Վտանգի զգացողությունը՝ ցպահանջ – Սյունիքի արոտավայրերը չենք զիջի… Ծավալապա՞շտ, թե՞ բարեկամ հարեւան – Իրանում երկրի նախագահի ընտրություն է…

- Վտանգի զգացողությունը՝ ցպահանջ – Սյունիքի արոտավայրերը չենք զիջի «եղբայրական» իրանաադրբեջանցիներին…

- Ծավալապա՞շտ, թե՞ բարեկամ հարեւան – Իրանում ավարտվել է նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցումը…

Վտանգի զգացողությունը՝ ցպահանջ

Հայ-ադրբեջանական նոր բախումների հնարավոր հեռանկարի պայմաններում, երբ ամեն օր արցախա-ադրբեջանական ու, առհասարակ, հայ-ադրբեջանական սահմանագծին անկայուն վիճակներ են լինում, թշնամական սադրանքներ, հանկարծ մի վտանգավոր նախագիծ է ի հայտ գալիս: Ինչը լավ է՝ ժամանակին կանգ առավ: Ըստ որոշ տվյալների, Սյունիքի արոտավայրերը շուրջ 100 հազար հեկտար են, որի կեսը նախատեսվում էր «զիջել» «եղբայրական» իրանաադրբեջանցիներին:

Խոսքը ոչխարաբուծությանն է առնչվում, բայց քանի որ մեր գյուղացին 1 կովը գերադասում է 10 ոչխարից (ըստ տարբեր մասնագիտական հաշվարկների), ապա հայտնի չէ, թե նոր հայ-պարսկաադրբեջանական շփումները ոչխարաբուծության ինչ հեռանկար կթողնեին հետագայում (թյուրքը այստեղ տարիներ հետո հայի ձեռքից վերցնելու էր նաեւ խոշոր եղջերավոր անասնապահության գործը):

Սյունիքի արոտավայրերը թրքախոս իրանցիներին վարձակալությամբ տալու պայմանավորվածության մասին հայաստանահայերն ու սփյուռքահայերը զարմանքով  լսեցին: Ինչպե՞ս կարելի է սեփական երկիրը մի կերպ արյուն-պատերազմով մաքրել ադրբեջանցիներից ու հետո՝ նորից խաղաղ ճանապարհով տրամադրել նրանց: Հասկանալի է, Հայաստանում դժվարությամբ են զբաղվում ոչխարաբուծությամբ, ընդհանրապես վիճակագրական տվյալների համաձայն, այս ճյուղը չնչին դեր ունի համաշխարհային կաթի, մսի արտադրության մեջ: Հայերն էլ առավելապես նախընտրում են խոշոր եղջերավորների անասնապահությունը: Բայց պետության որոշակի աջակցության դեպքում հարցը կարող է այլ լուծում ստանալ: Անգամ եթե Սյունիքի անասնապահները չեն նախընտրում ոչխարաբուծությունը, ապա այդ արոտավայրերը կարելի է վարձավճարով Հայաստանի այլ մարզերի անասնապահներին տրամադրել եւ ոչ թե հարեւան Իրանի՝ մեզ թշնամի ադրբեջանցիներին: Եվ որ ամենակարեւորն է՝ պետության համար ավելի շահեկան է արոտավայրերը առանց օգտագործման թողնել, քան տալ այդ ծավալի ոչխարաբուծության նպատակով: Սրա վնասները նկատելի են շատ երկրներում, դրանց հազարների հասնող հոտերը հաճախ անդառնալի փչացնում են արոտավայրերը: Իրանում արդեն այդպես եղել է, եւ վնասն այն չափի է հասել, որ նրանց համար նվազագույն ծախսատար է հոտերը Հայաստան բերելը, քան սեփական արոտավայրերը վերականգնելը: Արդյունքում՝ մեր արոտավայրերին ի վերջո նույն՝ իրանականի ճակատագիրն էր սպասվելու:

Եթե նույնիսկ այդ ծավալի ոչխարաբուծության՝ մեզ վերջնահաշվարկում հասցվող տնտեսական եւ բնապահպանական վնասներից չխոսենք, ազգային անվտանգության հարցն անտեսել չենք կարող:

Այն փաստը, որ Արեւելյան Ատրպատական նահանգից պետք է նաեւ բնակիչներ տեղափոխվեն՝ ոչխարներին պահելու համար, նշածս հարցն ավելի ցցուն էր դարձնելու:

Բացի այդ՝ ցանկալի չէ, բայց, եթե Իրանում պատերազմ լինի, իրանցիների հոսքն այդ տարածք կշատանա, կփորձեն փախստականների ճամբարներ հիմնել, ու միայն պատկերացնելը, որ իրանական հակամարտությունը կարող է նպաստել նաեւ Արցախում պատերազմի վերսկսմանը, ապա հասկանալի է, թե Սյունիքում հայտնված թուրքերն ու ադրբեջանցիները ինչերի կլինեն ընդունակ:

Ինչեւէ, Սյունիքի արոտավայրերը թյուրքերին հանձնելը հանրության զայրույթը շարժեց: Հասկանալի էր, որ արոտավայրերը վարձակալության հանձնելը Սյունիքի մարզպետի «նետած խայծ­ն» էր, բայց՝ ոչ սեփական նախաձեռնությունը: Կառավարությունն ուզում էր տեսնել՝ կպայթի՞ փորձնական փուչիկը, թե՞ ոչ:

Բարեբախտաբար՝ պայթեց:

Կառավարությունը ակնհայտորեն տեսավ, որ հայ ժողովուրդը համապատասխան քայլերի կդիմի հարկ եղած պարագայում: Ու որպեսզի ընդվզումները չշարունակվեին, փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հայտնեց, որ նման բան չկա եւ չեն պատրաստվում կնքել այդպիսի պայմանագիր:

Բայց… կար նման բան, որովհետեւ իրանական կողմն անթաքույց խոսում էր այդ մասին եւ նաեւ այն ակնկալիքներից, որոնց սպասում էին ոչխարաբուծության այդ ծրագրի իրագործման հետեւանքով: Եվ ըստ այդ նախատեսվելիք պայմանագրի (իրանական կողմն ասում էր, թե հուշագիրն արդեն կա), առաջիկա 5 տարվա կտրվածքով 50 հազար ոչխար պիտի բերվեր՝ տարիների ընթացքում ավելացնելու պայմանով, իսկ ոչխարաբուծությանն առնչվողների համար էլ 2000 հեկտար տարածք էր տրամադրվելու (մոտ 10 հազար բնակչության՝ արդեն ասել ենք՝ ադրբեջանցիների համար):

Մի բան կա, որ իբրեւ վերջաբան ուզում եմ հավելել. մեզանից շատերի ներսում, հատկապես վերնախավում, բացակայում է ինքնապաշտպանական բնազդը: Հակառակ դեպքում մենք չէինք կորցնի  վտանգն զգալու զգացողությունը, ինչը շատ կարեւոր է մեր՝ մշտական թշնամի ունեցող երկրի պարագայում:

Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին այն ժամանակվա Աղդամում կար «սեւ շուկ­ա», որտեղ կարելի էր անգամ օձի ձու գտնել: Արցախյան պատերազմի մասնակից ընկերներիցս պատմում էին, որ մեր հայերը հիմնականում ոսկեղեն ու կահույք էին գնում, նաեւ խրուստալեղեն՝ այդ շուկայից, իսկ ադրբեջանցիները՝ հիմնականում զենք եւ զինամթերք:

Արամ Ավետյան

 Ծավալապա՞շտ, թե՞ բարեկամ հարեւան

Իրանում ավարտվել է նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցումը. 460-ից ավելի թեկնածուներ կան: Ըստ իրանական զլմ-ների, նրանցից թերեւս միայն 5-ը ընտրվելու իրական հնարավորություն ունեն:

Քաղաքական դաշտում առավել մեծ հեղինակություն ունեցող եւ արդեն պաշտոնապես գրանցված թեկնածուներից են ԻԻՀ հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին, ԻԻՀ նախկին նախագահ (1989-1997թթ.) Հաշեմի Ռաֆսանջանին, ԻԻՀ նախագահի խորհրդական, աշխատակազմի նախկին ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշային, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար (ԻՀՊԿ) Մոհսեն Ռեզային, Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, նախկին ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին, գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եղբայրը՝ Դավուդ Ահմադինեջադը, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանին, Մահմուդ Ահմադինեջադի խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքրը, իր ամպագոռգոռ հայտարրություններով հայտնի «Հեզբոլլահ» կազմակերպության Իրանի ներկայացուցչության ղեկավար Սեյյեդ Մոհամմադ Բաղեր Խարազին, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը, ներկա եւ նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Արդեն պարզ է, որ նախագահական ընտրապայքարը կընթանա 3 թեւերի՝ պահպանողականների, բարեփոխականների եւ գործող նախագահի թիմակիցների միջեւ: Թեկնածուների պաշտոնական գրանցման օրերին Իրանի ներքաղաքական դաշտում լարված իրավիճակ էր ստեղծվել, թեկնածուների գրանցման մինչեւ վերջին պահը պահպանողական ուժերի հիմնական մրցակից համարվող բարեփոխականները հստակ չէին հայտարարում, արդյո՞ք ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին կառաջադրի թեկնածությունը, թե՞ ոչ:

Ավելի վաղ, բարեփոխականները շրջանառում էին նախկին նախագահ (1997-2005 թթ.) Սեյյեդ Մոհամմադ Խաթամիի անունը, սակայն վերջինս հրաժարվեց առաջադրել իր թեկնածությունը՝ հիմնավորելով, թե ժողովուրդը 2 շրջան ղեկավարած նախագահին այլեւս քվե չի տա: Պահպանողականների հիմնական մրցակիցներ համարվող, բարեփոխական թեւը ներկայացնող նախկին նախագահ Ռաֆսանջանիի եւ գործող նախագահ Ահմադինեջադի խնամի Մաշայիի առաջադրումը փոխել է ներքաղաքական իրավիճակը, եւ ընտրապայքարն այլ հունով կընթանա, եթե Սահմանադրության պահապանների խորհուրդն արտոնի այդ երկուսի թեկնածությունները: Իրանական զլմ-ները լուրեր էին հրապարակել, թե Հաշեմի Ռաֆսանջանին ներքաշված է եղել 2009թ. հետընտրական խռովությունների մեջ, իսկ պահպանողական ուժերը Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին համարում են «իսլամական հեղափոխության ճանապարհից շեղվա­ծ» (ջարայան-է էնհերաֆի):

Սահմանադրության համաձայն՝ նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցումից հետո Սահմանադրության պահապանների խորհուրդը դեռ պետք է որոշում կայացնի, թե առաջադրված թեկնածուներից ով կարող է մասնակցել հետագա ընտրապայքարին:

Պահապանների խորհուրդի կողմից հավանության արժանանալուց հետո նոր միայն պաշտոնապես գրանցված թեկնածուները կարող են մասնակցել նախագահի ընտրապայքարին: Մայիսի 17-21-ը քննության կառնվեն մերժված թեկնածուներից ստացված բողոքները, իսկ ամսի 22-23-ին ՆԳՆ-ն կհայտարարի արդեն վավերացված թեկնածուների ցանկը: Թեկնածուներն իրենց քարոզարշավը կանցկացնեն մայիսի 24-ից հունիսի 12-ը:

Գործող նախագահի թիմակիցներին թուլացնելու համար ԻԻՀ Պահապանների կորպուսի պահակազորայինները ձերբակալել եւ հարցաքննել են Մահմուդ Ահմադինեջադին եւ զգուշացրել, որ երկրում իրավիճակը չսրի նախագահական ընտրություններից առաջ եւ իսլամական վարչակարգի վերաբերյալ ավելի զգույշ արտահայտվի: Չնայած նախագահի թիմակիցների մի մասը առաջադրվել է, բայց նախագահի 1-ին տեղակալ Մոհամմադ Ռեզա Ռահիմին ու խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքրը հրաժարվել են նախագահական ընտրապայքարից:

Նորության կարգով նշենք, որ Իրանում առաջին կին նախագահի թեկնածուն է գրանցվել՝ 46-ամյա Ռազիե Օմիդվարը, իսկ «Հեզբոլլահ» կազմակերպության Իրանի ներկայացուցիչ Սեյյեդ Մոհամմադ Բաղեր Խարազին նոր ավելորդաբանություններ է խոսել. «Եկել ենք, որպեսզի մեր հայրենիք Իրանը վերափոխենք ավելի մեծ հայրենիքի: Իրանի սահմանները ձգվում են Չինաստանից մինչեւ Աֆրիկա, եւ դա էլ հենց հարավային մեծ Փարսն է: Հուսով ենք, որ ԻԻՀ ներկայիս սահմանները կհասցնենք իսլամական մեծ Փարսի սահմաններին»:

Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 17 (280), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։