ՏԻՄ ընտրություններ. Ռուսի ու պարսիկի հայտնելը խախտում չէ՞… Նախընտրականն ըստ GALLUP-ի… Կստուգվի՞ ՀՀՇ-ականների ունեցածքը… Կպատժի՞ Ծառուկյանին…

Տեղական ընտրություններ եւ միջազգային հետախուզումներ…

Ռուսի ու պարսիկի հայտնվելը խախտում չէ՞…

Նախընտրական երանգներ՝ ըստ GALLUP-ի…

Ե՞րբ է ստուգվելու ՀՀՇ-ականների ունեցվածքը…

Հեռացնու՞մ են, թե՞ հեռանում են ԲՀԿ-ականները…

Աբրահամյանը կպատժի՞ Ծառուկյանին…

 Տեղական ընտրություններ եւ միջազգային հետախուզումներ

Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որը նվիրված էր մայիսի 5-ին կայանալիք  Երեւանի ավագանու ընտրություններին: Նշվել է, որ նախընտարական շրջանում եւ ընտրությունների ժամանակ ոստիկանության վրա դրված պարտականությունները պետք է կատարվեն բարձր մակարդակով: Ոստիկանության հիմնական խնդիրն է համարվել տվյալ դեպքում հասարակական կարգի ապահովումը եւ իրավախախտումների բացառումը:

Ոստիկանության իրավաբանական վարչությունը պատրաստել է ուղեցույց, որով պետք է առաջնորդվեն ոստիկանները: Ներկայացված են ընտրությունների ժամանակ ոստիկանի ֆունկցիոնալ պարտականություններն ու իրավունքները: Ներկայացվել է նաեւ ոստիկանության Երեւանի վարչության կողմից կազմված պլանը՝ մայիսի 5-ին կայանալիք ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման եւ անվտանգության ապահովման ուժերի տեղաբաշխման վերաբերյալ: Կրկին ստուգվելու են անձնակազմերի պատրաստականությունը, ընտրացուցակների հետ կապված հարցերը:

Իսկ արտաքին ասպարեզում ՀՀ ոստիկանությունը Ինտերպոլի հետ համագործակցության նոր եզրեր է ստեղծում: Ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ համագործացություն իրականացնող ֆունկցիոնալ պատասխանատու կապի սպաների սեմինար-հանդիպումը: Հանցավորության դեմ պայքարի գործում կարեւորելով ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի տարածքային ստորաբաժանումների միջեւ համագործակցությունը՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը նշել է, որ այդ համագործակցությունը դեռեւս բավարար հիմքերի վրա չէ. «Համագործակցությունը չպետք է տարվի միայն  հետախուզական աշխատանքներով, այն պետք է առավել ընդգրկուն, առավել արդյունավետ լինի բոլոր առումներով»,- ասել է նա:

Արդյունավետ համագործակցության անհարժեշտության մասին խոսել է նաեւ ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը. «Ինտերպոլի բյուրոն անվերջ զարգանում է, ուրեմն անհրաժեշտ են համագործակցության նոր եզրեր, նոր մոտեցումներ»:

ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանի ելույթից հետո ցուցադրվել է Ինտերպոլի մասին պատմող ֆիլմ: Սեմինար-հանդիպմանը ելույթ ունեցողները խոսել են նաեւ Ինտերպոլի ուղիներով իրականացվող միջազգային հետախուզման, առեւանգված տրանսպորտային միջոցների հայտնաբերման եւ այլ հարցերի շուրջ:

Կարեն Բալյան

 Ռուսի ու պարսիկի հայտնվելը խախտում չէ՞

Ավարտվել է դիտորդների հավատարմագրումը, եւ ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից, հավատարմագրվել է 26 տեղական դիտորդական կազմակերպություն: Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները կհետեւեն տեղական 6613 դիտորդ: Ավագանու ընտրությունների ժամանակ ամենաշատ դիտորդները կունենա «Համահայկական երիտասարդական ասոցիացիա»-ն՝1544, իսկ ամենաքիչը՝ 7 դիտորդ, «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության Ունիսոն» ՀԿ-ն: Ընտրության ընթացքին կհետեւի նաեւ 1 միջազգային՝ «Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրես» կազմակերպությունը:

ԿԸՀ-ն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է նաեւ Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի մի շարք համայնքներում 2013 թ. մայիսի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ:

Իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների, քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ. ՀՀԿ՝ 5-ական, ԲՀԿ՝  4-ական, ՀԱԿ դաշինք, «Ժառանգություն» կուսակցություն, ՀՅԴ եւ ՕԵԿ՝ 1-ական (տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը ԿԸՀ ներկայացվեցին ապրիլի 26-ից մայիսի 1-ը):

Իսկ ոստիկանությունը պարզաբանում է կատարել ընտրացուցակների վերաբերյալ: Համացանցում տարածված տեղեկատվության համաձայն՝ ընտրացուցակներում 2 ամսում հայտնվել են «բավական մեծ թվով ռուսներ ու պարսիկներ» եւ «ի հայտ են բերվել ընտրացուցակների ակնառու խախտումներ»: Ըստիկանությունը հայտնել է, որ հերթական անգամ օրենքի չիմացության պատճառով փորձ է արվում ապակողմնորոշել հանրությանը: Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ «ի տարբերություն համապետական ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներից բացի ընտրելու իրավունք ունեն նաեւ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչեւ քվեարկության օրն ունեն առնվազն 6 ամսվա հաշվառում (ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մաս)»:

Երեւանի ավագանու ընտրողների թիվը 25.03.2013թ. դրությամբ կազմել է 817.814, որից 3.375-ը՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք են: Պարզաբանումներ են տրվել նաեւ համացանցում արծարծված հասցեներում հաշվառվածների եւ դրանց իսկությունը ստուգելու հետ կապված: Անձնագրային ծառայությունը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ հարցումներ է կատարել պարզաբանումների համար: Վերջնական ցուցակները հրապարակելիս հաշվառումից հանված անձանց տվյալներն այլեւս չեն լինի ընտրացուցակում:

 Անի Մարության

 Նախընտրական երանգներ՝ ըստ GALLUP-ի

Ըստ GALLUP-ի հարցումների, հարցվածների 63%-ը պատասխանել է, որ ՀԱԿ-ի եւ ՕԵԿ-ի կարգախոսը չի համապատասխանում կուսակցությունների գործունեությանը: 47%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին: «Ավելի լավ Երեւան» կարգախոսը, որը ՀՀԿ-ին է, ստացել է 26% եւ հարցվածների այդքան տոկոսը նշել է, որ կուսակցության կարգախոսը լիովին համապատասխանում է կուսակցության գործունեությանը: ԲՀԿ-ի կարգախոսը եւս համարվել է համապատասխան կուսակցությանը: Իսկ Երեւանի ավագանու ընտրություններում իրական ընդդիմադիր կուսակցությունների վերաբերյալ հարցին պատասխանելիս  երեւանցիները առավելությունը տվել են «Բարեւ Երեւան» դաշինքին, որը ստացել է 21,3%, ՀԱԿ-ը ստացել է 16,8%, ԲՀԿ-ն՝ 14,2%, ՀՅԴ-ն՝ 9,1%, ՕԵԿ-ը՝ 6,6%, իսկ «Առաքելություն» կուսակցությունը՝ 3,6%:

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանըի հաղորդմամբ՝ հարցվածների 25%-ը պատասխանել է, որ այս ընտրություններում չկա ընդդիմություն եւ հարցվածների 35,7%-ը դժվարացել են պատասխանել այդ հարցին: «Ուշագրավ է, որ բնակչության մեծ մասը չի կարողանում կողմնորոշվել ընդդիմադիր կուսակցությունների հարցում»,- ասել է տնօրենը: Նրա խոսքերով, մի քանի անգամ իրենց հարցումներին բնակչությունը որպես ընդդիմադիր կուսակցություն նշել է ՀՀԿ-ին, իսկ երբ նրանք խնդրել են հարցվածներին բացատրել, թե ինչու, հարցվածները նշել են, թե բոլորը նույն են, բոլորն էլ հանրապետական են, ուղղակի իրենց համար ընտրել են ինչ-որ անուններ ու ներկայանում են որպես ընդդիմություն:

Երեւանցիները ընտրությունների վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը ստանում են հեռուստաընկերություններից՝ 79,9%, ինտերնետ տիրույթից տեղեկացվողները կազմում են 15,9%, մամուլից՝ 14,7%, ռադիոյից՝ 10,4%, բակային հանդիպումներից՝ 10,2% իսկ միջոցառումներից եւ այլ հանդիպումներից տեղեկացվողերը կազմել են 4,9%:

Տարոն Մարգարյանին քաղաքապետ է տեսնում երեւանցիների 57,6%-ը: Վերջին 1,5 տարում կատարված փոփոխությունների վերաբերյալ հարցին դրական է պատասխանել երեւանցիների 63%-ը, եւ այդ դրական գնահատականները կապված են նաեւ նախընտրական ակտիվ քարոզարշավի ազդեցության հետ: Բնակչության 16%-ը դժգոհ է Երեւանում վերջին 1,5 տարում արված փոփոխություններից: Վարդան Օսկանյանին ձայն կտան՝ 5,9%-ը, Արմեն Երիցյանին՝ 3,8%-ը, Արմեն Մարտիրոսյանին՝ 3,7%-ը: «Որ քաղաքական կուսակցությանը կտայիք ձեր ձայնը» հարցին երեւանցիները պատասխանել են. ՀՀԿ-ին՝ 41%, ԲՀԿ-ին՝ 14,5%, «Բարեւ Երեւան»-ին՝ 7,9% ձայն:

Այս հետազոտությունը իրականացվում է 3-րդ անգամ: Առաջին փուլը եղել է նոյեմբերին: Հետազոտությունը ընտրությունների նախաշեմին պարզել է երեւանցիների նախընտրական տրամադրությունները:

Սեփ. լրատվություն

 Ե՞րբ է ստուգվելու ՀՀՇ-ականների ունեցվածքը

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ Տարոն Մարգարյանի մասին ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հաղորդումը երեկ, մայիսի 2-ին, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար։

Տեղեկացնենք, որ գլխավոր դատախազությունը ապրիլի 30-ին ստացել էր Հայ Ազգային Կոնգրես կուսակցության անունից ներկայացված հաղորդումը՝ «հանցագործության կատարման մասին», որով խնդրում են պարզել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում ներառված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, տնօրինման եղանակի, գույք ձեռք բերելու, կամ տիրապետելու, կամ օգտագործելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երեւույթների կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հետ։

Դեմ չենք, թող ստուգվի: Դեմ ենք, որ քաղաքական կամք չի դրսեւորվում ու չի ստուգվում ՀՀՇ վերնախավի ունեցվածքի ձեռքբերման աղբյուրը: Եթե, իհարկե, դրանք վաղուց ուրիշի անունով ու արտերկրի բանկերում չեն հանգրվանում:

Սեփ. լրատվություն

 Հեռացնու՞մ են, թե՞ հեռանում են

Ահազանգ է հնչել, իբր ավելի քան 100 դեպքեր կան, երբ միայն ԲՀԿ-ական լինելու, կամ ԲՀԿ-ական ծանոթ, հարազատ ունենալու համար մարդիկ հեռացվել են աշխատանքից,- ասել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Բայց անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին՝ նա նշել է, որ քարոզարշավի բուն ընթացքում որեւէ խոչընդոտ չի արձանագրվել եւ այն գնահատել է արդյունավետ…

Աբրահամյանը կպատժի՞ Ծառուկյանին

Թե մեր խորհրդարանի ո՛ր նախագահին կհաջողվի պատգամավորներին նիստերի բերել, առայժմ պարզ չէ: Փորձեր լինում են՝ ապարդյուն: Հերթականը նախաձեռնել է Հովիկ Աբրահամյանը:

Հետո ասել է, թե չի բարկացել, ուղղակի պատգամավորներին հիշեցրել է, որ իրենք պարտավոր են մասնակցել ԱԺ նիստերին:

Մինչդեռ ԱԺ նախագահը իսկապես բարկացել էր եւ՝ անթաքույց: Նկատողություն էր արել բացակայող պատգամավորներին եւ հորդորել առաջնորդվել ԱԺ կանոնակարգ օրենքով, չբացակայել նիստերից ու նիստերի ժամին չքայլել միջանցքներում: Նաեւ հանձնարարել էր քարտուղարությանը բացակայող պատգամավորի անունները հրապարակել մամուլում:

Եվ այս ամենը այն համապատկերում, երբ առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններ են ու ԱԺ նախագահն էլ, իր իսկ խոսքերով, ըմբռնումով է մոտենում նրանց բացակայություններին. «Պատգամավորների մեծ մասն ընդգրկված են այդ քարոզարշավում: Քանի որ քարոզարշավը մոտենում է ավարտին, մենք այս անգամ էլ ներողամիտ կլինենք, բայց հաջորդ նիստերին ինչ որ պայմանավորվել ենք, ես իրագործելու եմ»:

Իսկ ի՞նչ է իրագործելու:

«Ֆրակցիաների ղեկավարների հետ կքննարկեմ, եւ եթե այլ ձեւաչափում չկարողնանք պայմանավորվածություն ձեռք բերել, կփորձենք հարցերը քննարկելուց հետո կազմակերպել քվեարկություն»: Բացի անունների հրապարակումից, բացակայող պատգամավորները կպատժվեն նաեւ աշխատավարձերից զրկվելով, պատվիրակությունների կազմում չեն ընդգրկվի, գործուղումների չեն ուղարկվի:

Արդյո՞ք կկարողանա Հովիկ Աբրահամյանը պատժել Գագիկ Ծառուկյանին, զրկել նրան աշխատավարձից: Ի պատասխան ԱԺ նախագահը հստակեցրեց. «Անկախ անունից ու ազգանունից, ով չմասնակցի, չի ստանալու»:

Գիտեք, հավատում եմ, թե չէ Գ. Ծառուկյանի ինչի՛ն է պետք մի քանի հարյուր հազար դրամը: Նա իր փողերը միլիոններով է հաշվում: Հետո էլ՝  հո պատգամավոր չի դարձել, որ օրինաստեղծ աշխատանքով զբաղվի… Ինքը գրել-մրել չի սիրում…

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 16 (279), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։