Ո՛չ պատգամավոր են, ո՛չ էլ՝ գողական… Վերականգնված հավատը՝ օրինականության երաշխիք – ոստիկանապետը նաեւ խոստովանահա՞յր, թե՞ գողական…

- Ոչ պատգամավոր են, ոչ էլ՝ գողական…

- Վերականգնված հավատը օրինականության երաշխիք – Վլադիմիր Գասպարյանը՝ ոստիկանապե՞տ, խոստովանահա՞յր,  թե՞ գողական…

Ոչ պատգամավոր են, ոչ էլ՝ գողական

«Հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՚»

Անթաքույց բարկացել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որովհետեւ Գյումրիի վերջին դեպքերից հետո որոշ պատգամավորներ զանգահարել էին իր տեղակալին եւ բարեխոսել ձերբակալվածների համար:

Վլադիմիր Գասպարյանի տոնից, սակայն, ակնհայտ էր, որ նա քաջատեղյակ է, որ փոխոստիկանապետին զանգողները ոչ պատգամավոր են, ոչ էլ գողական, արա են՝ բառիս ոչ թե իրական-հայկական, այլ՝ ժամանակակից-անարժեքային իմաստով:

Պատգամավոր չեն, որովհետեւ չեն պատկերացնում, թե ինչ է օրենսդիր աշխատանքը, ու ոչ թե երբեւէ օրենք չեն գրել, այլ՝ չեն էլ կարդացել: Ու թե հարցնես՝ որ օրենքի համար են քվեարկում ու ինչ է իրենց քվեարկածի արդյունքում լինելու, ապուշ կտրած դեմքիդ կնայեն:

Բայց դե գողական էլ չեն: Գողականները փոխոստիկանապետին չէին զանգի ու միջնորդության համար չէին խնդրի: Պարզապես հիմա մեր երկրում գողը, գողցողն ու գողականը խառնվել են իրար: Ի դեպ, երբ արդարադատության նախարար էր Դավիթ Հարությունյանը, բերդերից նրա հետ համագործակցում էին որոշ՝ իրենց գողական համարողներ: Դրա համար էլ ասում եմ, որ խառնվել են…

Ինչեւէ: Երբ ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, թե ովքեր են եղել Գյումրիի դեպքով բարեխոսելու համար զանգահարած պատգամավորները, նրանցից մեկի առումով զարմացանք, որովհետեւ նա հասկանում է եւ՜ օրենսդիր աշխատանքից, եւ՜ նրա անունը երբեւիցե կապված չի եղել նմանատիպ միջադեպերին, ու բացի այդ՝ նա ոչ մի կապ էլ չունի Գյումրվա երկու կլանների հետ:

Ըստ երեւույթին, նրան այդ բանն անելուն դրդել է կապ ունեցողը, ում չի կարողացել մերժել նշյալը:

Թեւեւ եթե հաշվի առնենք, որ Գյումրիում Վլադիմիր Գասպարյանի ասուլիսը մերժում-հաղորդագրություն էր բոլոր հնարավոր միջնորդներին, ուրեմն՝ կմնա սպասել զարգացումներին:

Համենայնդեպս ես հակված եմ կարծելու, որ խնդիրը կլուծվի:

Որովհետեւ ի տարբերություն նախկին ոստիկանապետերի, ներկայիս ոստիկանապետը չհերքեց, որ Գյումրիում գործում են երկու կլաններ, բայց նրանց դարաշարջանն այլեւս ավարտվելու է: Հույս է ներշնչում այն, որ կլանների զինաթափումն սկսված է:

Լավ առաջարկ է արել ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, այն է՝ Գյումրիի դեպքերի առիթով ՀՀ ոստիկանություն դիմած պատգամավորների հարցը պետք է քննարկվի ԱԺ էթիկայի հանձնաժողովում. «Գյումրիի դեպքերը ցույց տվեցին, որ ոստիկանությունը, իրավապահ համակարգը սկսել է ծառայել քաղաքացիական հասարակությանը, ոչ թե այն մյուս կողմին, որին շատ հաճախ ականատես ենք եղել… Ուզում եմ իմանալ՝ այս դահլիճի խորոշիներն ովքե՞ր են, ովքեր ինձ կբացատրեն, թե ցուցմունք տալուն ինչու են դեմ, ովքեր են այդ խառոշիները, որոնք այն նույն ինստիտուտում են, որում ես էլ եմ ներկայացված»:

«Խարոշիները» ձայն չեն հանել:

Խարոշիները հիմա առավոտից իրիկուն պիտի իրենց աստծուն դիմեն, որ հանկարծ ոստիկանապետն էլ ձայն չհանի ու իրենց «արտագաղթը կազմակերպի»:

Անի Մարության

Վերականգնված հավատը օրինականության երաշխիք

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մի շարք հրամաններ է նորից ստորագրել, աշխատանքից ազատելով Երեւանի եւ մարզերի մի շարք բարձրաստիճան աշխատակիցների: Ըստ ամենայնի, համակարգում լրջորեն փոփոխությունների կարիք է զգացվում:

Ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու եւ շորթում կատարելու հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի շարք վկաներ, իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Ինչպես արդեն ասում են՝ ՀՔԾ-ն հաստատել է ոստիկանությունում ֆինանսական բուրգի մասին տեղեկությունը:

2013թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանությունից հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր, որոնցում առկա են ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու եւ շորթում կատարելու հանցագործության հատկանիշներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ դեպքերի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ «ՀՀ քրեական օրենսգրքիի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ կազմակերպված խմբի կողմից շորթում, եւ 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ վաշխառություն»:

Անուններ կամ այլ մանրամասներ քրեական գործի մասին ՀՔԾ-ն չի հրապարակում՝ նշելով, որ քննության շահերից ելնելով նախաքննության ներկա փուլում այլ մանրամասներ չեն հրապարակվում: Նշենք, որ խարդախությունների եւ շորթումներով զբաղվող խմբի՝ իբրեւ ակտիվ դերակատար է նշվում Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը, շոշափվում է նաեւ Շիրակի գործող ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունը:

Վլադիմիր Գասպարյանը՝ ոստիկանապե՞տ, խոստովանահա՞յր,  թե՞ գողական

Այսպիսի զարմանալի կերպար է ստեղծել համացանցում ոստիկանապետը՝ մի քանի ամսվա ընթացքում համակարգային փոփոխություններ ստանձնելով, աշխուժորեն ներգրավվելով հետընտրական գործընթացներում եւ կտրուկ քայլերի դիմելով Գյումրու հանցավոր խմբավորումների դեմ:

Գյումրիում կրակոցներ էին հնչել, կա զոհ եւ վիրավորներ: ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատի մարդիկ փորձում են մնալ իրենց նախկին դիրքերում: Բայց ոստիկանապետը հայտարարեց, որ այլեւս չի հանդուրժելու «բեսպրեդելը»: Վարդան Ղուկասյանն ու նրա մերձավորները բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Ավելի վաղ Բագրատաշենի սահմանային կետից բերման էր ենթարկվել Վարդան Ղուկասյանի եղբորորդի Կոլյա Ղուկասյանը: Նախնական տեղեկություներով, Գյուրիում հնչած կրակոցները հենց նրա եւ Հարություն Խաչատրյանի որդու միջեւ ամիսներ առաջ տեղի ունեցած ընդհարման շարունակությունն է: Ընդհանուր առմամբ ոստիկանության բաժին է բերման ենթարկվել Վարդան Ղուկասյանի շրջապատի ավելի քան 10 մարդ: Ինքնակամ ոստիկանություն է ներկայացել Գյումրիի նախկին քաղաքապետի եղբոր որդի Վահե Ղուկասյանը, որին ոստիկանության ՔՀԳ վարչության արագ հակազդման օպերները որոնում էին:

Դեպքի ժամանակ Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության բաժնում ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը եւ Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ եւ 1 կրակված գնդակ: Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից եւս հայտնաբերվել ու առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով:

Այս ծայրահեղ ծանր վիճակում քաղաքը գտնվել է վաղուց եւ Գյումրիում հայտնի Շեկո մականվամբ Արտյոմ Կարապետյանը եւ Քավոր Հարութը փորձել են ունեցած դիրքերը չզիջել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, Քավոր Հարութը Ազգային Ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորն է: Բացի Վահե Ղուկասյանից, այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաեւ Հարություն Խաչատրյանի, նույն ինքը՝ «Քավոր Հարութի» անչափահաս որդին՝ 1995թ. ծնված Գեւորգ Խաչատրյանը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով:

Քաղաքում ուժեղացված ծառայություն են կատարում մեծ թվով ոստիկաններ՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցների հետ: Հաշվի առնելով դեպքի վտանգավորությունն ու հնչեղությունը՝ գործով հետաքրքրված է նաեւ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում՝ իր վրա հարձակում է կատարվել, եւ ինքը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Նա իրեն «մեղավոր» է ճանաչում միայն, որ «հասցրել է պաշտպանվել»: Վարդան Ղուկասյանի մյուս եղբորորդու՝ Կոլյա Ղուկասյանի փաստաբան Թամարա Յայլոյանն էլ հայտարարել է, թե Գյումրու ոստիկանության աշխատակիցները վիրավորել եւ սպառնալիքներ են հնչեցրել իր մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ. «Ես, իհարկե, դիմում եմ ներկայացրել փաստաբանների պալատ, նաեւ առանձին հայտարարություն կլինի այդ կապակցությամբ, որ եթե որեւէ մեղադրանք առաջադրվի իմ նկատմամբ, կամ եթե որեւէ բան պատահի իմ կամ իմ ազգականների հետ, Գյումրու ոստիկանության աշխատակիցների կողմից է կազմակերպված»: Փաստաբանը նշել է, որ սպառնալիքները այսպիսին են եղել. «Գլխիդ կսարքենք, վատ բան կլինի եւ այլն»:

Այս ամենին զուգահեռ, վերջերս հրապարակվեց գյումրեցիների նամակը, ովքեր շնորհակալություն էին հայտնում Վլադիմիր Գասպարյանին, թե՝ «անձամբ եկաք եւ ամեն մեկին իր տեղը դրեցիք մեր քաղաքում»: Գյումրեցիների նամակում նաեւ ասվել է հետեւյալը. «Ապրիլի 23-ին մեր քաղաքում տեղի ունեցած սպանությունից հետո մինչեւ Ձեր այցը Գյումրի վախի ու հիասթափության մթնոլորտ էր տիրում: Պատկերացրեք ինքներդ՝ մոտ 20 րոպե քաղաքի կենտրոնում իսկական պատերազմ էր, ոնց որ Բաղդադը լիներ, պատկերացրեք երեխաների վիճակը, դեպքի վայրից քիչ հեռու գտնվող դպրոցում մեր ու մեր մի քանի հարեւանների երեխաներ են սովորում, մինչեւ երեկվա Ձեր այցը մենք վախենում էինք նրանց դպրոց թողնել: Սիրելի ոստիկանապետ, իրադարձություններից շատ առաջ չանցնենք, սակայն ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ, որ անձամբ եկաք եւ ամեն մեկին իր տեղը դրեցիք մեր քաղաքում, Ձեր խոսքը համոզիչ էր եւ հանգստացնող: Աստված Ձեզ ու մեզ բոլորիս պահապան եւ թող որ Ձեր մյուս այցը Գյումրի լինի ուրախ առիթով, հաճախ այցելեք մեր քաղաք, խնդրում ենք»:

Ոստիկանապետն ավելի է հստակեցրել իր քայլերը՝ նշելով. «Ուղիղ գաղութ կգնան նրանք, ովքեր օրենքի դեմ դուրս կգան, այնտեղ է իրենց տեղը»: Իսկ շատերն արդեն համոզված են, որ «Գյումրիի կլանները հո գելի սիրտ չե՞ն կերել, որ դուրս գան իրավապահների դեմ, կլաններն անգամ իրենց դիրքերը թուլացրել են»:

Պետք է իրապես վերականգնել հավատը հայ ոստիկանի նկատմամբ, ինչը կնպաստի, որ հենց երկրի քաղաքացին ինքը սկսի պայքարել իր կողքին տեղի ունեցող անօրինականությունների դեմ: Մարդիկ դա կարող են անել, բայց հավատ չկար: Եվ շատ կարեւոր է, որ ոստիկանապետը եւ իշխանությունները հետեւողական լինեն եւ դա զգացնել տան ամենուր, անկախ մարդկանց դիրքից ու պաշտոնից, գտնվելու վայրից:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 16 (279), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։