Ահաբեկիչներին սնում են գերտերությունները – Մնացինք մենք, այն տարածաշրջանում, որտեղ Հայաստանն է գտնվում, ավելի խիստ պետք է լինել…

Ահաբեկիչներին սնում են գերտերությունները

…Մնացինք մենք: Ու այն տարածաշրջանում, որտեղ Հայաստանն է գտնվում, ավելի խիստ պետք է լինել: Հաստատ…

Աշխարհի պետությունների կառավարություններն ու ղեկավարները դատապարտել են Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյունների իրականացումը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ «խորը ցնցում» է ապրել հարձակումների հետեւանքով, Եվրոպական Միության նախագահ Հերման վան Ռոմփեյը դատապարտել է «սարսափելի հարձակումները»՝ վստահություն հայտնելով, որ ոճրագործները կենթարկվեն պատասխանատվության: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խստորեն դատապարտել է «անմիտ բռնությունները»: Նա ասել է, որ միջադեպը շատ ավելի զարհուրելի է, քանի որ այն տեղի է ունեցել «ամբողջ աշխարհից մարդկանց սպորտի եւ ներդաշնակության ոգով միավորելու համար հայտնի մի իրադարձության ժամանակ»:

Բոստոնի դեպքերից հետո աշխարհի բազմաթիվ քաղաքներում խստացվել են անվտանգության միջոցները: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայտնել է օրերս կայանալիք Լոնդոնի մարաթոնի անվտանգության ծրագրերը վերանայելու մասին, քանի որ Լոնդոնը չափազանց կարեւոր թիրախ է համարվում ահաբեկիչների կողմից:

Բոստոնյան ահաբեկչության ՙհայկական հետք՚ գտնելու մարմաջն ավարտվեց, բայց զուգահեռ ընթացող «իսլամական հետքը» մնաց:

Հրապարակվել է, որ ահաբեկչությունն իրականացրած Ցարնաեւ եղբայրներից 26-ամյա Թամերլանը, ով ստացած վնասվածքներից մահացել է, դժվար է հարմարվել ամերիկյան կյանքին: Մորաքրոջ խոսքով, Թամերլանին չէր կարելի համարել մոլեռանդ հավատացյալ, սակայն վերջին շրջանում նա սկսել էր օրվա մեջ աղոթել 5 անգամ, ինչը, ավելի վաղ երբեք չէր արել: Իսկ 19-ամյա Ջոհար Ցարնաեւի հավատավոր կերպարի մասին դեռ ոչինչ չի ասվում: Մահվանից մի քանի ժամ առաջ Թամերլանը զանգահարել է իր բարեկամին՝ Ալի Ցարնաեւին, եւ ամեն ինչի համար ներողություն խնդրել: «Նա ասաց՝ ես քեզ սիրում եմ եւ ներիր ինձ»,- պատմել է Ալին: Կալանավորվելուց առաջ այդպես է վարվել նաեւ նրա եղբայրը. նա իր թվիթերյան միկրոբլոգում պայթյունից մի քանի ժամ անց գրել է. «Քաղաքի կենտրոնում սեր չկա, զգույշ եղեք, մարդիկ»:

Երբ քննիչները սկսեցին հետաքրքրվել ահաբեկիչների կերպարներով, զլմ-ներն արագ արձագանքեցին, թե մահմեդականները դառնում են թիրախ: Այս հրապարակային արծարծումները ստիպել են Միացյալ Նահանգների մահմեդականներին, երկրի բազմաթիվ այլ բնակիչների նման, հայտարարել, որ ահաբեկչությունը չափազանց վշտացրել եւ սարսափեցրել է իրենց եւ իսլամի որոշ հետեւորդներ մտահոգված են, որ կարող են դառնալ հարձակման իրականացման համար մեղադրանքների թիրախը:

«Twitter՚»սոցկայքի օգտատերերից մեկը, որը, ենթադրաբար, բնակվում է Լիբիայում, գրել է. «Խնդրում եմ՝ մահմեդական չլինես»: Այս հաղորդագրությունն իրենց էջերում փակցրել են ԱՄՆ-ի բազմաթիվ մահմեդականներ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զգուշացրել էր շուտափույթ եզրակացություններ անելու անթույլատրելիության մասին:

Չնայած այս հանգամանքին՝ բոստոնյան հարձակումից հետո սոցկայքերում հայտնվել են հակամահմեդական մեկնաբանություններ: Միաժամանակ Հորդանանում գործող սալաֆիտների ծայրահեղական խմբավորումներից մեկի առաջնորդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասել է, թե նրան «գոհունակություն է պատճառել Բոստոնում տեղի ունեցածը»: ԱՄՆ-ի մահմեդականների առաջնորդների համաձայն, Բոստոնում իրականացված հարձակումների կազմակերպիչները հաճախակի ամերիկացիների միջեւ բաժանում առաջացնելու նպատակ են հետապնդում: Նրանց համաձայն, ահաբեկչական նման գործողություններին անհրաժեշտ է արձագանքել համախմբմամբ՝ անկախ այն բանից, թե ով է արել հարձակումը:

Կա՞ արդյոք իսլամական հետք բոստոնյան ահաբեկչությունում, համենայնդեպս  այս հարցը հնչում է: Գրեթե բոլորն են համոզված, որ Թամերլան եւ Ջոխար Ցարնաեւ եղբայրներն ի զորու չէին միայնակ անել պայթյունները, եւ նրանք ուղղորդվել են այլ ուժի կողմից: Երկու եղբայրներին ճանաչողների պնդմամբ՝ ԱՄՆ-ում բնակության ժամանակ բացահայտ արմատական իսլամական տրամադրություն նրանց վարքում չի նկատվել, եղբայրները զբաղվել են ուսումով, սպորտով, Թամերլան Ցարնաեւն ունեցել է ընտանիք, այսինքն՝ սովորական քաղաքացիներ էին, որ ոչ մի արմատական իսլամական գաղափարներով աչքի չեն ընկել:

Վտանգն այն է, որ ծայրահեղ իսլամական գաղափարները վերջին ժամանակներում բավական արագ ներթափանցում են արեւմտյան զարգացած երկրների մուսուլմանական, հատկապես երիտասարդական շերտեր, որոնք կարճ ժամանակում մի կողմ են դնում արեւմտյան արժեհամակարգում սեփական ձեռքբերումները՝ իրենց գտնելով ջիհադական պայքարի մեջ: Իսլամական ծայրահեղական նոր սերնդի գաղափարախոսների կողմից առաջ են քաշվում այն սկզբունքները, որ 21-րդ դարի ջիհադականը պետք է ամբողջապես ինտեգրված լինի արեւմտյան հասարակությունում, կրի արեւմտյան արժեհամակարգը, ապրի այդ հասարակարգի հիմքում դրված օրենքներով, որպեսզի կարողանա աննկատ եւ կասկածանքներից զերծ մնալ ու նպատակին հասցնել ջիհադի պայքարը տվյալ երկրում. ասել է թե, կազմակերպել ահաբեկչական գործողություններ, անհավատների (քրիստոնյաների եւ այլն) սպանություններ, իրականացնել պայթյուններ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում եւ այլն: Երիտասարդները վերածվում են ջիհադականների՝ իրենց առջեւ դնելով բոլորովին այլ նպատակներ: ԱՄՆ-ում մեծացած անձանց, ովքեր ընտրել են ջիհադական պայքարի ուղին, շատ դժվար է հայտնաբերել, չեզոքացնել ու պատասխանատվության ենթարկել: Նրանք մինչեւ ահաբեկչական գործողությունները մնում են աննկատ ու ոչնչով չեն տարբերվում հասարակ քաղաքացիներից:

Փորձը ցույց է տալիս, որ բացի Մերձավոր Արեւելքում եւ այլ տարածաշրջաններում մարտական մկրտություն ստացող արեւմտյան ջիհադականներից, ովքեր վերադառնալով իսկական պատուհաս են լինելու այդ երկրների համար, պարփակված հասարակ քաղաքացիներ էլ արեւմտյան հասարակություններում կան, որոնց վտանգն Արեւմուտքը զգում է այժմ:

Հիշեցնենք, որ տասնյակ տարիներ շարունակ աշխարհի թիվ 1 ահաբեկիչ Բեն Լադենի դեմ պայքարող ամերիկյան կառավարությունը ինքն էր «ծնել» Լադենին՝ Աֆղանստանում սովետական զինվորականների դեմ ահաբեկչություններ իրականացնելու նպատակով: Հսկայական գումարներ եւ զենք-զինամթերք էր տրվում նրան:

Ծառայեց Լադենը ԱՄՆ-ին, բայց զուգահեռ ստեղծեց իր «Ալ Ղաիդա»-ն, որն արդեն պատուհաս դարձավ Արեւմուտքի բնակչության համար:

Այսօրինակ սնուցումներ կատարել եւ կատարում են խորհրդային եւ, հիմա, ռուսաստանյան հատուկ ծառայությունները:   Ժամանակին նրանց ծառայող չեչենները հետագայում պատուհաս դարձան հենց իրենց գլխին: Սրանք հանրահայտ են, եւ լրացուցիչ ապացուցման կարիք չկա:

Եվ ուրեմն՝ ահաբեկչության սնուցիչ տարածքները հենց գերտերություններն են: Ուրեմն՝ հենց առաջին մեղավորներն են նրանք:

Այս պատկերի փոքր արտացոլումը դիտարկենք Հայաստանում: Բազմաթիվ միջազգային իրավական թելադրանքները մեր երկրում ստեղծել են մի այնպիսի վիճակ, որ օտարն ավելի պաշտպանված է, քան ՀՀ քաղաքացին եւ, ուշագրավ է, օտարը պաշտպանված է եւ՜ միջազգային եւ՜ մեր օրենսդրությամբ: Իսկ այդ օտարներն այսօր եւ՜ այլադավաններ են եւ՜ ծպտյալ գործակալներ՝ ազդեցության տարբեր ոլորտներում տեղավորված: Իսկ բազմիցս նշված աղանդավորական եւ ինչ-ինչ բարեգործական ու այլ կազմակերպությունների անվան ներքո ՀՀ-ում գործում են անհայտ նպատակով անձինք: Ռուսաստանն արդեն սրանց գործունեությունն արգելափակում է օրենքով: Մնացինք մենք: Ու այն տարածաշրջանում, որտեղ ՀՀ-ն է գտնվում, ավելի խիստ պետք է լինել: Հաստատ:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 16 (279), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։