Դուբլինում, նախարարական համաժողովների շրջանակներում ընդունված ԼՂ-ի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները: Սա է իրականությունը՚: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ կապերի հաստատմանն ուղղված ֆուտբոլային դիվանագիտությանը, մեր նախարարը վերահաստատել է Սերժ Սարգսյանի այդ նախաձեռնությունը. ՙՈրպես արդյունք այսօր ամբողջ աշխարհն ասում է, որ գնդակը թուրքական դաշտում է: Չմտածված խորհուրդներով կամ անզգույշ քայլերով չպետք է թույլ տալ, որպիսի այդ գնդակը հայտնվի մեր կիսադաշտում: Ամբողջ աշխարհը աջակցում է Հայաստանի մոտեցմանը՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ»:

Այս ամենին Բաքվում չեն կարողանում հանգիստ վերաբերվել, եւ սահմանամեձ գոտիներում մշտապես լարված վիճակներ են լինում ադրբեջանական սադրանքների պատճառով: Խախտումներ գրանցվում են եւ՜ արցախա-ադրբեջանական, եւ՜ հայ-ադրբեջանական սահմաններին: Մեր զինուժը բազմիցս զգուշացրել է, որ պատասխան հարված կտրվի, բայց ադրբեջանցիները, չնայած կորուստներին, շարունակում են սադրել: Ադրբեջանը շարունակում է պնդել, թե սահմանին թեժ  է, բայց բոլորն են հասկանում, որ դա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճնշումները կասեցնելու համար է արվում: Հիմա էլ Ստեփանակերտի օդանավակայանը հանգիստ չի տալիս Բաքվին, քանի որ, ըստ ադրբեջանական վերլուծաբանների, «սա շատ ցուցադրական քայլ է Լեռնային Ղարաբաղի անկախության գաղափարի իրականացման համար»: Բայց նրանց պնդումները, թե Ադրբեջանը թույլ չի տա թռիչքներ իրականացնել, միանշանակ հերքվում են հայկական կողմից, հստակ նշելով, որ հայկական զինուժը ունի կարողություններ պաշտպանելու օդանավակայանը, ինչպեսեւ պատասխանելու կամք հնարավոր վտանգներին: ԼՂՀ տարածքից նաեւ դիտարկումներ են անում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ովքեր կապ են պահպանում շփման գծի հակառակ կողմից դիտարկումը իրականացնողների հետ, եւ սա նույնպես պարբերական է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցերը Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ նույնպես թուլացնում են լարվածությունը: Արցախի նախագահը անհրաժեշտության դեպքում հրավիրում է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում են բոլոր պատասխանատու պաշտոնյաները:

Վերլուծաբան Հրաչ Գալստյանը անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորման փուլերին՝ ասել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը, չնայած կառավարման վերջում գրեց. «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը, չցանկացավ հիմնախնդրի լուծման հարցում որեւէ պատասխանատվություն վերցնել: Ռոբերտ Քոչարյանի օրոք ամեն ինչ արվում էր երեւակայական ստատուս-քվոն պահպանելու համար: Սերժ Սարգսյանը վերցրել է մի ուղի, որով պատրաստակամ է լուծել ԼՂ-ի հիմնախնդիրը: Այլ բան է, որ խնդիրը միջազգային համապատկերում այն աստիճանի չի հասել, որ հնարավոր լինի հիմնավորապես լուծել»:

Մենք էլ կնշենք այն 3 տարբերակները, որոնք նպատակահարմար ենք կարծում այսօրվա օրակարգում.

1. Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ ժամանակավոր կարգավիճակ, այսինքն՝ Արցախի Հանրապետությունը ստանում է միջազգայնորեն երաշխավորված ու օրիանականացված կարգավիճակ՝ դառնալով միջազգային իրավունքի սուբյեկտ:

2. Երեւանը ճանաչում է Արցախի անկախությունը, իսկ Ստեփանակերտը ՄԱԿ-ի միջոցով է միջազգայնացնում ճանաչման հարցը (ինչը եղավ Պաղեստինի դեպքում):

3. Երեւանը եւ Ստեփանակերտը վերստին ու վերջնականապես հայտարարում են ՀՀ-ԼՂՀ վերամիավորման մասին եւ Արցախը հռչակվում է Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզ:

4-րդ տարբերակ՝ Արցախի նոր բռնակցում Ադրբեջանին, չի կարող քննարկվել, որովհետեւ նման հարցադրումն արդեն պատերազմի հայտարարում է հայությանը…

Այլապես՝ Երեւանի ու Ստեփանակերտի դիրքորոշումը՝ թե Արցախը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը, շարունակելու է հանդիպել Բաքվի ռազմատենչ հակադարձումներին, ինչը գուցե այսօր ոչ, բայց հետագայում լուրջ վտանգներ կունենա՝ եթե տարածաշրջանում որեւէ հակամարտություն բորբոքվի իրապես: Կլինի իրանական, սիրիական, թե այլ առճակատում, տարբերություն չկա:

Իզուր չէ, որ իրանական կողմը միշտ էլ արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երկխոսության ճանապարհով լուծելու օգտին: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով օրերս Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզայիի՝ ԼՂ-ի հակամարտության տարիներին Ադրբեջանին ցուցաբերած օգնության մասին հայտարարությանը, մասնավորապես ասել է. ՙՄենք հարեւան երկրների հետ լավ հարաբերություններ ունենք, ուստի մի հարեւանի հետ հարաբերությունների զարգացումը չի սահմանափակում մյուս հարեւանի հետ հարաբերությունների զարգացմանը՚:

Սա իհարկե հարեւանության լավագույն ձեւը չէ, որ ընտրել է Իրանը, բայց այս երկիրը պատրաստ է այսօր էլ աջակցել ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիեւի հետ հանդիպմանը հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին: Ադրբեջանցի պաշտոնյան նաեւ իր երկրի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է եւ Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: Հանդիպման մանրամասներն առայժմ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն էլ մեղադրում է իսլամադավ Իրանին՝ արցախյան պատերազմի տարիներին Հայաստանին աջակցելու համար: Իսկ Բաքվի տարածքային նկրտումներն Իրանի նկատմամբ կամ Անկարայի այդօրինակ ցանկությունները Սիրիայի եւ Իրաքի նկատմամբ, հուշում են, որ հայ-ադրբեջանական պատերազմ կարող է սկսվել անկախ երկու կողմերի կամքից:

Մյուս հարեւան Վրաստանը նախագահ Սաակաշվիլու օրոք դարձել էր թուրք-ադրբեջանական եղբայրության անդամ, իսկ վարչապետ Իվանիշվիլու օրոք փորձում է գոնե առերեւույթ չեզոքություն խաղալ:

Իսկ այն, որ ԱՄՆ-ն, ՌԴ-ն կամ եվրոպական երկրները մշտառկա շահեր ունեն Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում, գաղտնիք չէ: Բացի Ֆրանսիայից, տարածաշրջանում վերահաստատվելու ջանքեր են գործադրում հատկապես Գերմանիան ու Մեծ Բրիտանիան: Եթե գերմանացիները դա անաղմուկ են անում, ապա անգլիացիներն արդեն արտահայտվել են այդ մասին: Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը Երեւանում ասաց, որ ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնահարցին, ապա իրենք փորձում են աջակցել այն բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում՝ միաժամանակ հիշեցնելով, որ իրենց համար բացի ուժի չկիրառումը, կարեւոր է նաեւ «տարածքային ամբողջականության խնդիրը», իհարկե շեշտումով՝ «ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ»: Բայց, թե ինչպես է դա համատեղվում, ականատես ենք տարիներ շարունակ:

Ի վերջո պետք է հիշել եւ հասկանալ, որ տարածաշրջանային հեռահար գրեթե բոլոր ծրագրերում ներառված է նաեւ Թուրքիայի մասնատումը, ինչը պիետ է Հայաստանին լրջորեն մղի միջազգային աշխուժության եւ առաջնային դերստանձման:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 16 (279), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։