Մայիսյան տոները՝ հայրենատիրության երաշխիք – ՀԱՄ հայտարարում է… Թերեւս նոր կռիվը սթափեցնի ոմանց – Բողոքում են ազատամարտիկները…

- Մայիսյան տոները՝ հայրենատիրության երաշխիք – Հայ Արիական միաբանությունը (եւ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհուրդը) հայտարարում է…

- Թերեւս նոր կռիվը սթափեցնի ոմանց – Բողոքում են ազատամարտիկները…

Մայիսյան տոները՝ հայրենատիրության երաշխիք

Հայ Արիական միաբանությունը (եւ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհուրդը) հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Գոյապայքարի ելած հայության համար մայիսը հաղթանակների ամիս է – անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որ գոյապայքարն այս կհանգեցնեն հավերժելու աստվածաշնորհ կեցակարգի: Մայիսյան օրերին հայերն աշխարհի հիշում եւ նշում են վերջին դարերում մեր նվաճած ազատագրական ու բարոյա-հոգեբանական հաղթանակները.

– Շուշին ազատագրելով՝ մեր նահատակների ու ազգային պահանջատիրության, հայրենիքի վերատիրման պայքարին նոր լիցք հաղորդեցինք:

– Շուշիի ազատագրումը այն վճռական բեկումն էր, որ Արցախյան պատերազմում պիտի ամրագրեր ազատագրական հաղթանակը, հայոց հողահավաքի նպատակը: Իսկ դա մեր պահանջատիրական առաջին ազդեցիկ ղողանջն էր մարդկությանը:

- Այս հաղթանակը ոչ միայն հայի զորեղ բազկի վերահաստատումը բերեց տարածաշրջանում, այլեւ ապահովեց դեռ խորհրդային ժամանակներում՝ Հայաստանի ու հայության անկախ եւ ինքնուրույն գործելու, թե խոսելու բնական իրավունքը աշխարհի երկրների ու ազգերի կողքին:

Ասել ենք, որ մայիսյան տոների շարքում Ավարայրն իր բնույթով ճակատամարտ էր՝ մղված հանուն հոգեւոր եւ քաղաքական անկախության, իսկ Սարդարապատը վճռական մի կռիվ էր՝ հանուն պետության եւ ազգի ինքնապաշտպանության ու գոյատեւման:

Շուշիի ճակատամարտն արդեն սրբազան հաղթանակ էր՝ ազատագրության ու հայրենատիրության, գալիք հաղթական ապագային ուղղված:

Շնորհավոր մայիսյան բոլոր տոները.

– Փա՜ռք բոլոր նահատակներին եւ Արցախյան պատերազմի մասնակիցներին, որ արյունարբու թշնամուն իր տեղը ցույց տալով մեզ պարգեւեցին մայիսի 8-ի՝ Շուշիի ազատագրության օրը:

– Փա՜ռք քաջ նախնյաց, հայ զինվորականներին, որ պայքարեցին մայիսի 9-ի՝ 2-րդ աշխարհամարտում նաեւ հակահայ ուժերի դեմ հաղթանակի եւ ազգին նոր թուրքական սպանդից փրկելու համար:

– Փա՜ռք Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման հերոսներին, մասնակիցներին, որ մայիսի 28-ին վերաարժեւորեցին անկախ պետականության գաղափարը:

Շնորհավորում ենք նաեւ Երկրապահի տոնը, բոլոր հայ ազատամարտիկներին ու կամավորականներին: Եվ հավերժ փա՜ռք ազգի բոլոր նահատակներին եւ զորացու՜մ ապրող քաջերին:

Թո՜ղ մայիսյան փայլատակումները շարունակվեն վասն հայոց հողահավաքի ու ազգահավաքի»:

* * *

Թերեւս նոր կռիվը սթափեցնի ոմանց

Ազատության հրապարակում հավաքվեցին նաեւ Արցախյան պատերազմի մի խումբ վետերաններ: Նրանք իշխանություններից պահանջում են ուշադրություն դարձնել նախկին ազատամարտիկների սոցիալական եւ այլ խնդիրների վրա, չանտեսել նրանց հոգսերը, պաշտպանել իրավունքները:

Նստացույց հայտարարած ազատամարտիկների թիվը հասել է մի քանի տասնյակի, ովքեր զուգահեռ ստորագրահավաք անցկացրեցին, ներկայացնելով կառավարությանը եւ պահանջելով արմատապես վերանայել ազատամարտիկների ու մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքներն ու զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Գումարները չեն բավարարում, որպեսզի ազատամարտիկներն իրենց ընտանիքները պահեն, ապրեն, դրա համար ստիպված ելել են բողոքի:

Ներկա են նաեւ տարբեր կամավորական ջոկատների հրամանատարներ, ովքեր հավաստում են, որ այս ծայրահեղ քայլին դիմելուց առաջ այլ ճանապարհներով շատ են փորձել հարցերին լուծում տալ, սակայն ոչինչ չի ստացվել:

Ցավալի է, բայց մեր օրերում լավ չեն հասկանում, որ պատերազմն ավարտված չէ, եւ կամավորականներին, ազատամարտիկներին (զոհվածների դեպքում՝ ընտանիքներին) պետք է պետական լուրջ հոգածության արժանացնել:

Նախ, որ նրանք իսկապես արժանի են դրան, քանի որ պաշտպանել են նորանկախ մեր պետականության սահմանները, եւ ավելին՝ ազատագրել են Արցախն ու հարակից հայկական հողերը: Եվ հետո՝ նրանց հարգելու ու պատվելու օրինակով պետք է սնվի սերունդը, պետք է հայրենիքի ու ազգի պաշտպաններին գնահատված եւ փառաբանված տեսնի եւ ձգտի արժանանալ դրան:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 17 (280), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։