Արգելվում է արտերկրում հաշիվներ ունենալ – Հատուկ գործողությունների ուժերը կգործեն նաեւ երկրից դուրս… Բռունցքը նպաստում է հիշողությանը…

- Արգելվում է արտերկրում հաշիվներ ունենալ  – Հատուկ գործողությունների ուժերը կգործեն նաեւ երկրից դուրս…

- Երեւանում մրցեցին ԱՊՀ ԶՈւ մարզիկ-զինծառայողները…

- Բռունցքը նպաստում է հիշողությանը…

 Արգելվում է արտերկրում հաշիվներ ունենալ

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանություն է տվել Պետական դումայի կողմից ընդունված օրենսդրկան փաթեթին, որն արգելում է պետական ծառայողներին ու չինովնիկներին արտասահմանյան բանկերում հաշիվներ ու ավանդներ բացել, կանխիկ գումարներ ու արժեքավոր իրեր պահել, ինչպես նաեւ տնօրինել արտասահմանյան ֆինանսական գործիքներ: Մի խոսքով՝ պաշտոնյաներին արգելվում է արտերկրում բանկային հաշվեհամարներ, արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսեր եւ արժեթղթեր ունենալ:

Արգելքը չի տարածվում անշարժ գույք ունենալու վրա, բայց պաշտոնյաները պետք է հրապարակեն այդ մասին տեղեկությունները՝ մատնանշելով ձեռքբերման ֆինանսական աղբյուրները: Օրենքով նախատեսված է արգելել արտասահմանյան բանկերում ոչ միայն հաշիվներ եւ պարտատոմսեր ունենալը, այլեւ արժեթղթեր, մասնավորապես, ճանապարհային չեկեր ու ցանկացած արժեքավոր իր, այդ թվում՝ թանկարժեք մետաղներ: Օրենքի ուժի ներքո հայտնվելու են այն անձիք, ովքեր իրենց ծառայողական պարտականություններից ելնելով ընդունում են որոշումներ, որոնք առնչվում են «ՌԴ ինքնիշխանության եւ ազգային անվտանգության հետ»: Այսինքն՝ օրենքը տարածվում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների, պետական ծառայողների եւ համայնքային ղեկավարների բավական լայն շրջանակի՝ վարչապետի, վերջինիս օգնականների, դաշնային նախարարների, նրանց կանաց կամ ամուսինների ու անչափահաս երեխաների, պատգամավորների եւ պատգամավորի թեկնածուների, դաշնային մարմինների ղեկավարների, նրանց բոլոր տեղակալների, խոշոր համայնքների ղեկավարների, տարածաշրջանների պետական պաշտոնյաների վրա: Բացի այդ՝ օրենքը կիրառվելու է նաեւ գլխավոր դատախազի, նրա 1-ին տեղակալի, ՌԴ կենտրոնական բանկի տնօրենների խորհրդի անդամների, պետական ընկերությունների եւ ֆոնդերի պաշտոնյաների բանկային հաշիվների հարցում:

Օրենքի ընդունման պահից պետական ծառայողներն ու չինովնիկները պարտավորվում են 3 ամսվա ընթացքում փակել իրենց արտասահմանյան հաշիվները:

Եթե հիշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ վերջերս օրենքով խստացել է վերաբերմունքը նաեւ հասարակական կազմակերպությունների նկատմամբ, հատկապես որոնք միջազգային ֆինանսական օժանդակությամբ են գործունեություն ծավալում, ապա հասկանալի է, որ Մոսկվան փորձում է հիմնավորապես ազատվել «ներքին թշնամական տարրերից», որպեսզի արտաքին ռազմա-քաղաքական հարցերում առավել ազատորեն եւ հանգիստ գործի: Անգամ բացահայտ շեշտվել է, որ օտար երկրների շահերը Ռուսաստանում պաշտպանող կազմակերպությունները չեն կարող գործել օրենքի ուժով եւ պիտի լուծարվեն:

Գուցե այդ նպատակով էլ ՌԴ զինված ուժերում ստեղծվել են հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, որի մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը: «Մենք ստեղծել ենք Հատուկ գործողությունների ուժեր, որոնք պատրաստվում ենք կիրառել ոչ միայն մեր երկրի տարածքում, այլ նաեւ՝ մեր երկրից դուրս: Նրանց պատրաստվածության ընթացքը մշտապես վերահսկվում է Օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից»,- ասել է նա: Նշենք, որ այդ հայտարարությունը արվել է Օպերատիվ կառավարման կենտրոն՝ Չինաստանի առաջնորդ Սի Ցինպինի այցից հետո:

Արման Դավթյան

 Երեւանում մրցեցին ԱՊՀ ԶՈւ մարզիկ-զինծառայողները

Ապրիլի վերջին Երեւանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի մարզիկ-զինծառայողների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Առաջնությունը կազմակերպվել էր ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հովանու ներքո: ԱՊՀ ԶՈւ մարզիկ-զինծառայողների միջեւ ազատ ոճի ըմբշամարտ մարզաձեւի առանձին առաջնություն այս տարի կազմակերպվում է առաջին անգամ: Առաջնության անցկացման ամբողջ ընթացքը կազմակերպել է ՀՀ ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչությունը: Առաջնության հիմնական նպատակներն էին ԱՊՀ անդամ-պետությունների զինված ուժերի միջեւ բարեկամության ամրապնդումն ու համագործակցության զարգացումը ֆիզիկական պատրաստության եւ սպորտի ոլորտում, առողջ ապրելակերպի քարոզումը ԱՊՀ պետությունների զինված ուժերում, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը, զինծառայող-մարզիկների բարձր չափանիշների պատրաստության փորձի փոխանակումը, մասսայական սպորտի զարգացումը անդամ-պետությունների զինված ուժերի զինծառայողների շրջանում, ինչպես նաեւ նրանց ֆիզիկական պատրաստության ու բարոյահոգեբանական կայունության բարձրացումը:

Մրցումներն անցկացվել են հետեւյալ քաշային կարգերում՝ մինչեւ 55 կգ, 60 կգ, 74 կգ, 84 կգ, 96 կգ եւ 120 կգ: Յուրաքանչյուր թիմ կարող հայտավորել էր մեկական մասնակից յուրաքանչյուր քաշային կարգում:

Բռունցքը նպաստում է հիշողությանը

Միացյալ Նահանգների հոգեբանները հայտնաբերել են, որ բռունցքի սեղմումը նպաստում է տեղեկատվության ավելի մեծ ծավալի ըմբռնմանը: Ինչպես տեղեկացնում է internovosti.ru-ն, այդ ուղղությամբ ամերիկացի գիտնականները մի քանի փորձարկումներ են իրականացրել: Նրանք առաջարկել են կամավորների 51-հոգանոց խմբին հիշել 70 բառից ավել պարունակող մի ցուցակ, բայց մինչ այդ նրանց առաջարկվել է 2 անգամ 45 վայրկյանների ընթացքում բռունցքով սեղմել ռեզինե գնդակ: Նույն գործողությունները նրանք պետք է անեին նաեւ այդ ցուցակի վերարտադրման ժամանակ:

Կամավորներին բաժանել են 5 խմբի. առաջինում սեղմում էին աջ բռունցքը՝ բառերը հիշելու համար եւ արտաբերելու, երկրորդում՝ ձախ բռունցքը, երրորդում՝ ձախ բռունցքը՝ հիշելու եւ աջը՝ արտաբերելու, չորրորդում՝ հակառակ գործողությամբ: Հինգերորդ խումբը պետք է պարզապես ձեռքում պահեր գնդակը:

Արդյունքում գիտնականները պարզել են, որ ավելի շատ բառ հիշեցին այն մարդիկ, ովքեր սեղմում էին գնդակին աջ ձեռքով, իսկ  ձախ ձեռքով սեղմումը նպաստում է կարճ ժամանակահատվածում ամրագրված տեղեկավության արտաբերմանը:

Ըստ գիտնականների, այդ շարժումներն ազդում են ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են հիշողության եւ դրա արտաբերման համար:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 16 (279), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։