Հայաստան. նոր սեյսմիկ կայաններ ԱԷԿ-ի շուրջ… Իրան. խաղա՞ղ է միջուկային ծրագիրը… Թուրքիա. ԱԷԿ-ը՝ քաղաքական գործիք… Թուրքական միջանցք (Ջավախքով)՝ դեպի Ադրբեջան…

Միջուկային մրցակցության նոր հանգրվանում

- Հայաստան. նոր սեյսմիկ կայաններ ԱԷԿ-ի շուրջ…

- Իրան.  խաղա՞ղ է միջուկային ծրագիրը…

- Թուրքիա. ԱԷԿ-ը՝ քաղաքական գործիք…

- Թուրքական միջանցք (Ջավախքով)՝ դեպի Ադրբեջան…

Հայաստան. նոր սեյսմիկ կայաններ ԱԷԿ-ի շուրջ

ՀԱԷԿ-ի գոյությունն ու գոյության իրավունքը հաստատուն է, այն  հավաստել են նաեւ միջազգային մասնագետները, իսկ մեր ատոմակայանի շահագործման դադարեցման միակ պայմանը՝ նոր ատոմակայանի կառուցման հետ է կապված, ինչի անհրաժեշտությունն այլեւս ապացուցման ենթակա չէ:

Իսկ եղած պաշտպանական կարողություններին լրացուցիչ միջոցներ են ավելանում: Անգլիական արտադրության «Guralp» մակնիշի նորագույն կայանները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) սեյսմիկ պաշտպանության ծառայությանն է տրամադրել ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն: Ընթացքում է ՀԱԷԿ-ի շուրջ 6 նոր թվային սեյսմիկ կայանների տեղադրումը:

Ներկա փուլում փորձարարական աշխատանքներ են՝ ՍՊԾ ազգային մոնիթորինգային ցանցի դիտակետերում սեյսմիկ աղմուկները գրանցելու, ստացված տվյալները վերլուծելու եւ իրական ժամանակում հաղորդելու ուղղությամբ: Ստուգողական չափումների նպատակն է ընտրել ընդունված պահանջներին բավարարող դիտակետեր, որտեղ աշխատանքների հաջորդ փուլում կտեղադրվեն մշտապես գործող սեյսմիկ կայաններ:

Նախատեսվում է, որ ստացված մեծածավալ տվյալներն իրական ժամանակում կհաղորդվեն ՍՊԾ տվյալների հավաքման, մշակման ու վերլուծության կենտրոն: Անհրաժեշտ տվյալները կհաղորդվեն նաեւ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն:

Հայտնի է, որ արդեն ստուգողական չափումներ են անցկացվել «Մեծամոր», «Լեռնագոգ», «Ամբերդ», «Վանանդ», «Արուճ-1», «Արուճ-2», «Վարդանաշեն», «Դվին», «Կապուտան» եւ «Փարաքար» դիտակետերում:

Իրան. խաղա՞ղ է միջուկային ծրագիրը

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայքլ Մանը հայտարարել է, որ այս պահին «Վեցյակի» հետ բանակցությունների սեղանի շուրջ Թեհրանի կողմից միջուկային խնդրի կարգավորման ոչ մի նոր առաջարկ չկա: Ըստ նրա, Իրանը շատ է խոսում, բայց առաջարկ չի անում: Բանակցությունների սեղանին միայն «Վեցյակի» առաջարկն է: Թեհրանը փետրվարին Ալմաթիում (Ղազախստան) տեղի ունեցած բանակցությունների նախորդ փուլում ստացել էր իր միջուկային խնդրի կարգավորման վերաբերյալ «արդար եւ հավասարակշռված առաջար­կ», որն ընդգրկում է միջազգային հանրության մտավախություններն ու այն հարցերը, որոնք բարձրացվել են Իրանի կողմից:

«Վեցյակը» պատրաստ է ճանաչել Իրանի՝ խաղաղ ատոմ ունենալու իրավունքը, որովհետեւ պետություններն իրավունք ունեն խաղաղ նպատակներով ատոմային ծրագիր մշակել, սակայն իրանական կողմը միջազգային հանրությանը պետք է ապացուցի, որ բացառապես խաղաղ միջուկային ծրագիր է իրականացնում:

«Վեցյակի» երկրները՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը եւ Գերմանիան Իրանին առաջարկել են թեթեւացնել պատժամիջոցները, եթե կրճատվի միջուկային գործունեությունը, սակայն իրանական պատվիրակության ներկայացուցիչ Սայեդ Ջալիլին հայտարարել է, որ Թեհրանը չի պատրաստվում փակել ուրանի հարստացման գործարանները՝ ավելացնելով, որ Իրանը շարունակելու է համագործակցել ԱԷՄԳ-ի հետ: Իսկ Ստամբուլում (Թուրքիա) կայացած հանդիպման ժամանակ միջազգային միջնորդները Իրանի համար մշակել էին առաջարկների ընդլայնված տարբերակ, որը կոչված է լուծելու փակուղում հայտնված միջուկային ծրագիրը: Հանդիպմանը հիմնականում քննարկվել են տեխնիկական հարցեր:

ԱՄՆ-ն, Իսրայելը եւ արեւմտյան մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ, սակայն Թեհրանը հայտարարում է, որ իր ատոմային ծրագիրը ուղղված է բացառապես երկրում էլեկտրաէներգիայի կարիքները հոգալուն:

«Իրանի միջուկային ծրագիրը մեկնարկել է ԱՄՆ-ի անմիջական օժանդակությամբ: Արդեն երկար ժամանակ է, ինչ միջուկային ծրագրի հարցում Իրանի ու Արեւմուտքի միջեւ առկա են լուրջ տարաձայնություններ: Դրանք լուծելու նպատակով Իրանի եւ «5+1 խմբի» միջեւ (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ եւ Գերմանիա) պարբերաբար բանակցություններ են ընթանու­մ»,- իրանական միջուկային խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի եւ դրա լուծման հեռանկարի շուրջ ասել է իրանագետ Արմեն Իսրայելյանը: Արեւմուտքի մտահոգություններն ունեն քաղաքական ենթատեքստ, միջուկային ծրագրի հարցում Իրանի եւ Արեւմուտքի միջեւ հակասություններն առաջացան Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո, քանի որ, ըստ իրանագետի, մինչ այդ Իրանի երբեմնի դաշնակիցները՝ Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ֆրանսիան եւ Միացյալ Թագավորությունը, անմիջական մասնակցություն ունեին Իրանում ատոմակայանների կառուցման գործում եւ սատարում էին միջուկային ոլորտում Իրանի առաջ քաշած ծրագրերը. «Ավելին, 1959թ. հիմնադրված Թեհրանի միջուկային հետազոտությունների կենտրոնը անհրաժեշտ սարքավորումներով զինվեց հենց Վաշինգտոնի կողմից: Իսկ վերջերս Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահի պաշտոնը զբաղեցրած Աքբար Էյթեմադը սենսացիոն բացահայտում արեց՝ նշելով, որ Իրանի շահը միջուկային զենք ստեղծելու նպատակ է ունեցել»:

Ըստ վերլուծաբանների, Իրանը չի հետեւում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորություններին, բայց տեսակետ կա, որ Իրանի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվում: Դեռեւս 1958թ. Իրանը, անդամակցելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, ստորագրել է Իրան-ԱԷՄԳ երաշխիքային համաձայնագիրը, որի համաձայն՝ պարբերաբար տեսչական ստուգումներ են արվում Իրանի միջուկային հաստատություններում: 1968թ. ստորագրել է նաեւ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: Իսկ ԻԻՀ հոգեւոր առաջնորդի արձակած ֆեթվան մերժում է զանգվածային ոչնչացման, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառումը: Ավելին, միջուկային ոլորտում իրականացվող գործողությունների թափանցիկությունը ընդգծելու նպատակով Իրանը 2012թ. օգոստոսին Թեհրան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին առաջարկել է այցելել միջուկային հաստատություններ, սակայն վերջինս հրաժարվել է: Բայց պատժամիջոցների կիրառումը ՄԱԿ-ի կողմից շարունակվում է:

Եվ հետաքրքիր է, որ նույն տրամաբանությամբ Արեւմուտքը պիտի պատժամիջոցներ կիրառեր նաեւ Հնդկաստանի, Պակիստանի կամ Իսրայելի նկատմամբ, բայց…

Այժմ միջազգային շահագրգիռ կողմերը սպասում են Իրանի նախագահի առաջիկա ընտրությանը, ինչը «սառեցրել» է հարցի քննարկումը: Բայց Իսրայելի նորանշանակ պաշտպանության նախարար Մոշե Յալոնը հայտարարել է, թե Իսրայելը պիտի պատրաստ լինի նաեւ միայնակ ռազմական հարձակում գործելու Իրանի վրա: Չնայած նույնիսկ Արեւմուտքում բացառում են, որ Իսրայելն Իրանի վրա ռազմական հարձակում կգործի, այնուամենայնիվ, տարածաշրջանում առկա հակամարտություններն ու լարվածությունը կարող են անկանխատեսելի հրահրումներ առաջացնել: Հատկապես՝ Սիրիա-Իսրայել հակամարտության դեպքում: Վաշինգտոնը Թեհրանի հետ ուղղակի երկխոսություն սկսելու առաջարկներ է արել եւ դժվար թե հիմա սատարի Իսրայելի հակաիրանական պայքարին: Արեւմուտքը առավել հակված է Իրանին թուլացնել տնտեսական պատժամիջոցների միջոցով, ինչը կարծես արդյունք արդեն տալիս է, որն զգացվում է Իրանի ներքին կյանքում:

Թուրքիա. ԱԷԿ-ը՝ քաղաքական գործիք

Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Թուրքիայի Սինոփի շրջանում նախատեսված ատոմակայանի կառուցման վերաբերյալ տեղեկություններ է հաղորդել. 2-րդ ատոմակայանը կկառուցվի ճապոնա-ֆրանսիական կոնսորցիումի («Mitsubishi Heavy Industries» եւ «GDF Suez») կողմից, նաեւ հավելել է, որ հանրությունը ատոմակայանի մի հատվածի բաժնետեր կդառնա: Կառուցումն իրականցնող կոնսորցիումը ատոմակայանի կառուցման համար Թուրքիային առաջարկել է «Atmea» տիպի ռեակտոր:

Հիշեցնենք, որ թուրքերը մտադիր են 3 ատոմակայան կառուցել, եւ մյուս 2-ը՝ ռուսաստանյան ու ամերիկյան կողմերն են նախաձեռնել: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հայտնել է, որ Անկարան ծրագրել է մինչեւ 2030թ. արտադրված էներգիայի առնվազն 15%-ը ստանալ շնորհիվ միջուկային էներգիայի: Ըստ թուրքական «Սաբահ» թերթի, ճապոնական եւ ֆրանսիական ընկերությունների կառուցելիք ատոմակայանի առաջին ագրեգատը նախատեսված է շահագործման հանձնել 2023թ., իսկ վերջին ագրեգատը՝ 2028թ.: Ռուսները պետք է կառուցեն Աքքույու շրջանի ատոմակայանը:

Այս 2 կայանները միասին արտադրելու են մոտավորապես 80 մլրդ. կՎտժ էլեկտրաէներգիա, որ էլեկտրաէներգիայով կապահովի շուրջ 30 մլն. բնակարանի: Ենթադրվում է, որ 2023թ. էլեկտրաէներգիայի պահանջը կհասնի 500 մլրդ. կՎտժ-ի:

Թուրքական «Վաթան» պարբերականն անդրադարձել է Սինոփի շրջանում ատոմակայանի կառուցմանը՝ նշելով, որ ատոմակայանի նախագծի իրականացման փաթեթը ձեռք բերած ֆրանս-ճապոնական կոնսորցիումում աշխատաքների մեծ մասը ստանձնելու է ճապոնական ընկերությունը, իսկ «ֆրանսիական ընկերության դերը նախագծում հետին պլան է մղվել, որը կապված է քաղաքական պատճառների հե­տ»: Ֆրասիական «Լե մոն­դ»-ն էլ հայտնել է, որ Ֆրանսիայի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները շարունակում են մնալ լարված հատկապես վերջին 12 տարիների ընթացքում Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից ի վեր: Պատահական չէ, որ Թուրքիայի վարչապետն իր ելույթներում նշել էր, որ ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում այն էապես կվնասի թուրք-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները, եւ նույնիսկ ակնարկել էր, որ այն ֆրանսիական ընկերությունները, որոնք ներառված են որոշ խոշոր մասշտաբի նախագծերում, կտուժեն:

Սա Թուրքիայի կողմից պարզունակ շանտաժ էր, որովհետեւ այն պահից, երբ հայտնի դարձավ, որ ճապոնականի հետ ֆրանսիական ընկերությունն էլ է մասնակցելու թուրքական ատոմակայանի կառուցմանը, Անկարայի վերաբերմունքը միանգամից փոխվեց Փարիզի հանդեպ: Ճիշտ է, թուրքական ոճին հարազատ էլի հիշեցին Հայոց ցեղասպանությունը՝ ակնարկելով, որ Փարիզը հիմա ավելի զգույշ կլինի, բայց մոռացան մեդալի մյուս երեսն էլ նայել: Այն է՝ որ ատոմակայան կառուցողն է ֆինանսական օգուտներից զատ,  ազդեցության լծակներ ձեռքբերում այն երկրում, որտեղ կառուցում է:

Չնայած Անկարան ժամանակավորապես կլռի, որովհետեւ գերնպատակ ունի. ՀՀ-ին տարածաշրջանում զրկել ատոմային տերության լիիրավ մասնիկի բացառիկության իրավունքից (Իրանը դեռ խնդիր ունի միջազգային հանրությանը ապացուցելու, որ իր միջուկային ծրագրերը խաղաղ բնույթի են):

Անկարան հեռահար նենգ նպատակ ունի. ինքը կառուցում է ԱԷԿ-ներ, ՀՀ-ինը փակել է տալիս ու սկսում է իր սեւ գործը՝ ԱԷԿ-ը գործադրել արդեն ռազմաքաղաքական նկատառումներով:

Սա՜ է, որ ՀՀ-ն պիտի հասկանա ու հենց այսօրվանից ինքն էլ հեռահար քայլերի մասին մտածի:

Աստղինե Քարամյան

 Թուրքական միջանցք՝ դեպի Ադրբեջան

Թուրքական մի ընկերություն մտադիր է Ջավախքում ՀԷԿ կառուցել: Ըստ «Միլլիեթ» օրաթերթի՝ Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Դավոսում բանակցություններ են վարել թուրքական «Անադոլու գրու­պ» ընկերության ներկայացուցիչների հետ եւ ստորագրել արձանագրություն Փարվանա գետի վրա ՀԷԿ կառուցելու մասին: Վրաստանի էներգետիկայի նախարարն ասել է, որ ՀԷԿ-ը կունենա 400-500 մեգավատտ հզորություն, կարժենա 125 մլն. դոլար, եւ կառուցումը կավարտվի 2015թ.:

«Լուսանցք»-ը մի քանի ագամ ահազանգել է, որ Թուրքիան աստիճանաբար ներթափանցում է Ջավախքի տնտեսություն, իհարկե նաեւ Աջարիայի (ձգտում են նաեւ՝ Աբխազիայի), բայց մեզ անհանգստացնում է Ջավախքի հարցը: Այս հայաբնակ, այժմ վրացապատկան, բայց զուտ հայկական տարածքում թուրքերը նաեւ առեւտրա-տնտեսական գործունեություն են ծավալել եւ փորձում են Ախալքալաք-Մարնեուլի (ադրբեջանաբնակ) միջանցքով ազատ առնչվել Ադրբեջանի հետ:

Կարս-Ախալքալակ-Թբիլիսի երկաթուղու շինարարությունից հետո այս կայանն իր մեծությամբ երկրորդ տնտեսական ծրագիրն է, որն իրականացնում է Թուրքիան Ջավախքի տարածքում:

Ամեն անգամ նույն հարցն է ծագում. արդյո՞ք հայկական ընկերությունները չեն կարող մասնակցել տնտեսական ծրագրերի մրցույթներին եւ շահել Ջավախքում ասենք՝ ՀԷԿ-ի շինարարության իրավունքը, թեկուզ որեւէ ռուսաստանյան ընկերության հետ: Կամ հայկական առեւտրա-տնտեսական ընկերությունները չե՞ն կարող Վրաստանում գործունեություն ծավալելու ժամանակ հաստատվել նաեւ Ջավախքում եւ այս հայկական շրջանը փրկել հայաթափումից:

Իհարկե կարելի է պատճառաբանել, որ Հայաստանից եւս արտագաղթում են, քանի որ աշխատանք գտնելը դժվար է: Սակայն Ջավախքի պարագան բոլորովին այլ է, այն վրացական տարածք է համարվում, որպես քաղաքական միավոր, եւ թուրքացվում է տնտեսապես:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 17 (280), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։