Ա՛խ Ֆլեթչեր՝ «Կարծես տուն եկած լինեմ» – ԱՄՆ-ի ձգողական ուժը… Մոսկվան ներում է նաեւ այս պարտքը – ՌԴ-ի հեռացնող ուժը… Երկուսի դեպքում (թուրք-հրեական) դառնում է վտանգ…

- Ա՛խ Ֆլեթչեր՝ «Կարծես տուն եկած լինե­մ» – ԱՄՆ-ի ձգողական ուժը…

- Մոսկվան ներում է նաեւ այս պարտքը – ՌԴ-ի հեռացնող ուժը…

- Երկուսի դեպքում (թուրք-հրեական) դառնում է վտանգ…

 Ա՛խ Ֆլեթչեր՝ «Կարծես տուն եկած լինե­մ» – ԱՄՆ-ի ձգողական ուժը

Երեւանի ավագանու ընտրության օրերին դեռ խոսակցություններ կային, որ հնարավոր է Վարդան Օսկանյանն առաջարկվի հեռանալ ԲՀԿ-ից ու դառնալ ընդդիմադիր, հատկապես, որ երբեմն նրա եւ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի տեսակետները հակադիր են լինում: Անգամ կատակողներ եղան, թե արտգործնախարարական ցանց է հյուսվում երկրի քաղաքական դաշտում եւ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Ալեքսանդր Արզումանյանին՝ էլ ավելի ընդդիմադիր կեցվածքով կմիանա Վարդան Օսկանյանը, ում փորձեցին ամեն կերպ դարձնել ԲՀԿ քաղաքական թեւի առաջամարտիկ:

Բայց ԲՀԿ-ից հեռանալը կարող է «Սիվիլիթաս»-ի գործի հետ կապված՝ վտանգավոր լինել ընդդիմադիր Օսկանյանի համար, որովհետեւ կարող են վերսկսել քրեական հետապնդումը եւ հարց բարձրացնել պատգամավորական անձեռնմխելիությունից զիկելու համար: ԲՀԿ-ի կազմում ընդդիմադիր լինելը վտանգավոր չէ, իսկ այլ տեղում՝ կդառնա վտանգավոր: Ընդդիմադիր Օսկանյանը շտապել է Միացյալ Նահանգներ, որտեղ մի ժամանակ շտապում էր մեկ այլ ընդդիմադիր Հովհաննիսյանը: ԲՀԿ պատգամավոր Օսկանյանն իր ֆեյսբուքյան գրառումներում նշել է. «Ֆլեթչերի դիվանագիտության դպրոցում էի, Բոստոնում: Ամեն անգամ այստեղ գալիս ինձ մոտ տպավորություն է՝ կարծես տուն եկած լինեմ: 1980-ականների վերջին, երբ ես Ֆլեթչերում էի, հայ ուսանողներ չկային: Այսօր այստեղ ՀՀ-ից 15 ուսանող կա, որոնք «Թավիթյան» կրթաթոշակով մասնակցում են 6-ամսյա ծրագրի: Նրանք պետական տարբեր գերատեսչություններից են եւ ծրագրի ավարտից հետո վերադառնալու են իրենց զբաղեցրած աշխատանքի­ն»: Դիվանագետ պատգամավորը նրանց առջեւ խոսել է ՀՀ դիվանագիտության մասին, համեմատություններ է արել 3 նախագահների վարած արտաքին քաղաքականությունների միջեւ: Նշված է, որ այս հատուկ ծրագրին, որն սկսվել է 1999թ.՝ իր նախարար եղած ժամանակ, մինչ այժմ շուրջ 200 հոգի է մասնակցել. «Գիտելիքները հարստացնելով ակադեմիական հրաշալի միջավայրում, առաջին մի քանի տարիներին մասնակիցները միայն ԱԳՆ-ից էին, այժմ՝ ամենատարբեր գերատեսչություններից ե­ն»: Այդ երիտասարդները մեր երկրի հարստությունն են. կարծում է նախկին արտգործնախարարը՝ չմանրամասնելով, որ նրանք էլ հետագայում ԱՄՆ գնալուց կասեն՝ «Կարծես տուն եկած լինե­մ»…

Գրված է նաեւ, որ կայցելի Վաշինգտոն, որտեղ ելույթ կունենա ՙԿարնեգի հիմնադրամում՚, բացի այդ, հանդիպումներ կունենա Պետքարտուղարությունում:

Ահա, թե որտեղ պետք է որոշվի ապագա ընդդիմադիր կառույց ստեղծելու կամ դեռ ԲՀԿ-ում մնալու որոշումը:

Մոսկվան ներում է նաեւ այս պարտքը – ՌԴ-ի հեռացնող ուժը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք՝ Ռուսաստանին տրվելիք Ղրղզստանի արտաքին պարտքը՝ 500 միլիոն ԱՄՆ դոլարով կրճատելու մասին:

Ռուսաստանի ղեկավարը նաեւ վավերացրել է այդ երկրում ռուսական ռազմական բազայի կարգավիճակի եւ ժամկետի մասին պայմանագիրը: Արտաքին պարտքի կրճատման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2012թ. սեպտեմբերի 20-ին Բիշքեկում: Ըստ փաստաթղթի՝ նախատեսվում է պարտքի մարման 2 փաթեթ: Առաջինով ամբողջությամբ չեղյալ է համարվում 188,9 միլիոն դոլարի պարտքը, իսկ երկրորդով՝ 2016թ.-ից 10 տարիների ընթացքում 300 միլիոն դոլար հավասարաչափ կհանվի ընդհանուր պարտքից: Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, ապա այն կտեղակայվի Ղրղզստանի տարածքում մինչեւ 20 տարի ժամկետով: Ամեն տարվա համար Մոսկվան Իսսիուկ Կուլ լճի ավազանում տարածքի վարձակալության համար կվճարի 4,5 միլիոն դոլար: Իսկ ռազմակայանը կազատվի բոլոր հարկերից:

Հերթական անգամ ստիպված ենք հիշեցնել, թե Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանն ինչպես պարտադրեց Երեւանին «Գույք՝ պարտքի դիմաց» քաղաքականությունը եւ «սեփականացրեց» մի շարք ձեռնարկություններ՝ անտեսելով այն երկուստեք ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք ռազմա-քաղաքական եւ ռազմա-տնտեսական մեծ նշանակություն ունեն տարածաշրջանում:

Հիմա էլ Եվրասիական «եղբայրական» միություն են քարոզում…

Անի Մարության

 Երկուսի դեպքում դառնում է վտանգ

Իսրայելի հատուկ ծառայություններին մոտ կանգնած «Դեբկա» կայքը, ըստ CNNTURK լրատվական գործակալության, պնդում է, որ իսրայելական ՄՈՍՍԱԴ եւ թուրքական ՄԻԹ հատուկ ծառայությունները սիրիական խնդրի շուրջ գաղտնի նյութեր են փոխանակել: Պատվիրակությունները գաղտնի նյութերի փոխանակման գործընթացը կատարել են այն ժամանակ, երբ քննարկվում էր թուրքական նավի վրա իսրայելական հատուկ ջոկատայինների կողմից իրականացված գործողությունների փոխհատուցման հարցը: Փոխհատուցման գործընթացի չափանիշների քննարկումը 1 ժամից էլ քիչ է տեւել, մնացած ժամանակն օգտագործվել է սիրիական խնդրի քննարկումների համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հատուկ ծառայությունների համագործակցության մեխանիզմի վերաբերյալ: ՄԻԹ-ի եւ ՄՈՍՍԱԴ-ի ղեկավարներ Հաքան Ֆիդան եւ Թամիր Փարդոն ցանկություն են հայտնել համագործակցել նաեւ հետագայում:

Պետք է նկաֆտի առնենք, որ թուրք-իսրայելական մերձեցումները վտանգավոր են լինում նաեւ հայերի համար:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 17 (280), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։